Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Մեզ բաժին թողին ամեն օր մի քիչ մեռնելու տարբերակը...

Մեզ բաժին թողին ամեն օր մի քիչ մեռնելու տարբերակը...
10.11.2023 | 14:01

10 նոյեմբերի 2020 թ.

Յոթանասուն տարի պահանջվեց, որ կարողացանք մի քիչ շտկել մեր ողնաշարը, իսկ արցախյան առաջին պատերազմը ամրացրեց այն: Մեզ թվում էր, էլ ոչինչ չի կասեցնի անկախ ապրելու և աշխարարհի բազմազգ ներկապնակում մեր հպարտ ու ձիգ ներկայությունը: Ավաղ: Երեկ հերթական անգամ կոտրվեց մեր ողնաշարը, փշրվեց անաստվածային նենգությամբ: Երբ քառասուն օրից ավելի, քեզ համոզում են, որ հաղթելու ես, ամեն օր նոր հերոսներ են օծում, մեդալներ բաշխում, դիրքերում հանգիստ խղճով սուրճի բաժակով սելֆի անում ու դիմավորում լուսաբացը, առավոտից երեկո փափուկ բարձ են դնում գլխիդ տակ՝ թե հաղթում ենք, կորցնում ես զգոնությունը, պարտության վտանգների մասին մտածելու ունակությունը: Չէ՞ որ հաղթում ես հերթական անգամ և ընդամենը պետք է օգնես բանակին կարողություններովդ, լինես զինվորի կողքին:

Այս պատերազմը նման էր շոուի: Բոլորը՝ վարչապետից մինչև ամենավերջին սորոսական տեղեկատվության փոխանցող էին և բոլորը համոզում էին, որ հաղթում ենք: Երեկոյան Արծրունի ասուլիսներին ոչ մի նորություն չէր հաղորդվում, քանզի մինչ այդ կտոր-կտոր ով չէր ալարում լուր էր փոխանցում: Ֆեյսբուքը ցնծում էր, պատերազմ էր տոնում: Արծրունը օրվա արդեն փոխանցած լուրերը փաթեթավորում էր իր ոճով և համոզում՝ «չկասկածեք, հաղթելու ենք»:

Մերոնք նահանջում էին, մենք հաղթում էինք, զոհվում էին, հաղթում էինք, անհետ կորում էին, գերեվարվում էին, միևնույն է հաղթում էինք:

Մեզ ասել էին հաղթում ենք: Մենք արդեն պատրաստվում էինք վերջնական հաղթանակին և հանկարծ պարզվեց պարտվել ենք: Եվ հիմա, հայտնվել են ծակ փիլիսոփաներ ու համոզում են, թե մենք պատերազմում չենք պարտվել, պարտվել ենք ճակատամարտում, իսկ եթե պարտվեինք պատերազմում դա կլիներ նոր ցեղասպանություն:

Հասկացա՞ք:

Ես էլ չհասկացա, որովհետև ես ցեղասպանությունը պատերազմից տարբերել գիտեմ, վստահ եմ՝ դուք էլ, հետո ի՞նչ, որ պաշտոնյա չենք և ինչ լավ է, որ՝ չենք:

Բայց վերադառնաք բուն թեմային՝ ողնաշարին:

ՈՒզենք, թե՝ չուզենք, ապրենք, թե՝ չապրենք այս տարածքում (արդեն տարածք, ոչ թե երկիր), աշխարհի պատմության դասագրքերում գրվելու է այս խայտառակ պարտության պատմությունը: Գրվելու է, որ սերունդները սերտեն ու երբեք նման թյուրիմացություններին չհավատան ու չկոտրեն իրենց ողնաշարը:

Պատմությունն անպայման հիշելու է բոլոր այն 88 պատգամավորներին՝ անուն առ անուն, թե ինչպես իրենց անմեղսունակությամբ կոտրեցին հնագույն ազգի շտկված ողնաշարը:

Կշտկվի՞, ե՞րբ, քանի՞ տարի հետո, ինչպե՞ս... չեմ պատկերացնում, ինչպես չեմ պատկերացնում թե ո՞նց եմ նայելու երեխաներիս աչքերին:

Դաժան է այս ամենը:

Անտանելի, երբ մտածում եմ, էլ չեմ տեսնելու Ամարասը, Ղազանչեցոցը, Դադիվանքը, Տիգրանակերտը, Շուշին ու երևի էլ երբեք չեմ մտնելու իմ սիրած «ՈՒռենին» ու չեմ վայելելու իմ սիրած արցախյան թթուն, օղին և աշխարհի ամենահամով խորովածը:

Է՜, ողնաշարը կոտրած ազգ ենք, երանի՜ տղերքին, որ ընկան ու չտեսան էս խայտառակությունը: Նրանք վերևում հաղթած մնացին, մեզ բաժին թողնելով քարշ գալու և ամեն օր մի քիչ մեռնելու տարբերակը:

Երկրի մասին, էլ չեմ մտածում, չկա, չի լինելու, հաջորդիվ՝ երկիրն է:

Չգիտեմ էլ թե ինչի գրեցի…

Հար ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2894

Մեկնաբանություններ