Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների՝ պատերազմը դադարեցնելու հայտարարությունից 2 շաբաթ է անցել, սակայն ռազմագերիների փոխանակման որևէ ժամկետ դեռ չի նշվել։ Մինչ այդ համացանցում շարունակ տեսանյութեր են հայտնվում, որոնցում ենթադրաբար հայ ռազմագերիներ են երևում։
Վերջինում, օրինակ, հայ ռազմագերուն ադրբեջանցի զինվորականները ստիպում են ադրբեջաներեն ասել, որ Ղարաբաղը Ադրբեջան է։ Հակամարտության գոտում մարդասիրական առաքելություն իրականացնող Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուշադրության կենտրոնում է համացանցում հայտնված տեսանյութը, «Ազատությանը» փոխանցեց հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին։ Ռազմագերիների վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն կոմիտեն ուսումնասիրում է։ Կարմիր խաչը երկու կողմում էլ տեսակցել է ռազմագերիներին, բայց թվեր չի հրապարակում։ «Մեր դերը հիմնականում այն է, որ շարունակել հնարավորություն ստանալ էլ ավելի անձանց տեսակցել՝ իրենց պահման պայմանները ստուգելու և օգնելու, որ իրենք մնան կապի մեջ ընտանիքների հետ», - նշեց Ամատունին:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շարունակում է միջազգային կառույցներին ներկայացնել ադրբեջանական կողմի անմարդկային վերաբերմունքի փաստերը, թեև շեշտում է, որ հարցի հիմնական պատասխանատուն կառավարությունն է։ Օմբուդսմենը պնդում է՝ տարածված տեսանյութերում ադրբեջանցի զինվորականների անմարդկային գործողությունները կազմակերպված ռազմական հանցագործություններ են։ «Անգամ եթե ֆիզիկապես մատով չեն կպնում մարդուն, բայց այդ կերպ ստիպում են նվաստացնող բառեր ասել, հայ զինվորի պատիվը նվաստացնող և այլն, որովհետև բոլորը մեր հերոս տղաներն են: Դա պատերազմական հանցագործություն է, որ թույլ են տալիս Ադրբեջանի զինված ուժերը: Սա կազմակերպված, միասնական քաղաքականության մաս է, որի համար պատասխանատու են ոչ թե առանձին այդ զինվորները, այլ ավելի բարձր մակարդակով՝ ադրբեջանական իշխանությունները, որովհետև սա կազմակերպված քաղաքականություն է, որը նաև մեր գործունեությամբ ենք ցույց տալիս», - նշեց Արման Թաթոյանը:
Հարցին՝ անցած երկու շաբաթում կողմերը չէի՞ն փոխանակել գերիներին, Թաթոյանը պատասխանեց. «Դա բանակցությունների առարկա պետք է լինի, այսօր փաստն այն է, որ ժամկետ չի նշվում և գլխավորապես նշվում է, որ այդ հարցին անդրադարձ կլինի դիակների փոխանակումից հետո, խնդիրն էլ այն է, որ հայտնի էլ չի՝ երբ դիակների փոխանակումը կավարտվի: Ամբողջ բարդությունը սրանում է: Մենք ի՞նչ կարող ենք անել, մենք միջազգային կառույցներին ներկայացնում ենք արդիականությունը, դնում ենք պատերազմական հանցագործությունները ցույց ենք տալիս, վայրագությունները ցույց ենք տալիս, որ նպաստենք պրոցեսի արագացմանը, բաց կոնկրետ բանակցությունները վարելը վերադարձնելու հարցով և այլն, դա ցանկացած երկրում է այդպես, անում է գործադիր իշխանությունն իր մարմիններով»:
Նոյեմբերի 16-ին մարտական գործողությունների ընթացքում գերեվարված, անհայտ կորած զինծառայողների հանձնաժողովի նախագահ Վիտալի Ոսկանյանն «Ազատությանն» ասել էր, որ առայժմ որոնողական աշխատանքներ չեն կարողանում իրականացնել հայկական կողմի համար անհասանելի տարածքներում՝ գրավված Ջաբրայիլում, Կուբաթլուում, Զանգելանում։ Նոյեմբերի 3-ից գործող հանձնաժողովի նախագահը նաև ասել էր՝ աշխատում են, որ Հադրութի միջանկյալ հատված ադրբեջանական կողմը միայնակ չմտնի, այլ հայկական կողմի կամ ռուս խաղաղապահների հետ միաժամանակ։
Կողմերը դեռևս չեն հրապարակայնացնում ռազմագերիների թիվը։ Հայկական կողմը 5 տասնյակ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հարցերով արդեն դիմել է ՄԻԵԴ՝ նրանց կյանքի իրավունքը ապահովելու համար։ Ստրասբուրգի դատարանը մեծ մասի վերաբերյալ միջանկյալ որոշումներ է կայացրել՝ հարցեր ուղղելով Ադրբեջանի կառավարությանը նրանց պահման վայրի և առողջության մասին։