Էնպես եմ նախանձում այն մարդկանց, ում հոգում հայրենիքի համ չկա, ովքեր Կաչաղակաբերդի, Գանձասարի, Ամարասի ու Դեդո-Բաբոյի կորուստը համարում են որպես ցավալի դեպք ու անցնում առաջ, ապրում կյանքի նոր զգացումներով։
Արցախի կորստից հետո դառնահամը մնացել է բերանումս, ու անգամ շաքարաջուրը լեղի է թվում։ Կորոնավիրուսը մարդկանց մեջ վերացնում է համի ու հոտի զգացումը, ինձ շրջանցել էր, ես լիաթոք շնչում էի բոլոր մարդկային զգացումներով։ Արցախի կորստից հետո չկա մի օր, որ չկարոտեմ համ ու հոտի հուշերը։ Դատարկություն է։
Նախանձում եմ այն մարդկանց, որոնք կարողանում են լաց լինել ու հանգստանալ։ Ես արցունք չունեմ, ես լացել չգիտեմ, բայց չկա մի օր, որ Արցախի ամեն մի բեկորի կարոտից սիրտս ողբաձայն հեկեկոց չանի։ Ցավոտ է անարցունք լացելը։
Արցունքը նման է հեղուկի, որը մշտապես խոնավացնում է շարժիչի դետալները և մեծացնում դրանց երկարակեցությունը։
Տղամարդիկ չեն լացում։ Տղամարդիկ մեռնում են անարցունք չորացած սրտի ու հոգու գերտաքացումից։
Նաիրի Հոխիկյան