ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Գրազ

Գրազ
02.06.2024 | 11:02

Նվիրում եմ երբեմնի ծանոթիս` իր ծննդյան օրվա կապակցությամբ։

Էս վերջերը ժպիտը տակավին լքել է շուրթերս։ Տխուր եմ, տրտում, անհույս և անհավատ։ Հեռու ինձանից, ոնց որ մի մեծ հանգուցյալի տեր լինեի. ո՛չ թաղել էր լինում, ո՛չ էլ ինձանից վանել։ Տխուր էի, տրտում, լքված ու պապանձված։ Աչքերս խոնավ էին ու անարցունք, արցունքս այլևս փամփուշտի գունդ էր, որ քերում էր կոկորդս։

Առջևս դատարկություն էր, ամայի տարածք և այդ անէության մեջ ասես երկրիս սնարը լիներ տարածված։ Մի անթաղ մեռել էլ ես էի. Արցախը տվեցինք, Վարդենիսի սարերը տալիս էինք, ահա, Սև լիճը կոպերիս տակ կարմրել` արյան լիճ է դարձել, Ղափան տանող ճամփան այլևս փակուղի է, Ջերմուկի բարձրունքներն այլևս ադրբեջանական են, սահմանազատման անվան տակ Տավուշի գյուղերն ենք տալիս ու Աստված գիտե, թե դեռ էլ ինչ էինք տալու։

Կրկին ու կրկին. մեռած եմ` թաղված չեմ։

Մեկ էլ որտեղից, որտեղ` ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆ...

Էլի գարուն էր եկել, էլի հոնենին ու ծիրանենին ծաղկել էին ու բուրմունքը բռնել էր աշխարհը։

Առէջի մեջ մեր հույսերն էին ու հավատը, որ թեթև հովից օրորվում, օրորվում և արթնության ղողանջով բուրում էին։ Հուժկու կայծակ, ծիրանագույն փայլակ, որ շողշողում էր մութ հորիզոնում։

Կառավարության շենքի գլխին հուրհրատում, զիգզագվում ու բոցեղեն շեղբեր էին թրատվում։ Գարունը նոր շունչ էր բերել, թարմ օզոն, որ հույսով ու հավատով ուռցրել էր մեր թոքերը։ Բարեհույս քամին փչում էր թիթեռնիկի պես բացված թոքեղեն առագաստին։

Ընկերս` Լևոն Գալստյանը առատորեն կլանում էր օդը։ Աչքերը վառոդի պես բոցկլտում էին։ Բայց ես, ընկճյալս, էլի որբ էի ու հուսաբեկ:

Ախր, ես լավ գիտեի նզովյալին, գիտեի նրա սիրո աստիճանը։ Դա մոգական է. նա հիմա էլ գրկած ունի իր գահը, և հիմա էլ մարմինը գգվում ու փայփայում է նվիրյալին, շոյում բազրիքը, գուրգուրում ոտքերը, համբուրում ճաղերը, պաչպչում քղանցքը, լիզում փափուկ պաստառը, և էլի ու էլի լիզում ճկված ոտքերն ու նստուկի փափուկ պաստառը, որ հետո հաճույքով հետույքը հպի թավշյա բարձունքի...

Մարդը պարզապես գամված է աթոռին, սոսնձված ինչպես ծամոնը, և թվում է, թե աշխարհում և ոչ մի ուժ զորու չէ նրան քերել, զատել իր թավշյա սիրուց։

Իսկ Լևոնի աչքերը կայծկլտում էին հույսով և հավատով:

- Հաղթելու ենք,-ասում էր,-չե՞ս հավատում:

Իսկապես, չէի հավատում։

- Արի գրազ գանք,-ասաց վճռակական։

Ձեռքը բռնեցի։ Գրազ եկանք ռեստորանի վրա։

Հաղթեց-հաղթեց, միևնույն է, երկու դեպքում էլ Լևոնն էր հաղթելու:

Բայց ես ամենից շատ ուզում էի Գալստյան Լևոնը հաղթի։

Աստված եթե ինձ բախտ տա` էդ գրազը կկրվիեի։

Դրա համար էլ ամեն առավոտ ջերմեռանդ աղոթում եմ.

- Հա՛յր մեր, փրկեա զմեզ ի չարեն...

- Հա՛յր մեր, փրկեա զմեզ ի չարեն...

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 6254

Մեկնաբանություններ