ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

«Բոլոր ճանապարհները պետք է լինեն սուվերեն իշխանության տակ» նարատիվը համապատասխանում է բացառապես Ադրբեջանի շահերին

«Բոլոր ճանապարհները պետք է լինեն սուվերեն իշխանության տակ» նարատիվը համապատասխանում է բացառապես Ադրբեջանի շահերին
17.05.2024 | 13:20

Ալմա Աթայի հռչակագիրը բավականին երկար ժամանակ ջրի երես էր բարձրացվել որպես հայ-ադրբեջանական սահմանային խնդիրների լուծման բանալի: Այդ հռչակագիրն ունի մի դրական կողմ՝ փաստում է միութենական հանրապետությունների տարածքային ամբողջականությունը: Սակայն դրա կիրառումը սահմանային խնդիրների լուծման գործընթացում անարդյունավետ է, որովհետև տարածքային ամբողջականության ճանաչումը և սահմանագծման-սահմանազատման կոնկրետ գործընթացները չեն կարող ամբողջությամբ համապատասխանել միմյանց: Անորոշության և տագնապի երկարատև ժամանակից հետո մի պահ հանգիստ շունչ քաշեցի, երբ հանրությանը տեղեկացվեց, որ սահմանների ճշտման հիմքը 1976 թ. քարտեզներն են: Սակայն երեկ կարմիր Հ1-ով դիտեցի քարտեզագիր Ռոբերտ Գալչյանի հետ հաղորդումը, և նորից՝ անորոշություն ու տագնապ: «Ոչ մի սանտիմետր», «ոչ մի միլիմետր» խոսույթը զրոյանում է, երբ տեսնում ես, թե ինչպես է դեպի Վրաստան տանող միջպետական մայրուղին մի քանի տեղ հատում Ադրբեջանի տարածքը: Հայաստանն արտաքին աշխարհի հետ կապող, տնտեսության կենսագործունեության միակ զարկերակը հայտնվում է հակամարտող պետության տարածքում: Ստացվեց, որ «բոլոր ճանապարհները պետք է լինեն սուվերեն իշխանության տակ» նարատիվը շատ ավելի համապատասխանեց Ադրբեջանի շահերին: Այդ «հերոսացման» անմիջական արդյունքը Գորիս-Կապան շատ հարմարավետ ճանապարհի կորուստն էր և դրա հետ կապված նոր ճանապարհի շինարարության հսկայական ծախսերը: Այդ նույն սցենարը կրկնվում է նաև դեպի Վրաստան ճանապարհի ճակատագրի հարցում: Ո՞րն է լուծումը: Կամ իշխանությունները ստիպված ժամանակ են խնդրելու նոր ճանապարհային հատվածներ կառուցելու համար, կամ էլ ստիպված ենք լինելու, որպես հիմնական կապուղի, օգտագործել Շիրակից Բավրայի անցակետով դեպի Վրաստան տանող ճանապարհը: Այս խիստ կենսական հարցը թողած՝ եթերը լցրել են մի քանի տան հետ կապված քննարկումներով: Անհրաժեշտ է, որ պատկան մարմինները անմիջապես պարզաբանումներ տան գազատարի անվտանգության և նորմալ գործունեության երաշխիքների մասին: Առայժմ հանրությունը այս պարզաբանումների կարիքն ունի, սահմանային լուծումների գործում ձեռք բերված «հաղթանակների» թմբկահարումները դեռ ոգևորություն չեն առաջացնում:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 8417

Մեկնաբանություններ