Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը հայաստանում․ մեկ տոննա կոկաինի առեղծվածը

Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը հայաստանում․ մեկ տոննա կոկաինի առեղծվածը
29.06.2023 | 10:07
Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության ծավալների աննախադեպ աճն օբյեկտիվորեն մտահոգում է հասարակությանը, նույնիսկ հիմք տալիս ենթադրելու, որ դիտավորությամբ են պայմաններ ստեղծվում բնակչության գիտակցությունը բթացնելու, զգոնությունը և ակտիվությունը թուլացնելու համար։ Հրապարակված պաշտոնական տվյալները, ինչպես նաև ստեղծված իրավիճակը վկայում են, որ թմրամիջոցների դեմ պայքարն ունի արմատական փոփոխությունների կարիք, հակառակ դեպքում այս երևույթը չի կանխվելու, խորանալու է` վերածվելով անվտանգային լրջագույն սպառնալիքի։
Հաշվի առնելով վերոգրյալը` մենք կփորձենք ներկայացնել մեր տեսլականը, վերլուծությունն ինչպես Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ տարվող ընդհանուր պայքարի, այնպես էլ վերջին շրջանում մեծ աղմուկ հանած շուրջ 1 տոննա քաշով կոկաինի մաքսանենգության դեպքի վերաբերյալ:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՏԱՐՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍՈՎ
ՀՀ ԱԱԾ քննչական ենթակայությանն են վերապահված եղել ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 267.1 հոդվածով նախատեսված թմրամիջոցների մաքսանենգության գործերը: Նույն հանցակազմն իրավասու էին քննել նաև ՊԵԿ քննիչները, սակայն ձևավորված պրակտիկայի համաձայն, եթե սահմանին բռնվում էր մեծ քանակությամբ ծանր տեսակների թմրամիջոցների խմբաքանակ, այդ գործերով վարույթները դատախազության կողմից ևս հանձնարարվում էր ԱԱԾ-ին հանցագործությունն ամբողջ ծավալով բացահայտելու, խորը քննություն ապահովելու համար։
Դեպքերը բազմաթիվ էին, հայտնաբերվում էին մեկ տոննան գերազանցող քաշից մինչև գրամներ կշռող թմրամիջոցներ՝ հերոին, կոկաին, մորֆին, մեթամֆետամին, մեթադոն, հաշիշ, հաշիշի յուղ և այլ տեսակների, որոնք Հայաստան էին ներկրվում ինչպես տեղում իրացնելու, այնպես էլ այլ երկրներ տեղափոխելու նպատակով։ Մեծ խմբաքանակներով թմրամիջոցները թաքցվում էին բեռնատար կամ մարդատար ավտոմեքենաներում, տարբեր մեծածավալ առարկաներում պատրաստված հատուկ գաղտնարաններում, որոնք հնարավոր էր հայտնաբերել միայն մաքսակետերում տեղադրված «Ռապիսկան» սարքավորումների միջոցով կամ նախապես ստացված օպերատիվ տվյալների հիման վրա։
«Ռապիսկան» սարքավորմամբ թմրամիջոցի հայտնաբերման համար շատ կարևոր է մաքսավորի ճիշտ, ուշադիր ու բարեխիղճ աշխատանքը, հակառակ դեպքում կարող է վրիպել, ուշադրություն չդարձնել թմրամիջոցի առկայությունը վկայող տեսանելի հատկանիշներին։ Համեմատաբար փոքր չափերով թմրամիջոցները հիմնականում տեղափոխում են փոստային առաքանիներով կամ ֆիզիկական անձանց միջոցով՝ հագուստում, մարմնի մեջ կամ ուղեբեռում թաքցված։ Վերջին շրջանում մեծ տարածում է ստացել թմրամիջոցների առաքումը ծանրոցներով, որոնք այնուհետ իրացվում են համացանցի միջոցով, այսպես ասած, «զակլադկաներ» դնելով, երբ թմրամիջոցի պատվիրումը, վճարումը կատարվում է համացանցով, վաճառողը հայտնում է, թե որտեղ է դրվել թմրամիջոցն ու այդ կերպ այն փոխանցվում է գնորդին։
Ընդհանրապես թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը դասվում է դժվար բացահայտվող հանցագործությունների թվին, քանի որ դրանում ներգրավված անձինք գործադրում են հնարավոր բոլոր միջոցները թմրամիջոցների տեղափոխման ու իրացման հանգամանքները քողարկելու համար։ Ստվերային այդ գործարքներում շրջանառվում են ահռելի գումարներ և ուրեմն մեծ են նաև կոռուպցիոն ռիսկերը։
Երկրի ներսում թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելման ու բացահայտման հարցում հիմնական դերակատարությունը վերապահված է ոստիկանությանը, իսկ թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարում պետական քաղաքականության մշակման ու իրականացման գործում զգալի է ԱԱԾ մասնագիտացված ստորաբաժանման դերը, ինչը սակայն մեր կարծիքով բավարար մակարդակով չի ապահովվում, ունի կատարելագործման և առաջընթացի խիստ անհրաժեշտություն։
Ըստ մեզ, արդյունավետության բարձրացման համար առաջնահերթ պետք է իրականացնել ներքոհիշյալ գործողությունները՝
1. ավելացնել ոլորտը սպասարկող ԱԱԾ օպերատիվ աշխատակիցների թիվը, կատարելագործել նրանց մասնագիտական պատրաստվածությունը, սահմանել հստակ պահանջներ և չափորոշիչներ աշխատանքի արդյունավետությունը գնահատելու համար,
2. կառույցի ներսում ձևավորել ինֆորմացիոն տվյալների կուտակման, վերահսկման, վերլուծության կենտրոն, որտեղից հնարավոր կլինի առցանց (oline) հետևել մաքսակետերում տարվող ծառայությանը, հատկապես «Ռապիսկան» սարքավորումների տվյալների հետ աշխատանքին ու վերլուծությանը, ինչը բնականաբար տեղերում կբարձրացնի դրա արդյունավետությունը, ըստ էության բեռների նկատմամբ կսահմանվի կրկնակի, միմյանցից անկախ վերահսկողություն,
3. ինֆորմացիոն կենտրոնում կուտակել թմրամիջոցների մաքսանենգության (շրջանառության) հետ հնարավոր առնչություն ունեցող անձանց տվյալները, նրանց նկատմամբ սահմանել մշտական օպերատիվ վերահսկողություն, ինչը նշանակում է ունենալ ներդրված անձինք, պարզել փաստացի գործունեությունը, կայուն կապերը, շփման շրջանակը, եկամուտների աղբյուրները և այլն,
4. ինֆորմացիոն կենտրոնի վերլուծությունների հիման վրա կանխատեսել մաքսանենգության հիմնական ուղիները և մաքսային մարմնի հետ համատեղ իրականացնել ուժեղացված վերահսկողություն, օպերատիվ ուղեկցում,
5. ակտիվացնել, հնարավորինս խորացնել արտաքին գործընկերների հետ համագործակցությունը Հայաստանի ուղղությամբ շարժերի վերաբերյալ առավելագույն տվյալներ ստանալու, ինչպես նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի առաջադեմ փորձը ՀՀ-ում ներդնելու համար,
6. ԱԱԾ համապատասխան օպերատիվ ստորաբաժանման աշխատակիցներին օժտել ավելի լայն իրավասություններով։ Օրինակ՝ հնարավորություն տալ ողջամիտ տվյալների, կասկածի առկայության դեպքում ինքնուրույն, առանց մաքսային մարմնի, զննել բոլոր տրանսպորտային միջոցները, առաքանիները, բեռները,
7. պետական պաշտոններ զբաղեցնող անձինք, այդ թվում՝ կառավարության անդամները, պատգամավորները (իսկ առանձին դեպքերում նրանց ընտանիքների մերձավոր անդամները) պարտադիր պետք է ենթարկվեն փորձաքննության թմրամիջոց օգտագործելը ստուգելու համար ընդ որում հնարավոր գործածման ժամկետի մեկ տարվա վաղեմությամբ։
Սրանք անխուսափ կատարելիք քայլեր են, այլապես համակարգային բեկում չի արձանագրվի, իսկ այսօրվա մակարդակով տարվող պայքարը կրելու է իմիտացիոն, ձևական բնույթ և ընդամենը պատահականության կամ մեկ-երկու օպերատիվ միջոցառումների արդյունքում բացահայտվելու են միայն առանձին դեպքեր։
ՄԵԿ ՏՈՆՆԱ ՔԱՇՈՎ ԿՈԿԱԻՆԻ ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ
Էկվադորից Հայաստան առաքվող բեռում շուրջ 2.7 տոննա կոկաինն Իտալիայում հայտնաբերելու մասին մամուլում 16.05.2023թ. հրապարակումից անմիջապես հետո մեր ընդդիմադիրները սկսեցին անհիմն շահարկումները, թե իբր այդ թմրամիջոցի տեղափոխումը հովանավորվել է Հայաստանի գործող իշխանությունների կողմից, իսկ դրանից օրեր անց, արդեն հիմնվելով ԱԱԾ-ում քննվող քրեական գործի տվյալների վրա, իշխանությունները սկսեցին հակադարձել և թմրամիջոցի մաքսանենգության մեջ ուղիղ մեղադրել նախկին իշխանություններին՝ հանձինս Միհրան Պողոսյանի։
Նման կարևոր դեպքով հարուցված քրեական գործով այսպիսի շահարկումները հատկապես գործի նախաքննության սկզբնական փուլում, երբ ըստ էության ոչինչ հաստատապես ճշտված չէ, ու տվյալները խիստ նախնական են, պարզապես անթույլատրելի են հատկապես, երբ պետության ղեկավարի մակարդակով ներկայացվում են փաստեր, մեղադրանքներ, որոնք դեռևս ունեն խորը ստուգման, վերլուծության, այլ ապացույցների հետ համադրման կարիք, քանի որ այդ կերպ քննությունն ակամայից ուղղորդվում է, ապակողմնորոշվում, հարմարեցվում է իշխող քաղաքական թիմի շահերին։
Մամուլով հրապարակված և մեր աղբյուրներով ստացած փաստական տվյալները հետևյալն են`
1. երեք կոնտեյներներում բարձված բանանը Էկվադորի Հանրապետությունից (Հարավային Ամերիկա) դեպի Հայաստան է առաքվել 2023 թվականի մարտի կեսերին։ Բեռը նավով մի քանի օր անց հասել է Պանամա, այնուհետ, ապրիլի կեսերին, Իտալիա և անմիջապես ուղղություն վերցրել Վրաստանի Բաթումի նավահանգիստ, ուր հասել է ապրիլի վերջին։ Երեք բեռնատարները Վրաստանից Հայաստան են մուտք գործել մայիսի 01-ին, ցերեկվա ժամերին և նույն օրը ժամանել Երևանի մաքսային տերմինալ, որտեղ էլ իրականացվել են մաքսային ձևակերպումները։ Արդեն մաքսազերծված բեռն անմիջապես տերմինալից 2023թ. մայիսի 02-ին նույն բեռնատարներով տեղափոխվել է «Մրգենի» ընկերության պահեստ, որտեղ էլ ժամը 16։30-ի սահմաններում սկսվել են բեռնաթափման ու պահեստավորման աշխատանքները։ Հատկանշական է, որ երեք բեռնատարով ներմուծված բանանը Հայաստանից որևէ այլ երկիր չէր վերաարտահանվելու, նախատեսված էր բացառապես տեղում իրացվելու համար։
Փաստորեն բեռը տեղափոխվել է թվով հինգ երկրի տարածքով (Էկվադոր, Պանամա, Իտալիա, Վրաստան, Հայաստան), հետևաբար բոլոր այդ երկրներում անցել է համապատասխան մաքսային վերահսկողություն՝ առանց բացվելու, «Ռապիսկան» սարքավորման միջոցով, սակայն թմրամիջոցը չի հայտնաբերվել։ Հատկանշական է, որ նաև չեն եղել օպերատիվ տվյալներ դրանց առկայության մասին, այլապես բեռը կգտնվեր օպերատիվ վերահսկողության ներքո, կիրականացվեր «վերահսկելի մատակարարում»`օպերատիվ հետախուզական միջոցառում (ՕՀՄ), և մաքսանենգները կձերբակալվեին բեռի մաքսազերծումից անմիջապես հետո կամ թմրամիջոցի հետագա իրացման պահին, այլ ոչ օրեր անց, ինչը տեղի է ունեցել այս դեպքում, երբ 11 օր անց կամավոր ներկայացվել է թմրամիջոցը,
2. բեռնատարների մաքսային կապարակնիքների ամբողջականությունը խախտված չի եղել, դրանք առաջին անգամ բացել են ՀՀ մաքսավորները 2023թ. մայիսի 02-ին Երևանի համապատասխան մաքսային տերմինալում, որից անմիջապես հետո բեռնատարները ժամանել են «Մրգենի» ընկերության պահեստ և ժամը 16։30-ի սահմաններում սկսվել են բեռնաթափման աշխատանքները։ Սա փաստում է, որ Միհրան Պողոսյանի կողմից 27.05.2023թ. հրապարակված 02.05.2023թ. տեսագրությունը բեմականացված չէ, իրական է և հստակ ցույց է տալիս, որ բեռնատարներն այդ ժամանակ առաջին անգամ են պահեստ ժամանում ու բացվում, իրադարձությունները տեղի են ունենում բնական ու անկաշկանդ մթնոլորտում, ինչն առանձնապես ենք կարևորում, քանի որ դրանով հաստատվում են հետևյալ փաստերը՝
. բեռնատարը բեռնաթափվում է ոչ գաղտնի, սովորական պայմաններում, ցերեկային ժամերին և հանրամատչելի վայրում՝ հիմնական պահեստում, մոտ թվով 10 աշխատողի ներկայությամբ և մասնակցությամբ,
. բեռնատարում թմրամիջոցով բանանի արկղերը չեն քողարկվել գաղտնարանում, դրանք պարզապես տեղադրված են եղել թափքի սկզբնամասի մեջտեղի հատվածում, այսինքն՝ տեսանելի և հեշտ նկատելի դիրքում։ Ավելին՝ շուրջ 1 տոննա քաշով թմրամիջոցի փաթեթները թվով 42 արկղի մեջ ևս քողարկված վիճակում չեն տեղադրվել, դրանց վրա նույնիսկ բանանի կապեր չեն եղել, արկղերի վերևի հատվածում բավականին մեծ՝ ուղղանկյուն բացվածք է առկա, որտեղից բացահայտ երևում է, որ բանանի փոխարեն փաթեթներ են տեղադրված, այսինքն՝ արկղերի ներսը վիզուալ տեսանելի է եղել։
Փաստորեն մաքսանենգները թմրամիջոցը մաքսային մարմնից քողարկելու, թաքցնելու միտում, մտավախություն չեն ունեցել, ինչը ենթադրում է, որ մաքսավորների հետ նրանք գործելու էին հանցավոր համագործակցությամբ։ Օրինակ՝ երբ լոգիստիկ ուղու որևէ երկրում ֆիզիկակական զննման պատրվակով բեռնատարները բացվեին մաքսավորների կողմից, վերջիններիս լուռ համաձայնությամբ մաքսանենգները հնարավորություն կստանային թմրամիջոցը հանել բեռնատարից, սակայն դա տեղի չի ունեցել դեռևս անհայտ պատճառով, ու բեռը հասել է Երևան։
3. Իտալիայից երեք բեռնատարով տեղափոխված բանանը իրացվելու էր Հայաստանում, այն չէր վերաարտահանվելու Ռուսաստան կամ որևէ այլ երկիր։ Հատկանշական է, որ Էկվադորը չի միացել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող սահմանափակումներին, և բանանը դեպի այդ երկիր կարող էր ուղիղ արտահանվել, ինչը կարևորում ենք, քանի որ դրանով հաստատվում են հետևյալ փաստերը՝
. 1 տոննա քաշով կոկաինը չէր կարող նախատեսված լինել հայկական շուկայի համար, քանի որ պարզապես հնարավոր չէր ողջամիտ կարճ ժամկետներում նման ահռելի քանակությամբ թմրամիջոցն այստեղ անվտանգ իրացնել կամ պահեստավորել հետագա իրացման նպատակով։ Եթե դրան ավելացնենք նաև Իտալիայում բռնված 2.7 տոննա քաշով կոկաինը, որը իբր ևս պետք է տեղափոխվեր Հայաստան, ապա ստացվում է, որ նախատեսվում էր այստեղ իրացնել շուրջ 3,7 տոննա կոկաին, ինչը ողջամիտ չէ,
. եթե թմրամիջոցը նախատեսված էր ռուսական շուկայի համար, այն Էկվադորից բանանի խմբաքանակներում նույն կերպ թաքցված կտեղափոխվեր անմիջապես Ռուսաստան, քանի որ չկար արգելք, իսկ եթե նախատեսված էր Արևմտյան Եվրոպայի շուկայի համար, ապա չէր տեղափոխվի Վրաստանով Հայաստան ու հետո կրկին վերադարձվեր Եվրոպա, քանի որ անտրամաբանական է,
. ընդհանրապես փորձը ցույց է տվել, որ Հայաստանը նման խոշոր խմբաքանակների համար միշտ հանդիսացել է տարանցիկ գոտի, թմրամիջոցներն այստեղով տեղափոխվել են հիմնական շուկաներ՝ Արևմտյան Եվրոպայի երկրներ կամ Ռուսաստան։
Փաստորեն շուրջ 1 տոննա քաշով թմրամիջոցը չէր կարող նախատեսված լինել Հայաստանի շուկայի համար, բացի այդ, տվյալ դեպքում, Հայաստանը նաև չէր կարող հանդիսանալ տարանցիկ ուղի, քանի որ, կրկնում ենք, Էկվադորից թմրամիջոցը Ռուսաստան կարող էր հասցվել ուղիղ և շատ ավելի դյուրին եղանակով, քան Հայաստանով, իսկ Արևմտյան Եվրոպա Հայաստանով տանելու որևէ իմաստ չկար, քանի որ բեռը Իտալիայից էր այստեղ տեղափոխվել։
Հատկանշական է, որ վերջին մեկ տարում աշխարհում բացահայտվել են նման մեծ քանակությամբ թմրամիջոցի մաքսանենգության մի քանի դեպքեր։ Օրինակ՝ 2023 թվականի մայիսի կեսերին ՌԴ ԱԴԾ աշխտակիցները Ռուսաստանից Լեհաստան ուղևորվող երկու բեռնատարներում հայտնաբերել են շուրջ 500 կգ կոկաին, իսկ ընդամենն օրեր առաջ Հոլանդիայի մաքսավորները Ռոտերդամի նավահանգստում բանանի կոնտեյների մեջ հայտնաբերել են ավելի քան 3.5 տոննա կոկաին, որը ժամանել էր Էկվադորից։ Եթե նույնիսկ պայմանականորեն ընդունենք, որ Երևանում 02.05.23թ. հայտնաբերված 1 տոննա կոկաինը և Իտալիայում 16.05.23թ. հայտարարված 2.7 տոննա կոկաինը նախատեսված էր Հայաստանի համար, ապա դա նշանակում է, որ «Մրգենի» ընկերության կողմից մինչ այդ տեղափոխված բեռներում նույնպես կարող էր լինել թմրամիջոց, հետևաբար գործել է մաքսանենգության կայուն ուղի, ինչը քիչ հավանական է, քանի որ նման ծավալների թմրամիջոցը ՀՀ-ում իրացվելու և ահռելի գումարները հավաքելու, մատակարարին վերադարձնելու փաստը չէր կարող դուրս մնալ իրավապահների տեսադաշտից, որքան էլ հովանավորվեր իշխանությունների կողմից։ Համոզվելու համար, որ վերը հիշատակված ընդհանուր 3․7 տոննա կոկաինը Հայաստանում սպառելն անհնարին է, վկայում է հետևյալ պարզ հաշվարկը՝ Հայաստանում 2022 թվականի հունվարի դրությամբ պաշտոնապես հաշվառված է եղել 7570 թմրամոլ, ոչ պաշտոնական տվյալներով նրանց թիվը կազմում է շուրջ 30 հազար, որոնք բնականաբար գործածում են տարբեր տեսակի թմրամիջոցներ։ Կոկաին օգտագործող մեկ թմրամոլն օրվա ընթացքում կարող է գործածել միջինը 20մգ այդ տեսակի թմրանյութ։ Վերը նշված 3․7 տոննա կոկաինը հանդիսանում է գերբարձր մաքրության թմրամիջոց, որը մանրածախ վաճառքի ժամանակ անխուսափ խառնվում է տարբեր սննդային փոշիների հետ /կաթի, շաքարի/, ինչի արդյունքում քաշն ավելանում է 2-3 անգամ։ Այսինքն՝ 3․7 տոննա կոկաինը նվազագույն հաշվարկով կկազմեր 7․4 տոննա։ Եթե պայմանականորեն ընդունենք, որ երկրում առկա շուրջ 30 հազար թմրամոլները հնարավորություն ու ցանկություն կունենան օգտագործելու այդ թանկարժեք թմրամիջոցը, կստացվի, որ ամեն օր օգտագործելու դեպքում վերը նշված 7․4 տոննա կոկաինն նրանք կսպառեին շուրջ 35 տարվա ընթացքում, ինչն, իհարկե, անհնարին է Հայաստանի պայմաններում։
4. Շուրջ 1 տոննա քաշով թվով 42 արկղում առկա թմրամիջոցը «Մրգենի» ՍՊԸ պահեստում հայտնաբերվել է 02.05.23թ.-ին ժամը 16։30-ի սահմաններում, առանձնացվել ու պահեստավորվել է նույն տարածքի առանձին պահեստային հատվածում, տեղից տեղ չի տեղափոխվել, Հայաստանից ինչ-որ կերպ վերաարտահանելու, իրացնելու կամ գաղտնարանում թաքցնելու փորձ չի արվել։
13.05.2023թ.-ին Միհրան Պողոսյանը սեփական նախաձեռնությամբ ու ցանկությամբ թմրամիջոցի առակայության մասին հայտնել է ԱԱԾ տնօրենին, մինչ այդ որևէ իրավապահ մարմին նշված խնդրով չի զբաղվել։ Այսինքն՝ մաքսանենգության առարկան՝ թմրամիջոցը, փաստացի ինքնակամ է ներկայացվել, ինչը խրախուսական նորմ է, և անձն այդ հիմքով ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նույնիսկ նա՛ է կատարել մաքսանենգությունը։ Հարկ է ընդգծել, որ մաքսանենգությունն ուղղակի դիտավորությամբ կատարվող հանցագործություն է, հետևաբար պետք է առկա լինեն ծանրակշիռ ապացույցներ, որ մեղադրվող անձինք կապ ունեն մաքսանենգության կատարման, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ։
16.05.23թ. ժամը 08։41-ին իտալական ILMESSAGERO. IT կայքում առաջին տեղեկությունն է հրապարակվել Հայաստան առաքվող բանանի խմբաքանակում շուրջ 2.7 տոննա քաշով կոկաինն Իտալիայում հայտնաբերելու մասին։ Ժամը 10։38-ին նույն այդ տեղեկությունը հրապարակվել է РИА НОВОСТИ կայքում, իսկ արդեն ժամը 12։04-ին և 12։14-ին հրապարակվել է հայկական լրատվական դաշտում համապատասխանաբար panorama.am-ի և armtimes.com-ի կողմից։
17.05.23թ.-ին, ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել առանձնապես խոշոր չափերով շուրջ 1 տոննա քաշով թմրամիջոցի ՀՀ մաքսանենգության դեպքի բացահայտման մասին։
24.05.23թ.-ին ժամը 16։10-ին ԱԱԾ-ի կողմից ձերբակալվել է «Մրգենի» ՍՊԸ գնումների և ներմուծումների բաժնի պետ Մելիտա Ղազարյանը, որից քիչ անց ԱԱԾ-ն այդ կապակցությամբ երկրորդ հաղորդագրությունն է տարածվել։
24.05.23թ.-ին ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով նշված գործին վերաբերող իրեն ուղղված ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցադրմանը, ըստ էության դրական գնահատելով իրավապահների կողմից թմրամիջոցի մաքսանենգության դեպքի իբր բացահայտման փաստը, նաև հայտնել է՝ ԱԱԾ կողմից նշված քրեական գործով քիչ առաջ առաջին ձերբակալության մասին, նշել նաև, որ այդ 1 տոննա կոկաինի հասցեատերը բանանի հայտնի ներկրմամբ զբաղվող ընկերությունն է, որի սեփականատերը այժմ հետախուզման մեջ գտնվող ԱԺ նախկին պատգամավոր է, Հանրապետական խմբակցության անդամ։
25.05.23թ.-ին ԱԱԾ-ի կողմից ձերբակալվել է «Մրգենի» ՍՊԸ պահեստապետ Սամվել Գալուստյանը, իսկ մայիսի 26-ին՝ տնօրեն Լևոն Աթաջանյանը։
27.05.23թ.-ին Միհրան Պողոսյանը համացանցում տեսանյութով հայտարարությամբ է հանդես եկել թմրամիջոցի մաքսանենգության դեպքի կապակցությամբ` մանրամասնելով, որ ինքն է ԱԱԾ-ին հայտնել ՀՀ տեղափոխված թմրամիջոցի առկայության մասին, բացի այդ նշել է, որ «Մրգենի» ՍՊԸ-ն փաստացի պատկանում է իրեն։
29.05.2023թ.-ին ԱԱԾ կողմից Միհրան Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել և հայտարարվել է հետախուզում, որի մասին ԱԱԾ-ն 30.05.203թ.-ին հաղորդագրություն է տարածել։
Դրանից հետո առ այսօր գործով այլ տեղեկություններ չեն հրապարակվել։ Փաստորեն վերը նշված իրադարձությունների ժամանակագրական վերլուծությունը վկայում է, որ՝
. շուրջ 1 տոննա քաշով կոկաին տեսակի թմրամիջոցն իրավապահ մարմնին 13.05.23թ.-ին ինքնակամ հանձնվել է Միհրան Պողոսյանի կողմից, չկան տվյալներ, որ նա դա արել է հարկադրված, հանցագործության մեջ մերկացվելու վտանգից դրդված,
. Իտալիայի իրավապահ մարմինները մինչև 13.05.23թ.-ն, այսինքն՝ Միհրան Պողոսյանի կողմից ԱԱԾ-ին հայտնելը, ՀՀ իրենց գործընկերներին տեղեկություններ չեն տրամադրել թմրամիջոցի մաքսանենգության մասին, այլապես կիրականցվեր «վերահսկելի մատակարարում» ՕՀՄ, իսկ եթե պայմանական ընդունենք, որ հայտնվել է, ապա ՀՀ իրավապահ մարմինները, այդ թվում ոստիկանությունը, պարզապես անգործություն են ցուցաբերել, քանի որ «Մրգենի» ՍՊԸ-ի ուղղությամբ որևէ գործողություն չի իրականացվել,
. 02.05-13.05.2023թ. ժամանակահատվածում Միհրան Պողոսյանն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի հայտնել իրավապահ մարմիններին թմրամիջոցի առկայության մասին, ինչը սակայն էական չէ, քանի որ այնուամենայնիվ 13.05.23թ.-ին նա ինքնակամ է հանձնել այն,
. 24.05.2023թ.-ին ժամը 16։10-ին ԱԱԾ-ի կողմից «Մրգենի» ՍՊԸ գնումների և ներմուծումների բաժնի պետ Մելիտա Ղազարյանի ձերբակալմանը րոպեներ անց, ժամը 16։30-ին, հաջորդել է ԱԺ-ում վարչապետի վերը նշված հայտարարությունը, ինչը կարող է նշանակել, որ Մելիտա Ղազարյանի ձերբակալությունը նախապես համաձայնեցված է եղել վարչապետի հետ և հարմարեցվել նրա ելույթին՝ իր քաղաքական թիմի կողմից մաքսանենգությունը հովանավորելու վերաբերյալ լուրերը, կասկածները ժխտելու, այսպես ասած, «նախկինների» դեմ սլաքներն ուղղելու նպատակով։ Նույն այդ նպատակով հաջորդել է մյուս երկու աշխատակիցների և Միհրան Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելը։
Այսպիսով` վերը նշված փաստերի վերլուծությունը և համադրությունն ավելի շատ խոսում են այն վարկածի օգտին, որ Հայաստանում հայտնաբերված 1 տոննա կոկաինը չպետք է ուղարկվեր Հայաստան, այն մաքսավորների հետ հանցավոր համաձայնությամբ հանվելու էր վերը նշված որևէ երկրում, առավել հավանական է՝ Իտալիայում և բեռն արդեն մաքուր, առանց թմրամիջոցի, առաքվելու էր Հայաստան, ինչը սակայն խաթարվել է մեզ դեռևս անհայտ որևէ պատճառով։ Այսինքն՝ «Մրգենի» ՍՊ ընկերությունն օգտագործվել է «կուրորեն» (в слепую)։ Կարծում ենք, որ քննությունն էլ ի վերջո հանգելու է նույն եզրակացությանը։
Ցավոք Հայաստանում այսօր քաղաքական շահերը կարող են պատճառ հանդիսանալ անհարկի քրեական հետապնդումների` հաշվի չառնելով, որ խեղվում են մարդկային ճակատագրեր, այնինչ պետք է բացառել քննության նկատմամբ ազդեցությունը։
Հ․Գ․ Հաջորդիվ անդրադառնալու ենք փողերի լվացման, ապօրինի սահմանահատման, միգրացիայի, պետական դավաճանության, լրտեսության, ինչպես նաև հետաքրքրություն ներկայացնող այլ հանցակազմերով քննության հիմնախնդիրներին։

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ

Դիտվել է՝ 7822

Մեկնաբանություններ