«Փետրվարի 1-ին տեղի է ունեցել Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Քաղաքական համաժողովի հերթական նիստը, որին մասնակցելով՝ ներկայացրել եմ Արցախյան պատերազմից հետո ստեղծված տարածաշրջանային իրավիճակը, Ադրբեջանի և Թուրքիայի հանդուգն պահվածքը և բարձրաձայնել եմ մեր ռազմագերիների և պատանդների խնդիրը»՝ Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
ԵԺԿ-ն նիստից հետո տարածել է հայտարարություն. «ԵԺԿ Քաղաքական համաժողովի անդամները կոչ են արել Ադրբեջանին արագացնել աճյունների, ռազմագերիների և պատանդների փոխանակումը և պահանջել անմիջապես արձակել նրանց։ Հորդորել են Եվրոպական Հանձնաժողովին հետևողականորեն հետապնդել այդ մարդասիրական խնդիրը Ադրբեջանի հետ ներկա և ապագա հարաբերություններում: Կոչ են արել Եվրոպական խորհրդարանին հրատապ քննարկել Լեռնային Ղարաբաղի պատերազմի ռազմագերիների և պատանդների փոխանակման հարցը»։