Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Վարդան Ղահրիյան. «Երբ ողջ մնալու հույսդ իսպառ կորցնում ես, բայց ժամանակ չկա հուսալքվելու»

Վարդան Ղահրիյան. «Երբ ողջ մնալու հույսդ իսպառ կորցնում ես, բայց ժամանակ չկա հուսալքվելու»
27.01.2021 | 22:05

Բարձունքներ նվաճելու և հաղթանակներ տոնելու համար հրամանատարն ինքը պետք է խիզախության և անկոտրում կամքի վառ օրինակ լինի։ Այդպիսի հրամանատարի կողքին զինվորները կանգնում են առանց վախի և պատրաստ լինում հաղթահարել ցանկացած փորձություն, ցանկացած մարտ: Եթե զինվորը վստահում և հավատում է հրամնատարին, նա պատրաստ են մարտնչել մինչև վերջ, մինչև հաղթանակ:

Այդպիսի հրամանատար է N զորամասի թիկունքի գծով տեղակալ գնդապետ Վարդան Ղահրիյանը, մարդ, ով իր քսանվեց տարիների ծառայության ընթացքում մշտապես եղել է գերազանց հրամանատար, նվիրյալ մարտիկ, Արցախի անմնացորդ պաշտպան։
Ապագա գնդապետն ընդամենը տասնյոթ տարեկան պատանի էր, երբ երկվորյակ եղբոր՝ Պետրոսի հետ զորակոչվեց բանակ։ Պարտադիր զինվորական ծառայությունն ավարտելուց հետո հստակ որոշեց մնալ բանակում և շարունակել հայրենիքի պաշտպանի սուրբ գործը։ Վարդանն իր կյանքի լավագույն տարիները նվիրում է բանակին։


«Երբևէ չեմ զղջացել, որ տարիներ առաջ ընտրել եմ հենց այս ուղին, սա ամենաքիչն է, որ ես կարող եմ անել հայրենիքիս համար»,- ասում է նա ու ավելացնում, որ ոչ մի պատերազմ չի կարող իրեն կտրել հայրենիքի պաշտպանության գործից, եթե իհարկե թշնամու գնդակն իր գործը չանի։ Երկու պատերազմի է մասնակցել Վարդանը։ Առաջինն ապրիլյանն էր, որի ժամանակ գնդապետն ապացուցեց, որ հայրենիքի արժանի զավակ է։ Պատերազմի ընթացքում նրան հաջողվել է ամուր պահել իր պատասխանատվության տակ գտնվող դիրքերը՝ մի թիզ հող անգամ չզիջելով թշնամուն։ Իսկ երկրորդը 2020-ի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմն էր։


Թշնամու զարկի առաջին ձայների հետ գնդապետ Ղահրիյանը շտապում է առաջնագիծ, կանգնում զինվորի ու մարտական ընկերների կողքին։ 44-օրյա մարտերի ընթացքում Վարդանը մասնակցում է Ջաբրայիլի, Ֆիզուլիի, Հադրութի, ծննդավայր Տող գյուղի և Մարտունու պաշտպանական մարտերին։ Պատերազմի երրորդ օրը ձեռքից վիրավորվում է, ինչը, սակայն, բոլորովին չի խանգարում նրան մարտադաշտ վերադառնալ։
Գնդապետն իր զինվորների հետ մի քանի անգամ ընկել է շրջափակման մեջ. «Թեժ մարտերի ժամանակ լինում են դեպքեր, երբ ողջ մնալու հույսդ իսպառ կորցնում ես, բայց ժամանակ չկա հուսալքվելու, իրավունք՝ ևս, քանի որ քո հոգեվիճակը կարող է անելնելի դրության մեջ դնել զինվորներին: Ես դադարել եմ վախենալ մահից: Ինձ համար սոսկալի ցավ է, որ ես ապրում եմ, իսկ տասնութ-քսան տարեկան երիտասարդները, որ դեռ չեն էլ հասցրել կյանք տեսնել, ապրել, սիրել, կարոտել, այսօր արդեն չկան, անմահացել են»,- խոստովանում է երիտասարդ գնդապետը:


Պատերազմի մղձավանջային օրերին ծանր ապրումներ շատ է ունեցել Վարդանը։ Անհանգստության ամենամեծ «պատճառը» երկվորյակ եղբայրն էր, ով «կողքին էր»` նույն պատերազմում:
«Սեփական կյանքիդ վտանգված լինելը ստորադասվում է այն վախին, որ ամեն վայրկյան հնարավոր է եղբորդ կորցնես: Ուղղակի անտանելի է»,- ասում է Վ. Ղահրիյանը։
Վարդանի եղբայրը` Պետրոս Ղահրիյանն ակտիվ մասնակցություն է ունեցել ապրիլյան պատերազմին։ Լինելով առաջնագծում՝ նա իր հայրենասիրությամբ ու նվիրվածությամբ ոգեշնչել է զինվորներին և մղել հաղթական պայքարի։


Արցախյան 44-օրյա դաժան ու անողոք պատերազմի առաջին իսկ վայրկյաններից Պետրոսն առաջնագծում էր, իսկ սխրագործությունները դարձան նրա կենսակերպը։ Իր զինվորների հետ Ղահրիյանն ամենուր էր՝ Ֆիզուլիից մինչև Կարախամբայելի ընկած հատվածներում, այնուհետև՝ Մարտունիում։
«Պատերազմն իսկական չարիք է, այն նույնիսկ չի թողնում սգալ հարազատ զինվորներիդ ու ընկերներիդ մահը, քանի որ իրավունք չունես կոտրվելու. չէ՞ որ շատերի ոգեշնչման աղբյուրն էլ դու ես»,-ասում է Վարդան Ղահրիյանի եղբայրը` փոխգնդապետ Պետրոս Ղահրիյանը։ Փոխգնդապետ Պետրոս Ղահրիյանը վստահեցնում է, որ հայրենիքի հանդեպ սերը նրան մոր կաթի նվագի հետ է փոխանցվել։


Պետրոսն ու Վարդանը ծնվել ու մեծացել են մանկավարժների ընտանիքում: Մասնագիտության ընտրության հարցում արցախցիները երկու ընտրություն ունեն, մեկը զինվորականի ուղին է: Ղահրիյաների ընտանիքում էլ զինվորականի կոչում ստանալը պատիվ է, հանուն հայրենիքի ապրելը՝ կոչում: Երկվորյակ եղբայրներն այլ ճանապարհ չէին տեսնում, որոշված էր՝ նրանք պիտի ամբողջ կյանքում զինվորականի հագուստով լինեն:
Պետրոսը ծառայել է տարբեր զորամասերում, զբաղեցրել տարբեր պաշտոններ՝ քսանվեց տարվա զինվորական ծառայության ընթացքում լեյտենանտից հասնելով փոխգնդապետի աստիճանի և արժանանալով պետական բարձր պարգևների։
Հայրենի Տողը պաշտպանել էր պետք: Եղբայրները չորս հավատարիմ զինվորների հետ մասնակցել են հայրենի գյուղի պաշտպանությանը, հրաշքով կարողացել դուրս գալ շրջափակումից և միանալ յուրայիններին։


Պատերազմը նրանից խլեց հարազատ ծննդավայրը՝ անպարտելի Տողը. «Աչքերիս առաջ կրակի մեջ գերի մնացած հայրական տունս է, պապերիս գերեզմանը, որ չհասցրի վերջին անգամ հրաժեշտ տալ»,- ասում է Պ. Ղահրիյանը։ Նրա խոսքերով՝ վերջին անգամ հազիվ հասցրել են մտնել գյուղի սուրբ Ստեփանոս եկեղեցի, մոմ վառել և ուխտել, որ վերադառնալու են ու տեր կանգնելու իրենց հարազատ հողին:
Վերջին անգամ փակելով հայրական տան դուռը, Վարդանը չէր էլ պատկերացնում, որ տուն դառնալը մի օր երազանք կդառնա։ Բայց նա երբեք չի հուսալքվում, ավելին՝ վստահ է, որ մի օր նորից հետ են բերելու կորցրածը։ «Մենք պարտավոր ենք դա անել, որպեսզի մեր զոհված եղբայրների հոգիներին հանգստություն իջնի»։
Փոխգնդապետն այսօր էլ շարունակում է մարտական ծառայությունը։ Մի քանի օրով հազիվ է կարողացել տեսակցության գալ Հայաստանում օթևանած ծնողներին, կնոջն ու երկու երեխաներին։


Վարդանը ևս ամուսնացած է, ունի երեք երեխա։ «Աշխատանքս բավականին ծանրաբեռնված է, լինում է՝ օրերով չեմ տեսնում կնոջս ու երեխաներիս։ Որպես հայր՝ ինձ համար հեշտ չէ․երեխաներս մեծանում են, իսկ ես չեմ կարողանում վայելել նրանց մանկությունը»։
Պատերազմը տարավ լավագույններին: Գնդապետ Ղահրիյանը վստահ է. թե՛ պատերազմի, թե՛ խաղաղության ժամանակ միասնությունը հաղթանակի գրավականն է։ «Հարազատներին կորցրած մարդկանց անսահման համբերություն եմ ցանկանում։ Ուզում եմ վստահեցնել նրանց, որ քանի դեռ մենք կանք, քանի դեռ ապրում ենք, շարունակելու ենք մեր հերոս ընկերների գործը։ Իսկ հաշմված տղաներին էլ անսպառ կամքի ուժ եմ ցանկանում»,- եզրափակում է գնդապետ Ղահրիյանը։


Պ. Ղահրիյանի խոսքերով՝ այս պատերազմը հերթական փորձություն էր մեզ համար: Հիմա մեզնից պահանջվում է միայն մի բան՝ ապրել հանուն հայրենիքի համար ընկածների և ապրեցնել այն:

Դիտվել է՝ 3508

Մեկնաբանություններ