Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Վանաձորի երիտասարդները ծանոթանում են հայոց ազատագրական պայքարի ղարաբաղյան ճակատի հերոսներին

Վանաձորի երիտասարդները ծանոթանում են հայոց ազատագրական պայքարի ղարաբաղյան ճակատի հերոսներին
21.11.2014 | 13:30

«Արծվաշեն և որդիներ» հայրենակցական հասարակական կազմակերպությունը «Զինվորը չի մեռնում» ծրագրի շրջանակներում հանդիպումներ է ունենում Վանաձորի կրթական հաստատությունների սաների հետ՝ վերջիններիս ծանոթացնելով Հայոց ազատագրական պայքարի ղարաբաղյան ճակատի հերոսների սխրանքներին։

Նոյեմբերի 20-ին հերթական հանդիպումը Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղում էր։ Միջոցառմանը ներկա էին «Արծվաշեն և որդիներ» հայրենակցական ՀԿ-ի նախագահ Յուրա Ղուլյանը, «Երկրապահ» կամավորականների միության Լոռու մարզային խորհրդի նախագահ, գնդապետ Կամո Հովհաննիսյանը, Արցախյան հերոսամարտի ազատամարտիկներ, աշակերտներ և ուսանողներ։
«Արծվաշեն և որդիներ» ՀԿ նախագահ Յուրա Ղուլյանը նշեց, որ ծրագրի թիրախային խումբը պատահական չի ընտրվել. մինչ ծրագրի մեկնարկը հարցախույզ է իրականացվել, որի արդյունքում պարզվել է, որ երիտասարդության շրջանում առկա է ղարաբաղյան հերոսամարտի մասնակիցների մասին իրազեկվածության աստիճանի ցածր մակարդակ։ Մասնավորապես, հարցվածների ընդամենը 7 տոկոսն էր տեղյակ Արցախյան պատերազմին վանաձորցի ազատամարտիկների մասնակցության մասին: Վանաձորի ջոկատների մասին տեղյակ են եղել 2 տոկոսը, վանաձորցի ազատամարտիկներին գիտի 31 տոկոսը, այն էլ՝ իրենց ռազմագիտության ուսուցչին կամ էլ ծանոթ-բարեկամին:
Յուրա Ղուլյանը նկատում է, որ նման հանդիպումներով փորձում են բարձրացնել Վանաձորի կամավորական ջոկատների, ազատամարտի մասնակիցների մասին տեղեկացվածության մակարդակը քաղաքի պատանիների ու երիտասարդների շրջանում:
«Երկրապահ» կամավորականների միության Լոռու մարզային խորհրդի նախագահ, գնդապետ Կամո Հովհաննիսյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց Վանաձորում կազմավորված ջոկատները, անցած մարտական ուղին: Նշենք, որ Արցախյան ազատամարտի տարիներին Վանաձորում ձևավորվել է 9 ջոկատ («Զորավար Անդրանիկ», Հատուկ գնդի «Գուգարք» վաշտ, «Նժդեհ» ԱԻՄ, «Վանաձոր», «Անի», «Սամսոն», «Վրեժ», «Էրզրում-Կարին», «Վան»), որոնք մասնակցել են Հայաստանի սահմանների պաշտպանությանը և Արցախի ազատագրմանը։ Պարոն Հովհաննիսյանը նշեց, որ վանաձորցիները մասնակից են եղել Հայաստանում և Արցախում տեղի ունեցած գրեթե բոլոր մարտական գործողություններին։ Վանաձորը մինչև զինադադարի կնքման պահը տվել է 202 զոհ։ Վանաձորցիների թվում եղել են նաև մահապարտներ, ովքեր համալրել են մահապարտների գումարտակը։
Գնդապետ Հովհաննիսյանը նշեց նաև, որ երիտասարդների հետ յուրաքանչյուր հանդիպմանը ներկայացվում է Վանաձորում ձևավորված ջոկատներից մեկը, անցած ուղին, հրամանատարներին և մարտիկներին, որպեսզի պատերազմից հետո ծնված սերունդը ճանաչի մերօրյա հերոսներին։
Կամո Հովհաննիսյանը կարևորեց այն փաստը, որ վերջերս ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության նախարարությունների և «Երկրապահ» կամավորականների միության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր` ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում «Պատանի երկրապահ» հայրենասիրական ակումբներ ստեղծելու և նրանց արդյունավետ գործունեությանն օժանդակելու վերաբերյալ: Բացի այդ, տպագրվել է ռազմահայրենասիրական դաստիարակությանն ուղղված մեթոդական ձեռնարկ։ Սրանք քայլեր են, որոնք, ըստ պարոն Հովհաննիսյանի, պատշաճ կերպով կփոխանցեն Արցախյան գոյամարտի, ազգային ազատագրական շարժման պատմությունը մատաղ սերնդին:
Նշենք, որ «Զինվորը չի մեռնում» ծրագիրն իրականացվում է ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։

Դիտվել է՝ 3182

Մեկնաբանություններ