«Դեկտեմբերը մեզ կարող է լրիվ այլ վիճակի բերել»,- այսօր հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ընդդիմադիր միասնական թեկնածուի հնարավորությունը դեռևս սպառված չհամարելով: Քաղաքական խորհրդակցություններին անդրադառնալով` ընդդիմադիր գործիչը նկատել է, որ ընդհանրություններ կան մյուս ընդդիմադիր ուժերի հետ, ու եթե շեշտը դրվի դրանց, այլ ոչ թե տարբերությունների վրա, «հաղթած տարբերակ» կլինի: «Պետք չէ որևէ ինտրիգ կամ դավադրության տեսություն որոնել այս խորհրդակցություններում,- վստահեցրել է «Ժառանգության» հիմնադիրը` ԲՀԿ-ի առնչությամբ արձանագրելով,- հույս ունեմ, որ սա ԲՀԿ-ի հերթական խաղը չէ»:
Ինչ վերաբերում է «Ազատ դեմոկրատներ»-«Ժառանգություն» վերջին զարգացումներին, Հովհաննիսյանը շեշտել է. «Դա սխալ չէր, սխալ էր մեկ մարդու վարքը: Կարևոր էր փորձը, թեև չհաջողվեց երկարատև համագործակցություն»: Հարցին էլ, թե ո՞ր դեպքում ինքը կհանի իր թեկնածությունը, Րաֆֆի Հովհաննիսյանը հավաստիացրել է. «Եթե այդ միասնական թեկնածուն միտված է ապագային, և ոչ թե գործարք է ժողովրդի աչքին թոզ փչելու համար: Միայն այս դեպքում պատրաստ եմ հանել ու իմ թեկնածությունը»:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ