Հրանտ Բագրատյան, ՀՀ նախկին վարչապետ. «Բարեփոխումները չեն գնում, որովհետև սաղ թաղված են ստվերի մեջ, բոլորը բիզնեսներ ունեն»:
Ո՞նց թե չեն գնում, ու ո՞նց թե ստվերի մեջ են։ Բայց եկ ծուռը նստենք, շիտակը դրստենք, թե զորօրինակ, «Մազութի գործը» չլիներ, վարչապետությանդ օրոք իրո՞ք բիզնեսը կծաղկեր։ Էսպես ուրեմն, յուրացնում էիք մեկ վագոն մազութ և ապահովում ՀՆԱ-ի աճը։ Հետո երկու գնացք էիք պարտակում և ԱՊՀ-ում դուրս տալիս տնտեսական զարգացման առաջավոր դիրքեր։ Եվ, ահավասիկ, տարիներն անցան և իմաստության կնճիռները զարդարեցին ճակատդ սեգ, մտքերդ կայտառացան, գանգուրներդ էլ հարթվեցին։ Եվ սույնը պատմության պահանջն է, իսկ դու եղի՛ր պահանջատեր, զի բոլորն այսօր ստվերի մեջ են և բիզնեսներ ունեն, և բարեփոխումները չեն գնում ու դոփում են տեղում։ Ինչ կա, ո՛ր, չէ՞ որ պայծառ մի արոտավայրում աննշան մի բիզնես ունեցող Բագրատյանի սաղ ունեցվածքը ստվերից դուրս է, ներառում է երեք կով և երկու հորթապահ։