Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ընդունված եռակողմ համաձայնագրերը կասկածի տակ դնելու փորձերը չափազանց վտանգավոր են՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Եռակողմ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել այդ ժամանակահատվածում, առաջվա պես հայ-ադրբեջանական հաշտեցման հիմքն են կազմում: Եվ մենք հավատում ենք, որ այլընտրանք չկա»,-ասել է նա։                
 

26 հարց պարոն Օսկանյանին

26 հարց  պարոն Օսկանյանին
16.11.2012 | 12:33

Օրերս ընթերցեցի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հարցազրույցը, որը նա տվել էր «Նուվել դ’Արմենի Մագազին» ամսագրին: Թերևս չանդրադառնայի հիշյալ հարցազրույցին, հաշվի առնելով դրա նախընտրական բնույթը, եթե չլիներ մի միտք, որն արտահայտել էր պարոն Օսկանյանը: Նա բառացիորեն ասել է հետևյալը. «Յուրաքանչյուր ժամանակահատված իր դրական և բացասական կողմերն է ունեցել: Այսօր մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ ամեն ինչ է վատ վիճակում. տնտեսությունը, ժողովրդավարության մակարդակը, բարոյահոգեբանական վիճակը, արտաքին քաղաքականությունը»:
Ասել է` Հայաստանը 2008-ից մինչ օրս ապրում է խոր միջնադարում: Ինչևիցե, միտքն արտահայտված է, և ես, որպես ՀՀ Հանրային խորհրդի «Ոչ կառավարական կազմակերպությունների հարցերով» ենթահանձնաժողովի նախագահ, ՀՀ վարչապետին առընթեր ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի նախկին անդամ, պարզապես որպես ՀՀ քաղաքացի, որը բացարձակ չի կիսում այս մոտեցումը, ցանկանում եմ որոշ հարցեր ուղղել պարոն Օսկանյանին` նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման առաջին ժամկետում արձանագրված արդյունքների վերաբերյալ, ակնկալելով անաչառ և ուղղակի պատասխան ներքոհիշյալ հարցերին:

1. Պարոն Օսկանյան, արդյոք բացասակա՞ն էր այն, որ 2008-ին ծագած ռուս-վրացական պատերազմի ժամանակ Հայաստանը ոչ միայն կարողացավ պահպանել չեզոքությունը, այլև պահպանեց բարիդրացիական և դաշնակցային հարաբերությունները հակամարտող կողմերի հետ, ինչպես նաև կարողացավ խուսափել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումից, որը հղի էր անկանխատեսելի հետևանքներով:

2. Արդյոք բացասակա՞ն էր, որ չնայած դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը Ռուսաստանի ու Վրաստանի միջև, ՀՀ իշխանությունների ջանքերի ու միջնորդությունների շնորհիվ վերաբացվեց 2006 թ. փակված Վերին Լարս անցակետը:

3. Արդյոք արդյունավետ չէի՞ն ՀՀ իշխանությունների քայլերը, երբ ռուս-վրացական պատերազմի ժամանակ փակվել էին ՀՀ-ն արտաքին աշխարհի հետ կապող նավահանգիստը և երկաթուղին, ու երբ մի գիշերվա մեջ գրեթե անհնարինության պայմաններում կազմակերպվեց և Վրաստան ուղևորվեց մեծ ավտոշարասյուն` առաջին անհրաժեշտության բեռները Հայաստան տեղափոխելու համար (հետագայում դրանք դարձան կանոնավոր)` այդպիսով կանխելով հասարակության մեջ առաջացող խուճապային տրամադրությունները, իսկ հետագայում ապահովվեց վառելիքի և հացամթերքի անհրաժեշտ պահեստավորում:

4. Արդյոք բացասակա՞ն էր այն, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի առաջին ֆինանսական ալիքը շրջանցեց Հայաստանը շնորհիվ այն հանգամանքի, որ ՀՀ-ում ստեղծվել էր ամուր բանկային համակարգ, որը կարողացավ դիմագրավել ֆինանսական ճգնաժամին, և որի հեղինակը ներկայիս վարչապետն է, ինչպես նաև այն իրողության շնորհիվ, որ ՀՀ-ում գործում է ամենախիստ բանկային կարգավորումներից մեկը: Ավելին, այս ամենի արդյունքում ՀՀ առևտրային բանկերը ոչ միայն կայուն մնացին ու չսնանկացան, այլև 2009-ը փակեցին շահույթով:

5. Արդյոք բացասակա՞ն էր, որ ՀՀ իշխանությունները համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում չգնացին պետության սոցիալական պարտավորությունների ու ծախսերի կրճատմանը, չհայտարարեցին սեքվեստր, չնայած էականորեն կրճատվել էին պետական եկամուտները, ինչը տեղի ունեցավ անգամ ԵՄ անդամ երկրներում, և դրանով իսկ կանխեցին սոցիալական լարվածության առաջացումը:

6. Արդյոք բացասակա՞ն էր, որ կառավարությունում ստեղծված օպերատիվ շտաբն իր գործողություններն ուղղեց, առաջին հերթին, հանքա-հումքային ճյուղի, ներառյալ այդ ոլորտի հինգ խոշոր ձեռնարկությունների պահպանմանը, որոնք միասին ապահովում էին շուրջ 5000 աշխատատեղ և երկրի արդյունաբերության 53 %-ը: Ստացված վարկերն ուղղվեցին, առաջին հերթին, հանքարդյունաբերությանը և համակարգաստեղծ ձեռնարկությունների պահպանմանն ու զարգացմանը, միաժամանակ խնդիր դնելով չկրճատել ոչ մի աշխատատեղ: Այս ամենի վառ օրինակ է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատին ցուցաբերված աջակցությունը, որի արդյունքում կոմբինատի 900 աշխատատեղերից ոչ մեկը չկրճատվեց, ինչը, ըստ էության, փրկեց Հայաստանի սահմանամերձ այդ քաղաք-ձեռնարկությունը վերանալուց:

7. Արդյոք բացասակա՞ն էր կառավարության ստացած միջազգային վարկերի ներարկումը տնտեսության մեջ, մասնավորապես, առևտրային բանկերին` 65 մլրդ դրամ, հիպոթեքային շուկա` 12 մլրդ դրամ, արտահանող, մթերող, վերամշակող ընկերություններին` 30 մլրդ դրամ, փոքր և միջին բիզնեսի վարկավորմանը` 6,4 մլրդ դրամ, բյուջետային վարկեր` 23 մլրդ դրամ, աղետի գոտում շինարարությանը` 77 մլրդ դրամ:

8. Արդյոք բացասակա՞ն էր կառավարության որոշումը, որով ավելացված արժեքի հարկից ազատվեցին այն բոլոր ընկերությունները, որոնց տարեկան շրջանառությունը չի անցնում 58,3 մլն դրամը, ինչը հնարավորություն տվեց շուրջ 34000 փոքր և միջին ձեռնարկատերերի, որոնք օգտվեցին այս արտոնությունից, խնայելու 11 մլրդ դրամ:

9. Արդյոք բացասակա՞ն էր ճգնաժամի պայմաններում կառավարության կողմից շուրջ 122 մլրդ դրամ ուղղակի ներարկումը տնտեսության իրական հատվածի մեջ, որի շնորհիվ շատ փոքր և միջին ձեռնարկություններ ոչ միայն չկրճատեցին աշխատատեղերի քանակը, այլև ավելացրին այն:

10. Արդյոք բացասակա՞ն էր կառավարության կողմից գյուղացիական տնտեսությունների վարկավորման սուբսիդավորումը, որի շրջանակներում շուրջ 20,8 մլրդ դրամ ուղղվեց գյուղական տնտեսությունների վարկավորմանը, որից օգտվեցին 35000-ից ավելի գյուղացիական տնտեսություններ:

11. Արդյոք բացասակա՞ն էր, որ, չնայած 2009 թ. արձանագրված ՀՆԱ-ի նվազմանը, տնտեսության վարկավորումն աճեց ավելի քան 16 %-ով, ինչը, ըստ էության, բացառիկ ցուցանիշ էր համաշխարհային ֆինանսական միտումների ֆոնին` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ մինչև ճգնաժամը ՀՆԱ-վարկեր ցուցանիշը մեզանում կազմել է ընդամենը 7 %:

12. Արդյոք բացասակա՞ն էր կառավարության կողմից հարկային արտոնությունների տրամադրումը (ԱԱՀ-ի երեք տարով հետաձգումը) այն ձեռնարկություններին, որոնք պատրաստ էին ընդլայնելու արտադրությունը և նոր աշխատատեղեր ստեղծելու, հարկային խրախուսանքներն այն ձեռնարկություններին, որոնք պատրաստ էին ներմուծողից արտահանող դառնալու, ինչի արդյունքում խրախուսվեց 22 ընկերության 23 ներդրումային ծրագիր:
13. Արդյոք բացասակա՞ն կարելի է գնահատել իշխանությունների հակաճգնաժամային քայլերի արդյունքն այն պարագայում, երբ ներդրումները տնտեսության իրական հատվածի մեջ կազմեցին ավելի քան 495 մլրդ դրամ, պետական տարբեր ծրագրերով վարկավորումը` 122 մլրդ դրամ, կառավարության հաստատած ներդրումային ծրագրերի գումարները` 88,5 մլրդ դրամ, իսկ արդյունաբերող ընկերություններն այդ քաղաքականության արդյունքում ժամանակակից սարքավորումների տեսքով ներդրեցին ավելի քան 217,9 մլրդ դրամ:

14. Արդյոք բացասակա՞ն կարելի է գնահատել ՀՀ իշխանությունների վերոշարադրյալ քայլերը, եթե հաշվի առնենք, որ, ըստ Համաշխարհային բանկի փորձագետների գնահատականի, եթե չլինեին վերոշարադրյալ գործողությունները, ապա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով Հայաստանում աղքատության մակարդակը կլիներ ոչ թե 34, այլ շուրջ 52 %:

15. Արդյոք բացասակա՞ն կարելի է գնահատել ՀՀ նախագահի մշտական ուշադրության ներքո սկիզբ առած և ընթացող հակակոռուպցիոն պայքարը` առաջին հերթին կենսաթոշակների և սոցիալական նպաստների ոլորտում, որոնց արդյունքում նպաստ ստացողների ցուցակից դուրս մնաց շուրջ 17000 «նպաստառու» ընտանիք, իսկ ՀՀ կենսաթոշակառուների ցուցակից հանվեցին շուրջ 11000 հանգուցյալ ու բացակայող կենսաթոշակառու: Եվ արդեն տնտեսված միջոցների հաշվին սոցիալական նպաստը 21000-ից բարձրացվեց 27000 դրամի, իսկ կենսաթոշակառուների բոլոր խմբերի համար բազային կենսաթոշակը բարձրացվեց 3 անգամ ու ևս 2 անգամ` կենսաթոշակառուների առանձին խմբերի համար:

16. Արդյոք բացասակա՞ն կարելի է գնահատել այն փաստը, որ այս տարիներին վերանորոգվել է 1155 կմ ավտոճանապարհ, որը կազմում է ՀՀ ճանապարհային ցանցի (8000 կմ) մոտ 15 %-ը, կամ պետբյուջեի միջոցներով վերանորոգված ու կառուցված 40 կամուրջների գործարկման իրողությունը:

17. Արդյոք բացասակա՞ն էր Երևանի ՋԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցումն ու գործարկումը, որը հնարավոր դարձավ կառավարության կողմից ներգրավված ճապոնական վարկի շնորհիվ, և որի արտադրած ցածր ինքնարժեքով էլեկտրաէներգիայի շնորհիվ հայաստանցիներն էլեկտրականության սպառման հատվածում չզգացին 2010 թ. ապրիլից գազի շուրջ 40% թանկացումը: Կամ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի ամբողջացումը, որն ավելացրեց էլեկտրաէներգիայի արտահանման ՀՀ ներուժը:
18. Արդյոք բացասակա՞ն էին Իրան-Հայաստան գազամուղի շինարարության ավարտն ու գործարկումը, ինչի շնորհիվ արդեն երկու տարի բնական գազը Հայաստան է հասնում այլընտրանքային այս ուղիով:

19. Արդյոք բացասակա՞ն կարելի է գնահատել ջրամատակարարման ոլորտում 99 մլրդ դրամ նեդրումը, որը նշանակում է 423 կմ ոռոգման ջրագիծ, 100 պոմպակայան, 35 ջրամբար, 860 կմ դրենաժ, 32 խորքային հոր:

20. Արդյոք բացասակա՞ն կարելի է գնահատել հեռահաղորդակցության ոլորտում ՀՀ իշխանությունների ձևավորած նպաստավոր միջավայրը, ինչի շնորհիվ բջջային կապի բաժանորդներն այսօր ավելի շատ են, քան ՀՀ փաստացի բնակչությունը: Ինտերնետ հասանելիության քարտեզն այժմ ընդգրկում է ՀՀ ողջ տարածքը: Կառավարության աջակցությամբ անցկացվեց նոր օպտիկա-մանրաթելային մալուխ, ինչի շնորհիվ ոչ միայն մատուցվող ծառայության որակը բարձրացավ, այլև նվազեցին մատուցվող ծառայությունների գները: Մասնավորապես, ինտերնետ-ծառայության մեծածախ գինը նվազեց առնվազն 120 անգամ: Արդյունքում այսօր Հայաստանում ինտերնետից օգտվողների թիվը հասնում է 400 հազարի:

21. Արդյոք բացասակա՞ն էին իշխանությունների իրականացրած բարեփոխումներն ու ազատականացումը կադաստրի (գործընթացի պարզեցում և քաղաքացիների սպասարկման նոր որակի ներդրում), վարորդական իրավունքների ձեռքբերման (վերացվել է պարտադիր ու անիմաստ տեղեկանքների ձեռքբերումը, մեկ օրինական վճարում-մեկ քննություն), շինարարական թույլտվությունների գործընթացի պարզեցման (7 քայլ և 27 օր նախկին 20 քայլի և 137 օրվա փոխարեն), ավտոմեքենաների գրանցման ու հաշվառման (այսուհետ իրականացվում է մեկ պատուհանից` նորակառույց կենտրոնից), հարկային վարչարարության (հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային եղանակի ներդրում, բիզնեսի գրանցման հեշտացում, որն այսօր հնարավոր է իրականացնել 15 րոպեում` նախկինում առնվազն վեց գերատեսչություն այցելելու փոխարեն, կամ գրանցել ուղղակի համակարգչով, բիզնես սկսելու համար արտոնագրերի` էլեկտրոնային եղանակով ստանալու հնարավորություն) ոլորտներում: Եվ նմանօրինակ 25 բարեփոխում:

22. Արդյոք բացասակա՞ն էին նախագահ Սարգսյանի նախաձեռնած քայլերը, որոնք միտված էին մեղմացնելու ներքաղաքական լարվածությունը: Մասնավորապես, ՀՀ կուսակցությունների հետ թեմատիկ խորհրդակցությունների անցկացումը, Հանրային խորհրդի ստեղծումը, համաներման անցկացումը, արմատական ընդդիմության հետ երկխոսություն սկսելը:

23. Արդյոք բացասակա՞ն էր ՀԱՊԿ երկրների Արագ արձագանքման հավաքական ուժերի (ԱԱՀՈՒ) ստեղծման մասին համաձայնագրի ստորագրումը, ինչպես նաև Ռուսաստանի և Հայաստանի ՀՕՊ միավորված համակարգի ստեղծման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, որը բարձրացրեց ՀՀ անվտանգության մակարդակը:

24. Արդյոք բացասակա՞ն կարելի է գնահատել ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարարների ընդունած հայտարարությունը, ըստ որի, ԼՂՀ հիմնախնդիրը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի երեք հիմնարար սկզբունքների հիման վրա` ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման: Այսպիսով, ազգերի ինքնորոշման իրավունքը առանցքային նշանակություն ստացավ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման գործընթացում:

25. Արդյոք բացասակա՞ն կարելի է գնահատել Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների փոխակերպումը սերտ բարեկամական գործընկերության, երբ այն առանձնանում է բարձր մակարդակի երկխոսությամբ և ակտիվ շփումներով երկու երկրների ղեկավարության միջև, որն աննախադեպ երևույթ է Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության ողջ ընթացքում: Ընդ որում, դա տեղի է ունենում ՌԴ-ի հետ դաշնակցային կապերի ու ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացմանը զուգահեռ:

26. Եվ վերջապես` արդյոք բացասակա՞ն կարելի է գնահատել ԼՂՀ անկախության ճանաչման գործընթացը, որը, ճիշտ է, տեղի է ունենում դեռևս առանձին նահանգների մակարդակով, բայց այս օրերի իրադարձությունները հուշում են, որ հեռու չէ այն օրը, երբ այն տեղի կունենա պետությունների մակարդակով:


Հարգանքներով`
Էդգար ՀԱԿՈԲՅԱՆ

Հ. Գ.- Հարցերը կարելի էր, իհարկե, շարունակել, բայց ես առայժմ կբավարարվեմ այսքանով:

Դիտվել է՝ 2012

Մեկնաբանություններ