ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«ԱՄԵՆ ԻՆՉ ՀԱՆԳՈՒՄ Է ՓՈՂԻ ԽՆԴՐԻՆ, ԻՍԿ ԵՍ ԸՆԴԱՄԵՆԸ ՀԻՎԱՆԴՆԵՐԻՆ ԲՈՒԺԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՄ»

«ԱՄԵՆ ԻՆՉ ՀԱՆԳՈՒՄ Է ՓՈՂԻ ԽՆԴՐԻՆ, ԻՍԿ ԵՍ ԸՆԴԱՄԵՆԸ ՀԻՎԱՆԴՆԵՐԻՆ ԲՈՒԺԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՄ»
16.10.2009 | 00:00

«Իրավունքը de facto»-ին հյուր է ժողովրդական բժշկության գիտակ ՎԱԼԵՐԻ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ
-Ո՞վ եք Դուք, Ձեր կարծիքով` բժի՞շկ, բուսաբո՞ւյժ, մերսո՞ղ:
-Ես բուժական ֆիզկուլտուրայի և մերսման մասնագետ եմ, բայց խորացել եմ ժողովրդական բժշկության մեջ և, ինձ վրա փորձելով իմ մեթոդները, հասել եմ որոշակի վարպետության: 70-ական թթ. շատ հայտնի հասկացություն կար` Ատերհովի հումակերություն` բեյրութահայ վիրաբույժ Արշավիր Տեր-Հովհաննիսյանի մշակած մեթոդը: Նա հումակերությամբ բուժում էր տարբեր հիվանդություններ: Նրա գիրքը կարդալով` ես բուսական սննդից անցա հումակերության և մինչև հիմա այդ երկու սննդակարգերը պահպանում եմ: Մսեղեն, ճարպեր, սպիտակ հաց, շաքար, աղ ես չեմ օգտագործում:
-Ի՞նչ հիվանդություններ եք բուժում այդ մեթոդներով:
-Սրտանոթային, տեսողության հետ կապված հիվանդություններ, ինսուլտ, ջարդվածքներ, սալջարդեր, օստեոխոնդրոզ, օստեոմիելիտ, ողնաշարային գրիժա, անոթային գլխացավեր` 78 հիվանդություն: Բայց յուրաքանչյուր հիվանդություն բուժվում է համալիր` սննդակարգի, մերսման, հյութերի, բուժական ֆիզկուլտուրայի համադրմամբ: Միայն մերսմամբ ու հյութերով բուժում եմ ռադիկուլիտ, աղային կուտակումներ, անոթային գլխացավեր, ջարդվածքներ:
-Բուժական որևէ հաստատությունում սովորե՞լ եք:
-Ո՛չ, ես բժշկական կրթություն չունեմ, ավարտել եմ ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը, բայց ամբողջ կյանքում զբաղվել եմ մարդկանց բուժելով ու 60 տարեկանում արդեն անչափելի փորձ եմ կուտակել:
-Սննդակարգ ասելով ի՞նչ նկատի ունեք:
-Ես կարծում եմ, որ մարդ պետք է սնվի, երբ քաղց է զգում: Ստամոքսն աշխատում է առանց ժամացույցին նայելու. աշխատեց, հյութն արտադրվեց, պիտի սնունդը տաս, որ մշակի: Չտաս սնունդ, ստամոքսահյութը կսկսի ստամոքսի պատերը քայքայել, այստեղից էլ` գաստրիտները, խոցերը... Ճիշտ սնվելու ձևը դա է: Կարող եք, իհարկե, առավոտյան 7-8-ը` նախաճաշի ժամ, 12-13-ը` ճաշի ժամ, 19-ից հետո` ընթրիքի ժամ սահմանել ու ստամոքսին այդ ժամակարգին ընտելացնել: Իսկ եթե չունեք սնվելու սահմանված ժամեր, ապրելակերպի, աշխատանքի, պայմանների հետ կապված` չեք կարող այդ անել, պիտի սնվեք, երբ քաղց զգաք: Ժամը 19-ից հետո թեթև սնունդ պիտի ընդունեք, ճարպեր, սպիտակուցներ չի կարելի, մի թեթև սալաթ, մի բաժակ հյութ, մի բաժակ մածուն սև հացով:
-Հայաստանի չափահաս բնակչության կեսից ավելին ունի ճնշման, աղերի կուտակման, սրտանոթային, աղեստամոքսային խնդիրներ։ Այդ հիվանդությունները կանխելու տարբերակներ կա՞ն ժողովրդական բժշկության մեթոդներով:
-Այո, առաջին հերթին` սննդակարգը:
-Եվ ի՞նչ պիտի ուտի առողջ լինել ցանկացող մարդը:
-Բանջարեղեն, միրգ, ոսպ, լոբի, հնդկացորեն, սիսեռ: Խաշած, ձեթով, ցանկալի է` չզտված: Տավարի խաշած միս, բայց առանձին:
-Ճաշի միջի միս չուտի՞:
-Չէ, ինչո՞ւ, թող ուտի, բայց ճաշն ուտելուց հետո, առանձին: Կարող է` հավի միս, առանց կաշվի, ցանկալի է` կրծքամիսը, որն ամենաքիչ շարժունն է ու նրբահամ է, դյուրամարս: Տապակած հավ, միս խորհուրդ չի տրվում: Թող ինձ հակագովազդի մեջ չմեղադրեն, բայց գրիլ հավերը ստամոքսին հակացուցված են: Սնունդը բաղկացած է վիտամիններից, սպիտակուցներից, ճարպերից: Վիտամինները մարսվում են բերանի խոռոչում` սնունդը ծամելիս, սպիտակուցներն ու ճարպերը մշակվում են ստամոքսում: Կենդանական ու բուսական սնունդն իրար խառնելով` դժվարացնում ենք մարսողությունը: Հացը մի 30-40 անգամ պետք է ծամենք, սպիտակուցները, ճարպերը` 100-150 անգամ: Ծամո՞ւմ ենք այդքան: Ո՛չ: Երբ կենդանական սնունդը լավ չծամված գնում է ստամոքս, այնտեղ նստվածք է մնում: Լավագույնը ամիսը մեկ աղիները լվանալն է` 1 լիտր ջրին 1 ճաշի գդալ աղ և 1 լիմոն խառնած խմելով: Օգտակար են հոգնաները: Օգտակար է նաև պարբերաբար քաղցելը` միայն ջուր ու հյութ, որպեսզի օրգանիզմը մաքրվի ավելորդ կուտակումներից:
-Խանութում վաճառվող բնական հյութերը հանգիստ խղճով խմել կարելի՞ է:
-Կոլաները` ոչ, բնական հյութերը` ոչինչ, թեպետ արհեստական գունավորումը, համեմունքներն այնքան էլ ցանկալի չեն, գերադասելի է` քո ձեռքով մրգահյութը հանես և 10-15 րոպեից թարմ-թարմ խմես: Ես, իհարկե, փորձագետ չեմ, բայց, գնից դատելով, այդ բնական հյութերը նաև քիմիական տարրեր են պարունակում: Կրկնում եմ` նախ պետք է բանջարեղենն ու մրգերը ուտել, հետո ճաշատեսակները, հակառակը նպաստում է գիրացմանը: Հիվանդությունները վիտամինների պակասությունից են, որոնք մենք լիարժեք չենք ընդունում սննդի միջոցով:
-Ինչո՞ւ որոշակի տարիքից հետո օրգանիզմում աղային կուտակումներ են ձևավորվում:
-Կենդանական սնունդն օրգանիզմ մտնելով` ամբողջությամբ չի մարսվում, կուտակվում է օրգանիզմում, և հիմնական աղերը հոդերից դուրս են գալիս ու շարժվելու տեղ չունենալով` կուտակվում են:
-Շատ հաճախ աղերը կուտակվում են նաև մատների վրա` ձևափոխելով, ի՞նչ անել այդ դեպքում:
-Մերսումներով հալեցնել, բայց 1-2 ամսից նորից աղեր կկուտակվեն, եթե շարունակեք սխալ սնվել: Մատները դեռ ոչինչ, աղային կուտակումները շատ վտանգավոր են ողնաշարում, երբ ողերի վրա հավաքվելով` սեղմում են նյարդերին, և նյարդը չի կարողանում լիարժեք աշխատել: Պատկերացրեք` ինչ ցավերի պատճառ կարող են դառնալ աղային կուտակումները: Շատ հաճախ գլխի, մեջքի, պարանոցի, կրծքավանդակի, ոտքերի, թևերի ցավերի պատճառը հենց աղերն են, այլ ոչ թե այդ մարմնամասերի հիվանդությունները: Աղերի կուտակումները, հոդացավերը ես 1-2 շաբաթում բուժում եմ, բայց չկրկնվելու համար պարտադրում եմ առողջ սննդակարգով առաջնորդվել:
-Ի՞նչ է պարունակում այդ սննդակարգը, կա՞ն սահմանափակումներ:
-Սպիտակ սնունդը` շաքար, աղ, սպիտակ հաց, խմորեղեն, բացառել կամ նվազագույնի հասցնել: Թթվի կարիք ունեք` բնական թթուներ ընդունեք, կիտրոն կերեք: Տապակած սննդից խուսափեք, որքան ուզում եք` կերեք մրգեր ու բանջարեղեն:
-Սննդակարգին զուգահեռ ֆիզիկական վարժություններ խորհուրդ տրվո՞ւմ են:
-Ողնաշարի ցավերի համար, իհարկե, հատուկ վարժություններ կան, բարդ չեն, սովորական լիցքային վարժություններ` մի քիչ փոփոխված: Օրը 3-4 անգամ այդ վարժություններն անելով, ողնաշարի ցավ չեք ունենա: Ընդհանրապես` հնարավորինս շատ շարժվեք, ինչքան շատ աշխատեն հոդերը, այնքան լավ: Առավոտյան արթնացաք` դեռ անկողնում մի քանի վարժություն արեք, հետո օրվա մեջ մի քանի անգամ կրկնեք վարժությունները, քայլեք` որքան կարող եք շատ: ՈՒտելուց հետո քայլելը պարտադիր է, հայերը սիրում են ուտելուց հետո պառկել-հանգստանալ, որը շատ սխալ է: Արևելյան իմաստունները պահանջում էին ուտելուց հետո պարտադիր 100-150 քայլ անել:
-Հումակերությունը նշանակում է ամեն ինչ հում վիճակում ուտել, կա՞ն սննդատեսակներ, որոնցից պետք է հրաժարվել իսպառ:
-Միայն բուսական սնունդ, կենդանական սնունդը բացառվում է: Միայն բուսական և առանց կրակի:
-Մի՞րգ, կանաչի՞, բանջարեղե՞ն...
-Նաև հատիկավորներ` լոբի, սիսեռ, կորեկ:
-Ինչպե՞ս ուտել հում կարմիր լոբի: Ատամ կդիմանա՞:
-Իհարկե, եթե նախապես կարմիր լոբին թրջվի եռացրած ջրի մեջ, մի օր` մինչև փափկի, հետո տրորել, համեմունքներ ավելացնել և ուտել:
-Իսկ եթե կարտոֆիլ ես ուզում ուտել, էլի՞ պետք է թրջել:
-Ո՛չ, հում կարտոֆիլը բարակ-բարակ կտրտեք ու կերեք: Կարտոֆիլն ավելի նուրբ է խնձորից: Սովորության հարց է, հում խնձոր ուտում եք, կարող եք նաև հում կարտոֆիլ ուտել: Սալաթներ պատրաստեք` կես կարտոֆիլ, կես վարունգ, կես խնձոր ու կերեք: Այդպես չե՞ք կարողանում, աղացեք, ձեթ ավելացրեք ու կերեք:
-Արդյոք հումակերությունը, որ կենդանական սնունդը բացառում է, չի՞ ուժասպառի օրգանիզմը:
-Այսինքն` միս չուտողն ուժ չի՞ ունենա: Ո՛չ, այդպես չէ: Բոլորովին այդպես չէ, բուսական սննդով լիովին հնարավոր է ապահովել անհրաժեշտ կալորիաները:
-Ինչպե՞ս եք բուժում Ձեր հիվանդներին, որտե՞ղ և ի՞նչ մեթոդներով:
-Մեթոդներն արդեն ներկայացրի, իսկ տեղի հարցն առայժմ լուծված չէ: Բազում փորձեր եմ արել` առողջարաններ ու հիվանդանոցներ եմ դիմել, բայց տեղի հարցը չի լուծվում, որովհետև ամեն ինչ հանգում է փողի խնդրին, իսկ ես ընդամենը հիվանդներին բուժելու ցանկություն ունեմ:
Զրուցեց Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 11643

Մեկնաբանություններ