ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«ՏԵՂԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՂԻ ՎՆԱՍՆԵՐԸ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԿԱՊԵԼ ՃԳՆԱԺԱՄԻ ՀԵՏ»

«ՏԵՂԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՂԻ ՎՆԱՍՆԵՐԸ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԿԱՊԵԼ ՃԳՆԱԺԱՄԻ ՀԵՏ»
13.04.2010 | 00:00

Այսօր, թերևս, տնտեսական ճգնաժամի մասին խոսակցությունները տեղափոխվել են այլ դաշտ։ Մի կողմից, պնդում են, թե «պատվով հաղթահարել» ու ճանապարհել ենք այդ «անկոչ հյուրին», մյուս կողմից էլ, թե` ճգնաժամը համառորեն չի լքում մեզ։ Վիճակագրական տվյալներն ու պաշտոնյաների հավաստիացումները, ամեն դեպքում, լավատեսություն են ներշնչում, մնում է` հասարակությունն իր «կաշվի վրա» զգա այդ լավատեսության արդյունքը։ Իսկ արդյոք հայ գործարարները ճգնաժամը հաղթահարված համարո՞ւմ են։ «Այս հարցին ամեն մեկը յուրովի ու իր հասկացածի չափով է պատասխանում։ Այնինչ այս մասին պիտի խոսեն մասնագետներն ու պատկան մարմինները, որոնք ամփոփել, վերլուծել են իրավիճակը»,- մեզ հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ։
-Տնտեսական իրավիճակի պատասխանատուն վարչապետն է, ու եթե նրա ղեկավարած կառավարության անդամն ինչ-որ հայտարարություններ է անում, ուրեմն համապատասխան ուսումնասիրություններ կան,- շարունակեց պարոն Մանուկյանը։- Նախարարը հայտարարություն է անում, ոչ մեկը չի ասում` գնանք, հարցնենք, թե ինչի հիման վրա է նման բան ասել, հակառակը` միանգամից հայտարարում են` լավ չի ասել, իրավիճակին չի «տիրապետում»։ Ո՞վ ասաց, թե արդյունքը հաջորդ օրն իսկ երևալու է։ Տնտեսական ճգնաժամն աշխարհում արդեն տարիուկես կար, բայց մեզ վրա դեռ չէր ազդում։ Հիմա էլ պիտի ժամանակ անցնի, որ հասկանանք` հաղթահարե՞լ ենք, թե՞ ոչ։ Չպիտի բառերի մեջ խորանանք, քանի որ ճգնաժամը եղել է միշտ ու կշարունակվի։ Այնպիսի երկրներ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, եվրոպական զարգացած երկրները, ճգնաժամը հաղթահարեցին, սակայն հարց է` ով կարողացավ այդ ամենից լավ դուրս գալ։ Ցանկացած ճգնաժամ նաև դրական կողմ ունի։ Նման պայմաններում կառավարությունները ստիպված են լինում գույքագրել, վերագնահատել իրենց ունեցածը։ Այս պարագայում ակնհայտ են դառնում իրական արժեքները, որոնք պետք է ճիշտ գնահատվեն։ Ճգնաժամն առաջացավ ֆինանսական «փուչիկներից», որի ժամանակ ոչ մեկը գույքագրմանն ուշադրություն չդարձրեց։ Իսկ հիմա, բարեբախտաբար, գույքագրում արել են, ուսումնասիրել ողջ դաշտը ու դրա համար էլ հաղթահարման մասին հայտարարություններ են անում։
-Ձեր բիզնեսում համոզվե՞լ եք այդ հայտարարությունների արդարացիության մեջ։
-Այն բիզնեսը, որի փայատերն եմ, լիովին այլ հարթությունում է։ Եթե մյուս ոլորտներում արտադրության պակաս կա, ապա մենք ունենք ավելցուկ։ Այսինքն` գերարտադրություն է, որը հանգեցրել է ապրանքների գների նվազման, հաստիքների կրճատման և այլն։ Ասել է` ոմանք անգամ վնասով են աշխատում։ Եթե խոսում ենք ճգնաժամից, ես էլ ասում եմ` մեզ մոտ ճգնաժամ չէ, այլ շատ բարձր տնտեսական աճ։ Տնտեսության ճյուղեր կան, որոնք ուղղակիորեն կապ ունեն համաշխարհային տնտեսության տեմպերի հետ ու, բնականաբար, դրանք անկում են ապրում։ Չնայած վերջիններս էլ կամաց-կամաց վերականգնման նշաններ են ցույց տալիս։ Դրսի շուկան նորից բացվել է, այլ է տեղական արտադրությունը, որտեղ կան լուրջ խնդիրներ։ Առաջնայինը ներդրումների պաշտպանման խնդիրն է։ Անընդհատ գոռում ենք, թե ազատ շուկա է, ով ինչ ուզենա, կանի, բայց իրականում այդպես չէ։ Այս հարցում շատ եմ կարևորում պետության ուղղորդիչ, կողմնորոշիչ դերը, այլ ոչ թե մասնակցության գործոնը։
-Դուք անձամբ Ձեր բիզնեսում «գույքագրում» կատարե՞լ եք։ Հաշվե՞լ եք, թե ինչ կորուստներ եք ունեցել ճգնաժամից։
-Մեր բիզնեսը, ընդհանրապես, ճգնաժամի հետ կապ չունի։ Տեղական արտադրողի վնասները չի կարելի կապել ճգնաժամի հետ։ Թռչնաբուծական ֆաբրիկաների վրա ճգնաժամն ինչո՞վ պիտի ազդի։ Միակ կորուստը գերարտադրությունն է, քանի որ ավելի շատ արտադրում ենք, քան վաճառում։
-Այդ դեպքում ինչո՞ւ է դրսից անորակ թռչնամիս ներկրվում։
-Որովհետև տեղական արտադրանքի զարգացման, խթանման խնդիր ունենք։ Այսօր այս հարցի շուրջ քննարկումներ են լինում, վերլուծություններ կատարվում։ Կրկին կարևորեմ. տեղական արտադրության մեջ ներդրում անելու պաշտպանվածության խնդիր կա։ Որպեսզի զարգացնենք տեղական արտադրությունը, պետք է ներդրողների շահերը պաշտպանենք։
-Կա տեսակետ, թե Հայաստանում գնաճը պայմանավորված է միայն մենաշնորհների առկայությամբ, օլիգարխների ինքնագլուխ սահմանած գներով։ Օրինակ, հավի կամ ձվի գինը սահմանելիս ձեր ֆաբրիկան որքանո՞վ է առաջնորդվում պետության հաստատած ընդհանուր «կանոններով»։
-Ձվի մասով չխոսենք, քանի որ 2000-ից մինչ այսօր հավի և ձվի գներն անկում են ապրել, մինչդեռ ամեն ինչ թանկացել է։ Սա անհասկանալի է։ Խոզի միսը եղել է 1000 դրամ, հիմա 3000 է, իսկ հավի միսը` 1300-1500, հիմա` 1200 դրամ։
-Գուցե մտածում եք ուրի՞շ բիզնեսի մասին։
-Խնդիրը դա չէ։ Պարզապես այնքան է զարգացել այս ճյուղը, որ մրցակցություն կա, ինչն էլ հանգեցրել է գների անկման։ Բնականաբար, սա չի նշանակում, թե մոնոպոլիաներ չկան։ Կան։ Բացակայում է մրցակցությունը։ Էլեկտրաէներգիան, գազը մոնոպոլիա չե՞ն։ Իսկ մեր ճյուղը` թռչնաբուծությունը, բարձր հիմքերի վրա է դրված, կա մրցակցություն։ Պետությունն այստեղ էլ պետք է կարգավորիչ, հսկող դեր կատարի` օրենքներով, որոշումներով և այլն։
-Դոլար-դրամի վերջին տատանումներն ինչի՞ հետևանք են։
-Դրանք բնական երևույթներ են։ Մեկին դա ձեռք է տալիս, մյուսին` ոչ։ Մեկի վրա ազդում է, սկսում է բացասական խոսել, մյուսի վրա չի ազդում` չի խոսում։ Չի լինում այնպես, որ բոլորը շահեն, այդ դեպքում ո՞վ է տուժելու։ Ինչպիսի տնտեսություն ունենք, այնպիսին էլ ֆինանսական շուկան է։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1252

Մեկնաբանություններ