ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ԻՐԱԿԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵ՞Ր, ԹԵ՞ ՊԱՐԶՈՒՆԱԿ ՇԱՆՏԱԺ

ԻՐԱԿԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵ՞Ր, ԹԵ՞ ՊԱՐԶՈՒՆԱԿ ՇԱՆՏԱԺ
16.10.2009 | 00:00

Այն, որ քաղաքականությունը բոլոր ժամանակներում և ամենուրեք միշտ ներառել է կենցաղային բաղադրիչ` «Դու ինձ, ես քեզ» սկզբունքի համապատասխան, վաղուց հայտնի իրողություն է։ Սակայն չքողարկված «բազարը», որին այսօր ականատես ենք Հարավային Կովկասի տարածաշրջանում, գերազանցում է բոլոր հնարավոր սպասելիքները և համադրվում ամենաֆանտաստիկ ու միաժամանակ հոռետեսական կանխատեսումների հետ։ Նոր աշխարհաքաղաքական ու տնտեսական դասավորության մոդելավորումը մտնում է վճռորոշ փուլ, և այդ գործընթացի հիմնական մասնակիցները շտապում են դրանից դիվիդենդներ շահել։
Ահա այսպես, Հայաստանի ու Թուրքիայի նախագահների հանդիպմանը բառացիորեն զուգահեռ, Բաքվում ևս մեկ հերթական, «պատմական» համաձայնագիր ստորագրվեց ադրբեջանական պետական նավթային ընկերության և ռուսական «Գազպրոմի» միջև։ Ինչի շնորհիվ, որոշ ռուսական փորձագետների գնահատմամբ` Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները մտնում են «լուսավորյալ պրագմատիզմի դարաշրջան»։ Ամենայն հավանականությամբ, «ֆուտբոլային դիվանագիտությամբ» Հայաստանի ձեռք բերած «դափնիները» հանգիստ չեն տալիս մեր հարևաններին, և, թերևս, այդ էր պատճառը, որ Ռուսաստանի և Ադրբեջանի ֆուտբոլային հավաքականների խաղի օրը Բաքու ժամանած «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը ոչ միայն իրեն չզրկեց խաղին հետևելու հաճույքից, այլև իրագործեց «միջպետական նշանակության» հերթական ակցիան` ստորագրելով ադրբեջանական գազ ձեռք բերելու վերաբերյալ առաջին պայմանագիրը։
Համաձայն այդ փաստաթղթի, 2010-ից սկսած, Ադրբեջանից Ռուսաստան կմատակարարվի նվազագույնը 500 մլն խմ գազ։ Ընդ որում, հայտարարվեց, թե գազի գնման ծավալները սկզբունքորեն սահմանափակ չեն, այսինքն` պայմանագիրը մեկանգամյա չէ և կողմերի համաձայնությամբ կարող է երկարացվել` որքան անհրաժեշտ լինի։ Առաջին հայացքից գազի այսպիսի բավականին խորհրդանշական ծավալների ձեռքբերումը մի առանձնակի կարևորության իրադարձություն չէ, եթե նկատի ունենանք, որ նույն Ռուսաստանը Թուրքմենստանից տարեկան գնում է 50 մլրդ խմ «երկնագույն ոսկի»։ Եվ, այնուհանդերձ, ադրբեջանական ու ռուսական ԶԼՄ-ների բնորոշմամբ, կնքված «ֆուտբոլային պայմանագիրն» առիթ տվեց խոսակցությունների, որ այս համաձայնագրի ստորագրումով Ռուսաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության լուրջ հնարավորություններ են բացվում` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների ամենալայն շրջանակում։ Համաձայնագրի ստորագրումը կարևորեց անգամ Պեկինում գտնվող Ռուսաստանի վարչապետը, ում բնորոշմամբ` իրենց համար ավելի հեշտ է էժան գազ գնել Ադրբեջանից, քան տեղափոխել այն Ռուսաստանի հյուսիսից կամ էլ Սախալինից։ Սա ենթադրել է տալիս, որ ադրբեջանական գազը մատակարարվելու է Հյուսիսային Կովկասի բնակչությանը, իսկ Արևմտյան Սիբիրից արդյունահանվող ծավալները նախատեսված են միայն արտասահման արտահանելու համար։
Ադրբեջանցիներն իրենց հերթին հայտարարեցին, որ գոհ են թե՛ այս գործարքից, թե՛ դրա համար ստացվող գնից, թեպետ հենց գինն է, որ գաղտնի է պահվում։ Շրջանառվող լուրերի համաձայն` Ռուսաստանի նախագահի Բաքու կատարած այցի ժամանակ կողմերը պայմանավորվել են, որ Ռուսաստանն ադրբեջանական գազը ձեռք կբերի 1000 խմ-ն 350 դոլարով։ Այժմ արդեն խոսվում է, որ իրական արժեքը դժվար թե գերազանցի 120 դոլարը` 1000 խմ-ի դիմաց, քանզի Ադրբեջանը նույն գնով է գազ մատակարարում Թուրքիային։ Եթե նկատի ունենանք, որ գազի համաշխարհային գների անկում է նկատվում, և Ռուսաստանն ուղղակի տիտանական ջանքեր է գործադրում դա թույլ չտալու համար, ռուսների ցուցաբերած «առատաձեռնությունը» կասկածներ է հարուցում այն առումով, որ այս գործարքն այնքան էլ տնտեսական բնույթ չի կրում, և դրանում գերակայում են կողմերի աշխարհաքաղաքական հետաքրքրություններն ու շահերը։
Իսկ գործարքի քաղաքական ենթատեքստը, որն ամեն կերպ փորձում է քողարկել ադրբեջանական կողմը, հետևյալն է. առաջին հերթին ամենևին պատահական չէր, որ հատուկ չարախնդությամբ ընդգծվեց, թե համաձայնագրի ստորագրումը համընկավ Հայաստանի ու Թուրքիայի նախագահների հանդիպման հետ։ Սա շատ խորհրդանշական է, եթե նկատի ունենանք թուրք-ադրբեջանական հարաբերությունների վատթարացումը։ Ադրբեջանական չինովնիկները սկզբունքորեն չթաքցրին էլ, որ իրենց ունեցած գազի ամբողջ ծավալի վաճառքը Ռուսաստանին միանգամայն հնարավոր է և նույնիսկ անխուսափելի, եթե հայ-թուրքական սահմանի բացման հետևանքով թուրք-ադրբեջանական հարաբերություններում պրոբլեմները խորանան։ Մի շարք ադրբեջանական քաղաքական գործիչներ արդեն հայտարարել են, որ եթե Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները Թուրքիայի խորհրդարանը վավերացնի, ապա «դիվանագիտական հարաբերությունների դադարեցումը Թուրքիայի հետ, ինչպես նաև համատեղ տնտեսական ծրագրերի իրագործման կանխարգելումը, այդ թվում` գազի մատակարարումները և «Նաբուկո» ծրագրին մասնակցությունից հրաժարվելը կդառնան անհրաժեշտություն»։ Միաժամանակ հնչեցին բացահայտ սպառնալիքներ, թե կսահմանափակվի ադրբեջանական նավթի ծավալների մատակարարումը Բաքու-Ջեյհան նավթամուղով։
Թե որքանով են այս սպառնալիքներն իրական, կամ որքան է դրանցում պարզունակ շանտաժի բաղադրիչը, ցույց կտա ապագան, սակայն հարկ է ընդգծել, որ «եղբայրական» ժողովուրդների միջև լուրջ հակադրությունը վաղուց է հասունանում, հատկապես տրանսպորտային և էներգակիրների գների շուրջ առաջացած տարաձայնությունների հետևանքով։ Ինչպես հայտնի է, թուրքական «Բոտոս» ընկերությունն ադրբեջանական նավթագազային պետական ընկերության խոշորագույն գնորդն է և գազը ձեռք է բերում 1000 խմ-ն 120 ԱՄՆ դոլարով։ Ադրբեջանական կողմն արդեն բազմիցս պահանջել է վերանայել, այսինքն` բարձրացնել գազի գները, ինչը թուրքական ընկերությունը, մեղմ ասած, բանի տեղ չի դնում։ «Գնագոյացման կոնֆլիկտը» ադրբեջանական կողմը ներկայացնում է որպես հիմնավորում, որպեսզի իրենք այսուհետև առաջնային համարեն գազամատակարարումների ռուսական ուղղությունը։ Այսինքն, Բաքվի մատուցմամբ, բոլորովին չի բացառվում, որ ռուսական «Գազպրոմը» մոնոպոլ իրավունքներ կստանա ադրբեջանական գազի ձեռք բերման ու դրա տարանցման առումով, եթե Թուրքիան շարունակի հրաժարվել ադրբեջանական կողմի պայմաններով դեպի Եվրոպա ադրբեջանական գազի տարանցումն ապահովելուց։ Ըստ այդմ, կարելի է ենթադրել, որ Բաքվում կնքված համաձայնագիրը հաճելին և օգտակարը համատեղելու հերթական քայլն է։ Այսինքն, ճնշում գործադրել հայ-թուրքական բանակցային գործընթացի վրա և, միաժամանակ, ճնշել Թուրքիային` գազի գնի հարցում։
Ինչ վերաբերում է ռուսական շահերին ու ծրագրերին, ապա ակնհայտ է, որ չնայած բոլոր հայտարարություններին, թե Ռուսաստանն ունի ինչպես Եվրոպային, այնպես էլ Չինաստանին գազի ցանկացած ծավալով ապահովելու անհրաժեշտ ռեսուրսներ, փաստ է, որ «Գազպրոմը» հարկադրված է եղել այս տարի նվազեցնել գազի արդյունահանման ծավալները 80 մլրդ խմ-ով, և քիչ հավանական է, որ հաջորդ տարի այս դաշտում կոնյունկտուրան կփոխվի։ Նաև սրանով են պայմանավորված ռուսական կողմի ակտիվ փորձերը` գազի համապատասխան ծավալներ ձեռք բերել ՈՒզբեկստանից, Ղազախստանից ու Ադրբեջանից։ Եվ թեկուզ ադրբեջանական հնարավորություններն անհամեմատ համեստ են կենտրոնասիական երկրների ռեսուրսների համեմատ, այնուհանդերձ, որոշակի նշանակություն ունեն շուկայում կանոնակարգում մտցնելու հարցում։ Բացի այդ, շատ փորձագետներ համոզված են, որ Ադրբեջանին «իրենով անելու» Ռուսաստանի քաղաքականությունը մեծապես պայմանավորված կլինի այն իրողությամբ, թե արևմտյան «Նաբուկո» և ռուսական «Հարավային հոսք» երկու նախագծերից որն առավել մրցունակ կգտնվի ու կիրականացվի։ Կան հիմնավոր կանխատեսումներ, որ «Հարավային հոսքի» իրագործման համար Ռուսաստանը, այնուհանդերձ, չունի բավարար ռեսուրսներ և, ըստ այդմ, Ադրբեջանի հետ գազի վերաբերյալ պայմանավորվածություններ կնքելով, Ռուսաստանը փորձում է արդեն տնտեսական միջոցներով սահմանափակել կարևոր այլընտրանքային նախագծերի իրագործման Եվրոպայի հնարավորությունները, որովհետև դրա համար ուղղակի բավարար ռեսուրսներ չեն մնա։ Ժամանակին Բաքուն խոստացավ եվրոպացիներին, թե «Նաբուկո» գազամուղի կառուցման դեպքում կկարողանա տարեկան Եվրամիության շուկա մատակարարել մինչև 7 մլրդ խմ գազ։ Ըստ ադրբեջանական նավթագազային պետական ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաևի` Ռուսաստանի հետ ստորագրված պայմանագիրը բոլորովին չի սահմանափակում Ադրբեջանի հնարավորությունները նաև եվրոպացիներին տված իր խոստումները կատարելու առումով։ Սակայն պետք չէ մոռանալ, որ ռուս-ադրբեջանական համաձայնագիրն իր մեջ պարունակում է այն անժամկետ երկարացնելու հնարավորություններ` միաժամանակ չբացառելով Ռուսաստանի ձեռք բերած գազի ծավալների ավելացումը։
Եվ, վերջապես, եթե Ռուսաստանը հաջողի Ադրբեջանից գնել Շահ Դենիզ հանքավայրի երկրորդ հերթի շահագործումից նախատեսվող ամբողջ գազը, դա արդեն կդառնա խիստ վտանգավոր եվրոպական այլընտրանքային գազային նախագծերի իրագործման համար։ Անկասկած, Մոսկվայում հուսով են, որ իրենց առաջարկած լավ գինը կստիպի ադրբեջանցիներին` առևտուր անել եվրոպացիների ու թուրքերի հետ, մանավանդ, Վլադիմիր Պուտինի բնորոշմամբ, Ադրբեջանի նախագահը «բոլոր դեպքերում չի մոռանում հին բարեկամներին»։ Ինչ պատասխան կտան ռուսական այս նախաձեռնությանը եվրոպացիներն ու թուրքական կողմը, առայժմ պարզ չէ, բայց, ինչպես ցույց են տալիս տարածաշրջանում զարգացող գործընթացները, սկսած «ֆուտբոլային դիվանագիտությունից», վերջացրած «ֆուտբոլային համաձայնագրերով», նյարդերի խաղը շարունակվում է։ Եվ ով առաջինը «աչքը կթարթի», նա էլ տանուլ կտա գլոբալ հետաքրքրությունների շուրջ ծավալվող այս պայքարը։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1576

Մեկնաբանություններ