ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ղևտական գիրքը

Ղևտական գիրքը
28.07.2009 | 00:00

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ ՄԱՏՅԱՆԸ
«Բայց եթե չլսեք Ինձ և չկատարեք Իմ այս բոլոր հրամանները, արհամարհեք դրանք... Ես պիտի խորտակեմ ձեր ամբարտավան պարծենկոտությունը, երկինքը ձեզ վրա երկաթի պես ծանր պիտի դարձնեմ, իսկ ձեր հողը` պղնձի պես կարծր» (Ղև. 26.14,19)։
ԳՐՔԻ ՏԵՂՆ ՈՒ ԴԵՐԸ
Հրեական ավանդության մեջ Հնգամատյանի երրորդ գիրքը` «Ղևտականը», ըստ իր բովանդակության, կոչվում է «Torat-kohanim»` «Քահանաների օրենք» կամ «Torat-qorbanot»` «Զոհաբերությունների օրենք»։ Նույն կերպ հունական, լատինական, սլավոնա-ռուսական և հայկական «Ղևտական» անվանումը ցույց է տալիս, որ գրքի բովանդակությունը վերաբերում է ղևտական ցեղի հինկտակարանյան պաշտամունք մատուցելու պարտականություններին` զոհաբերումներ, կրոնածիսական մաքրագործում, տոներ, աստվածապետական հարկեր և այլն։
Ղևտացիների ցեղը` իսրայելական 12 ցեղերից մեկը, Աստծո կողմից առանձնացվել էր հոգևոր ծառայություն կատարելու համար։ Աստված ընտրեց այս ցեղը իբրև ողջ Իսրայելի անդրանիկ որդի, քանզի ի սկզբանե անդրանիկ զավակներին էր վերապահված այս պաշտոնը և, բացի այդ, վերջիններս նվիրված էին Աստծուն ի հիշատակ եգիպտական ստրկությունից ազատվելու։
Ելք գիրքն ավարտվում է Վկայության խորանի կանգնեցումով (40.14-31)։ Եվ Տերը, ընդունելով, որ այն համապատասխանում է իր տված հրամանին, ամպի միջով գալիս ու բնակվում է այդտեղ։ Ղևտականի առաջին բառերը յուրօրինակ ձևով արտահայտում են այդ խոստովանությունը։ Բանն այն է, որ Տերը, Մովսեսի հետ Սինա լեռան վրա խոսելուց հետո, այժմ սկսում է խոսել «Վկայության խորանում» (Ա1)։ Աստված Ղևտականի բոլոր 27 գլուխների մեջ պիտի հայտնի Իր ժողովրդին «Իր հրամաններն ու պատգամները», քանզի «Դրանք կատարող մարդը միայն պիտի փրկվի դրանցով» (18.5)։ Այլ կերպ ասած` Աստված նրանց ցույց է տալու խորանի ճիշտ կիրառման կերպը, որպեսզի այն իրականում դառնա հանդիպման վայր։ Եվ չի կարելի այդ կենսական հանդիպումը ենթարկել վրիպումների` պաշտամունք կատարելիս (Ա-Ժ) կամ նյութական անմաքրությամբ (ԺԱ-ԺԶ) ու բարոյական օրինազանցությամբ (17-26)։ ՈՒստի և այս ամենը նկարագրվում է բացառիկ մանրամասնությամբ։
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Ղևտական գիրքը գրեթե բացառապես օրենսդրական բովանդակություն ունի և գրեթե զուրկ է պատմագրական տարրերից։ Այնուամենայնիվ, գրքի պարունակությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ Ելք գրքի երկրորդ մասում շարադրված օրենքի հոդվածների մանրամասն զարգացումն ու անմիջական շարունակությունը։ Գրքի նպատակը կամ գլխավոր գաղափարը (պարզորոշ կերպով արտահայտված է 26.11-12 համարներում)` Իսրայելից Աստծո ժողովուրդ կազմել, որը Տիրոջ հետ կլինի հոգևոր, բարոյական սերտ հաղորդակցության մեջ։ Այս նպատակին են ծառայում Ղևտականում զետեղված հրամանները` ա) զոհաբերումներ, բ) հոգևորականների կարգում, գ) մաքուր և անմաքուր, դ) Աստծո ժողովրդի անդամների անձնական սրբությունը կենցաղում և հասարակական կյանքում, ե) ծեսերի, պաշտամունքի, մատուցման սրբությունն ու կարգը և սրբազան օրերը։
ԶՈՀԵՐ
Զոհաբերումն Աստծո հետ սերտ հարաբերության մեջ մտնելու նպատակ է հետապնդում։ ՈՒստի տեսնում ենք, որ զոհի մեջ առանձնացվում են երեք հիմնական տարրեր. որպես Աստծուն մատուցվող նվեր, որպես Աստծո հետ հաղորդվելու միջոց և զոհը որպես մեղքերի քավության և Աստծուց թողություն ստանալու նպատակ։ Իսրայելի զոհաբերումները հստակորեն բաժանվում են այս երեք խմբերի միջև. նվեր (ողջակեզ, բուսական և առաջին պտղի ընծաներ), հաղորդություն (փրկության զոհ) և քավություն (մեղքի զոհ և հատուցման զոհ)։
1) Ընդունելի լինել. այս արտահայտությունը ցույց է տալիս այն բարի ողջույնը, որով Աստված դիմավորում է ճշմարիտ զոհամատույցին և ընդունում նրա մատաղն ու հավանության արժանացնում, եթե այն համապատասխանում է ծիսական կանոններին։
2) Ողջակեզ. ամբողջ մատաղացու կենդանու այրումը զոհասեղանի վրա (բացի մորթուց)։ Մարդկային ցեղի հանցավոր լինելու ընդունումն էր և միաժամանակ քավության նշանը։ Ամբողջ անասունի այրումը սեղանի վրա նշանակում էր մատուցողի անձի անմնացորդ նվիրումն Աստծուն, իսկ մատաղացու անասունի պարագային` քավության կատարում։
3) Բուսական ընծա. եբրայերեն «Մինխա» բառը նախապես ուներ «նվեր» խմբի նշանակությունը, հետագայում առանձնացավ որպես անարյուն զոհ ու փոխարինվեց «կորբան» (մատաղ) բառով, որն էլ ձեռք բերեց զոհերի ընդհանուր հասկացության իմաստը։
Մովսեսի օրենսդրության մեջ մինխան նշանակում է միմիայն անարյուն զոհ, որի գլխավոր մթերքը` ալյուրը, յուղը և գինին, մատուցվում է Աստծուն Իսրայելի հողագործության կողմից, ինչպես արյունալից զոհերը` անասնապահության կողմից։ Հին հրեական տնտեսության այս գլխավոր երկու ճյուղերը Աստծո զոհասեղանի վրա պիտի դնեին իրենց արգասիքները։ Ըստ եկեղեցու հայրերի ու վարդապետների (Ս. Հովհան Ոսկեբերան, Հերոնիմոս Երանելի)` հինկտակարանյան անարյուն զոհը նորկտակարանյան հաղորդության զոհի նախօրինակն է։
5) Փրկության (եբրայերենում` խաղաղության) զոհ. երբեմն կոչվում է հաղորդության կամ ուխտի զոհ։ Մսի մի մասը հատկացվում է քահանաներին, իսկ մնացածն ուտում են մատուցողն իր ընտանիքի ու մերձավորների հետ։ Հին ժամանակ սա համարվում էր ամենակարևոր զոհաբերումը և տոնական արարողությունների սիրտն էր, քանզի միակն էր, որ արտահայտում էր կյանքի միասնությունը, ՈՒխտի հարաբերությունը, հավատացյալի ու իր Տիրոջ բարեկամությունը։
6) Անուշահոտ խունկ. վկայության խորանի ներսում և Տաճարի սրբություն սրբոցում կանգնեցվում է խնկարկության սեղանը, որի վրա ծխեցվում էր հատուկ այդ նպատակով պատրաստված անուշաբույր համեմունքը (տե՛ս Ելք 30.34)։
7) Մեղքի զոհ. զոհը տարբեր է լինում` կախված մեղավորի ինքնությունից ու հնարավորություններից։ Արյունը, որ այստեղ կարևորագույն դեր է կատարում, մեղքերի թողության բուն միջոցն է։ Ճարպն այրվում է սեղանի վրա, ինչպես դա տեղի էր ունենում փրկության զոհի պարագայում։ Իսկ միսը հատկացվում էր քահանաներին կամ ողջ ժողովրդին, քանզի անկարելի բան է մարդու համար մեղքի զոհ մատուցել և միևնույն ժամանակ օգտվել դրանից։ Զոհ մատուցողը ձեռքը դնում էր մատաղացուի գլխին` իր մեղքերը փոխանցելով կենդանուն, և այսպիսով թափվում էր անասունի արյունը, իսկ մեղսագործ մարդը փրկվում էր։
Ինչ վերաբերում է մեր մատաղին, որ Հայաստանյայց եկեղեցու առանձնահատկություններից է, ընդհանուր եզրեր չունի հինկտակարանյան և հեթանոսական զոհերի հետ։ Այն, ավելի շուտ, ագապեի` սիրո ճաշկերույթի խորհուրդն ունի և առ Աստված գոհության արտահայտություն է և դրսևորվում է նախ և առաջ աղքատներին մատաղացու մսի բաժանմամբ (արջառը` 40 տեղ, ոչխարը` 7, աքլորը` 3)։
Հոների դեմ տարած հաղթանակից հետո ս. Գրիգոր Լուսավորչի ու ս. Տրդատ թագավորի հրամանով բազմաթիվ մատաղացուներ` խոյեր և գառներ զենվեցին և աղքատներին բաժանվեցին։ Սկզբնական շրջանում այս բարեպաշտական սովորությունը գործածվել է ննջեցյալների հոգիների հանգստության համար։
ՔԱՀԱՆԱՅՈՒԹՅՈՒՆ
Հնագույն ժամանակներում, թվում է, քահանայական գործառույթները (ծիսակատարությամբ և Աստծո կամքի հայտնումով ապահովում էին Աստծո և մարդու հարաբերությունը կարգավորող միջնորդությունը) սահմանափակված չէին նվիրյալների խավով։ Հայրերը, իբրև նահապետներ, իրենք էին մատուցում զոհերը։ Բայց այն բանից հետո, երբ Աստված ընտրեց Ղևիի ցեղը` խորանի մեջ Իրեն ծառայելու համար, քահանայությունը դարձավ Ահարոնի տան մենաշնորհը։ Աստծուն զոհեր ու նվերներ մատուցելու իրավունքը վերապահվեց այդ ազգատոհմի քահանաներին։
Քահանաների գործն էր զոհեր մատուցելը և տաճարի սպասավորությունը, ժողովրդի դաստիարակության համար հոգ տանելը և նրանց դատելը տեսնելը, ինչպես նաև` բորոտության տեսակները, ապահարզանի դատերը, նախանձավորության` շնության ջրերը, օրենքները, անմաքրության պատճառները քննելը և այլն։
Քահանաներն Աստծո անվամբ հրապարակայնորեն օրհնում էին ժողովրդին։ Պատերազմի ժամանակ նրանք պարտավոր էին կրել ՈՒխտի տապանակը, դիմել Տիրոջը, հնչեցնել նվիրական շեփորները և խրախուսել զորքին։
Գերությունից վերադառնալուց հետո (Ն. Ք. 538 թ. միապետության բացակայության պայմաններում, քահանաները ստանձնեցին ժողովրդի ճակատագրի տնօրինումը, իսկ այն անձը, որն ի վերջո, կոչվեց քահանայապետ, աստիճանաբար զբաղեցրեց մի պաշտոն, որը հավասարվում էր թագավորականին։
ՄԱՔՈՒՐ ԵՎ ԱՆՄԱՔՈՒՐ
Անմաքրությունը հանցավոր գործողություն չէ. կենսական պարտականությունները (մայրություն, ննջեցյալների լվացում կամ պիղծ սնունդ ընդունելը, տղամարդու և կնոջ սեռական անմաքրությունը) պարզապես մարդուն դնում են անմաքուր վիճակի մեջ, որն արգելում է նրան պաշտամունքի միջոցով սուրբ Աստծո հետ հաղորդակցության մեջ մտնել։ Հետևաբար, մարդը պետք է սրբագործվի դրանից։ Իսկ հանցավոր գործողությունն այն է, ինչ մարդ անում է և դառնում անմաքուր, սակայն կարծես շարունակում է մնալ մաքրության մեջ (15.31)։ Եզեկիելն օգտագործել է անմաքրության եզրերը` Երուսաղեմի մեղքերը, այդ թվում նաև, բառի բուն իմաստով, բարոյականությանը հակասող մեղքերը նկարագրելիս (տե՛ս Եզեկ. 22.7)։ Մեղքն այն մեծագույն անմաքրությունն է, որը սպառնում է խափանել Աստծո և մարդու հարաբերությունը։
Ղևտականում արգելքների գրի առնումը (11-15) ցույց է տալիս, որ դրանք տարերայնորեն չէին կատարվում. գիրքը դրանք դիտարկում է ՈՒխտի Աստծո և կյանքի Տիրոջ հետ ունեցած հարաբերության առնչությամբ։ Եվ հանուն դրա մարդը պարտավոր է մաքուր լինել։
Այս արգելքների նշանակության շուրջ ծավալված բանավեճերը սովորական են Նոր Կտակարանում (Մարկ. Է 1-23, Գործք Ժ, Ա Կորնգ. Զ 12-20)։
ՍՐԲՈՒԹՅՈՒՆ
Սրբությունը (այս բառը ղևտականում գործածվել է 87 անգամ) ոչ միայն սույն գրքի, այլև բովանդակ Հին Կտակարանի կարևորագույն հասկացություններից է` մոտ մաքրության հասկացությանը։ Սրբությունը հիմնականում ցույց է տալիս մարդկային իմացությանը անհասանելի խորհուրդ, բարձրյալ Աստծո խորհուրդ. Աստված, որ բացարձակապես ինքնօրինակ է և չունի Իր նմանը, մարդու համար անհասանելի, անճառելի և անմերձենալի է։ Եվ եթե ասենք, որ Աստված Սուրբ է, ապա դրանով նկատի ունեցած կլինենք Նրա բարոյական անբաժանելի հատկանիշը, մինչդեռ մենք առաջին հերթին պնդում ենք, որ Նա լիովին տարբերվում է մարդու` Նրա մասին ունեցած գիտությունից և պատկերացումից։
Այնուամենայնիվ, բարձրյալ Աստված թույլ է տալիս մարդուն մերձենալ Իրեն (գլուխ 23), և սա Նրա սրբությունը կազմող բնությունն է։ Եվ անիմանալի Աստված հայտնում է Իր մասին, բացահայտում իր կամքը, առաքում Իր սրբության ճաճանչներն ու կամենում, որ մարդկությունը մասնակից դառնա դրան. «Սո՛ւրբ եղեք, քանզի Ես` ձեր Տեր Աստվածը, սուրբ եմ» (19.2)։ Իսկ երբ Աստված ընտրեց իսրայելացի ժողովրդին, կամեցավ նրան տեսնել մյուս ժողովուրդներից տարբեր, որպեսզի կարողանան հաղորդվել սուրբ Աստծո հետ։ Այս ընտրությունը ենթադրում է մի բարոյական պայման, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ ընտրյալ ժողովրդի սրբության արգասիքը։ Եվ սա պարտադրում է ժողովրդին մշտապես սրբագործվել, որպեսզի վերջինս մնա այս կենսական միության մեջ և մյուս ազգերին ցույց տա իր Աստծո սրբությունը։
Սրբությունը չի սահմանափակվում մարդկանցով, այլ տարածվում է այն ամենի վրա, ինչը կրում է աստվածային ներկայության դրոշմը.
- մարդիկ (ինչպես քահանաները, որոնք ամենամոտ կանգնածներն են ի շարս այն ամենի, ինչն առնչվում է Աստծուն։ Քահանաները պետք է խուսափեն բազմաթիվ օրինավոր, սակայն ոչ սուրբ գործերից (գլուխ 21-22)։
-Ժամանակներ (օրինակ, շաբաթ օրը, որ Աստծո օրն է, պետք է հեռու մնալ ոչ սուրբ գործերից) (Ելք 20.8-11)։
-Վայրեր (օրինակ, սրբավայրը, ուր չի կարելի ոչ քահանաներին ու օտարներին մտնել) (Եբր. 9.7-8, Գործք. 21.28)։
-Առարկաներ (օրինակ` սուրբ օծության յուղը` մյուռոնը, որն օգտագործվում է օծման արարողությունների ժամանակ և այլ նպատակներով կիրառելը խստագույնս արգելվում է) (Ելք 30.23-33)։
Կարճ ասած, սրբություն հասկացությունը բաղկացած է երեք գործուն գաղափարներից. դրանք են` հեռանալ այն ամենից, ինչ սուրբ չէ, նվիրվել Աստծո հետ հաղորդվելուն և պարտադիր համարել Աստծուն ծառայելը` Նրա կամքը կատարելու համար։
ՂԵՎՏԱԿԱՆԸ ՍՈՒՐԲ ԳՐՔԻ ԿԱԶՄՈՒՄ ՈՒ ՀԱՎԱՏԱՑՅԱԼԻ ԿՅԱՆՔՈՒՄ
Հավանաբար, Ղևտականը քրիստոնյաների համար Հին Կտակարանի ամենաքիչ ընթերցվող գիրքն է, և թվում է, որ սույն գիրքը շոշափում է մի փորձառություն, որի հետ Նոր Կտակարանը հաշվի չի նստում։ Սակայն մենք պետք է հասկանանք այս «հաշվի չնստելը»։ Պաշտամունքը պետք է ի հայտ բերեր ու իրականացներ սուրբ ժողովրդի հաշտությունն ու միությունը Սուրբ Աստծո հետ, ՈՒմ անունով պայքարեցին մարգարեները ու բոլոր նրանք, ովքեր պահպանեցին Իսրայելի հավատքի անաղարտությունը։ Տոները, ծեսերն ու պրակտիկան զանազանվում էին ժամանակների ու տեղերի փոփոխությանը զուգընթաց` ըստ նրա, ինչ ցանկալի էր արտահայտել և ըստ առկա միջոցների։ Սակայն ցանկությունը միշտ նույնն էր` հավաքական տոների միջոցով ու առարկայորեն արտահայտել հավատքը։ Ո՛չ մարգարեների պաշտամունքին հասցրած հարվածները, ո՛չ Տաճարից հեռանալու պատճառով հրեական կրոնի հրաժարվելը ղևտական ծեսերից, ո՛չ էլ քրիստոնեական կրոնի հրաժարվելը դրանցից (այն բանից հետո, երբ Քրիստոսի զոհաբերությունը ճանաչվեց որպես միակ ու վերջնական արժեք) չվերացրեցին Ղևտականի իրողության առկայությունը Սուրբ Գրքում։
Բացի իր առաջ դրված անմիջական խնդրից, այն է` Աստծո ժողովրդի սրբագործումը կրոնական ու կենցաղային բոլոր ոլորտներում, Ղևտական գրքի օրենքներն առավելապես հանդիսանում էին նորկտակարանյան «գալիք բարիքների ստվերն ու կերպարանքը» (Եբր. 10.1)։
Տպագրության պատրաստեց Գրիգոր ԴԱՐԲԻՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 3350

Մեկնաբանություններ