ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Գանդին, Մանդելան և Հայ ազգային կոնգրեսը

Գանդին, Մանդելան և Հայ ազգային կոնգրեսը
09.06.2009 | 00:00

ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿ
«Քաղաքականության մեջ գլխավոր խնդիրն այն է, որ կարողանաս հերթական անհաջողությունը ձևակերպել որպես պայքարի նոր փուլի նախապատրաստում»։
Լեոնիդ Սուխորուկով
Աֆորիզմների վարպետ
Ահա և հերթական հայկական ընտրություններն ավարտվեցին, և, ինչպես միշտ, կրկին առիթ ունեցանք համոզվելու, որ հայկական քաղաքական միտքը գործնականում չի փոխել իր մոտեցումները։ Ավելին` դրանք ստացել են աքսիոմատիկ ճշմարտության ձև։ Իշխանական կուսակցությունները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ ցանկացած աջակցության միշտ պետք է նախորդի թիկունքից հասցված հարվածը, իսկ հայրենի ընդդիմությունը, հին ավանդույթի համաձայն, աշխատեց «այնքան լավ», որ ժամանակ չունեցավ նկատելու` գործերն իսկապես վատ են։ Մայրաքաղաքի բնակչությունն իր մեծամասնությամբ գաղտնի խաչակնքեց, փառք տալով Աստծուն, որ ամեն ինչ այս անգամ ավարտվեց առանց արյան, մեկ անգամ ևս համոզվեց, որ սուտը քաղաքականության մեջ դաժան ճշմարտություն է, և շարունակեց զբաղվել իր սովորական գործով` գոյատևմամբ։
Սակայն, այնուհանդերձ, անցած ընտրությունները բավականին լուրջ սրբագրումներ են արձանագրելու Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներում` ինչպես իշխանությունների, այնպես էլ ընդդիմության գործողությունների առումով։ Առաջին հերթին արժե ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ թեկուզ ընդդիմության առաջնորդը պնդում է, որ երկրում առաջընթաց կա միայն ընտրակեղծիքների մեխանիզմի կատարելագործման առումով, հարկ է նշել, որ այդ «առաջընթացն» այս անգամ բավականին «նրբացված» էր։ 1995-ից սկսած և մնացած բոլոր ընտրությունների համեմատությամբ, գոնե ականատես չեղանք զանգվածային ծեծկռտուքի և այլ զգացմունքային «ընտրական տեխնոլոգիաների»։ Եթե անգամ ճիշտ է Տեր-Պետրոսյանի այն պնդումը, թե «կեղծիքների մեջ ներքաշված է ամբողջ պետական համակարգը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ» (իսկ համակարգը միշտ էլ ներքաշված է եղել), ապա այս անգամ դա տեղի ունեցավ առանց ընդգծված ցուցադրականության և գոնե առանց «մեր դեմ խաղ չկա» սկզբունքը բացահայտ հռչակելու։ Ինչ վերաբերում է ընդդիմության այն պնդմանը, որ ընտրակեղծիքների մեջ օգտագործվել են բնակչության ամենախոցելի խավերը, և ավելի քան 100 հազար մարդ քվեարկել է կաշառքով, ապա այդ հանգամանքն իշխանության կողմից ոչ այնքան քրեական, որքան բարոյական հանցագործություն է։ Բայց, մյուս կողմից էլ, այն ընդդիմության անարդյունավետ մարտավարության ու գործունեության, նրա անհիմն ինքնավստահության և ժողովրդից զգալիորեն կտրված լինելու ապացույց է։
Ինչ վերաբերում է քաղաքական դաշտին, ապա ընտրությունների արդյունքներով ստեղծվում է որակապես նոր իրավիճակ։ Այն բանից հետո, երբ Երևանի ավագանու կազմում, ընդդիմության մանդատներից հրաժարվելու պայմաններում, մնում են միայն «երդվյալ բարեկամներ» ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, իսկ ՕԵԿ-ը դուրս է մնում կառավարման այս օղակից, սա կարող է իշխանական կոալիցիայի քայքայման սկիզբ լինել։
Մանավանդ այն դեպքում, եթե ԲՀԿ-ին չհաջողվի իր ցանկացած մասը պոկել Երևանի վարչական կառավարման օղակներից։ Այսինքն, եթե ԲՀԿ-ի հավակնությունները մերժվեն, չի բացառվում, որ կուսակցությունը քաղաքային ավագանիում հայտնվի ընդդիմադիր փոքրամասնության կարգավիճակում, ինչն իր հերթին նույն հետևանքները կարող է ունենալ խորհրդարանի առումով։ Այսինքն, կհանգեցնի ԲՀԿ-ի դուրս գալուն կառավարող կոալիցիայի կազմից։ Մանավանդ որ այսպիսի սցենարը կարող է խրախուսվել հենց իշխանության կողմից, որի համար կոալիցիան, իբրև կառավարման առումով ֆունկցիոնալ մարմին, գնալով կորցնում է իր նշանակությունը։ Պետք է հաշվի առնել, որ առջևում լուրջ արտաքին քաղաքական զարգացումներ են, և չի բացառվում, որ իշխանությանը ձեռնտու է ընդդիմության կարգավիճակում տեսնել նախկին գործընկերներին, որոնք բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով սկզբունքորեն ավելի վերահսկելի են, քան որևէ իրական ընդդիմություն։
Ընդդիմության առումով, կարծես, միտում կա ընդդիմադիր դաշտի բյուրեղացման։ Համենայն դեպս, անհիմն չեն կարծիքները, որ այս ընտրությունները կդառնան ընդդիմադիր կուսակցությունների դերի ու նշանակության վերանայման պատճառ։ Եթե մինչև վերջերս Հայ ազգային կոնգրեսը միանգամայն հիմնավորված դիտարկվում էր իբրև միակ ընդդիմադիր ուժ, ապա հետընտրական իրավիճակում «Ժառանգությունն» ու դաշնակցությունն ակնհայտորեն մտադիր են ներդնել բոլոր ջանքերը` բողոքական տրամադրություններ ունեցող ընտրազանգվածի մի մասին իրենց կողմը գրավելու առումով։ Ընդ որում, չնայած ՀԱԿ-ի գործիչների բոլոր կոչերին` միավորվել իրենց դրոշի ներքո իշխանության դեմ հետագա պայքարում, այդպիսի միտում կամ գոնե միասնական գործողությունների ցանկություն բացարձակապես չի նկատվում։ Դաշնակցականները, ամենայն հավանականությամբ, չեն շեղվի իրենց ավանդական դիրքորոշումից ոչ միայն պատմական և գաղափարախոսական առումներով, այլև ՀԱԿ-ի հետ հնարավոր համագործակցությունը խիստ կասկածելի համարելու տեսանկյունից։ Լևոն Տեր-Պետրոսյանի ու նրա շրջապատի առաջնորդությունն անհանդուրժելի է մնում այս կուսակցության համար։ «Ժառանգության» վերաբերյալ կարելի է ասել, որ նրանց վերջին հայտարարություններն էլ ՀԱԿ-ի հետ համագործակցության դաշտում հայտնվելու առումով առանձնակի հույսեր չեն ներշնչում։
Ավելին` «Ժառանգության» բոլոր գործողությունները, սկսած քաղաքային ավագանու ընտրություններին իբրև առանձին ուժ կամ ՀԱԿ-ի հետ դաշինքով մասնակցությունից հրաժարվելուց, վերջացրած քվեարկության ընթացքում տարած աշխատանքով և հետընտրական ակտիվությամբ, ամենայն հավանականությամբ, ծրագրված էին։ Դրանք ակնհայտորեն ունեն Լևոն Տեր-Պետրոսյանին և առհասարակ ՀԱԿ-ին միակ ընդդիմադիր ուժի կարգավիճակից զրկելու միտում։ Այդ են վկայում «Ժառանգության» հնչեցրած հայտարարությունները, թե «ՀԱԿ-ը կայացած քաղաքական ուժ չէ և չկարողացավ անհրաժեշտ մակարդակով կազմակերպել ընտրարշավը` կրկին ասպարեզ բերելով հոգնած դեմքերի ցուցակը»։ Անկասկած, այս պնդումը կարող է ունենալ որոշակի աջակիցներ ընդդիմադիր ընտրազանգվածի շարքերումև «Ժառանգությունը», փաստորեն, արդեն իսկ փորձում է հանդես գալ իբրև այլընտրանքային «ինստիտուցիոնալ ընդդիմադիր քաղաքական ուժ»։ Ինչպիսի՞ առավելություններ կտա սա «Ժառանգություն» կուսակցությանը, ցույց կտա ապագան, բայց նրանց դաշինքը կամ առնվազն համագործակցությունը ՀՅԴ-ի հետ բոլորովին էլ բացառված չէ, դրա համար կան ինչպես գաղափարաքաղաքական, այնպես էլ զուտ իրավիճակային նախադրյալներ։ Մանավանդ որ դաշնակցությունը, կոալիցիայից դուրս գալով, իշխանության հետ արտաքին քաղաքականության առումով հակասություններ ունենալով և վերջին ջախջախիչ պարտությանը ենթարկվելով, կարող է վերապրել իր համար ճշմարտության հերթական պահը։ Համենայն դեպս, կուսակցության ներսում և նրա սփյուռքյան կառույցներում, կարծես, զարգանում են շատ լուրջ գործընթացներ, որ կարող են հանգեցնել ինչպես ղեկավարության փոփոխության, այնպես էլ դաշնակցության վերադարձին իր բնական ու հիմնական գործառույթներին, ինչն անխուսափելիորեն առաջացնելու է օբյեկտիվորեն կորսված ժողովրդականությունը վերականգնելու ձգտում։
Հանրագումարում կարելի է արձանագրել, որ այն, ինչ տեղի ունեցավ, առաջին հերթին հարվածեց Հայ ազգային կոնգրեսի հեղինակությանը։ Այն, որ ընդդիմադիր դաշինքն ավելի շատ ձայն է հավաքել, քան խորհրդարանում ներկայացված որոշ կուսակցություններ, միանգամայն ձեռնտու է իշխանություններին` երևույթն արտաքին դաշտում ի նպաստ իրենց օգտագործելու համար։ Միևնույն ժամանակ, եթե ընդդիմությունը շարունակի համառել քաղաքային ավագանու մանդատներից հրաժարվելու իր մարտավարության մեջ, գործնականում կորցնելու է իրադարձությունների վրա ազդելու օրինական լծակները, և մնալու է միայն մեկ ուղի` «փողոցային ժողովրդավարությունը»։ Հասկանալի է, որ ընդդիմությունը կարիք ունի կողմնակիցների անհրաժեշտ զանգվածը պահպանելու, միաժամանակ առկա է կոնգրեսի ներսում հակասությունների հաղթահարման խնդիր, իսկ դրա լավագույն միջոցը պայքարի առավել ակտիվացումն ու արմատականացումն է։ Սակայն այս պահին առնվազն համարժեք ռեսուրսներ չկան, և կարելի է ենթադրել, որ հունիսին մեկ-երկու հանրահավաքներից հետո ընդդիմությունը կաշխատի պայքարի հետագա գործընթացը տեղափոխել աշուն, այն հույսով, որ մինչ այդ իշխանությունների արտաքին քաղաքականության մեջ տեղի կունենա սպասված տապալումը։ Թեպետ, եթե անգամ Սերժ Սարգսյանը ստորագրի ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ փաստաթուղթ, աշխարհաքաղաքական կենտրոններն ավելի շահագրգռված կլինեն նրա իշխանության պահպանմամբ, որպեսզի նախագիծը գործնականում իրականացվի։ Այս պահին հավանական չէ նաև, որ ընդդիմությանը կհաջողվի վրացական սցենարի կրկնությունը, իսկ «քաղաքացիական անհնազանդության» կոչերն առայժմ անհասկանալի են, որովհետև պարզ չէ, թե դրա տակ ՀԱԿ-ն ինչ նկատի ունի։ Եթե նպատակ կա կրկնելու Գանդիի փորձը, ապա մեր ընդդիմադիրներն իրենց գործունեության տեսլականը մշակելիս անտեսում են հայկական հոգեկերտվածքը։ Դժվար է պատկերացնել որևէ հայի, որ հնդիկների օրինակով գիտակցաբար մատներ իրեն և իր ընտանիքն աղքատության, մանավանդ որ ընդդիմության առաջնորդներն էլ, Մահաթմա Գանդիի օրինակով, հազիվ թե ցանկանան զրկել իրենց երկրային բարիքներից և ուրախություններից։ Համաշխարհային քաղաքականության մեջ միայն երկու ազգային կոնգրեսներ` հնդկականն ու աֆրիկականը, կարողացան հասնել հաջողության` շնորհիվ իրենց առաջնորդներ Գանդիի և Մանդելայի, և այդ պայքարը երկար ու ձիգ տասնամյակներ պահանջեց, ինչը Հայաստանի պայմաններում ակնկալելը նույնպես իրատեսական չէ։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 2542

Մեկնաբանություններ