«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Բազմակողմանի օժտված արվեստագետը

Բազմակողմանի օժտված արվեստագետը
18.10.2012 | 14:27

Հանրապետության վաստակավոր արտիստ ԷՌՆԵՍՏ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ հայ ճանաչված դրամատուրգ Արարատ Բարսեղյանի որդին է։ Զարմանալի մարդ էր, բազմակողմանի օժտված արվեստագետ` երգիչ, նկարիչ, դերասան, նաև... մարզիկ։

1965 թվականն էր։ Հայաստանի պետական էստրադային նվագախումբ (ղեկավարում էր Կոնստանտին Օրբելյան), եկավ գրավիչ արտաքինով, գեղեցիկ դեմքով մի համակրելի երիտասարդ։ Էռնեստ Բարսեղյանն էր։ Հանրահայտ այդ նվագախմբում արդեն երգում էր Սիմոն Տերյանը։ Խորհրդային երկրի էստրադային երգիչները ստատիկ էին բեմում. երգում էին միկրոֆոնի մոտ անշարժ կանգնած։ Իսկ Սիմոնը թարմություն բերեց, աշխուժացրեց էստրադային երգչի բեմական պահվածքը։
Էռնեստ Բարսեղյանի պահվածքն էլ այլ էր։ Նա արտիստիկ էր, թվում էր` ոչ թե երգում, այլ զրուցում է հանդիսատեսի հետ։ Իսկ դա, բնական է, գրավում էր հանդիսատեսին։ Եվ օրբելյանական նվագախմբի բոլոր համերգներին, որոնք միշտ անցնում էին լեփ-լեցուն դահլիճներում, շատերն էին գալիս հատկապես Էռնեստին լսելու։
Էռնեստի երգացանկը հարուստ էր և բազմազան։ Նա կատարում էր հայ, ռուս կոմպոզիտորների երգերը։ Իսկ Շառլ Ազնավուրը նրա կուռքն էր։ Ազնավուրյան երգերի նրա կատարումներն ինքնատիպ էին։ Հանդիսատեսին հատկապես դուր էր գալիս «Իզաբելի» բարսեղյանական մեկնաբանությունը։ Այդուհանդերձ, նա հիշվում է որպես հայրենասիրական երգերի լավագույն կատարող։ Հյուրախաղերի ժամանակ, թե՛ Խորհրդային Միությունում, թե՛ արտասահմանում, հանդիսատեսը պահանջում էր, որ երգիչը կրկնի «На Кургане», «Журавли» երգերը։
Էռնեստ Բարսեղյանը զարմանալի լեզվական զգացողություն ուներ։ Ֆրանսերենին, անգլերենին, գերմաներենին չէր տիրապետում, սակայն երգելիս դա չէր նկատվում։ Հստակ էր նրա առոգանությունը, շեշտադրությունը` նույնպես։ Երգչի գլուխգործոցներից էր իսպանական «Գրանադան»։ Կատարումն ինքնատիպ էր, շատ իսպանական, և հանդիսատեսը մնում էր զարմացած` երգիչը հա՞յ է։
Օրբելյանի նվագախմբում Էռնեստ Բարսեղյանը երգեց շուրջ 7 տարի։ Հեռացավ կոլեկտիվից. չափից ավելի արդարամիտ էր, նրբանկատ, զգայուն։ Այդպիսին են տաղանդավոր արվեստագետները։ Նրանց համար շատ կարևոր են ազատությունը, ինքնասիրությունը։
Շնորհալի նկարիչ էր։ Նոթատետրն ու մատիտը միշտ Էռնեստի ծոցագրպանում էին։ Վարպետ էր հատկապես դիմանկարի ժանրում, սիրում էր նկարել բնապատկերներ, եկեղեցիներ։
Էռնեստ Բարսեղյանը մի քան տարի երգեց Հովհաննես Չեքիջյանի ղեկավարած Հայաստանի պետական աակադեմիական երգչախմբում։ Փորձերի ընդմիջումներին, համերգից առաջ, ուղևորությունների ժամանակ անընդհատ նկարում էր երգչախմբի անդամներին, աշխատակիցներին, մաեստրո Չեքիջյանին։ Նրա արվեստը բարձր է գնահատել անգամ Երվանդ Քոչարը։
Բավական էր մի քանի րոպե զրուցեր իր ապագա հերոսի հետ, և խոսուն դիմանկարը պատրաստ էր։ Շատ էր ափսոսում, որ իրար հաջորդող համերգները և հյուրախաղերը հնարավորություն չէին տալիս լիովին նվիրվելու նկարչությանը։
Որպես դերասան մի քանի թատերաշրջան հանդես եկավ Հրաչյա Ղափլանյանի ղեկավարած Երևանի դրամատիկական թատրոնում։ Ղափլանյանական ներկայացումներում ստեղծեց հետաքրքիր կերպարներ։ Մեծ ռեժիսորը հաշվի էր առնում և Էռնեստի վոկալ տվյալները։
Նաև լավ մարզիկ էր, մեծ հաջողությունների էր հասել սպորտում։ Սպորտի վարպետ էր սուսերամարտի գծով, ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադայի չեմպիոն էր, գավաթների ու մրցանակների էր արժանացել։ Արտակարգ շախմատ էր խաղում, սիրում էր ֆուտբոլը։ Էռնեստ Բարսեղյանը բարի ու շիտակ մարդ էր։ Պատմում է Օրբելյանի նվագախմբի երկար տարիների մենակատար, Էռնեստի գործընկեր, հանրապետության վաստակավոր արտիստ Էդգար Կարապետյանը. «1971-ին ինձ ու Էռնեստին ներկայացրել էին վաստակավոր արտիստի կոչման։ Հետո պարզվեց, որ կոչում պետք է շնորհեին միայն մեկին։ Էռնեստը մոտեցել էր Օրբելյանին ու խնդրել, որ իր անունը հանեն ցուցակից։ «Էդգարն ինձնից շուտ է եկել նվագախումբ, նրա վաստակը մեծ է, թող ինքը ստանա կոչումը»։ Նման բան ոչ ոք չէր անի։ Հաջորդ տարի Էռնեստն էլ արժանացավ վաստակավոր արտիստի կոչման»։
Էռնեստի զավակները` Արմինեն ու Դավիթը, հիշում են. «Երբեք քարոզ չէր կարդում։ Շատ դեմոկրատ էր, նրա դիտողությունները միշտ տեղին էին և նուրբ։ Էսթետ լինելով` նա ամեն մի փոքր իրավիճակ կենցաղում տոնի էր վերածում, թատերականացնում էր կյանքը։ Շատ շուտ էր ճանաչում մարդկանց, ճիշտ բնութագրում առաջին հայացքից։ Սիրում էր մարդկանց, նույնիսկ նրանց, ովքեր իրեն վատություն էին արել»։
Ընդամենը 60 տարի ապրեց հանրապետության վաստակավոր արտիստ Էռնեստ Բարսեղյանը։ Ապրեց վառ և հետք թողեց հայկական երգարվեստում, գեղանկարչության մեջ, սպորտում։
Այսօր նա կլիներ 75 տարեկան։


Գարիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2076

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ