«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

«Երբեմն ծեր կնոջ ենք նմանվում, որ ասում է` գիտե՞ք, ես ժամանակին սիրուն եմ եղել» (ֆոտոշարք)

«Երբեմն ծեր կնոջ ենք նմանվում, որ ասում է`  գիտե՞ք, ես ժամանակին սիրուն եմ եղել» (ֆոտոշարք)
02.10.2012 | 00:34

«Շնորհակալ եմ, որ ինձ ծանոթացրիք մի մարդու հետ, որը կարողանում է համոզել աշխարհը դիտել մի փոքր այլ»: «Նրա ծաղիկները շռայլ, զորեղ և շրջանակ չճանաչող կտավներ են»։
Չեխիայում բնակվող, ծնունդով արցախցի գեղանկարիչ ԱՇՈՏ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ աշխատանքները բարձր են գնահատում թե՛ եվրոպացի, թե՛ հայ արվեստագետները:
Աշոտ Առաքելյանը Չեխիայի պրոֆեսիոնալ նկարիչների միության անդամ է: Տարվա մեջ 2-3 ցուցահանդես է ունենում Չեխիայում: Այս տարի չեխ հասարակությանը ներկայացրել է 5-6 հայ նկարիչների աշխատանքներ, մուտքը զարդարված է եղել հայկական դրոշով, քարտեզով:
Աշոտ Առաքելյանը նաև Արցախի նկարիչների միության անդամ է: Ամեն տարի սեպտեմբերի 1-ին ցուցահանդեսով ներկայանում է Արցախում:
Երկար տարիներ դասախոսել է Երևանի մանկավարժական համալսարանում, այժմ պատմության ամբիոնի պատվավոր անդամ է:
Չեխիայում նկարիչը հանդես է գալիս նաև հրապարակախոսական գործունեությամբ, տպագրում է հոդվածներ («Միջին Ասիայից մինչև Եվրամիություն», «Հայերի ցեղասպանությունը Թուրքիայում»), ելույթներ է ունենում հեռուստատեսությամբ` արծարծելով հատկապես ցեղասպանությանը վերաբերող խնդիրներ: Աշոտ Առաքելյանը «Իրատես de facto»-ի հյուրն է:

-Ձեր գործերում ծաղիկներն են գերակշռում: Դա նախասիրությո՞ւն է, թե՞ հատուկ ուղղություն:
-Շատ հաճախ ինձ հարցնում են, թե որ ուղղությանն են պատկանում աշխատանքներս: Ես ասում եմ` մոդեռն ռեալիզմին, բայց իրականում դժվար է բնորոշելը:
-Հավանաբար, շատ եք նկարում, եթե տարին մի քանի ցուցահանդես-վաճառք եք ունենում միայն Չեխիայում:
-Յուրաքանչյուր ամիս մոտ 10-12 աշխատանք: Նկարելիս չեմ շտապում, բայց չեմ կարող նաև դանդաղ աշխատել: Նկարում եմ երկաթյա գործիքներով, վրձին քիչ եմ օգտագործում: Եթե մի քանի օր թողնեմ աշխատանքը, յուղաներկը չորանա, չեմ կարող աշխատել:
Երբ Պիկասոն պատվիրած նկարը երկու ժամում ավարտում է և ասում է գումարի չափը, պատվեր տվողը նկատում է, որ դա շատ թանկ է երկու ժամի համար: Պիկասոն ասում է` որպեսզի ես հասնեմ դրան, ծախսել եմ մեկ կյանք, գումարած երկու ժամ:
-Ինչո՞վ են առանձնանում Ձեր նկարները:
-Ինքնուրույնությամբ: Երբ ես նայում եմ որևէ աշխատանք, գիտեմ` որ նկարչից են օգտվել: Նկարիչը չպետք է վերցնի նկարը, գույնը կամ ձևը փոխի ու իր անունը տակը գրի, դա ինքը չէ:
-Այսինքն, նկարիչները հաճա՞խ են ընդօրինակում:
-Ոչ միշտ, բայց կան նկարիչներ, որ ընդօրինակում են:
-Իսկ Ձեզնից ընդօրինակո՞ւմ են կամ սովորում, թեև նույն բանը չէ:
-Անկեղծ ասած, ինձ առաջարկել են, որ աշակերտներ պահեմ: Դեռ պահը չէ, ուզում եմ ստեղծագործել: Երբ աշակերտներ ես ունենում, դա խանգարում է: Առայժմ աղջկաս եմ ուզում սովորեցնել: Ֆրանսիական մի փիլիսոփա գրում է. «Եթե ուզում ես լավ ապրել և չաշխատել, սիրիր քո աշխատանքը»:
-Ո՞ր թվականից եք Չեխիայում:
-Ասում են` սերը ոչ սահման է ճանաչում, ոչ ազգություն: Կինս ազգությամբ չեխուհի է: 85-ին ենք ծանոթացել, ես նրան ասացի` կյանքն ուրիշ է, սերը` ուրիշ, ես չեմ կարող ձեզ մոտ ապրել, դու` մեզ մոտ: Նա վճռեց, որ կարող է: Զոքանչս ասել էր աղջկան. «Երբ մահանամ, նոր կգնաս Սովետական Միություն» (ասեմ, որ նա դեռ շատ լավ վիճակում է): Կինս ուրախություն բերեց մեր տուն: Ես շնորհակալություն եմ հայտնել նրան, որ ծնողներս լքեցին այս աշխարհը` իմանալով, որ լավ հարս ունեն: Հետագայում կյանքն այնպես դասավորվեց, որ տեղափոխվեցինք Չեխիա:
-Մինչև Չեխիա գնալը այստեղ Ձեզ գիտեի՞ն որպես նկարչի:
-Այստեղ նկարելու ժամանակ չունեի, դասախոսում էի: Նկարելը հոբբի էր: Ես նկարիչ դարձա Չեխիայում: Կարճ ժամանակում ուշադրության արժանացա: Ինքս էլ չէի սպասում:
-Օտար երկրում ապրելը հետք թողե՞լ է Ձեր ձեռագրի վրա:
-Ես որտեղ էլ լինեի, կնկարեի նույն ձևով: Թեև եվրոպական ճաշակը որոշակի թելադրանք է տալիս: Ցուցահանդեսներ եմ ունենում Իտալիայում, Գերմանիայում, Հոլանդիայում, Շվեյցիարիայում, նաև պատվերներ եմ ստանում: Նկարիչ ընկերներ ունեմ տարբեր երկրներում: Այս ամենը, իհարկե, իր ազդեցությունն ունի:
-Երևանում ցուցահանդես ունեցե՞լ եք:
-Մեկ ցուցահանդես եմ ունեցել ԱՕԿՍ-ի շենքում և երկու խմբակային ցուցահանդես` Հայաստանի նկարիչների միության դահլիճում` Արցախի նկարիչների հետ:
-Այստեղ գնահատվո՞ւմ է Ձեր նկարչությունը, ինչպես Չեխիայում:
-Անհամեստ է, եթե ես ասեմ, ինչպես եմ գնահատվում, հարցրեք մեկ ուրիշից: Երբեմն չեն հավատում, որ ձեռքով արված գործեր են, ասում են, որ շատ ինքնատիպ են` ինքնուրույն գործեր են:
-Ծաղիկներ շա՞տ եք սիրում:
-Գիտե՞ք, այդ հարցը այնքան շատ են տալիս, և ես էլ չգիտեմ` ինչ պատասխանեմ: Մարդու հոգում ինչ կա, երևի դա է արտահայտում: Միայն ծաղիկներ չեն, քաղաքային տեսարաններ կան, բնապատկերներ, կանանց ֆիգուրներ: Արարատը, օրինակ, նկարել եմ այլ` կուբիստական ձևով:
-Ո՞ր ծաղիկն եք սիրում ամենից շատ:
-Ամենասիրուն ծաղիկը, որ ես սիրում եմ, իմ կինն է:
-Տանը նո՞ւյնպես ծաղիկներ եք պահում:
-Կինս է պահում, ես հատուկ հոգատարություն չեմ ցուցաբերում:
-Դուք միայն Ձե՞ր «ծաղիկներն» եք սիրում, տան պատերին Ձեր «ծաղիկնե՞րն» են փակցված:
-Իմ նկարները հիմնականում արվեստանոցում են: Տանն ունեմ ընդամենը 2 նկար:
-Մեր նկարիչներին հավանո՞ւմ եք:
-Սիրում եմ Մինաս Ավետիսյանի գույները: Շատ կան լավ նկարիչներ: Այսպես ասեմ. գիտեմ որ Պիկասոն աշխարհի մեծ նկարիչներից է, բայց ինձ հարազատ են Գոգենի, Վան Գոգի աշխատանքները: Այստեղ էլ ինձ սրտամոտ են Հակոբ Հակոբյանի, Տիգրան Մատուլյանի գործերը:
-Արցախը կա՞ Ձեր գործերում:
-Արցախ ունեմ, բայց այլ տեսակի, ավելի շուտ բնություն է:
-Հնարավո՞ր է, որ այդքան գեղեցիկ բնաշխարհ ունեցող Արցախը հետք չթողնի նկարչի ձեռագրի վրա:
-Ես իմ միջից եմ նկարում: Լրիվ ինքնուրույնություն է: Թեև, Արցախի մշակույթի նախկին նախարար Արմեն Սարգսյանը մի առիթով ասաց` Աշոտի նկարներում հայկական եռագույն դրոշն եմ տեսնում` կարմիրը, կապույտը, նարնջագույնը: Բայց և այնպես, նկարչությունը սահմաններ, հայրենիք չունի:
-Արցախցիները համառ են: Աչքի ընկնո՞ւմ եք արցախցուն բնորոշ հատկանիշներով:
-Ես 7 տարեկանից Երևանում եմ մեծացել: Համառությունը բնորոշ է ոչ թե արցախցուն, այլ լեռնցիներին: Նրանք միշտ կտրված են եղել քաղաքակրթությունից, պարզամիտ են ապրել, լեռնցուն կարող է հեշտությամբ խաբել հարթավայրային մարդը, որը կապված է քաղաքակրթությունների հետ: Համառ են ասում, որովհետև, երբ մի վատ բան է տեսնում, ուղիղ ձևով ասում է, համառորեն իր խոսքն առաջ է տանում:
-Ինչպիսի՞ն է ազատագրված Արցախն այսօր:
-Պատմությունը միշտ առաջ է գնում, հիմա ավելի լավ է, առաջին հերթին հենց նրա համար, որ ազատագրված է: Մենք միշտ քննադատում ենք օտարներին, բայց պետք է նաև մեր սխալները տեսնենք: Պաղեստինյան 4-5-միլիոնանոց մի ժողովուրդ 2 հզոր պետության դեմ է կռվում` հրեաների և ամերիկացիների: Ավետիք Իսահակյանին գրված նամակում Հովհաննես Թումանյանը գրում է` ոչ ոք մեզ այնքան վնաս չի տվել, որքան ինքներս մեզ: Երբեմն ծեր կնոջ ենք նմանվում, որ ասում է` գիտե՞ք, ես ժամանակին սիրուն եմ եղել։ Հիմա՛ պետք է սիրուն լինի: Պետք է պահենք մեր հողերը, մենք մեր պատմական իրավունքն ենք վերականգնել: Եթե որևէ զիջում լինի, կլինի ոչ թե դրսի ճնշման պատճառով, այլ ուղղակի ոչ ճիշտ քաղաքական մոտեցման: Քաղաքականության մեջ հայերը միշտ զիջում են:
-Մեզ միշտ թվում է, թե օտարները մեր մասին շատ բան գիտեն, կամ` պետք է իմանան: Ինչպե՞ս է իրականում: Թեկուզ Չեխիայի օրինակով:
-Մենք երբեմն այնպես ենք ներկայացնում, որ թվում է` ամբողջ աշխարհի դարդ ու ցավը Հայաստանն է: Հիմա Ձեր հետաքրքրության շրջանակի մեջ մտնո՞ւմ են Տաջիկստանը կամ Կամբոջան: Եվրոպացին արդեն չի ուզում, որ իրեն նեղություն տան: Կովկասյան ժողովուրդները, հատկապես հայերը, այնպես են սիրաշահում եվրոպացուն, որ նրա մեջ կասկած է ծնվում: Ինչ էլ ուզում եք արեք եվրոպացուն, նա բեմերից խոսում է արդարության և ազնվության մասին, հենց նստեց սեղանի շուրջ` Թուրքիային է ձայն տալու: Տնտեսական, քաղաքական շահն ավելի բարձր է աշխարհի բոլոր երկրների համար:
Թուրքիան աշխարհի սիրտն է, առաջ ասում էին` բոլոր ճանապարհներն անցնում են Հռոմով, հիմա Թուրքիայով են անցնում: Թուրքիան կապ ունի և՛ Աֆրիկայի հետ, և՛ Ասիայի, և՛ Ռուսաստանի, և՛ Եվրոպայի: Եվրամիությունում էլ կընդգրկեին, եթե այս ճգնաժամը չլիներ, բայց սա ճգնաժամ չէ, այլ Եվրամիության քայքայում: 16-17-րդ դարերում ֆրանսիացի ուտոպիստներ կային, որ ուզում էին բոլորը հավասար ապրեն, իրենց հարստությունը բաժանում էին և դառնում էին ամենավերջին աղքատները: Եվրոպային հիմա այդ բախտն է սպասում: Հսկայական գումար են տալիս ասիական երկրներին, գնում է մի քանիսի գրպանը, դա հերիք չէ, զենք են գնում և ուղղում եվրոպացու դեմ:
-Վերադառնանք նկարչությանը: Մենախոսությո՞ւն են Ձեր նկարները, թե՞ երկխոսություն:
-Թե՛ մեկը, թե՛ մյուսը:
-Թա՞նկ արժեն:
-Նորմալ գներ են:
-Երևանի մասին ի՞նչ կասեք:
-Կարծեմ Շիրազն է ասել` որդուս փշոտ թոթովանքն օտար վարդի հետ չեմ փոխի:
-Կվերադառնա՞ք Հայաստան:
-Իմ վերադառնալը նշանակում է բաժանվել կնոջիցս: Նա էլ չի գա: Գևորգ Էմինը մի բանաստեղծություն ունի, ասում է` ծնվեցի Սասունում, ապրեցի Ռուսաստանում, թաղվեի Էջմիածնում: Ես վատ եմ զգում, ասում եմ` Հայաստանը ձեզ համար գերեզմանոց չէ, վերջին տարիներին էլ ինչի՞ եք գնում Հայաստան:
-Հայաստանյան իրադարձությունները լուսաբանվո՞ւմ են չեխական մամուլում:
-Հազվադեպ, արտառոց իրադարձությունների դեպքում: Տեղի հայերն են երբեմն գրում, հիմնականում Ցեղասպանությանը նվիրված հոդվածներ: Չեխիայում գործում է նաև «Օրեր» հայալեզու պարբերականը:
-Չեխիայում հայեր շա՞տ կան:
-Ստույգ չեմ կարող ասել, մոտ 4 ու կես հազար հայ, մոտ 2 հազարն էլ` անլեգալ: Մի մասը հետ է վերադառնում, դրսից եկածներին չեխն աշխատանք չի տալիս: Սեփական բիզնեսը պետք է անեն, բայց ոչ բոլորը հնարավորություն ունեն:
-Ձեր նկարները չեխե՞րը, թե՞ տեղի հայերն են դիտում կամ գնում:
-Ես ապրում եմ Պրահայից 350 կմ հեռու` 5-6 քաղաքների միջև գտնվող մի գյուղում, որտեղ հայեր չկան: Իմ աշխատանքը կապված է բացառապես չեխերի հետ: Հոգուս ցավը գիտե՞ք որն է` օտարը երբեմն շատ ավելի է գնահատում: Ոչ թե ինձ, այլ աշխատանքս:
-Ձեզ հայ նկարիչ են ներկայացնում, իհարկե:
-Վերջերս ամսագրում գրել էին` հայ այժմ և մեր նկարիչ:
-Ասացիք, որ գյուղում եք ապրում: Հետաքրքիր է գյուղ ասվածի կոլորիտը:
-Պատկերացրեք հարուստների նորակառույց թաղամաս, ասֆալտած, ծաղկազարդ, մեկը մյուսից գեղեցիկ տներ, գեղեցիկ թաղամաս: Այնտեղ այդքան էական չէ գյուղ և քաղաք ասվածը:

Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 5414

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ