ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

2008 թ. մարտի 1-2-ի ողբերգական իրադարձությունները

2008 թ. մարտի 1-2-ի ողբերգական իրադարձությունները
14.08.2009 | 00:00

«ԱՆՑՅԱԼԻ ԵՎ ՆԵՐԿԱՅԻ ՄԱՍԻՆ»
Իր նախագահական գործունեությունն աննախանձելի ավարտեց Ռոբերտ Քոչարյանը` ոստիկանական, հատուկ ջոկատային ու զինվորական ստորաբաժանումներն ուղղելով միտինգավորների դեմ: Հետևանքը` զոհվածներ, վիրավորներ, թալանված խանութներ, օֆիսներ, այրված մեքենաներ, հասարակության առավել խոր առճակատում և իշխանության նկատմամբ անվստահության մեծացում: Զինված ստորաբաժանումների հետ բնակչության նման ընդհարումներ Հայաստանում չէին եղել սովետական իշխանության և անկախության բոլոր տարիներին: Քոչարյանն իր գործունեությունն ավարտեց սև բծով, որը կմնա ժողովրդի պատմական հիշողության մեջ:
Ես մինչև այսօր չեմ կարողանում հասկանալ 2008 թ. մարտի 1-ին Երևանում ընդդիմության կողմնակիցներին ցրելու նպատակով Քոչարյանի ձեռնարկած քայլը: Իր ժողովրդի հոգեբանությունն իմացող մարդը նման բան չէր կարող անել: Այդ քայլը ոչ թե քաղաքական գործչի կամքը, խիզախությունն ու վճռականությունն է ցույց տալիս, այլ ավելի շուտ նրա վախը ժողովրդից, իշխանությունը կորցնելու վախը, նոր քաղաքական ուժերի իշխանության գալու դեպքում արածների համար պատասխանատվության վախը:
Իր գործողություններով Քոչարյանը Հայաստանը սուզեց խառնակությունների հորձանուտը: Պատմական փորձն ուսուցանում է` ուժային կառույցները չի կարելի վերահսկողությունից դուրս թողնել ու ենթարկեցնել մեկ մարդու, նույնիսկ եթե նա պետության գլուխն է:
Հանրապետությունում շատերն են խոսում, որ Սերժ Սարգսյանի նախագահությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ Ռոբերտ Քոչարյանի երրորդ ժամկետը: Նորընտիր նախագահին այդ պիտակը պետք չէ, այն պետք է պոկել, որպեսզի չխանգարի նրան աշխատել:
Խոսելով Երևանում ուժային կառույցների հետ բողոքարկուների բախումների մասին, պետք է նշել, որ բախումներ մինչ այդ կանխատեսվում էին ռուսական մամուլի հրապարակումներում: Սոցիալական պայթյունի գլխավոր պատճառն այն է, որ հանրապետության բնակչության մեծ մասը խղճուկ գոյություն է քարշ տալիս, ապրում է աղքատության մեջ, իսկ իշխանական էլիտային մոտ կանգնած ոչ մեծ թվով ընտանիքներ տիրապետում են, ըստ էության, երկրի ամբողջ ազգային հարստությանը` իրենց ձեռքում կենտրոնացնելով արտահանման ու ներկրման ոլորտում հրամանատարական լծակները:
Հայաստանում անխուսափելի էր սոցիալական պայթյունը և դրսևորվեց նախագահական ընտրությունների ընթացքում կոպիտ խախտումների դեմ բողոքի ձևով։ Բնակչության զանգվածային բողոքի դրսևորումներն իբրև հակահասարակական ուժերի սադրանք ներկայացնելու փորձերը շատ քչերին են հավատ ներշնչում: Հեռացող նախագահի բռնաքայլի գլխավոր պատճառն ընդվզման շարժումը ոչնչացնելն էր և ոչ մի դեպքում իշխանության հնարավոր փոփոխություն թույլ չտալը, որը հեռու գնացող հետևանքներ կունենար:
Պայթյունը հասունանում էր, և դա չտեսնել կարող էր միայն նա, ով ոչինչ չէր ուզում տեսնել: Հայաստանյան դեպքերը համոզիչ ցուցահանեցին այն իրողությունը, որ հայ հասարակությունը տրոհված է և հազիվ թե հնարավոր է մոտակա ժամանակներում խոսել ինչ-որ համախմբման մասին:
2008 թ. նախագահական ընտրությունները Հայաստանում և հետո ծավալված իրադարձությունները խոր մտահոգությունների տեղիք են տալիս: Հայաստանին բնորոշ քաղաքական ու սոցիալական, տնտեսական իրակություններն ամբողջությամբ արտահայտվեցին նախագահական վերջին ընտրությունների ընթացքում: Հանրապետությունում շատերն են դժգոհ իրենց կյանքից, բավականին լուրջ բողոքներ ունեն իշխանություններից, և այդ դժգոհությունը սուր արտահայտություն ունի: Սխալ կլիներ պնդել, որ դժգոհ են միայն նրանք, ովքեր ապրում են աղքատության գծին մոտ կամ գծից ներքև: Բողոքում են և համեմատաբար բարեկեցիկ կյանք ունեցողները: Դժգոհության պատճառ են կլանայնությունը, ամենուր ներթափանցած կոռուպցիան, իշխանության կամայականությունները, մերձավորների, հարազատների ու հայրենակիցների համար բարենպաստ, ջերմոցային պայմանների ստեղծումը բիզնեսում ու այլ ոլորտներում: Խոսքն ինչ-որ առանձին դեպքերի մասին չէ, այլ հասարակության ընդհանուր մթնոլորտի, որը չի կարող բնակչության համընդհանուր դժգոհությունը չհարուցել իշխանությունից: Այդ դժգոհությունն էլ Հայաստանում ձևավորում է բողոքական ընտրազանգված: Հանուն արդարության պետք է ասել` այդ ամենի մեջ նախ և առաջ մեղավոր է բարձրագույն իշխանությունը, որը Հայաստանի բնակչության համար առաջադրում է օտար ու անընդունելի կենսագործունեության սկզբունքներ: Իշխանությունը գործնականում կորցրել է իրավիճակի վերահսկողությունը, որովհետև չունի իրականության համարժեք ընկալում, հասարակության իրական վիճակի, բողոքական տպավորիչ ներուժի առկայության գիտակցություն: Ես դա համարում եմ իշխանության էական սխալը, ավելի ստույգ` երանելի ինքնաբավարարվածությունը: Իշխանությունն ինքն իրեն ներշնչել է, որ երկրում ամեն ինչ լավ է, անհանգստության ոչ մի նշան չկա: Բայց իրականությունը, պարզվեց, պայթուցիկ է:
Ինչպես ցանկացած քաղաքակիրթ երկիր, Հայաստանը ևս կառուցողական ընդդիմության կարիք ունի: Պատճառները չեմ ցանկանում մանրամասնել, բայց մենք չունեինք նման ընդդիմություն. քաղաքական ասպարեզում վերստին հայտնվելով` Լևոն Տեր-Պետրոսյանը գործնականում լրացրեց այդ բացը: Իշխանությունը շատ ցավոտ ընդունեց նրա վերադարձը, քանի որ ընտելացել էր հարմարավետ պայմաններին, երբ գործում էր «Տերը ես եմ, բակլան խաշած եմ ցանում» սկզբունքով: Իհարկե, այդ դեպքում իշխանությունն իրեն է ենթարկում ամբողջ հասարակությունը, իսկ շարքային քաղաքացին իրեն անպաշտպան է զգում այնտեղ, ուր չինովնիկը, վարչակարգը կարող են անարգել կամայականությունների դիմել, քանի որ հակազդեցություն չունեն: ՈՒժեղ իշխանությունը չպետք է վախենա կառուցողական ուժեղ ընդդիմությունից: Միայն այդ պայմանով կարող է նորմալ գործառնել հայկական հասարակությունը, չեն լինի քաղաքացիների իրավունքների ու ազատությունների զանգվածային խախտումներ: Մենք, ցավոք, չունենք «զսպումներ և հակակշիռներ», և դա հանգեցնում է պետական իշխանության առանձին ներկայացուցիչների ամենաթողության:
Հայաստանի ներկա նախագահի համար ընտրարշավն ու նրա հետևանքները պետք է խոր խորհրդածությունների առարկա լինեն` հասարակության առողջացման գործնական միջոցառումների մշակման նպատակով, վերացնելու այն շեղումներն ու ձևախեղումները, որ կան երկրում: Պաշտոնական վիճակագրությամբ` ընտրազանգվածի 48 տոկոսն ընտրված նախագահի օգտին չի քվեարկել, և այս թիվը շատ խոսուն է:
Ինձ հաճախ են հարցնում, թե ինչ կարծիք ունեմ նախագահ Սերժ Սարգսյանի մասին: Այդ ժամանակ ես հիշում եմ հին հույն բանաստեղծ Սոֆոկլեսին, որն ասում էր, թե պետք է երեկոյին հասնես, որ հասկանաս` ինչ հիանալի էր օրը: Նրա խոսքերը մի քիչ փոխելով` ես ասում եմ. «Այդ հարցին ես կպատասխանեմ վաղը», նկատի ունենալով, որ նրա գործունեությունը ճիշտ է գնահատել ըստ արդյունքների:
Միամիտ է կարծել, որ ուժային կառույցների, ձերբակալությունների և զանգվածային քրեական գործերի հարուցմամբ իշխանությունը կարող է մարդկանց զսպաշապիկ հագցնել: Նման քաղաքականությունը հեռանկար ունենալ չի կարող: Այսօր Հայաստանը միասնության կարիք ունի: Ես վստահ եմ` որքան շուտ իշխանությունը հրաժարվի քաղաքական հետապնդումներից, ձերբակալություններից, դատավարություններից, այնքան շուտ մենք կգտնենք միասնության ճանապարհը: Հասարակության կառավարման հնացած ու վտանգավոր մեթոդներից ձերբազատվելու ժամանակն է:
Ռոբերտ Քոչարյանն իր և իր նախագահության ժամանակի մասին բավականաչափ հակասական տպավորություն է թողել: Չի կարելի հերքել այն ձեռքբերումները, որ հանրապետությունն ունեցել է անցած տարիներին: Ժամանակին, դիվանագիտական աշխատանքում լինելով, ես արժանին էի մատուցում նրան: Չեմ ուզում, որ ընթերցողը կարծի, թե վերջին տասնամյակում մեր ժողովրդի ձեռքբերումների հերքման ճանապարհն եմ բռնել: Արվածի մասին շատ է խոսվել և՛ զանգվածային լրատվամիջոցներով, և՛ իր` Քոչարյանի ելույթներում:
Վերջին տարիներին կյանքը Հայաստանում բարելավվել է հասարակության որոշ խավերի համար: Բայց չի կարելի մոռանալ, որ ժողովրդի նշանակալից մասն ապրում է աղքատության գծից ցած: Իսկ եթե ասում ենք, որ մարդիկ սկսել են առաջվանից ավելի լավ ապրել, պիտի հիշենք` դրանից ավելի վատ հնարավոր չէր: Տնտեսության անկման մակարդակն այնպիսին էր, որ պետք չէ զարմանալ այսօրվա տնտեսական զարգացման տեմպերով: Պատահական չէ, որ աճի տեմպերը մարդկանց կյանքի որևէ զգալի բարելավում չեն բերում: Չտեսնել այն, ինչն անհանդուրժելի է, հակասում է մեր բարոյական ըմբռնումներին, աչքերը փակել այն ամենի առաջ, ինչը խանգարում է առաջ շարժվելուն, ոչ այլ ինչ է, եթե ոչ համր համաձայնության դիրքորոշում` չնկատելու հիվանդագին այտուցները, որ ձևավորվել են հայ հասարակության մարմնին:
Ի՞նչ է թողել Քոչարյանը` նախագահի պաշտոնից հեռանալով: Հակիրճ ամփոփենք գործունեության արդյունքները. նա թողել է կլանային-օլիգարխիկ համակարգ, որի դեպքում ժողովրդի հիմնական զանգվածը շարունակում է դեգերել աղքատության մեջ, ծաղկում է կոռուպցիան, գործազրկությունը մնում է բնակչության սարսափելի խարազանը, գյուղերն աղքատության մեջ են, և լույսը թունելի վերջում չի երևում, հանրապետության շատ բնակիչներ գոյատևում են արտասահմանում աշխատող հարազատների օգնության հաշվին: Հայ հասարակությունը տրոհված է, սոցիալ-քաղաքական և հոգեկան ճգնաժամ է ապրում, որն անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ: Հայաստանում հաստատվել է վարչակարգ, որը բավարարում էր և Քոչարյանին, նա հենվում էր ֆինանսական օլիգարխիայի ու օլիգարխների վրա, ովքեր իշխանական հենարան ունեին` ի դեմս նախագահի ու նրա շրջապատի:
Հայ և ռուս շատ տնտեսագետներ կասկածի տակ են առնում մեր վերջին տարիների ձեռքբերումները: Փորձագետները ջրում են 2000-2008 թթ. Հայաստանի անսովոր տնտեսական հաջողությունների առասպելը: Նրանց կարծիքով` այդ տարիներին իշխանությունը չի կարողացել ռեսուրսները նպատակաուղղել բարձրտեխնոլոգիական ոլորտներ և բազմազանեցնել տնտեսությունը: Այդ պատճառով երկրում շարունակվում է սոցիալ-տնտեսական դեգրադացիան: Արդյունավետ աշխատող մասնավոր սեփականատիրոջ ձևավորման խնդիրը, իբրև շուկայական տնտեսության առաջատար ուժի, լուծված չէ: Մանր ու միջին բիզնեսը չի ստացել ո՛չ իրավական, ո՛չ տնտեսական բազա քաղաքակիրթ զարգացման համար: Տնտեսության ամբողջ ճյուղեր, կատարված սեփականաշնորհման արդյունքում շուկայում ստանալով մոնոպոլ դիրք, նվազեցրել են իրենց արդյունավետությունը:
Ակնհայտ ձախողումներից է հասարակության սոցիալական անհավասարության աճը: Հետխորհրդային տարածքի ոչ մի երկրում չկա այդքան վիթխարի տարբերություն ամենահարուստների ու ամենաաղքատների եկամուտների միջև, ինչպես Հայաստանում, որը սոցիալական պայթյունի սպառնալիք է: Ընդ որում, վերջին տարիներին դույզն-ինչ լուրջ միջոցներ չեն ձեռնարկվել, որպեսզի գոնե փոքր-ինչ հավասարակշռվեն բնակչության հարուստ ու աղքատ խավերի եկամուտների մակարդակները: Սոցիալական ոլորտում փոփոխություններն այնքան դանդաղ են, որ թվում է` երկրում աղքատությունը պահածոյացվել է: Հայ տնտեսագետներից մեկը շատ դիպուկ է ասել` մենք նստած ենք վառոդի տակառի վրա. դա, իհարկե, վերջ կունենա, բայց փորձում են մինչև անվերջություն ձգել:
Ռոբերտ Քոչարյանն իբրև քաղաքական գործիչ ձևավորվել է Լեռնային Ղարաբաղի լոկալ միջավայրում: Իր նախագահության առաջին տարիներին նա չուներ նախագահական լայն մտահորիզոն, չէր պատկերացնում ազգի ու պետության խնդիրների ամբողջ խորքը: Մեծ փորձ չուներ: Նրա աշխարհընկալման այդ բացերն իրենց զգալ տվեցին նախագահական խոստումների կատարման ընթացքում: Ի վերջո, նա տիրապետեց, և պետք է ասել` ոչ առանց հաջողության, երկրի ընթացիկ քաղաքական գործընթացների կառավարման մեթոդներին: Սակայն նրան չես անվանի ռազմավարական մտածողության տեր, համազգային մասշտաբի առաջնորդ, որն ի զորու է ժամանակակից փուլում հայ ժողովրդի շահերը որոշարկող հայեցակարգեր մշակել: Այս եզրակացությանը հանգելու համար բավական է վերլուծել նրա ելույթները և քաղաքական պասյանսներն իշխանության ղեկին գտնվելու ընթացքում: Նրա գործելաոճն առավել հիշեցնում էր այն խաղացողին, որը, տանուլ չտալու համար, վախենում է ռիսկի դիմել: Ընդ որում, այդ ռիսկերը նա ընկալում էր իբրև սպառնալիք անձնական քաղաքական կարիերային: Լավ է ընդհանրապես տեղում կանգնած մնալ, քան վտանգի ենթարկվել ու անդունդը գլորվել կտրուկ ոլորաններին. ես այսպես եմ բնութագրում նրա գործողությունները նախագահի դերում: Գուցե նրա պահվածքը Հայաստանի պայմաններում արդարացում ունի: Բայց այդ գործելաոճն արդարացում ունի այն առաջնորդների համար, ովքեր սխրանքի ի վիճակի չեն` հանուն սեփական ժողովրդի: Ոչ մի քաղաքական կամ պետական գործիչ գործնականում այդպիսին չի դարձել իր գործունեության մասշտաբներով, եթե իր երկրի ու ժողովրդի համար չի պատասխանել ժամանակի մարտահրավերներին: Իմ կարծիքով` Քոչարյանն իր ժամանակի մարտահրավերներից խուսանավում էր: Նա ավելի մտահոգվում էր իր անձնականի համար և ավելի քիչ` հասարակականի, համազգայինի: Դա գուցե նրա, իբրև մարդու, ում ճակատագիրը երկրում իշխանության բարձրակետին է հասցրել, ողբերգությունն էր:
Բելառուսում դեսպան աշխատելու տարիներին, լինելով Երևանում, ես հանդիպեցի Սիլվա Կապուտիկյանին: Զրույցի ընթացքում նա անսպասելիորեն սկսեց խոսել Քոչարյանի մասին: Ես դրական արտահայտվեցի նրա գործունեության մասին, նշելով, որ հանրապետությունում առկա դրական միտումները որոշ լավատեսություն են ներշնչում: Ես շատ զարմացա, երբ Սիլվա Կապուտիկյանը նրան բավականին բացասական գնահատականներ տվեց: Հիշում եմ նրա խոսքերը, որ ինքը, սկսած հետպատերազմյան տարիներից, լավ ճանաչել է Հայաստանի բոլոր առաջին դեմքերին և ոչ քիչ բարի խոսքեր կարող է ասել յուրաքանչյուրի մասին, բայց ոչ Քոչարյանի: Պատահական չէ, որ ժողովուրդը նրան չի ընդունում, քանի որ նրան պակասում է մարդկային ազնվազարմությունը: Նա տեսնում է ոչ թե ժողովրդին, այլ իրեն, իր ընտանիքը, իր կլանը: Ժողովուրդը նրա համար վերացական հասկացություն է: Դա ակնհայտ զգացվում է որոշակի մարդկանց հետ նրա հարաբերություններում: Ժողովրդի բնազդին չես կարող չհավատալ:
Այս խոսքերից ես մի քիչ շփոթված էի: Իմ տարակուսանքը նկատելով` նա ավելացրեց. «Ես համոզված եմ, որ վաղ թե ուշ Դուք էլ այդ կարծիքին կհանգեք»: Մեր խոսակցությունը ես հիշեցի արդեն Մոսկվայում, Մինսկից հեռանալուց հետո: Նրա և Քոչարյանին լավ ճանաչող մի շարք այլ անձանց ասածներն ինձ ստիպեցին լրջորեն մտածել` այս բոլոր տարիներին ո՞վ էր մեր նախագահը: Հետագայում ես համոզվեցի, որ Սիլվա Կապուտիկյանը ճիշտ էր:
Ի դեպ, պետք է ասել, որ Խորհրդային Հայաստանի շատ ղեկավարներ, որոնց ես անձամբ ճանաչել եմ, հարգարժան մարդիկ են եղել, նրանց բնորոշ է եղել բարեկրթությունը, մարդու և հատկապես ղեկավարի բնավորության ու գործարար հատկանիշների օբյեկտիվ գնահատականի ձգտումը: Նրանք կարողանում էին հաղթահարել իրենց համակրանքներն ու հակակրանքները, եթե գործի շահերն էին պահանջում: Քոչարյանը, ինչպես պարզվեց, նման հատկանիշներ չուներ: Ժողովրդի հիշողության մեջ նա բարի հետք չթողեց:
Քոչարյանը լավ յուրացրեց ղեկավարի արտաքին հայտանիշները` կոստյումներ, փողկապներ, վերնաշապիկներ, պահվածք: Բայց նրա մեջ չկար գլխավորը` մասշտաբային մտածողությունը, ազնվազարմությունը, անկեղծությունը: Նրա մասին ինձ հետ շատերն են խոսել իբրև եսասերի, կոռումպացված-կլանային ֆիգուրի: Երևանում, յուրացնելով քաղաքական խաղերի այբուբենը, նա կարծում էր, որ արդեն Աստծո հետ էլ է լեզու գտել և հասել է պետական շինարարության, քաղաքականության ու դիվանագիտության հարցերի բարձրագույն ընկալման: Քաղաքականության մեջ ամենասարսափելին այն է, երբ լիդերը, ուրիշների կշիռը չափելիս, մոռանում է երկրում իր սեփական կշռի մասին: Նկատի ունենալով ոչ թե պետության ղեկավարի պաշտոնի կշիռը, այլ նրա իրական հեղինակությունն իբրև անհատականության, նրա կշիռը հասարակության մեջ:
Իշխանություն կրողի շուրջ հաճախ ձևավորվում է շքախումբ ոչ անշահախնդիր համախոհներից, գործընկերներից, որոնք օգուտ են քաղում պետության ղեկավարի մերձավորի իրենց դիրքից: Քոչարյանի կլանի մերձավորներն արագ հասկացան ու յուրացրին բոլոր կենսական կարևորություն ունեցող, շահավետ ոլորտները` բենզինի, սիգարետի, մաքսային, դեղագործական, հացի, տրանսպորտի, շինարարական: Բռնազավթվեցին հացը, վառելիքը, լույսը, ջերմությունը, ջուրը, շինարարությունը: Մակերևույթի վրա հայտնվեցին ոչ քիչ գանձագողեր, կաշառակերներ, տարատեսակ սրիկաներ, որոնց կյանքի սկզբունքը դարձավ` քանի հնարավորություն ունես, յուրացրու: Հեղինակավոր փորձագետների կարծիքով` Քոչարյանի կառավարման տարիներին Հայաստանից ստվերային ճանապարհով միլիոնավոր դոլարներ են հոսել արտասահման: Մի բանում Քոչարյանը, անկասկած, հասել է հաջողության` տնտեսության հիմնական ակտիվները և ֆինանսական հոսքերը վերցվել են կոշտ և բնավ ոչ անշահախնդիր վերահսկողության տակ:
Ցավոք, Հայաստանի նորագույն պատմության քոչարյանական փուլը չի ավարտվել, այդ լաբիրինթոսից հեշտ չէ դուրս գալ, ժամանակ է պետք:
Իհարկե, Քոչարյանը շատ սխալներ է գործել, ոմանք համոզված են` նույնիսկ հանցագործություններ: Պատահական չէր և նրա նախագահական գործունեության արյունոտ ավարտը 2008 թ. մարտին: Նրա համար հիմա կարևոր է, թե ինչ գնահատական կստանա հայոց պատմության մեջ: Հայերի համար, համարձակվում եմ հայտարարել, նախագահական պաշտոնում իր վերջին ակորդից հետո, Քոչարյանը դարձել է հայոց պատմության, ինչպես ռուսական առածն է ասում` «хромая утка», անկախ նրանից, թե իր համար ինչ պաշտոն կսակարկի (Էջ 342-348):
Սուրեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2159

Մեկնաբանություններ