Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

ՃԳՆԱԺԱՄԸ ՉԻ ՀԵՌԱՑԵԼ

ՃԳՆԱԺԱՄԸ ՉԻ ՀԵՌԱՑԵԼ
26.07.2011 | 00:00

Եթե այս պահին կառավարությունը քայլեր է ձեռնարկում հետճգնաժամային ծրագրեր իրականացնելու ուղղությամբ, աշխարհում ճգնաժամի խնդիրը նորից, ըստ փորձագետների, գլուխ է բարձրացնում. կանխատեսվում է գլոբալ ճգնաժամի երկրորդ ալիքի վտանգը Եվրոպայում։
Խնդիրը նկատելի է ոչ միայն Եվրոպայում, այլև ԱՄՆ-ում։ Մի քանի շաբաթ է, ինչ ԱՄՆ-ի Կոնգրեսը «ճակատամարտ» է տալիս նախագահ Օբամայի հետ` արտաքին պարտքի ավելացման շուրջ։ Խնդիրն այն է, որ Կոնգրեսի համար արտաքին պարտքի ավելացման Օբամայի պահանջն ընդունելի չէ, իսկ նախագահի համար էլ այն ավելացնելը ինքնանպատակ չէ։ Սա նշանակում է, որ ԱՄՆ-ի տնտեսությունը կրկին լուրջ խնդիրներ ունի։ Դժվարությունը մուտք է գործում նաև Իտալիա, որտեղ կառավարությունը փորձում է խուսափել Հունաստանի օրինակից` երկիրը զերծ պահել ցնցումներից։ Ճգնաժամի նոր ալիք է նկատվում նաև Իսպանիայում։ Հետևելով տնտեսական գործընթացներին, կարելի է ասել, որ գլոբալ ճգնաժամը ոչ թե «հեռացել» էր, այլ ժամանակավորապես նահանջել` կրկին վերադառնալու միտումով։ Ըստ փորձագետների, աշխարհում գլոբալ ճգնաժամի երկրորդ փուլ է նկատվում։ Ասել, որ դա ընդամենը վատ կանխատեսում է, ճիշտ չի լինի, քանի որ տնտեսական գործընթացները խոսում են կանխատեսումների օգտին։ Սա բնական է. չորս տարի առաջ համաշխարհային ֆինանսական բուրգի փլուզումը չէր կարող տնտեսական դաշտում առաջացած գլոբալ խնդիրներին նոր դժվարություններ չավելացնել։
Եվրոպայում և ԱՄՆ-ում ընթացող տնտեսական իրավիճակին հետևելով, համոզվում ենք, որ այն հետճգնաժամային չես անվանի։ Այս ֆոնի վրա ասել, որ Հայաստանին հաջողվել է հաղթահարել գլոբալ ճգնաժամը, և մեր երկիրը թևակոխել է հետճգնաժամային փուլ, ճիշտ չի լինի, հատկապես եթե նկատենք, որ տնտեսական զարգացումներն ուղղակի կամ անուղղակի ձևով փոխկապակցված են ինչպես Եվրոպայում, այնպես էլ ԱՄՆ-ում ընթացող գործընթացներին։ Մեղադրել միայն ՀՀ իշխանություններին ճգնաժամի առաջացրած խնդիրների համար, կնշանակի կարճատես լինել, սակայն չի էլ կարելի ասել, որ Հայաստանը դուրս է եկել ճգնաժամից։ Եթե անկեղծ լինենք, այս պնդմանը դժվար էլ հավատա շարքային քաղաքացին, քանի որ նա իր անձնական բյուջեի վրա է զգում ճգնաժամի տխուր հետևանքները։
Ինչ խոսք, եթե համեմատենք 2010-ի տնտեսական ցուցանիշները 2009-ի հետ, ապա դրական զարգացումները նկատելի են, սակայն պետք է նշենք, որ աճի տեմպը այս տարի կրկին նվազեց, և 2011-ի առաջին կիսամյակում տնտեսական ցուցանիշներն ավելի մոտ են 2009-ին։ Գուցե տարեվերջին պատկերը փոքր-ինչ փոխվի։ Այն, որ տնտեսությունը զգալի վերելք չի ապրում Հայաստանում, նույնպես փաստում է ճգնաժամի մասին` գումարած համաշխարհային գործընթացները։ Կարծում ենք` այս համատեքստում կառավարության ռազմավարությունն ու բարեփոխումների ծրագիրը պետք է միտված լինեն առաջին հերթին տնտեսության զարգացմանը։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2294

Մեկնաբանություններ