Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Շրջանավարտների հաջողությունները միաժամանակ բուհինն ու երկրինն են. Լևոն Մկրտչյան

Շրջանավարտների հաջողությունները միաժամանակ բուհինն ու երկրինն են. Լևոն Մկրտչյան
01.06.2016 | 13:17

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ներկա է գտնվել Ագրոբիզնեսի ֆակուլտետի 2015-16 ուսումնական տարվա բակալավրիատի և մագիստրատուրայի միջազգային ծրագրով շրջանավարտների դիպլոմների հանձնման և Երևանի (Ի-Վի-Էն) գինու ակադեմիայի առաջին ավարտական արարողությանը:

Շնորհավորելով բուհի ագրոբիզնես միջազգային կրթական ծրագրի շրջանավարտներին՝ նախարարը շեշտել է, որ պահը հուզիչ է նաև իր համար.

«Հիշում եմ, թե 17 տարի առաջ ինչպես ստեղծեցինք այս կենտրոնը, որն այն ժամանակ Հայաստանում միջազգային կրթական ծրագիր իրականացնելու առաջին ջանքն էր: Միջազգային կրթական ծրագրի իրագործումը մեր երկրի, ժողովրդի և պետության համար հեռանկարային գյուղատնտեսության ոլորտում խիստ կարևոր է: 21-րդ դարում մեր պետության առջև կանգնած մարտահրավերներն անընդհատ աճում են և այսօր երկիրը պահողը հողն է և այդ հողի վրա ապրող ու արարող ժողովուրդը: Այս իմաստով գյուղատնտեսության ոլորտի յուրաքանչյուր մասնագիտություն ամրացնում է երկրի անվտանգությունը, կապում ժողովրդին իր հայրենիքի ու հողի հետ»,- նշել է նախարարը՝ ագրոբիզնեսի միջազգային ծրագրի իրագործման համար շնորհակալություն հայտնելով նաև միջազգային կառույցներին, որոնք աջակցել են կրթական նախաձեռնության իրագործմանը:
Հիշատակելով, որ ծրագիրն իրագործվել է ԱՄՆ Տեխասի համալսարանի հետ համատեղ՝ նախարարը հույս է հայտնել, որ միջազգային կապերը կնպաստեն հայկական ագրոարտադրանքների արտահանմանը և միջազգայնացմանը:


Լևոն Մկրտչյանն առանձնահատուկ շնորհավորել է Երևանի (Ի-Վի-Էն) գինու ակադեմիայի առաջին շրջանավարտներին՝ շեշտելով, որ գինեգործությունը հայկական մշակույթի կարևոր բաղադրիչն է. «Մեր երկիրը գինու բնօրրաններից մեկն է, և գինեգործության լավագույն ավանդույթների վերականգնումն ու միջազգային չափանիշներին համապատասխանող մասնագետների պատրաստումը նշանակում է բացել մի նոր ճանապարհ՝ դեպի մեր ժողովրդի հիշողությունը: Գինին ոչ միայն արգրոարտադրանք է, այլ նախևառաջ մշակույթ և աշխարհընկալում: Յուրաքանչյուր սերունդ իր պետության առջև պարտավորություն ունի՝ ժառանգելով իրենից հետո թողնել ավելի մեծ արժեքներ: Դուք ստացել եք լավագույն կրթությունը, ունեք հնարավորություն կայանալու և շարժվելու առաջ՝ սխալվելու և ձեր ճշմարտությունը գտնելու իրավունքով»,-դիմելով շրջանավարտներին ասել է ԿԳ նախարարը ՝ ավելացնելով, որ իրենց հաջողությունները միաժամանակ բուհինն ու երկրինն են:


Միջոցառմանը մասնակցել և շրջանավարտներին շնորհավորել են նաև ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը, ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Քլարկ Փրայսը, Տեխասի Էյ ընդ Էմ համալսարանի պրոֆ. Ջոն Նիքըլսը, ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սամվել Սարգսյանը, ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը:

Դիտվել է՝ 2260

Մեկնաբանություններ