ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կուրսկի շրջանի ղեկավարի պաշտոնակատարի հետ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ ՈՒկրաինայի զինված ուժերի հարձակման պատճառով իրենց տները հարկադրաբար լքած Կուրսկի շրջանի բնակիչներին կվճարվի 10-հազարական ռուբլի՝ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ ՌԴ նախագահը հավելել է, որ անհրաժեշտ կլինի գնահատել այլ վնասները, մասնավորապես՝ գույքի ու բնակարանի կորուստը:               
 

Մենք` նրա աշակերտները, երջանիկ ենք, որ ապրեցինք նրա շուքի տակ

Մենք` նրա աշակերտները, երջանիկ ենք,  որ ապրեցինք նրա շուքի տակ
19.06.2015 | 09:51

Օրերս ընթերցողների սեղանին է դրվել մի շարք գեղարվեստական գրքերի, վիպակների, ակնարկների, էսսեների, հոդվածների հեղինակ, մեր հանրությանը քաջածանոթ գրող, լրագրող Յուրի Արտավազդի (Սահակյան) «Մորուս Հասրաթյան. թանկագին քարը» (վերահրատարակված) հուշա-բանասիրական ինքնատիպ ժողովածուն, «հագեցած» նորանոր հետաքրքիր նյութերով: Գիրքը լույս աշխարհ է եկել մեծ գեղագետի ծննդյան 110-ամյակի կապակցությամբ: Այս գրքի առաջին հրատարակությունը գրավոր երաշխավորել է 9տարիներ առաջ) լուսահոգի ակադեմիկոս Ռուբեն Զարյանը, ոգևորելով հեղինակին իր կատարած նվիրյալ աշխատանքի համար:

Հիրավի վիթխարի գիտելիքների տեր, անվանի սայաթնովագետ ՄՈՐՈՒՍ ՀԱՍՐԱԹՅԱՆՆ անջնջելի հետք է թողել հայ արվեստի պատմության մեջ, դառնալով նրա եզակի մշակներից մեկը: Հայաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Մորուս Հասրաթյանը, որտեղ էլ աշխատել-ղեկավարել է տվյալ կառույցը, այնտեղ էլ փայլել են նրա բնատուր մտավոր ունակությունները, մարդկային ձիրքը, անխոնջ աշխատասիրությունը և ենթակաների, մանավանդ ուսանողության նկատմամբ ունեցած մեծահոգի վերաբերմունքը։ Նրա «ակադեմիան» ողջ Հայաստանն էր, նրա հինավուրց ժողովուրդը` գեղջուկ-ռանչպարից սկսած մինչև մտավորականը։ Նա անվրեպ հոտառությամբ զգում էր նրա հոգսերն ու վշտերը, դառնում պատվար բոլորի համար: Ակամա հիշում ես Վիլյամ Սարոյանի դիպուկ բնորոշումը. «Բոլոր մարդիկ մեծ մարդիկ են…»: Մեր անցյալի` ամեն մի կոթողի, խաչքարի, գրավոր նշույլքի, նյութական արժեքի նկատմամբ, որպես «շնչավոր-հոգեղեն» գոյերի, ուներ հատուկ վերաբերմունք: Չէր տանում նրանց նկատմամբ անտարբերությունն ու անլուրջ, անհոգի մոտեցումները: Ամեն մի մամռապատ տապանաքարի, ավերակ-կիսակործան-փլեկ մատուռի, վիմագիր-սեպագիր հիշատակարանի, վանքերի ու հնամյա տաճարների մեջ տեսնում էր հայ ստեղծագործ մտքի ճառագումները, քարավան-դարերի «ոտնահետքերը», որոնց քարեղեն լեզուն հասկանում էր այնպես, ինչպես իր մայրենի բարբառը: Տիրապետում էր մի շարք լեզուների...
Գրքի հեղինակը այն բազմաթիվ ուսանողներից մեկն էր, ով անցել է Մորուս Հասրաթյան ուսուցչի ձեռքի տակով և որպես մարդ-անձնավորություն կազմավորվել ու կյանք մտել հասրաթյանական ուղղորդումներով, իր ընկերների հետ «ծարավ-տոչոր» ունկնդրել-ուսանել ոչ միայն հայագիտություն, հնագիտություն, այլև… մարդագիտություն և քանի՜ ամառ-ամիսներ մասնակցել Սյունիքում և այլուր կատարվող հնագիտական պեղումներին, մոտիկից ճանաչել այդ մարդ-անհատին, թրծվել նրա խորհուրդ-խրատներում, կյանքի, բնության, մարդկային պահվածքի, բարք ու վարքի դասեր քաղել: Եվ այսպես տարիներ շարունակ: Սերունդներ են եկել-գնացել, կրթվել «Մորուս Հասրաթյան» գիտա-մարդաբանական ակադեմիայում: Աստված այնքան շատ էր տվել նրան, որ ինքն առատորեն բաշխում-սերմանում էր երիտասարդության հոգևոր անդաստանում:
Գրքի հեղինակը մոտիկից ճանաչել է իր ուսուցչին, իսկ հետագայում` իր տեսածն ու լսածը, ապրածն ու մարսածը, սովորածն ու զգացածը կաթիլ առ կաթիլ, փշրանք առ փշրանք, բեկոր առ բեկոր (անգին քար-խաչքարի պես) հավաքել է սայաթնովագետին վերաբերող փաստավավերագրական հայտնի ու անհայտ արժեքավոր նյութեր, պրպտել-քննել-շնչավորել, դրանց ավելացրել իր անձնական ուսումնառական հանդիպումներն ու զրույցները, հայագետի հուշաբանական մեծարժեք դարագլուխ կազմող հոդվածներն ու կռահումները և հուլունք-հուլունք վերածել մի գեղեցիկ շարոցքի` օրերի և ժամանակի ոսկե թելերի վրա: Այս մակարդակի գրքեր ուշ-ուշ են հայտնվում մեզանում, բայց ոչ ուշացած, ինչպես հուշում է Պ. Սևակը, որին սիրում էր Հասրաթյանը, գնահատում նրա բարձր ինտելեկտը: Գրքի հեղինակը պատմում է «քայլող հանրագիտարան» Մորուս Հասրաթյան մարդու մասին, որն էլ Եղիշե Չարենցի և Ակսել Բակունցի և այլ հայ ու օտար ազգերի երևելիների մտերիմն էր, որին բոլորը մոտենում էին երկյուղածորեն ու ակնածալից և նրա ներկայությունն ու կարծիքներն ընդունում անվերապահորեն (վկա` գրքում եղած Խաչիկ Դաշտենցին և Պարույր Սևակին առնչված լայնածավալ հաղորդումները):
Յուրի Արտավազդը ոչ միայն իր ուսուցիչ-գիտնականի ուսանողն է եղել, այլև նրա համերկրացին էր, և նրա թե՛ անձնական, թե՛ գրականագիտական, թե՛ պատմագիտական ու այլ լայնածավալ գործունեությունների վկա-կենսագիրը, կենսապատումի հեղինակը: Խորին հարգանքով և ուշիմությամբ է մոտեցել իր ուսուցչի մասին պատմող դեպքերին ու դիպվածներին, մանրամասնորեն քննել ու խորացել նրանց ակունքները, վեր հանել անվանի հայագետ-պատմաբանի թե՛ մարդկային և թե՛ քաղաքացիական եզրույթները: Ժամանակի վարագույրները հետ քաշել և թիկունքում` անդին տեսել խմորվող բաներ, որոնք սովորական մարդու աչքերը անկարող են «ընկալել»: Գիրքը ծայրից ծայր շնչում է մեծ հայի մարդկային վեհ հատկանիշների` բարության, ազնվության, հայրենասիրության, անաչառության, խղճահոգս-ներողամիտ վերաբերմունքի փաստմամբ, ներկայացնում մանրամասներ շնորհալի-տաղանդավոր երեխաներին ընդառաջելու, բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունելու, արհեստական դժվարությունները հաղթահարելու վերաբերյալ: Շատերն են այսօր այդ մասին գրում` գրողներ, լրագրողներ, հասարակ գյուղացի մարդիկ, որոնց «անառարկելի թիկունքն» էր գիտնականը, որն էլ, եթե տեղը գալիս էր, «ճակատ» էր տալիս վերին էշելոններում նստածների հետ հանուն արդարության ու ճշմարտության: Թեև չպիտի մոռանանք, որ «վերևում ու ներքևում» հարգում էին, լսում ու կարևորում գիտնականի կարծիքները: Ի ծնե լինելով «հոտառու-թափանցող» երևակայության տեր, կյանքի «այնկողմը» տեսանող անձ, դարերի ու անհիշելի ժամանակների մոռացության փոշիներից հայտնաբերում էր մեր երևելիների «աճյունները», ճշտում, երախտավորների «ծննդարան-տեղերը»: Հայաստանի բոլոր ծայրերից եկած երիտասարդների մեջ գտնում էր (նրանք էին գալիս իր ոտը) կոչված-կանչվածներին, շնորհալիներին և նրանց սատար կանգնում:
Գրքում այդ մասին մեկիկ-մեկիկ հիշվում է, որն էլ բնորոշում է Հասրաթյան մարդու, գիտնականի կերպարը։
Անցել էր Օրբելի եղբայրների «դասական դպրոցը», հետագայում գիտական բարձր աստիճաններ ստացել նրանց օրհնությամբ: Ժամանակի մեծերը բարձր են գնահատել հնագետի ստեղծագորական միտքը:
Յուրի Արտավազդը, օգտվելով գրքի վերահրատարակման առիթից, իր և ուրիշների հուշերի (իր մեկնաբանումներով) կողքին առաջնակարգ տեղ է հատկացրել անվանի սայաթնովագետի հուշերին` Ակսել Բակունցի և Եղիշե Չարենցի մասին, քանզի այդ հուշերը գրվել են Գուրգեն Մահարու պահանջով և սակավ տպաքանակով հրատարակվել և ընթերցող-հասարակության լայն շրջաններին մնացել մեծ մասամբ «անծանոթ»: Չարենցի ու Բակունցի մասին շատ է գրվել, բայց այսպիսի խորքով ու լայնքով, խորունկ դիտողականությամբ ու վերլուծությամբ, պատճառահետևանքային մեկնաբանություններով դժվար թե հանդիպենք ուրիշների մոտ, մանավանդ որ ինքը եղել է «վարժապետ» Բակունցի հայրենակիցն ու մտերիմը, հախուռն ու հորդուն, բանաստեղծ Չարենցի սեղանակիցն ու զրուցակիցը, այդ օրերի գրականության ասպարեզում խմորվող պայքարների բովում, չէ որ ինքն էլ էր բանաստեղծություններ գրում։
Սիրով ու ցավով, խոր ափսոսանքով է հիշում երկուսին էլ, պատմում անհատի պաշտամունքի տարիներին նրանց կրած դառնությունների մասին, որ հատուցեցին իրենց կյանքի գնով: Հուշերում երևում են երկու ազնվագույն գրողների մարդկային կերպարները, սարսափելի հետևանքներով, որոնցից ինքն էլ զերծ չմնաց և պատահականորեն փրկվեց այդ գեհենից, իսկ նրանք եղան անմեղ զոհերը այդ իրականության: Իրոք ցնցող պատմություններ են: Ասես մի սև-մահավոր խորշակ-քամի էր անցել Հայաստան աշխարհի վրայով, իր հետ սրբել-տարել «երկրի ծաղիկը»։
Հիրավի այս երկու հուշը իրենց արժեքայնությամբ, այդ ժամանակների իրադարձությունների խորզգա-անաչառ մեկնություններն են, որ ապրել, տեսել-զգացել է մեծ հայագետը: Չմոռանանք նշել, որ հենց ամենատես Չարենցն է առաջինը նկատել Մորուս Հասրաթյանի` սայաթնովյան թուրքերեն խաղերի թարգմանության ու վերծանման եզակի օժտվածությունը և հանձնարարել նրան, որ լավ պարապի-սովորի-խորանա այդ լեզվի մեջ հանուն Սայաթ-Նովայի, որ թարգմանի նրան: Հետագայում իրականանում է մեծ բանաստեղծի ցանկությունը, այն էլ բնագրին հավասար ուժով, իր նրբանուրբ, չափածո մեկնումներով ու ճշգրտումներով, գեղարվեստագետի անմիջականությամբ:
Գրքի տարողունակ-ողնաշարային բաժիններից մեկը նվիրված է Պարույր Սևակ երևույթին: Նրա «Սայաթ-Նովա» աշխատության մեջ յուրովի ճշտվում է գուսան-բանաստեղծի ծննդյան թվականը, ինչն էլ բանասերները շարունակ հետուառաջ են շարժել: Մորուս Հասրաթյանի և Պարույր Սևակի ճշգրտումներն այս հարցում իրար չեն համընկել։ Մորուս Հասրաթյանը, նշելով «Սայաթ-Նովա» մենագրության «բացթողում-թերությունները», իր անհամաձայնությունները` միաժամանակ շատ բարձր է գնահատում այդ աշխատության աշխարհ գալը, որպես նոր խոսք սայաթնովագիտության մեջ: Ապա կարևորում է աշխատության հեղինակի առավելություններն ու գիտականությունը, և այդ ինքնատիպ ուսումնասիրությունը դասում Գ. Ախվերդյանի արարումների շարքում և ցնծուն-ուրախությամբ առաջարկում` Պ. Սևակին տալ դոկտորական աստիճան: Այսպես կարող էր լինել միայն մեծը, անսահման մեծությունը` մաքրված ու զտված մարդկային նախանձի, չկամության թնջուկներից: Ահա այսպիսին էր Մորուս Հասրաթյանը, և Յուրի Արտավազդը սիրով ու ջերմությամբ, փաստացի օրինակներով հրամցնում է մեզ այս պատմությունը երկու սրբացած անհատների մասին: Գրքում հիշվում է Համո Սահյան բանաստեղծի և անվանի գիտնականի մտերմության մասին. Լոր գյուղի ընտանեկան ոլորտում է գրվում այն չափածո նամակը, որն էլ նվիրված է ակադեմիկոսին: Երկու խոսք կուզեի ասել Վարդան Մամիկոնյանի գերեզմանատեղի ճշգրտման և «Ո՞րն է Մովսես Խորենացու ծննդավայրը» բանավիճային հոդվածների մասին: Այսպիսի գիտական ու հնագիտական, պատմական առնչությունների հիմնավոր խորությամբ ապացուցված նյութերի երբևէ չեմ հանդիպել: Մտքի ինչպիսի թռիչք, ինչպիսի երևակայում, պատմության դարս-դարս դարերի մոռացության փոշիներից գտնված ու հանված հիմնավոր ապացույցներ: Հնագիտության ասպարեզում կատարված հայտնագործություններ: Դժվար է մեկնաբանել, պիտի կարդալ ու զգալ այդ հոդվածների գիտա-գեղարվեստական «վայելքները», պատմական յուրօրինակ շարադրանքը, նյութերի, փաստերի մատուցման խստիվ անհերքելիությունը, ճաշակել նրա ավետարանական «սակավ մեղրը»։
Գրքում կան այլ նյութեր (չմոռանանք վիպասան Բագրատ ՈՒլուբաբյանի խոսք-հիացմունքը), որոնց անդրադառնալը թողնում եմ ընթերցողների ճաշակին: Լուսանկարների և անձնական (Մորուս Հասրաթյանի) բանաստեղծությունների մի փունջ խոսում է անվանի հայի հետաքրքրությունների ու կարողությունների անսահմանության մասին: Գրքի խմբագրի` Վանիկ Սանթրյանի կատարած աշխատանքն արժանի է շնորհակալանքի:
Խոսքս ամփոփեմ: Յուրի Արտավազդ գրողի «Մորուս Հասրաթյան. Թանկագին քարը» գիրքը, իրոք, լավագույն նվերն է նրա ծննդյան 110-ամյակին: Արժանի մեծ հայագետին, հնագետին, պատմաբանին, թարգմանչին, մի խոսքով… ամենագետին: Եվ մենք` նրա աշակերտները, երջանիկ ենք, որ ապրեցինք նրա շուքի տակ և վայելեցինք նրա «գրավոր» ներկայությունը և պատիվ ունեցանք մեզանով այն փոխանցելու գալիք սերունդներին:


Վազգեն ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1983

Մեկնաբանություններ