ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան քաղաքական բաժնի վեց աշխատակիցների հավատարմագրումը դադարեցնելու մասին՝ կապված նրանց աշխատանքում հետախուզական և քայքայիչ գործունեության հատկանիշների բացահայտման հետ։ Գերատեսչության տվյալներով` ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց հետո դեսպանատան տնօրինությունը վերափոխվել է հատուկ ծառայության, որի խնդիրն է ռազմավարական պարտության հասցնել Ռուսաստանին։               
 

«Թանկացումները շատ չնչին են լինելու, այնքան, որպեսզի ժողովուրդը դրանից շատ չտուժի»

«Թանկացումները շատ չնչին են լինելու, այնքան, որպեսզի ժողովուրդը դրանից շատ չտուժի»
10.07.2013 | 16:46

«Տրանսպորտի թանկացումն անխուսափելի է, բայց մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի այն լինի մինիմալ, ի օգուտ ժողովրդի»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ՀՀ Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ`հավելելով, որ հանձնաժողովի որոշումը ուժ չի ունենալու ու երբեք թանկացում չի լինի, եթե նախարարությունը այդ խնդրով դիմում չստանա: Թե որքան կբարձրանա երթուղայինների ուղեվարձը`այդ մասին լռեց` նշելով, որ դեռ ասելու ժամանակը չէ: Միայն նշեց, որ թանկացումները միանման չեն լինելու, քանի որ հանրապետության երթուղիները տարբեր են և սպասարկում են տարբեր հեռավորություններ, այդ իսկ պատճառով յուրաքանչյուրն ունի իր առանձին և տարբեր գնացուցակը:

Թանկացումների հետ կապված լրագրողների անսպառ հարցերից էլ խիստ վրդովված վրա բերեց. «Մինչև այսօր մեզ մոտ այդ խնդրով դիմում չի եղել, իսկ եթե դիմում չլինի, ուրեմն թանկացում չի լինի, իսկ եթե թանկացում չլինի` բնականաբար կշահի ժողովուրդը: Հասցրեցիք նրան, որ ես սա հայտարարեցի, վաղվանից մեզ մոտ լիքը դիմումներ կգան»:

Ըստ նախարարի, երկու օր առաջ հեռուստատեսությամբ ինչ-որ մեկը հայտարարել է, թե երթուղայինների սեփականատերերը բողոքում են և պահանջում ուղեվարձի թանկացում և լուրեր են տարածել, թե անպայման թանկանալու է չորս անգամ. «Ես երեկ հայտարարեցի, որ այդ կարգի թանկացումներ չեն լինելու, մենք հանձնաժողով ենք ստեղծել և աշխատելու ենք այդ ուղղությամբ, թանկացումները շատ չնչին են լինելու, այնքան, որպեսզի ժողովուրդը դրանից շատ չտուժի, լինելու են երթուղիներ,որ ընդհանրապես չենք թանկացնելու»,-կրկնեց նա:

Նախարարի խոսքով, թեև այսօրվա դրությամբ ուղեվարձերի թանկացում դեռ գոյություն չունի, բայց բոլորս էլ գիտենք` դրա համար կա հիմնավոր պատճառ`գազի թանկացում: «Գազալցակայաններում արդեն թանկացումը կա: Եթե դիմում լինի, կվերանայենք հանձնաժողովի որոշումը և կաշխատենք, որպեսզի կարողանանք գազալցակայանների առաջարկած գներն էլ ավելի իջեցնել»:

Լրագրողների դիտարկմանը, թե ինչպես է նախարարը վերաբերվում նրան, որ «Երևան-Գառնի» երթուղին ուղեվարձն արդեն անօրիանական կերպով թանկացել է, և երեք օր շարունակ իրենց զգուշացումներն ու զանգերը նախարարություն արդյունք չեն տալիս և մինչ օրս ոչ ոք չի տուգանվել, Բեգլարյանը զարմացավ, ասելով, որ դա հնարավոր բան չէ, և ոչ ոք ուղեվարձ թանկացնելու իրավունք չունի:

Նա հայտնեց, որ նախարարությունը նման ահազանգ չի ստացել, բայց խոստացավ անձամբ զբաղվել այդ հարցով. «եթե որևէ մեկը թանկացրել է, ապա մերոնք կգնան այդ հարցը կլուծեն և չկասկածեք, նրանք անպայման կտուգանվեն»,-վստահեցրեց:

irates.am-ի հարցին, թե`չե՞ք կարծում, որ այս թանկացումները սոցիալական բունտի պատճառ կդառնան, վերջինս պատասխանեց երկու բառով`«չեմ կարծում»:

Պարոն Բեգլարյանը, ինչպես վերջում հավելեց, հույսը դրել է ժողովրդի հասկացողության և փոխըմբռնման վրա. «Ես շատ գնահատում եմ մեր հասարակությանը, որովհետև նրանք շատ ավելի խելոք են, քան ես և դուք: Դրա համար էլ վստահ եմ, որ մեր ժողովուրդը պետք է ըմբռնումով մոտենա այս հարցին»:

Մինչդեռ մեր հասարակության ներկայացուցիչները, որոնց հետ փորձեցինք սույն թեմայի շուրջ զրուցել, բոլորովին այլ կերպ են մտածում թե թանկացումների, թե երկրի ղեկավարության, թե նրանց մոգոնած հազարումի որոշումների և օրենքների վերաբերյալ:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1668

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ