Հայաստան- Եվրամիություն բանակցությունները որևէ կապ չունեն անդամության թեկնածության հնարավորությունների հետ՝ «Ազատության» հետ հարցազրույցում ասել է Եվրամիության արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն։ «Այժմ մենք բանակցում ենք այս գործընկերության օրակարգի շուրջ, որպեսզի տեսնենք, թե որքան հեռու են մեր գործընկերները ցանկանում գնալ, որքան հեռու ենք պատրաստ գնալ մենք և համապատասխանեցնել մեր նպատակները»,- շեշտել է դիվանագետը:                
 

Կհանվի՞ «վարկ» բառը, թե՞ ոչ

Կհանվի՞ «վարկ» բառը, թե՞ ոչ
18.03.2013 | 21:11

Կառավարությունը մտադիր է շատ արագ կերպով ԱԺ-ում հաստատել «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրինագիծը, ինչը, բնական է, քանի որ, ըստ գործադրի, այն նպատակ ունի խթանելու արտահանման գործընթացը։ Հանուն ճշմարտության նկատենք, որ օրինագիծը հետագայում կարող է լուրջ խնդիրներ առաջացնել։ Հետաքրքրական է, որ ԱԺ տնտեսական մշտական հանձնաժողովում ևս հնարավոր խնդիրներ կանխատեսում են, և պատահական չէր, որ օրինագիծը հանձնաժողովի հերթական նիստում բուռն քննարկման առիթ դարձավ։

Մինչ հանձնաժողովի նիստին անդրադառնալը որոշեցինք զրուցել արտահանող գործարարների հետ, ովքեր ներգրավված չեն օրենսդիր մարմնում։ «Ի՞նչ է ստացվում, զոռով պարտադրում են, որ արտահանման համար վարկ վերցնենք, կամ եթե նպատակը արտահանման խթանումն է, ապա ինչո՞ւ է ապահովագրություն տրվում միայն վարկ վերցնելու դեպքում։ Ի՞նչ է, կրկին բանկերին մեր «գլխին» նստեցնելու քաղաքականությո՞ւն է իրականացվում»,- մեզ հետ զրույցում այսպես էին գնահատում գործարարները կառավարության հաստատած «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրինագիծը։
Ասինքն, ստացվում է, որ արտահանման խթանում ասելով, գործադիրը փափուկ բարձ է դնում գործարարների գլխի տակ և ջուր լցնում բանկերի ջրաղացին։ Մեր այս ենթադրության հիմքում հենց օրինագծի պահանջն է, որով նախատեսվում է արտահանողներին ապահովագրություն տրամադրել միայն այն դեպքում, երբ այդ գործընթացն իրականացվում է վարկային միջոցներով։ Նկատենք նաև, որ, ըստ նախագծի, ապահովագրությունն իրականացնելու է պետական նորաստեղծ կառույցը, և ամենակարևորը, ապահովագրությունը կատարվելու է պետական միջոցների հաշվին։ Ինչպիսի՞ն կլինի ԱԺ-ի մոտեցումը։ Արդյոք քաղաքական մեծամասնությունն օրենսդիրում «դաբրո» կտա՞ այս նախաձեռնությանը, դժվար է ասել։ Համենայն դեպս, եթե անվերապահորեն այն ընդունվի, ապա կստացվի, որ իշխանությունը նպաստում է ժողովրդի հաշվին բանկերի «թռփոշանալուն»։
Գործարարների զգալի հատվածը համոզված է, որ ԱԺ-ում օրինագիծը «կսղացնեն», կանցնի կգնա։ Թե ինչ կանեն, դա առաջիկայում պարզ կլինի։ Ինչևէ։ Կարծում ենք, այս պահին շատ կարևոր է հասկանալ, թե ինչպես է մտածում ԱԺ-ի տնտեսական մշտական հանձնաժողովը։ Հատկապես հանձնաժողովի նախագահը, քանի որ նա քաղաքական մեծամասնության ներկայացուցիչ է։ «Շատ լավ բան եք մտածել։ Մենք երկու ձեռքով կողմ ենք արտահանումը խթանելու ուղղությամբ կառավարության նախաձեռնությանը։ Բայց կա մեկ հարց, որն անհրաժեշտ է հասկանալ` ինչո՞ւ միայն ֆինանսական վարկերի դեպքում իրականացնել ապահովագրություն, այն էլ պետբյուջեի հաշվին։ Ավելի ճիշտ չի՞ լինի ապահովագրել արտահանումն առհասարակ»,- հանձնաժողովի նիստում ասաց նախագահ Վարդան Այվազյանը` կասեցնելով հանձնաժողովի անդամների զայրույթը, որը թափվելու էր էկոնոմիկայի նախարարի գլխին։
«Որպես տնտեսագետ համաձայն եմ Ձեզ հետ»,- հանձնաժողովի նախագահի հարցադրմանն ի պատասխան ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը։ Նա միևնույն ժամանակ նկատեց, որ այս պահին հստակ պատասխան տալ չի կարող։ Ի դեպ, այս հարցի շուրջ քննարկումն աշխույժ էր, և հանձնաժողովի անդամ պատգամավորների կարծիքները (ընդդիմադիր, թե իշխանական բևեռի) համընկնում էին մեր զրուցակից գործարարների հետ։ Ի դեպ, հանձնաժողովի անդամների կարծիքով` վարկի դեպքում արտահանվող արտադրանքի ինքնարժեքը մոտ 20 %-ով բարձրանում է։ Այսինքն, կստացվի, որ «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրինագծի «ձեռամբ» կավելանա նաև արտահանվող ապրանքի գինը։ Արդյոք սա շուկայում ձեռնտո՞ւ է գործարարին։ Իհարկե, ոչ, քանի որ բարձր գները միշտ էլ հակասության մեջ են մտնում մրցակցության հետ։
Եթե դիտարկենք արտահանման խթանման խնդիրը, որը գերակա է համարվում այս պահին, ապա միանշանակ է, որ միայն վարկերի դեպքում արտահանման ապահովագրումը չի նպաստի այդ գործընթացի խթանմանը։ Եվ, ի վերջո, ըստ կառավարության, նպատակը գործարարներին խրախուսելն է, այդ դեպքում ի՞նչ կապ ունեն բանկերը։ Այս տեսանկյունից է, որ հանձնաժողովի նիստում առաջարկվեց «վարկ» բառը հանել օրինագծից։ Կհամաձայնի՞ կառավարությունը, թե՞ ոչ... Համենայն դեպս, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն այս առաջարկին վճռական ոչ ասաց, իսկ ավելի ուշ` մեզ հետ զրույցում, ասաց. «Կմտածենք, գուցե և «վարկ» բառը հանվի»։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2271

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ