Հայաստան- Եվրամիություն բանակցությունները որևէ կապ չունեն անդամության թեկնածության հնարավորությունների հետ՝ «Ազատության» հետ հարցազրույցում ասել է Եվրամիության արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն։ «Այժմ մենք բանակցում ենք այս գործընկերության օրակարգի շուրջ, որպեսզի տեսնենք, թե որքան հեռու են մեր գործընկերները ցանկանում գնալ, որքան հեռու ենք պատրաստ գնալ մենք և համապատասխանեցնել մեր նպատակները»,- շեշտել է դիվանագետը:                
 

ՀԲ-ի ասածը նորությո՞ւն էր

ՀԲ-ի ասածը նորությո՞ւն էր
14.03.2013 | 17:40

Եթե չլիներ ՀԲ-ի ուսումնասիրությունների հիման վրա կատարված հաշվետվությունը, ՀՀ կառավարությունը երևի թե այդպես էլ չիմանար, թե իրականում ի՞նչ խնդիր կա բանկերի և տնտեսության փոխհարաբերություններում։ «Վարկային ռեսուրսների հասանելիությունը Հայաստանում ցածր է, որն էլ հանդիսանում է բիզնեսի խոչընդոտման հիմնական պատճառներից մեկը»,- ասված է ՀԲ-ի վերլուծությունում։

Հետաքրքիրն այն է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը, երբ ղեկավարում էր Կենտրոնական բանկը, միշտ պնդում էր, որ վարկային բարձր տոկոսադրույքների առկայությունը թելադրված է շուկայական օրենքով` պահանջարկով ու առաջարկով։ Նա այն ժամանակ աննպատակահարմար էր համարում դրանց արհեստական իջեցումը։ Այժմ Տիգրան Սարգսյանը, որպես վարչապետ, կարծես թե, այլ հայացքով է դիտարկում խնդիրը, և չի բացառվում, որ այն իրեն նույնպես մտահոգի, քանի որ բիզնեսի զարգացումն առաջին հերթին նշանակում է տնտեսության աշխուժացում, ինչը շատ ձեռնտու է ցանկացած վարչապետի։ Եթե այդպես է, ապա շատ ավելի լավ, քանի որ հույս է արթնանում, որ տնտեսության զարգացումը կարող է կարևորվել բանկային համակարգի զարգացումից։ Համենայն դեպս, դրա մասին է վկայում այն, որ տարեսկզբին կառավարությունը նշեց, թե մտադիր է մեծացնել ֆինանսական միջոցների հասանելիությունը բիզնեսի համար։ Հուսանք, որ մտադրություններից հետո գործնական քայլեր կիրականացվեն։
Գուցե և գործողությունների ծրագիր է մշակվել, քանի որ օրերս կառավարությունում վարչապետի գլխավորությամբ հրավիրվել էր խորհրդակցություն, որին մասնակցել են ֆինանսների, էկոնոմիկայի նախարարությունների, ԿԲ-ի և տարբեր շահագրգիռ կառույցների ղեկավարներ։ Սակայն մեր կանխատեսումը, թե հնարավոր է` քննարկումն անցել է արդեն կոնկրետ ծրագրի շուրջ (քանի որ վարչապետը դեռ հունվարին հանձնարարեց խնդրով զբաղվել), չարդարացվեց։ Պարզվում է, խորհրդակցությունում մասնակիցները ներկայացրել են միայն իրենց ուսումնասիրությունները, կարծիքներն ու դիտարկումները, որոնց շուրջ քննարկում է ծավալվել։ Բացի դիտարկումներից, ներկաներն արել են նաև առաջարկություններ։ Այս ամենն ի մի բերելով` վարչապետը հանձնարարել է պատկան մարմինների ղեկավարներին շարունակել քննարկումները ներկայացված առաջարկությունների շուրջ և վերջնական տեսքով այն ներկայացնել հետագա քննարկման։
Այլ կերպ ասած, ՀԲ-ի ուսումնասիրություններն ուսանելի են եղել ՀՀ կառավարության համար և, վերլուծելով կառավարության քայլերը, կարելի է ենթադրել, որ ասվածն անտեսված չէ։ Սակայն կարևորը գործնականում այն է, թե երբ խորհրդակցություններն ու քննարկումները կվերածվեն կոնկրետ ծրագրի։ Այն, որ Հայաստանի առևտրային բանկերը «հաբռգած» են, փաստ է։ Նորություն չէ նաև այն, որ նրանց կողմից առաջարկվող վարկային տոկոսադրույքները շատ բարձր են։ ՈՒ թեև լրատվամիջոցներում բանկերը ներկայացնում են, թե գնալով նվազում են տոկոսադրույքները, ու իբր այսօր 12-16 % է ամեանաբարձր տոկոսադրույքը, փաստը մնում է փաստ, որ իրականում տոկոսադրույքները տատանվում են 18-20 %-ի սահմաններում, չհաշված, որ որոշ դեպքերում այն հասնում է մինչև 23 %-ի։ Նկատենք, որ վարկերի բարձր տոկոսադրույքների հետ մեկտեղ լուրջ խնդիր է մնում գրավի հարցը, ինչը նույնպես աննկատ չի մնացել ՀԲ-ի աչքից։ Իսկապես, ով երբևէ շփվել է բանկերի հետ, շատ լավ տեղյակ է, որ գրավադրված գույքն իր արժեքից շատ ցածր է գնահատվում։ Էլ չխոսենք վարկը ձևակերպելու քաշքշուկից։ Թվում է, թե խնդիր չկա. գնացիր, տեղեկացար, պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացրիր, մնում է ստանալ բանկի «այոն» կամ «ոչը»։ Բայց, արի ու տես, որ այդպես չէ։ Դա քաղաքակիրթ տարբերակն է` իդեալականը։ Սակայն Հայաստանում միայն հայկական տարբերակն է գործում։
Եթե բիզնեսի վարկային անհասանելիության մասին ՀԲ-ն նոր է անդրադառնում, ապա տասը տարուց ավելի է, որ այդ խնդիրը լուսաբանվում է, սակայն գրես-չգրես, մի հաշիվ է։ Մինչդեռ գաղտնիք չէ, որ բանկ-տնտեսություն կապը շատ սերտաճած պետք է լինի, ինչը երկու կողմերի շահերից է բխում։ Սակայն սա նույնպես քաղաքակիրթ տարբերակն է, իսկ հայկական տարբերակով բանկերն շատ ավելի փող են աշխատում և քիչ նպաստում տնտեսության զարգացմանը։ Մինչդեռ փորձեք ավանդ ներդնել որևէ բանկում, այդ դեպքում տոկոսադրույքները խիստ նվազում են։ Այսօր գործող ամենաբարձր ավանդային տոկոսադրույքներն ազգային արժույթով 12 % է, իսկ տարադրամայինը` 9 %։ Այսպիսի վարկային տոկոսների մասին մեր տնտեսությունը չի էլ կարող երազել` առևտրային բանկերը թույլ չեն տա։ Բայց արդյո՞ք «մենաշնորհային» այս ամենաթողության վիճակն առևտրային բանկերն իրենք են իրենց համար հաստատել։ Միամիտ չլինեք։ Նման դեպքերում առանց պետության թեթև ձեռքի չի լինում։ Պետության սնած այս «մոնստրին» կառավարությունը շարունակում է անընդմեջ կերակրել։ Չմոռանանք, որ շատ պետական վարկային ծրագրեր իրականացվում են բանկերի միջոցով։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2200

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ