ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կուրսկի շրջանի ղեկավարի պաշտոնակատարի հետ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ ՈՒկրաինայի զինված ուժերի հարձակման պատճառով իրենց տները հարկադրաբար լքած Կուրսկի շրջանի բնակիչներին կվճարվի 10-հազարական ռուբլի՝ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ ՌԴ նախագահը հավելել է, որ անհրաժեշտ կլինի գնահատել այլ վնասները, մասնավորապես՝ գույքի ու բնակարանի կորուստը:               
 

Ջրի սակագինը և՛ կնվազի, և՛ կբարձրանա

Ջրի սակագինը և՛  կնվազի, և՛ կբարձրանա
12.03.2013 | 11:54

Ջրի սակագինը հնարավոր է նվազի բնակչության համար։ Ոչ, սա գովազդ չէ, այլ... «Երևան ջուր» ընկերությունը դիմել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` առաջարկելով ջրամատակարարման և ջրահեռացման սակագնի ճշգրտում, մատչելի լեզվով ասած, նվազեցնել մանրածախ ջրամատակարարման և կեղտաջրերի հեռացման ծառայության սակագները։
Սա, տարեսկզբի, թերևս, առաջին ուրախալի լուրն է բնակչության համար։ Մինչ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իրեն օրենքով վերապահված 90 օրվա ընթացքում իր որոշումը կկայացնի, մենք նշենք, որ «Երևան ջուր»-ն առաջարկում է մայրաքաղաքի և հարակից որոշ բնակավայրերի ջրամատակարարման և կեղտաջրերի հեռացման ծառայությունների գինը 1 խմ-ի համար նվազեցնել 8 դրամով։ Այսինքն` այսօրվա գործող 174 դրամը կդառնա 166 դրամ։ Ի՞նչ որոշում կկայացնի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, պարզ կդառնա մայիսի վերջին։
Ինչ խոսք, 8 դրամով ծառայությունների գների նվազեցումը դրական արձագանք կունենա, սակայն, նկատենք, չի բացառվում, որ 8 դրամը դառնա, ասենք, 6 դրամ, նույն «Երևան ջուր» ընկերության առաջարկով։ Քանի որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացված հայտով էլեկտրաէներգիայի սակագինը հաշվարկված չէ ներկայացված փոփոխության մեջ։ Այսինքն, հիմքում դրված է 2010 թ. էլեկտրաէներգիայի սահմանված գործակիցը։
Հետաքրքիր է այլ բան ևս. ինչպե՞ս է ստացվում, որ բոլոր ծառայությունների գները բարձրանում են, կանխատեսվում է գնաճ բոլոր ոլորտներում, բայց ջրի սակագինը նվազում է։ Ստացվում է, որ «Երևան ջուրը» պատրաստ է վնասո՞վ աշխատելու։ Միամիտ չլինեք. ընկերությունը պատրաստվում է բարձրացնելու մեծածախ ջրամատակարարման և ջրահեռացման գները։ Իսկ ավելի կոնկրետ` կբարձրանան արդյունաբերությանը, մետրոպոլիտենին և այլ ընկերություններին մատակարարվող ծառայության գները։ Մանրածախ ջրամատակարարման և ջրահեռացման սակագնի ճշգրտման հետ մեկտեղ «Երևան ջուրը» ներկայացրել է նաև մեծածախի գները։ Այսպես, նա առաջարկում է բարձրացնել իրավաբանական անձանց մատուցվող ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների սակագները` ջրամատակարարումը 1 խմ-ի համար դարձնել 16,6 դրամ գործող 15,2 դրամի դիմաց։ Ջրահեռացումը գործող 31,2-ի դիմաց դարձնել 33,7 դրամ։ Եթե համեմատենք բնակչին և ընկերություններին տրվող ջրամատակարարման և ջրահեռացման սակագները, ապա վճարի հիմնական բեռն ընկած է բնակչի ուսերին։ Սակայն եթե համեմատենք բնակիչների և ընկերությունների օրական օգտագործած ջրի ծավալները, ապա պատկերը ճիշտ հակառակը կլինի։ Եթե համեմատենք բնակիչների և ընկերությունների եկամուտները, դրանք ևս անհամեմատելի են, ինչ խոսք, իրավաբանական անձանց եկամուտներն ավելի մեծ են և, բնականաբար, նրանք ի վիճակի են ավելին վճարելու։ Այս իրավիճակում, իհարկե, մանրածախ սակագնի նվազեցումը տեղին կարելի է համարել, քանի որ այն անհարկի ուռճացված է, հատկապես եթե նկատենք, որ ջրի կորուստները Երևանում ոչ թե նվազում են գնալով, այլ ավելանում են։
Խնդիրն այն է, որ «Երևան ջուրը», բարձրացնելով մեծածախ ջրամատակարարման և ջրահեռացման սակագինը, նպաստում է ընդհանուր առմամբ ապրանքների գնաճին տարբեր ոլորտներում։ Գաղտնիք չէ, որ արտադրությունում ջուրը, ինչպես ամենուր, կենսական նշանակություն ունի, ինչպես էլեկտրաէներգիան և կապույտ վառելիքը։ Եթե նկատենք, որ առաջիկայում սպասվում է գազի սակագնի բարձրացում, ինչը իր հետևից կառաջացնի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում, ինչն էլ ուղղակիորեն կազդի ջրի սակագնի վրա, ապա ստացվում է, որ արտադրությանը «դժվար կյանք» է սպասում, որը շատ սահուն ջարդվելու է բնակչի «գլխին»։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2266

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ