Հայաստան- Եվրամիություն բանակցությունները որևէ կապ չունեն անդամության թեկնածության հնարավորությունների հետ՝ «Ազատության» հետ հարցազրույցում ասել է Եվրամիության արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն։ «Այժմ մենք բանակցում ենք այս գործընկերության օրակարգի շուրջ, որպեսզի տեսնենք, թե որքան հեռու են մեր գործընկերները ցանկանում գնալ, որքան հեռու ենք պատրաստ գնալ մենք և համապատասխանեցնել մեր նպատակները»,- շեշտել է դիվանագետը:                
 

ՓՄՁ աջակցությունից նախարարը գոհ է

ՓՄՁ աջակցությունից նախարարը գոհ է
24.01.2013 | 14:48

«Այս պահին թվերը ձեռքիս տակ չեն, սակայն կարող եմ ասել, որ ինչքան ընկերություն փակվել է, այդքան էլ հիմնվել է։ Այժմ ունենք 60 հազար ընկերություն, որոնք կարծում եմ, լիարժեք գործում են։ Ընդ որում, նրանցից 5 հազարը գործում է օտարերկրյա կապիտալի ներգրավմամբ։ Ինչ վերաբերում է տնտեսության և քաղաքականության հետ կապված հարցին, ապա միշտ փորձում են տնտեսությունը պայմանավորել քաղաքական գործընթացներով, սակայն փորձը ցույց է տալիս, որ դա իրեն չի արդարացնում` տնտեսությունը շատ հանգիստ է։ Իսկ մնացածը արհեստական մոտեցումներ են»,- ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը կառավարության նիստին հաջորդած ասուլիսին, երբ նրանից հարցրինք, թե վերջին հինգ տարում ՓՄՁ ոլորտի քանի ընկերություն է փակվել, և արդյոք իրականացվող տնտեսական` հարկային քաղաքականությունը, որը սոցդժգոհություն է առաջացնում, նպաստավո՞ր է նախագահական ընտրությունների ընթացքում։

Ըստ նախարարի, տնտեսությունը քաղաքականության հետ կապելը, սխալ է, սակայն նկատեցինք, որ հատկապես հարկային նոր փաթեթը սոցիալական լուրջ լարվածություն է առաջացրել, ինչը չի կարող բացասաբար չազդել գործող իշխանության վարկանիշի վրա։ Մեր այս դիտարկմանը նախարարը, բնականաբար, չհամաձայնեց և կրկին հավելեց, որ շատ բաներ արհեստածին են։ Իսկ ի՞նչ են մտածում այս մասին ՓՄՁ ոլորտի ՀԿ-ները. «Վերջին տարիներին գնալով դժվարանում է ոլորտի գործունեությունը։ Հարկային փոփոխությունները չեն նպաստում ՓՄՁ-ի զարգացմանը»։ Նկատենք, որ ՀԿ-ների տեսակետին համամիտ են նաև շարքային քաղաքացիները, որոնց հետ փոքրիկ հարցախույզ արեցինք կառավարության շենքից դուրս. «Ինչքան փոփոխություն է արվում, այնքան ամեն ինչի գները բարձրանում են։ Ոչ միայն փոքր կամ միջին գործարարներն են դժգոհ, այլև մենք, որովհետև գնալով մեր գրպանն է դատարկվում»։
Էկոնոմիկայի նախարարը, ներկայացնելով 2013-ի «Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» ծրագիրը (որը հաստատեց գործադիրը) տեղեկացրեց, որ այն անցած տարվա ծրագրի շարունակությունն է։ Եվ այդ կոնտեքստում նշեց, որ 2012-ին ՓՄՁ-ի աջակցության համար «ունիվերսալ վարկային» կազմակերպությունը շուրջ 6 մլրդ դրամ է հատկացրել, ֆինանսական աջակցություն է տրամադրել և կտրամադրվի նաև միջազգային ֆինանսական կառույցների և ՓՄՁ դրամագլխի կողմից, իսկ պետբյուջեից տարեկան հատկացրվում է 150 մլն դրամ։ Լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ նախարարը նշեց, որ բոլոր ֆինանսական կառույցների կողմից ոլորտին հատկացվող միջոցները վերադարձվելի են տարեկան 11-12 տոկոսով։ Եվ միայն պետբյուջեի միջոցներն են, որ վերադարձվելի չեն` տրվում են աջակցող կազմակերպությանը` աշխատանքները կազմակերպելու համար։ Այլ կերպ ասած, պետական կառույցի աչքը լույս, իսկ ՓՄՁ-ն թող ճռռա տոկոսների տակ։ Թեև նախարարը կարծում է, որ ոլորտում դրական զարգացումները շատ են և տարեցտարի ավելանում են։ Որպես ապացույց նշվեց, որ 2012-ին ՓՄՁ-ի տեսակարար կշիռը ՀՆԱ-ում կազմել է 43 տոկոս, իսկ 2007-2012 թվականներին զարգացմանն ուղղված պետական աջակցության շրջանակներում ուղղակի պետական բյուջեից և այլ, այդ թվում` միջազգային, ֆինանսական ռեսուրսներից ՓՄՁ սուբյեկտներին տրամադրվող աջակցության գումարը կազմել է շուրջ 98 մլրդ դրամ։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2654

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ