ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կուրսկի շրջանի ղեկավարի պաշտոնակատարի հետ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ ՈՒկրաինայի զինված ուժերի հարձակման պատճառով իրենց տները հարկադրաբար լքած Կուրսկի շրջանի բնակիչներին կվճարվի 10-հազարական ռուբլի՝ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ ՌԴ նախագահը հավելել է, որ անհրաժեշտ կլինի գնահատել այլ վնասները, մասնավորապես՝ գույքի ու բնակարանի կորուստը:               
 

Կեղծում են նաև… դրամը

Կեղծում են նաև… դրամը
24.12.2012 | 18:39

Կարելի է պատկերացնել, թե տհաճության ինչ զգացումներ են ապրում ռուսաստանցի հայերը, երբ երկրի քրեական կյանքի վերաբերյալ հաղորդագրություններում երևում են հայկական ազգանուններ: Հակառակի պես, վերջին շրջանում հաճախակի են դարձել նման հիշատակումները: Նահանգային քաղաքներից մեկում հայերը բիզնես-մենաշնորհ են ստեղծել և աղմկալից կոնֆլիկտների մեջ մտել տեղացիների հետ: Մի ուրիշ տեղ «տաքարյուն» հայորդիները ոմն աղջկա պատճառով տուրուդմբոց են սարքել և դանակահարել մի ռուս տղայի: Իսկական խայտառակություն էր հայազգի մանկապիղծի ձերբակալումը: Առնվազն արտառոց էր մոսկվացի ոստիկանների հափշտակած 16 միլիոն 875 հազար ռուբլու կանխումը, որ ձեռնարկել էին 30-ամյա Պետրոսյանը և 27-ամյա… ադրբեջանցի Իմանովը: Ի դեպ, այս վերջին քրեական միջադեպը մամուլում մեկնաբանվեց «Ժողովուրդների քրեական բարեկամություն» խորհրդամետ խորագրի ներքո: Պարզվեց, որ այս քրեական «համագործակցությունը» տարիների պատմություն ունի, և երկու ստահակները, զբաղվելով ավազակային հարձակումներով, առավելապես թիրախ են դարձրել հենց խոշոր գումարներ տեղափոխողներին։ Ընդ որում, հաստատվել է, որ այդ Պետրոսյան կոչեցյալը անցյալ տարվա հուլիսին մարտական զենքով գնդակահարել է Մոսկվայի մարզի` հիշյալ գործով զբաղվող 73-ամյա մի բնակչի և գտնվել հետախուզման մեջ:

Ասես այս ամենը քիչ էր, օրերս ռուսաստանյան լրատվամիջոցները հաղորդեցին փող կեղծողների ընդհատակյա խոշոր ցանցի բացահայտման մասին: ՈՒնենալով նորագույն սարքավորումներ, չարագործները հնարավորություն են ունեցել ամսական տպագրելու մոտ 40 միլիոն ռուբլի: Ավելին, կեղծել են ոչ միայն ռուբլի, այլև դոլար, եվրո և նույնիսկ հայկական դրամը: Ինչով էր նրանց հրապուրել մեր ազգային արժո՞ւյթը. շատ պարզ, խմբի պարագլուխներից մեկը եղել է 40-ամյա մի հայ (առայժմ ազգանունները չեն հրապարակվել): Եթե նշյալ հանցավոր ցանցի հայտնաբերման առաջին փուլը ռուսաստանցի ոստիկաններն իրականացրել էին Դաղստանում, ապա երկրորդ փուլում իրադարձությունները ծավալվել էին մոսկովյան տարածաշրջանում, որտեղ էլ թակարդն էին ընկել, ինչպես ռուսներն են ասում, հայաստանածնունդն ու մի դաղստանցի: Մեր «հայրենասեր» հայրենակցի նախաձեռնությամբ էլ իրագործվել էր դրամի կեղծումը: Իսկական դրամանենգ: Չգիտես ինչու, մոսկովյան թերթերը տպագրել էին միայն սրա լուսանկարը` ոստիկանների կողմից նրան երեսնիվայր փռելու պահին:
Եկվորների կողմից կատարվող քրեական հանցագործությունները մեկն են այն գործոններից, որոնք էապես վատթարացնում են ներռուսաստանյան ազգամիջյան հարաբերությունները; Նորերս ՌԴ Պետդումայում քննարկումներ տեղի ունեցան այս թեմայի շուրջ: Խնդիրը շատ ավելի լայն էր դրված, քան միայն քրեական բաղկացուցչի առկայությունը: Պատահական չէ, որ իրավիճակի կայունացման նպատակով կառավարությունը տարեկան տրամադրում է մեկ միլիարդ ռուբլի: Միջոցառմանը հրավիրվել էին նաև Ռուսաստանի ազգային համայնքների բազմաթիվ ներկայացուցիչներ, որոնք ողջունեցին Ազգային հարաբերությունների խորհրդի ստեղծումը, որը գործում է նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ, և որի նպատակն է ազգային ստրատեգիա մշակել այդ բազմաբարդ ասպարեզում:


Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա

Դիտվել է՝ 1880

Մեկնաբանություններ