Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Վճռականության գինը

Վճռականության գինը
01.04.2024 | 06:57

Հարգելի ընկերներ, այս օրերին հանրության տարբեր շրջանակներում բուռն քննարկում է գնում Տավուշի մարզի 4 գյուղերի ճակատագրի շուրջ։

Հաշվի առնելով այդ հանգամանքը` ձեր ուշադրությանն եմ ներկայացնում իմ` մի հատված 2013 թվականին հրատարակված «Վլադիմիր Մովսիսյան. կյանքը և գործը» մենագրությունից:



Դեռևս 1927-1929 թթ. Անդրֆեդերացիայի Կենտգործկոմի որոշմամբ Ադրբեջանի Կեդաբեկի շրջանի Կարավելյար և Մամեդջաֆարլի գյուղերին օգտագորման համար ժամանակավորապես հատկացվել էին Շամշադինի շրջանի Այգեձորի կոլտնտեսության սահմանակից ամառային արոտավայրերը: Հետագա տարիներին այդ տարածքները վերադարձնելու պահանջները մնում էին անհետևանք, և դրա շուրջ սկսված վեճը կրել է մշտական բնույթ:

1941 թ. սկսված Հայրենական մեծ պատերազմի առաջին ամիսներին ՍՍՀՄ պաշտպանության պետական կոմիտեի որոշմամբ ժամանակավորապես Հայաստանից Ադրբեջանին է տրվում 16 հազար հեկտար ամառային արոտավայր՝ ռազմաճակատին մսամթերքով ապահովելու նպատակով:

Հայրենական պատերազմի ավարտից հետո Հայաստանի կառավարությունն Ադրբեջանից պահանջում է այլևս չօգտագործել նշված ամառային արոտավայրերը և դրանք հետ վերադարձնել: Ադրբեջանի կառավարությունը, թեև չէր հրաժարվում այդ պահանջը կատարելուց, բայց պատճառաբանում էր, թե առայժմ անհրաժեշտ միջոցներ ու հնարավորություն չունի արոտավայրերում ադրբեջանական կոլտնտեսությունների կառուցած բազմաթիվ անասնագոմերի, տարբեր շինությունների ու գերեզմանոցների քանդման ու տեղափոխման համար:

Երկու կառավարությունների միջև բանակցությունները շարունակվում են մինչև 1949 թվականը:

1948 թ. ՍՍՀՄ Նախարարների խորհուրդը Սովետական Հայաստանի կառավարության առջև խնդիր է դնում հանրապետության պահանջարկը բավարարելու նպատակով միջոցներ ձեռնարկել առաջիկա երեք տարում անասնապահական մթերքներն ավելացնելու համար: Այդ առաջադրանքի համաձայն Սովետական Հայաստանի կառավարությունն ընդունում է հետևյալ որոշումը.

Առաջին. Խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը 1949 թ.

հասցնել 365 հազարի, 1950 թ.՝ 380 հազարի, 1951 թ.՝ 400 հազարի:

Երկրորդ. ոչխարների գլխաքանակը 1949 թ. հասցնել 1 միլիոն 140 հազարի, 1950 թ.՝ 1 միլիոն 200 հազարի, 1951 թ.՝ 1 միլիոն 300 հազարի: Հայաստանի կառավարության հաշվարկներով վերոհիշյալ որոշմամբ նշված խոշոր և մանր եղջերավոր անասունների գլխաքանակի աճն ապահովելու համար հարկավոր էր ամեն տարի կոլտնտեսություններին վաճառել 30 հազար տոննա քուսպ:

Այդ քանակությունից 12 հազար տոննան կարող էր արտադրել Երևանի գործարանը, իսկ մնացած 18 հազար տոննան պետք է ներկրվեր Ադրբեջանից:

Միաժամանակ ամեն տարի Ադրբեջանից պետք է ստացվեր 10 հազար տոննա խտացրած կեր:

Այդ կապակցությամբ Հայաստանի ու Ադրբեջանի բանակցություններն արդյունք չեն տալիս: Ադրբեջանը հրաժարվում է պահանջվող քանակությունը տրամադրել Հայաստանին, միաժամանակ խնդրելով չպնդել ամառային արոտավայրերը վերադարձնելու պահանջը:

Այսպիսով Ադրբեջանի ղեկավարությունը ոչ ցանկություն ուներ օգնել Հայաստանին և ոչ էլ ուզում էր վերադարձնել արոտավայրերը:

Իրավիճակը կարգավորելու համար ՀԿԿ Կենտկոմի առաջին

քարտուղար Գ. Հարությունյանը հանդիպում է Ստալինի հետ, նրան ներկայացնում է ստեղծված վիճակը և բարձրացնում է Հայաստանի տարածքից Ադրբեջանին տրամադրված ամառային արոտավայրերը հետ վերադարձնելու հարցը:

Միութենական կառավարությունը, հաշվի առնելով Հայաստանում անասնապահական մթերքների արտադրությունն ավելացնելու անհրաժեշտությունը, ընդունում է որոշում, որի համաձայն Հայաստանին է վերադարձվում 60 հազար հեկտարը, իսկ մնացած 100 հազար հեկտարը ժամանակավորապես թողնվում է Ադրբեջանի տրամադրության տակ, պայմանով, որ Ադրբեջանն առաջիկա տարիներին իր համար անհրաժեշտ պայմաններ կստեղծի և այլևս չի օգտագործի Հայաստանին պատկանող ամառային արոտավայրերը:

Հետագա տարիներին, արդեն Գ. Հարությունյանից հետո, ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար ընտրված Սուրեն Թովմասյանը կարողանում է միութենական կառավարության որոշմամբ հարկադրել Ադրբեջանին՝ հետ վերադարձնելու ամառային արոտավայրերի մի զգալի տարածք:

1968-1969 թթ. Շամշադինի շրջանի Այգեձորի կոլտնտեսության ամառային արոտավայրերը ժամանակավորապես օգտագործող

Ադրբեջանի Կեդաբեկի շրջանի Կարավելյար և Մամեդջաֆարլի գյուղերի ու Այգեձորի կոլտնտեսության միջև հերթական վեճը նորից է սրվում:

Ադրբեջանը համառորեն չէր կամենում հրաժարվել դեռևս 1927-1929 թթ. ժամանակավորապես օգտագործման համար ստացված այդ արոտավայրերից: Այս վեճը լուծելու և արոտավայրերը հետ ստանալու նպատակով ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Ա. Քոչինյանը դիմում է ՍՄԿԿ Կենտկոմ:

ՍՄԿԿ Կենտկոմում ընդունվում է որոշում՝ հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Ա. Քոչինյանին և Հ. Ալիևին՝ ՍՍՀՄ գյուղատնտեսության նախարար Վ. Մացկևիչի հետ միասին քննարկել և ներկայացնել առաջարկություն:

1969 թ. նոյեմբերի 17-ին Քոչինյանի, Ալիևի և Մացկևիչի

ստորագրությամբ ՍՄԿԿ Կենտկոմ է ներկայացվում համատեղ որոշում, որի համաձայն Կեդաբեկի շրջանի Տագիլար խուտորը վերաբնակեցվում է, և նրա հողատարածքից 46 հեկտարը հատկացվում է Կարավելյար և Մամեդջաֆարլի գյուղերին, իսկ Կեդաբեկի շրջանի կոլտնտեսությունների կողմից օգտագործվող 100 հեկտար ձմեռային արոտավայրը հատկացվում է Այգեձորի կոլտնտեսությանը:

Չնայած այս որոշմանը, Ադրբեջանի և Հայաստանի գյուղերի միջև վեճը մշտապես շարունակվում էր ադրբեջանական կողմի հարուցած սադրանքների պատճառով:

Այդ վեճը լուծվում է միայն1984 թվականին, Կ. Դեմիրճյանի

ժամանակ, Հայաստանի Նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Մովսիսյանի եռանդուն ու վճռական գործողությունների արդյունքում:

Այդ հողերը Հայաստանին վերադարձնելու մասին պատկերացում կազմելու համար անհրաժեշտ եմ համարում ընթերցողի ուշադրությանը ներկայացնել հետևյալը:

1982 թ. ապրիլին Իջևանի կուսշրջկոմի առաջին քարտուղար Ռոբերտ Սուխուդյանը ՀՍՍՀ Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ Վ. Մովսիսյանին զանգահարում է և տագնապալի ձայնով հայտնում, որ Ադրբեջանի Ղազախի շրջանի Ասկիփարա գյուղի բնակիչները ապօրինի մտել են Իջևանի շրջանի սահմանակից Կիրանց գյուղին պատկանող դաշտը, վարել ու կարտոֆիլ են ցանել:

- Տագնապելու կարիք չկա,- պատասխանել էր Մովսիսյանը,- դա մեր հողն է, դու էլ առանց վարանելու վարել տուր կարտոֆիլով ցանված դաշտը և վարսակ ցանի:

Մովսիսյանը Սուխուդյանին հուսադրում է՝ չվախենալ պաշտոնը կորցնելուց և վարելուց ու վարսակ ցանելուց հետո իրեն տեղյակ պահել: Սուխուդյանն անմիջապես կատարում է Մովսիսյանի խորհուրդը:

Ասկիփարա գյուղի բնակիչներն իրենց անօրինական գործողություններն արդարացնելու նպատակով հեռագիր են ուղարկում ՍՄԿԿ Կենտկոմ, բողոքելով, թե հարևան Հայաստանի գյուղի բնակիչներն ապօրինաբար ավերել են իրենց ցանած կարտոֆիլի դաշտը և տեղը խոտ են ցանել, որով թույլ չեն տալիս իրագործել պարենային ծրագիրը կատարելու մասին ՍՄԿԿ Կենտկոմի որոշումը:

Այս հեռագիրն անուշադրության չի մատնվում: 1982 թ. ապրիլի 28-ին ՍՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ Զիա Նուրիևը հեռագրով հանձնարարում է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների ղեկավարներին՝ քննարկել Ադրբեջանի Ղազախի շրջանի Ասկիփարա գյուղի բնակիչների բողոքը և արդյունքների մասին տեղյակ պահել ՍՍՀՄ կառավարությանը:

Այդ նամակի ստացման կապակցությամբ Հայաստանի կառավարության ընդունած որոշման համաձայն Մովսիսյանը կազմում է ծավալուն ու հանգամանալից տեղեկանք, որտեղ, նկատի ունենալով

դեռևս 1920-ական թվականներից Հայաստանի ու Ադրբեջանի միջև առաջացած հողային վեճի պատճառները, առաջարկում է ազգամիջ յան հարաբերությունները չսրելու նպատակով, ժամանակին կազմված ու հաստատված քարտեզագրական նյութերի հիման վրա դրանց օբյեկտիվ ուսումնասիրումը և վճիռ կայացնելը հանձնարարել ՍՍՀՄ գյուղատնտեսության նախարարությանը:

Մովսիսյանի տեղեկանքն ընդունվում է ՍՍՀՄ կառավարությունում և վերջինիս հանձնարարությամբ Ադրբեջանի կառավարության հետ բանակցություններ վարելու նպատակով Մովսիսյանը 1982 ամռանը մեկնում է Բաքու: Որոշ ժամանակ անց, այդ նույն նպատակով Երևան է գալիս Ադրբեջանի Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ Շամիլ Ռասի-Զադեն:

Այդ բանակցությունների ժամանակ ձեռք բերված

պայմանավորվածության համաձայն Մովսիսյանն ու Շամիլ Ռասի-Զադեն մեկնում են սահմանային գոտի, հանդիպում բնակիչների հետ:

Բանակցությունների ընթացքում Մովսիսյանը, որպես իրավիճակից դուրս գալու ելք, առաջարկում է ղեկավարվել ժամանակին պաշտոնապես կազմված քարտեզագրական նյութերով և դրանց հիման վրա ճշտել սահմանները: Այս նպատակով էլ 1983 թ. ապրիլին Մովսիսյանն ու Շամիլ Ռասի-Զադեն նորից հանդիպում են սահմանային գոտում:

Այս անգամ էլ Շամիլ Ռասի-Զադեն Մովսիսյանի առաջարկությունը մերժելու որևէ փաստարկ չի կարողանում բերել և, տարիների ընթացքում զավթած հողերը հետ վերադարձնելը ձախողելու նպատակով, դարձյալ հիշեցնում է դրա պատճառով հնարավոր աղմուկի առաջացման հետևանքների մասին:

Այս փաստարկին վճռականորեն առարկում է Մովսիսյանը և ասում. «Եթե ժամանակին կանխեիք ապօրինությունը, ապա այսօր չէիք խոսի այդ աղմուկի հետևանքների մասին»: Նա միաժամանակ Ադրբեջանի ներկայացուցչին խորհուրդ է տալիս, որ կատարված ապօրինությունը վերացնելու համար չպետք է մտահոգվել աղմուկի մասին և վճռականորեն պնդում է Հայաստանի կառավարության հաստատ պահանջը՝ քարտեզագրական նյութերի հիման վրա ճշտում կատարելու միջոցով վերադարձնել զավթած հողերը:

Դեռևս 1960-ական թվականներին Ղազախի ջրամբարի կառուցման ժամանակ Իջևանի շրջանի Վազաշեն գյուղի կոլտնտեսությանը պատկանող 88 հեկտար վարելահողը մնացել էր ջրի տակ: Ադրբեջանը կազմված արձանագրությամբ պարտավորվել էր Հայաստանի վարչական տարածքում գտնվող, բայց Ադրբեջանին ենթակա Չախմախլու և Թափաբաշ գյուղերը տեղափոխել Ղազախի շրջան և դրանց հողերը, որպես հատուցում, հանձնել Իջևանի շրջանին:

Միաժամանակ Ադրբեջանը պարտավորվել էր այդ գյուղերի բնակիչների համար Ղազախում տներ կառուցել: Սակայն Ադրբեջանն այդ տները չէր կառուցել, վերոհիշյալ գյուղերի բնակիչներին չէր տեղափոխել և հրաժարվել էր փոխհատուցում կատարել, ապօրինի կերպով զավթելով ավտոմայրուղին:

Վերոհիշյալ բանակցությունների ժամանակ Մովսիսյանն Ադրբեջանի կառավարության ներկայացուցչից պահանջում է նաև կատարել վերոհիշյալ փոխհատուցումը և վերադարձնել մայրուղին:

Սակայն ադրբեջանական կողմը անհիմն պատճառաբանություններ բերելով հրաժարվում էր վերացնել կատարված ապօրինու թյունը: Ավելին, ադրբեջանական պատվիրակությունն այնքան լկտի էր գործում, որ հենց բանակցությունների ընթացքում կազմակերպում է Նոյեմբերյանի շրջանի Դովեղ գյուղին պատկանող անտառներում գտնվող աղբյուրներից ապօրինի ջրատարի կառուցումը:

Երբ այս ապօրինությունը հայտնի է դառնում Մովսիսյանին, նա անմիջապես Նոյեմբերյանի շրջանի ղեկավարությանը հանձնարարում է կասեցնել ջրատարի շինարարությունը, մինչև ուսումնասիրվի հարցը:

Այսպիսով, վերոհիշյալ ապօրինություններին ադրբեջանցիներն ավելացնում են ջրատարի կառուցումը: Եվ Մովսիսյանին վիճակվում է միաժամանակ զբաղվել դրանց վերացմամբ:

Ջրատարի կառուցումը կասեցնելու դեմ Ադրբեջանը բողոք է ներկայացնում ՍՍՀՄ կառավարությանը:

Այդ ջրատարի հարցով Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Ք. Բաղիրովը և ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար

Կ. Դեմիրճյանը ՍՄԿԿ Կենտկոմի հանձնարարությամբ հանդիպում են Մոսկվայում և պայմանավորվում են տեղում ուսումնասիրել ջրատարի կառուցման հարցը:

1984 թ. հոկտեմբերի 22-ին Կ. Դեմիրճյանը Մոսկվայից հեռախոսով Մովսիսյանին տեղեկացնում է Բաղիրովի հետ իր հանդիպման ու ձեռք բերված պայմանավորվածության մասին և նրան առաջարկում է Ադրբեջանի ներկայացուցչի մասնակցությամբ տեղում ուսումնասիրել ջրատարի կառուցման հարցը:

Ռասի-զադեն այդպիսի հանձնարարություն ստացել էր նաև Ք. Բաղիրովից: 1984 թ. հոկտեմբերի 24-ին Իջևանի շրջանում,

սահմանագլխին հանդիպում են Մովսիսյանն ու Ռասի-զադեն:

Մինչև Մովսիսյանի հետ հանդիպելը, ինչպես պարզվում է հետագայում, Ռասի-զադեն անձամբ գնացել էր Քյամառլու գյուղ, գյուղացիներին հանձնարարել էր վերսկսել ջրատարի շինարարու թյունը և հավաքվել աղբյուրների մոտ:

Երբ Վ. Մովսիսյանն ու Ռասի-զադեն Հայաստանի գյուղնախարարության հողօգտագործման և հողաշինարարության վարչության պետ Ռ. Վարդանյանի, Իջևանի շրջգործկոմի նախագահ Լ. Օրդինյանի, «Հայհողշիննախագիծ» ինստիտուտի գլխավոր ինժեներ Հ. Վարդանյանի և Ղազախի կուսշրջկոմի առաջին քարտուղար Ա. Սուլեյմանովի ուղեկցությամբ ավտոմեքենայով հասնում են աղբ յուրների մոտ, ադրբեջանցիներն արդեն եռանդով սկսած են լինում ջրատարի շինարարությունը: Մովսիսյանի այն հարցին, թե ինչու են վերսկսել շինարարությունը, ադրբեջանցիները պատասխանում են, որ շինարարությունը կդադարեցնեն միայն Մոսկվայի վճռից հետո:

Սկսվում է աղմուկ: Նախապես գրգռված ամբոխը գլխի վրա շրջում է ավտոմեքենան, հետո նորից կանգնեցնում անիվների վրա: Մահակներով զինված ադրբեջանցիները հարձակվում են Մովսիսյանի ու Ռասի-զադեի վրա: Իհարկե, Ռասի-զադեի վրա հարձակումն ավելի շատ նման էր թատերական ներկայացման: Գրգռված ադրբեջանցիներից մեկը փորձում է մահակով հարվածել Մովսիսյանին: Սակայն Մովսիսյանը սառնասրտորեն նրա ձեռքից խլում է մահակը, հետո վերադարձնում և ասում.

«Քեզ մարդավարի պահի և ոչ թե թուրքի նման»:

Մովսիսյանի այս վճռական քայլը մի որոշ ժամանակ սթափեցնում

է կատաղած ամբոխին: Օգտվելով այդ դադարից, Մովսիսյանն ու իր ուղեկիցները նստում են ավտոմեքենա, նպատակ ունենալով հեռանալ: Սակայն գրգռված ամբոխը, ինչ-որ մեկի ազդանշանով հարձակվում է ավտոմեքենայի վրա ու նորից գլխի վրա շուռ տալիս:

Գլխի վրա շրջված մեքենայից Մովսիսյանին ու մյուսներին դուրս են հանում և աղմուկ-աղաղակով տանում են մի քանի կիլոմետր: Երբ հասնում են Քյամառլու տանող ճանապարհի խաչմերուկ, նրանց դեմ դուրս են գալիս բեռնատար ավտոմեքենաներով եկած մոտ 250 ադրբեջանցի՝ զինված կացիններով ու մահակներով: Նրանց հետ նաև կանայք, որոնք ոգևորում էին կատաղած տղամարդկանց: Մի տարեց կին էլ պատռում է հագուստը, կրծքերը դուրս հանում, քարեր շպրտում Մովսիսյանի ու նրա ուղեկիցների վրա և կոչ անում՝ խփել անհավատներին:

Կատաղած ադրբեջանցիները՝ կին, թե տղամարդ, իրենց «սրբազան» պարտքն են համարում՝ հարված հասցնել «անհավատներին»: Մովսիսյանին ու նրա ուղեկիցներին ծանր մարմնական վնասվածքներ հասցնելուց հետո, բռնությամբ նստեցնում են բեռնատար ավտոմեքենա և, նրանց վրա քարեր շպրտելով, տանում Քյամառլու գյուղ:

Քյամառլու գյուղի ակումբում նախապես հավաքված ամբոխի աղմուկի ու սուլոցների ուղեկցությամբ Մովսիսյանին ու մյուսներին, այդպես արյունաշաղախ վիճակում, բարձրացնում են բեմ և պահանջում ստորագրել այդ հողերը Ադրբեջանին պատկանելու մասին փաստաթուղթը:

Այնուհետև սեղանին դնում են թուղթ ու գրիչ և կացին, սպառ նալով Մովսիսյանին, որ եթե չստորագրի այդ փաստաթուղթը, կկտրեն նրա վիզը: Ակումբում ամբոխը երեք ժամից ավելի շարունակում էր աղմուկը, պահանջելով ստորագրել փաստաթուղթը: Նա պատասխանում է, որ չի վախենում և երբեք այդպիսի փաստաթուղթ չի ստորագրի: Մովսիսյանի ամեն մի խոսքից հետո, բարձրացնում են սեղանին դրված կացինը և սպառնում՝ ստորագրել, այլապես կսպանվի:

Ինչպես ճանապարհի խաչմերուկում, որտեղ Մովսիսյանին ու նրա ուղեկիցներին դաժանորեն ծեծի էին ենթարկել, այնպես էլ գյուղի ակումբում ներկա էին Ռասի-զադեն ու Սուլեյմանովը, որոնք չեն փորձում նույնիսկ միջամտել ու կարգի հրավիրել կատաղած ամբոխին:

Վերջին անգամ, երբ ակումբում հավաքված ամբոխի պահանջով նորից է բարձրացվում կացինը, Մովսիսյանը դարձյալ պատասխանում է, որ այդպիսի փաստաթուղթ չի ստորագրի և հայտարարում է, որ գյուղացիներին չի մեղադրում, այլ մեղադրում է այս խայտառակությունը կազմակերպող Ռասի-զադեին ու Սուլեյմանովին և ամբողջ կատարվածի մասին կզեկուցի ՍՄԿԿ Կենտկոմ:

Մովսիսյանի այս հայտարարությունը վերջապես սթափեցնում է հաշվեհարդարի կազմակերպիչներին: Ահաբեկված Սուլեյմանովը ելույթ է ունենում և գրգռված ամբոխին հանդարտվելու կոչ է անում: Բոլորը սկսում են հեռանալ ակումբից:

Ակումբից դուրս են գալիս նաև Մովսիսյանն ու նրա ուղեկիցները: Երբ նրանք նստում են ավտոմեքենա, Ռասի-զադեն, քծնանքի ժպիտը երեսին, Մովսիսյանին ասում է.

«Տեսա՛ք, ընկեր Մովսիսյան: Ես ձեզ զգուշացրեցի, որ վատ հետևանքներ են սպասվում: Հիմա լսեք, թե ադրբեջանական բանաստեղծ Սաբիրն ինչ է ասում: Անտառով գնում եմ, հանդիպում եմ առյուծին՝ չեմ վախենում, չեմ վախենում, առաջ եմ գնում, հանդիպում եմ վագրին՝ չեմ վախենում, չեմ վախենում, առաջ եմ գնում, հանդիպում եմ մուսուլմանի՝ վախենում եմ, վախենում եմ, վախենում եմ»:

Հետևում է Մովսիսյանի պատասխանը՝ «Ես իմ պահվածքով արդեն հերքեցի Սաբիրին, որ մուսուլմանից չեմ վախենում»:

Վերադառնալով Նոյեմբերյան, Մովսիսյանը կատարվածի մասին հեռախոսով հայտնում է ՀԿԿ Կենտկոմի քարտուղար Հ. Ոսկանյանին: Ճիշտ է, նա զայրանում է, բայց և հարցնում է, թե հնարավո՞ր է, որ Մովսիսյանը հետագայում հրաժարվի իր ասածներից:

Ես անձնական փորձից գիտեմ, կարող եմ վկայել, որ Ոսկանյանն իր խոսքից հրաժարվելու բնավորություն ուներ, ուստի կարծել էր, թե Մովսիսյանն էլ իր նման կլինի: Բայց, բոլոր նրանք, ովքեր շփվել են Մովսիսյանի հետ, ճանաչում են նրան, կարող են հաստատապես

վկայել, որ Մովսիսյանն աչքի է ընկնում նաև իր խոսքի տերը լինելու, իր հավատամքին հավատարիմ մնալու կարողությամբ:

(շարունակելի)

Վլադիմիր ՊԵՏՐՈՍՅԱՆ



Դիտվել է՝ 4558

Մեկնաբանություններ