Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Էն օրվանից, որ էս կոդը՝ օրհներգը, եկավ ու դրվեց Հայաստանի վրա՝ թեկուզ և փոփոխված տեքստով, թշվառությունն ու անտերությունն սկսվեցին»

«Էն օրվանից, որ էս կոդը՝ օրհներգը, եկավ ու դրվեց Հայաստանի վրա՝ թեկուզ և փոփոխված տեքստով, թշվառությունն ու անտերությունն սկսվեցին»
27.07.2018 | 03:25

«Իրատեսի» հյուրը ջազմեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի ազգային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավար ՎԱՀԱԳՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՆ է:

«ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ ՄԻԱՍՆԱԿԱՆ Է, ԼԻ ՓՈԽԱԴԱՐՁ ՍԻՐՈՎ ՈՒ ՀԱՐԳԱՆՔՈՎ»


-Վահագն, առաջին անգամ եմ զրուցում Ձեզ հետ՝ որպես Հայաստանի ազգային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավարի: Ի՞նչ մտահղացումներով եք մուտք գործել նվագախումբ:
-Նախ և առաջ կարծում եմ, որ պետք է նվագախմբի անունը փոխվի և վերանվանվի Հայաստանի ռադիոյի ազգային նվագախումբ: Թող չլինեն ոճային բաժանումներ՝ էստրադային, սիմֆոնիկ: Նախ՝ էստրադա հասկացությունն արդեն վերջացել է, իսկ ինչ վերաբերում է այն երաժշտությանը, որը մենք ուզում ենք ստեղծել և ներկայացնել մեր նվագախմբով, կոնկրետ ոճ չունի, ոչ մի կաղապարի մեջ չի սահմանափակվում: Այդ նվագախումբը պետք է հնչի այն երակի վրա, այն երաժշտության շրջանակներում, որով կարելի կլինի աշխարհին ներկայացնել այսօրվա մեր ինչպիսին լինելը, մեր ձայնը, մեր համն ու հոտը: Ջազ նվագախմբով չես կարող ազգ ներկայացնել: Իհարկե, կարող ես գնալ Ամերիկայում ջազ նվագել, Գերմանիայում՝ Բեթհովենի երաժշտությունը, բայց դա իրենցն է, մենք մերով պիտի ներկայանանք: Եթե «Մերսեդեսը» գերմանացին է սարքել, մենք ո՞նց կարող ենք «Մերսեդես» վաճառել գերմանացուն: Նույնն էլ մեր մշակույթի դեպքում է՝ լինի օպերա, ջազ, թե մեկ այլ բան: Մենք ունենք լավ ջազ երաժիշտներ, դա չի վիճարկվում. ես սա ասում եմ՝ որպես հայկական ջազի կարկառուն ներկայացուցիչ: Ջազը համաշխարհային ճանաչում ունեցող երաժշտություն է, բայց մենք ի՞նչ համեմունք ենք դնում դրա մեջ, մեր տարբերությունը մյուսներից ո՞րն է: Մենք դրսի մարդկանց զարմացնելու համար չենք անում ինչ-որ բան: Զարմացնելու պահը վերջացել է վաղուց, ոչ ոքի հնարավոր չէ այսօր զարմացնել: Խնդիրը քո համը, քո ազգը, քո երկիրը ներկայացնելն է: Ես այս խնդիրը պիտի լուծեմ: Նվագախմբի ավանդական կազմին հավելել եմ ժողգործիքներ՝ քանոն, քամանչա, դուդուկ, բլուլ: Այս կազմով ստանում ենք շատ օրիգինալ երաժշտություն: Հունիսին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացած մեր համերգի ժամանակ կատարեցինք իմ և Արտո Թունջբոյաջյանի ստեղծագործությունները, բայց սա չի նշանակում, որ եթե ես երաժշտական ղեկավար եմ, ուրեմն պիտի կատարվեն միայն իմ ստեղծագործությունները: Ընդհակառակը, հիմա դաշտ է բացվել իրենց ոճը ներկայացնող բոլոր երիտասարդ ստեղծագործողների համար, և նրանք կարող են դրսևորվել այս նվագախմբում: Մեզ մոտ ընդունված է ասել, չէ՞. «Էնքան լավ ա երգում՝ Ռեյ Չառլզի նման»: Դրսում էս տեսակ բան ասես, վրադ կծիծաղեն: Ռեյ Չառլզի նման Ռեյ Չառլզն է երգում: Դու քե՛զ նման պիտի երգես: Մենք ունենք, չէ՞, մեր երաժշտությունը:
Մեր երաժշտությանն ավելանում են էսօրվա համն ու հոտը, էսօրվա բաղադրիչը, ու ստացվում է այն երաժշտությունը, որը կարելի է աշխարհին ներկայացնել: Մենք շատ արժեքավոր գանձեր ունենք, որոնք չեն գրվել նրա համար, որ հարյուրավոր տարիներ հնչեն նույնությամբ, անփոփոխ՝ նույն դեմքով, նույն ձայնով, որ դրանց վրա ոչ մի նոր բան չավելացվի: Մենք պիտի մտածենք դրանք էսօրվան համահունչ դարձնելու մասին:
-Պիտի ձևավորվի նոր կոմպոզիտորական դպրո՞ց, երաժշտական նոր ուղղվածությո՞ւն՝ այդ նպատակին միտված:
-Կոմպոզիտորական նոր դպրոց ստեղծելու խնդիր մենք չունենք: ՈՒնենք երիտասարդներին խրախուսելու, նրանց առաջ ճանապարհ բացելու խնդիրը: Եվ Հանրային ռադիոյի նվագախումբը պիտի լուծի այս խնդիրը, պիտի դառնա նոր պլացդարմ երիտասարդների համար: Օրինակ՝ առաջարկությունս է, որ ամեն տարի նվագախմբի գործունեությանը նպաստող որևէ նորարարության մրցույթ հայտարարվի՝ կապված ոչ միայն երաժշտության հետ: Այս նվագախմբի հնարավորություններն անվերջ են, այն ունի և՛ սիմֆոնիկ, և՛ օպերային վոկալի, և՛ ջազային, և՛ ազգագրական տարրեր իր մեջ: Եվ այս մեծ վեկտորում կարելի է տեղավորել շատ բան: Պետք է լսենք երիտասարդների առաջարկությունները, նվագախումբ բերենք նրանց թարմ շունչը և այդպես ներկայանանք աշխարհին:
-«Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացած համերգին ներկա էի նաև ես ու ամբողջ ժամանակ մտածում էի, որ բեմը փոքր է ձեզ համար: Դուք չունեցա՞ք այդ զգացողությունը:
-Իհարկե փոքր է: Կոնկրետ այդ համերգը կարելի էր անել բացօթյա: Սա էն երաժշտությունն է, որը թույլ չի տալիս մարդկանց տեղում նստած մնալ, ստիպում է վեր կենալ, շարժվել, էմոցիաներն արտահայտել: Դա ակադեմիական ձևաչափի համերգ չէ, որ ձիգ-ձիգ նստես փափուկ, գեղեցիկ բազկաթոռին, անշարժ լսես կատարումներն ու համապատասխան տեղում կամ անտեղի ծափահարես:
-Նվագախմբում կան տարիք ունեցող, ավանդական որակների տեր երաժիշտներ և ժամանակակից, նորարար հակումներ կրող երիտասարդներ: Ինչպե՞ս է կայանում նրանց համագործակցությունը միևնույն հարթության վրա:
-Շատ լավ, շատ համահունչ համագործակցություն է դա: Ինձ համար կարևոր է այն հանգամանքը, որ նվագախումբը միասնական է, լի փոխադարձ սիրով ու հարգանքով: Դժվար է աշխատել մոտ երեք տասնյակ անդամից բաղկացած նվագախմբի հետ: Բայց և հեշտ է, որովհետև կան այդ միասնականությունն ու սերը, սերը թե՛ միմյանց, թե՛ այն երաժշտության նկատմամբ, որը կատարում են: Կարծում եմ՝ Դուք էլ, դահլիճում նստած, նկատած կլինեք, թե ինչպիսի ուրախություն, բավականություն էր թափվում երաժիշտների դեմքերից: Համերգին հրավիրված Արտո Թունջբոյաջյանի, օպերային երգչուհիների, դասական հարվածային գործիքների խմբի և հիմնական կազմի ուժերը համադրելով՝ կարողացանք իմ խենթ մտահղացումն իրականություն դարձնել: Այս գործում մեծ դերակատարություն ունեին Հանրային հեռուստառադիոընկերության ղեկավարները՝ Ռուբեն Ջաղինյանը, Արթուր Ասատրյանը, Մարկ Գրիգորյանը, ուրիշներ: Ինձանից վեց ամիս է պահանջվել երաժշտությունը գրելու, գործիքավորելու, նվագախմբի հետ փորձեր անելու և ավարտուն, համերգային վիճակի հասցնելու համար: Շատ հետաքրքիր գործ էր Արտոյինը՝ յոթ մասից բաղկացած մի մեծ ստեղծագործություն՝ սիմֆոնիա: Մենք սովոր ենք սիմֆոնիա կոչել Բախի, Բեթհովենի կամ մեկ այլ դասականի ստեղծագործությունները, սակայն պիտի հասկանանք, որ Արտո Թունջբոյաջյանն էլ է սիմֆոնիա գրել՝ ժանրային, գործիքային այլ լուծումներով:
-Այսինքն՝ սա ժամանակակից հայկական սիմֆոնիա՞ է:
-Այո՛: Մենք սիմֆոնիայի մեր տեսակն ենք ներկայացնում: ՈՒ ամեն ինչում պիտի ներկայացնենք մերը, որպեսզի տպավորություն գործենք: Ամբողջ աշխարհը Արամ Խաչատրյան է նվագում, մենք՝ չգիտես ինչ:
-Ռադիոյի նվագախումբը բավական մեծ է, ու հասկանալի է, որ նրա վրա մեծ ժամանակ և էներգիա ներդնելու անհրաժեշտություն պիտի ունենաք: Սա չի՞ խանգարի անհատ ստեղծագործող Վահագն Հայրապետյանին:
-Այս նվագախումբը մեծ է ու դեռ մեծանալու է: Եվ սա այն նվագախումբն է, որի շնորհիվ պիտի ի կատար ածվեն անհատ ստեղծագործողիս բոլոր իղձերն ու մտահղացումները:

«ԵՍ ԵՐԲԵՔ ՄԻԵՎՆՈՒՅՆ ԲԱՆԸ ՉԵՄ ԱՆՈՒՄ»


-Ոչ վաղ անցյալում Սոնա Հովհաննիսյանի և նրա ղեկավարած «Հովեր» կամերային երգչախմբի հետ հետաքրքիր նախաձեռնությամբ հանդես եկաք. Էթնոջազային լուծումներով ներկայացրիք Ապարանի տարածաշրջանի ազգագրական երգերի հավաքածուն: Այս նախագիծը կունենա՞ շարունակություն, հայաստանյան այլ տարածքների ազգագրական երաժշտական նմուշներին անդրադառնալու նպատակ չունե՞ք:
-Մենք միայն Սոնա Հովհաննիսյանի և «Հովերի» հետ չէ, որ համատեղ նախագիծ ենք արել: Շատ հաճախ ենք այդպիսի գործեր անում: Կոնկրետ այդ նախագիծը կշարունակվի, թե ոչ, չեմ կարող ասել: Ես երբեք միևնույն բանը չեմ անում, ամեն անգամ մի նոր բան եմ անում: Մեր այդ նախագիծը նույնպես աշխարհին ներկայացնելու արժանի բան է և որոշ չափով արդեն ներկայացվել է: Կցանկանայի, որ դա՛ շարունակվեր՝ նախագիծն աշխարհին ներկայացնելու գործը:
-Ամիսներ առաջ Ֆրանսիայում էիք: Կպատմե՞ք այդ ստեղծագործական ուղևորության մասին:
-Ֆրանսիայում էի ձմռանը: Այնտեղ ձայնագրեցինք հետաքրքիր մի ձայնասկավառակ՝ ֆրանսիացի երաժիշտների հետ: Գարնանը եղավ այդ ձայնասկավառակի շնորհանդեսը, ունեցանք համերգ, որին մասնակցում էին շատ ֆանտաստիկ երաժիշտներ՝ տարբեր երկրներից: Համերգը հենց կենդանի ձայնագրվեց, ապա թողարկվեց ձայնասկավառակի տեսքով: Այսինքն՝ ունեցանք երկու ձայնասկավառակ: Ոգևորված այդ ամենից, որոշեցի նաև իմ ձայնասկավառակը թողարկել նրանց հետ: Մի քանի ժամում գրվեց ու պատրաստվեց այն:

«ՕՐՀՆԵՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ԱՅԲՈՒԲԵՆԸ, ՄԵՐ ԿՈԴՆ Է՝ ԱԶԳԻ ԿՈԴԸ»


-Ի դեպ, Արամ Խաչատրյանի մասին. նրա գրած օրհներգը իր բուն կիրառությանը վերադարձնելու խնդրով շահագրգիռ եք եղել միշտ: Գործնական հանգուցալուծման հեռանկար չի՞ նշմարվում:
-Մեր երկրի օրհներգը միանշանակ պետք է փոխվի: Ես սա ասում եմ մոտ տասնհինգ տարի: Արամ Խաչատրյանը մեկ թուղթ ու գրչով հայությունն ու Հայաստանն է ներկայացրել աշխարհին, իսկ մենք վերցրել դեն ենք շպրտել նրա գրած հանճարեղ օրհներգն ու չգիտես ինչ ենք հնչեցնում դրա փոխարեն: Մի պարզ բան ասեմ.՝ մեր ներկայիս օրհներգի իսկական տեքստում ի՞նչ է ասվում. «Մեր հայրենիք, թշվառ, անտեր…»: Վերջացա՛վ, էլ խոսելու բան չկա: Օրհներգը, ինչպես այբուբենը, մեր կոդն է՝ ազգի կոդը: Եթե էդ կոդի վրա դնում ես «թշվառ, անտեր» բառերը, հենց էդպիսին էլ դառնում են ազգն ու երկիրը: Էն օրվանից, որ էս կոդը՝ օրհներգը, եկավ ու դրվեց Հայաստանի վրա՝ թեկուզ և փոփոխված տեքստով, թշվառությունն ու անտերությունն սկսվեցին: Հիմա մենք ուրիշ վիճակում ենք, ու էդ օրհներգը պիտի փոխվի: Արամ Խաչատրյանի օրհներգի հիմքում դրված են մեր շարականները: ՈՒ դա շատ կարևոր է, որովհետև դա է մեր կոդը: Մենք ամբողջ աշխարհի առաջ կուրծք ենք ծեծում ու հայտարարում, թե առաջին քրիստոնյա երկիրն ենք, ազգովին հպարտանում ենք՝ տալով Արամ Խաչատրյանի անունը, բայց երբ մեզ հարցնում են, թե ով է գրել մեր օրհներգը, բերաններս փակում ենք, որովհետև էդպես էլ չենք կարողանում պարզել՝ Գլազունո՞վն է գրել, Տիգրանյա՞նը, թե՞… Սա մեր ամոթն է: Մի անձնավորություն էլ հայտարարեց վերջերս, թե եթե Արամ Խաչատրյանի օրհներգն ընդունենք, ամեն հնչեցնելու դեպքում հեղինակային իրավունքի համար պիտի վճարենք: Իսկ ավելի լավ չէ՞ Արամ Խաչատրյանի ընտանիքին վճարել և ունենալ նման օրհներգ, քան թե ունենալ անհասկանալի ինչ-որ բան: Ինչի համար ասես մեծ-մեծ գումարներ են ծախսվում, այս կարևոր նպատակի համար չկա՞:
-Մինչև հիմա այդ գումա՞րն է եղել Արամ Խաչատրյանի օրհներգը մերժելու պատճառը: Առաջին անգամ եմ նման բան լսում:
-Ես էլ էի առաջին անգամ լսում ու շատ զարմացա: Անկախ ամեն ինչից՝ Արամ Խաչատրյանի գրած օրհներգն անքննելի է: Նույնիսկ մրցույթ չի կարելի հայտարարել և այդ օրհներգը համեմատության մեջ դնել որևէ այլ տարբերակի հետ: Ներկայիս ութտակտանոց օրհներգը՝ ներքև իջնող մեղեդիով, զուտ երաժշտական չափանիշներով արդեն իսկ խայտառակություն է, էլ ուր մնաց սրան էլ գումարվի տեքստի բովանդակությունը: Ես հույս ունեմ, որ նոր Հայաստանում էս հարցը վերջապես կլուծվի, որովհետև էնքա՜ն մեծ հարցեր լուծվեցին մի քանի ամսում: Ես մի քանի արտասահմանյան ուղևորություն եմ ունեցել մեր հեղափոխությունից հետո, դրսում մարդիկ ուղղակի շշմած եմ, ֆանտաստիկ են համարում մեր արածը: Բոլորը հարցնում են՝ էդ ո՞նց կարողացաք անել, ո՞նց անենք, որ մեզ մոտ էլ էդպիսի բան լինի: Ես էլ պատասխանում եմ, որ դրա համար պետք է լինեք հայ, ապրեք Հայաստանում, ունենաք մեր երիտասարդների նման երիտասարդություն, մեր ոգին, մեր հոգին... Չեք կարող ուղղակի դուրս գալ փողոց ու ասել՝ մենք էլ ենք ուզում հայերի նման հեղափոխություն անել: ՈՒ էս լուրջ փոփոխություններից հետո օրհներգի հարցում հապաղելը անթույլատրելի է:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 33812

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ