Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

ՀՀ ԱԳՆ-ն, ըստ էության, ստանձնեց... Բուլղարիայի «Սահմանապահ ծառայության» անվճար փաստաբանի դերը

ՀՀ ԱԳՆ-ն, ըստ էության, ստանձնեց... Բուլղարիայի «Սահմանապահ ծառայության» անվճար փաստաբանի դերը
26.08.2024 | 17:27

Ըստ հրապարակված տեղեկությունների, Բուլղարիայում ՀՀ քաղաքացիների իրավունքների խախտումը կրում է համատարած բնույթ:

Ի՞նչ է կատարվում:

ՀՀ քաղաքացիները, ՀՀ տարածքում գործող Բուլղարիայի դեսպանությունից ստանում են Շենգենյան վիզաներ, սակայն նրանց մուտքն այդ երկիր արգելվում է և վերջիններս ստիպված վերադառնում են Հայաստան։

Պատճառաբանությունները տարաբնույթ են`այցելության նպատակի փոփոխություն, հյուրանոցի սխալ ամրագրում, ֆինանսական միջոցների ստուգում և այլն:

Այսօր ՀՀ արտաքին գործերի նախարարություն-ը հայտարարություն տարածեց և, մեծ հաշվով, ՀՀ քաղաքացիներին զգուշացրեց, որ վերջիններս «հանկարծ չխաբեն» դեսպանությանը` չփոփոխեն այցի նպատակը, ժամկետները, հյուրանոցները: Բացի դրանից` ՀՀ ԱԳՆ-ն ՀՀ քաղաքացիներին հորդորեց ... «նախապես ուսումնասիրել տվյալ պետության (Բուլղարիայի) միգրացիոն կանոնները, հստակ գնահատել դրանք խախտելու ռիսկերը և հնարավոր բացասական հետևանքները»։

ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունից տպավորություն է ստեղծվում, որ Բուլղարիա մեկնող ՀՀ քաղաքացիները խաբեբա են և անգրագետ: Վերջիններս, բանուգործը թողած, պետք է ուսումնասիրեն Բուլղարիայի օրենսդրությունը, իսկ ՀՀ ԱԳՆ-ում պետք է գնահատեն նրանց առաջադիմությունը:

Հայտարարությունում ոչ մի խոսք չկա ՀՀ քաղաքացիներին օտարերկրյա պետություններում, մասնավորապես` Բուլղարիայում, պաշտպանելու ՀՀ ԱԳՆ-ի պարտականության մասին: Իսկ պաշտպանության կարիքը կա, քանզի իրականությունն այլ է, մասնավորապես`

1. Գիտի՞ արդյոք ՀՀ ԱԳՆ-ն ՀՀ-ում որոշ եվրոպական դեսպանություններում` Շենգենյան վիզա ստանալու նպատակով, հերթագրվելու, մուտք գործելու և հարցազրույցին մասնակցելու «նրբերանգների» մասին:

2. Գիտի՞ արդյոք ՀՀ ԱԳՆ-ն, թե ինչպես են վարվում ՀՀ քաղաքացիների հետ Բուլղարիայում:

3. ԱԳՆ-ում թվով քանի՞ վարույթ է իրականացվել օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացիների բողոքների, ինչպես նաև մամուլի հրապարակումների հիման վրա: Ինչպիսի՞ ավարտ են ունեցել այդ վարույթները:

Միանշանակ է, որ արտերկրում ՀՀ քաղաքացիների իրավունքները պետք է պաշտպանվեն ՀՀ ԱԳՆ-ի կողմից: Սակայն, այսօր ՀՀ ԱԳՆ-ն, ըստ էության, ստանձնեց... Բուլղարիայի «Սահմանապահ ծառայության» անվճար փաստաբանի դերը:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 1132

Մեկնաբանություններ