ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ՍԵՐԸ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ ՉԷ

ՍԵՐԸ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ ՉԷ
27.10.2009 | 00:00

Աստծո անցած յոթ օրում սքանչելի ու ստոր բազում իրադարձություններ եղան աշխարհում ու Հայաստանում: Անցած շաբաթը` առանց մեկնաբանությունների, միայն մեջբերումներ, որոնց եզրակացությունը թողնում ենք ընթերցողին:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է պաշտպանական դիրքեր և ԼՂՀ: Հոկտեմբերի 22-ին Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցից. «Ավելի շահագրգիռ կողմ, քան Լեռնային Ղարաբաղն է, քան Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն է, չկա: ԵՎ հենց Լեռնային Ղարաբաղն է ցանկանում, որ օր առաջ լուծվի այս խնդիրը: Ես համոզված եմ, որ, իրոք, կան լուծումներ, սթափ լուծումներ: Դրանք կարող են գտնվել միայն այն պարագայում, երբ բանակցող կողմերն իրատեսորեն են մոտենում ստեղծված իրավիճակին, երբ նրանց ակնկալիքներն իրատեսական են: Մենք փնտրում ենք երկարաժամկետ լուծումներ, այնպիսի լուծումներ, որոնք, իրոք, խաղաղություն կբերեն, և այն կլինի տևական: Ես չեմ կարծում, որ ճիշտ է գալ այնպիսի եզրակացությունների, այնպիսի լուծումների, որոնք ինչ-որ մի ժամանակահատվածի համար, միգուցե, կարող են լինել ընդունելի, բայց չեն կարող ապահովել տևական խաղաղություն: Իհարկե, ցանկացած բանակցությունում կողմերից յուրաքանչյուրը ցանկանում է ստանալ առավելագույնը, բայց ես չեմ հասկանում այն, երբ բանակցությունների ընթացքում կողմերից մեկը ձգտում է ստանալ ամեն ինչ, ղեկավարվում է «ամեն ինչ` ինձ» կարգախոսով: Նման պարագայում այդ կողմի համար բանակցությունները կարող են լինել ոչ դուրեկան, և բանակցությունների արդյունքները կարող են չբավարարել, բայց դա արդեն մեր մեղքը չէ: Հիմա մենք ապրում ենք 21-րդ դարում, երբ հնարավոր չէ շատ բան թաքցնել, և այս իրավիճակը տեսնում են շատ-շատերը` ոչ միայն մենք կամ բանակցող կողմերը: Երբ բանակցությունների մեր գործընկերները գան այն եզրակացության, որ պետք է լինի տրամաբանական լուծում, ապա այդ լուծումները հեշտությամբ կարող են գտնվել: Երբ նրանք իրատեսորեն մոտենան խնդրին, և, դեկլարացիաներ անելուց բացի, իսկապես ցանկանան այն լուծել, այդ ժամանակ խնդիրը կլուծվի: Բանակցություններից հետո դժգոհություններ հայտնելը կամ հոխորտալը վերջնական լուծումը որևէ կերպ չի մոտեցնում: Այն, ընդհակառակը, խանգարում է բանակցային գործընթացին, ավելացնում է անվստահությունը»:
ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի հարցազրույցից. «Ես ողջունում եմ պետքարտուղար Քլինթոնի ջանքերը. դուք տեսաք` ինչ կատարվեց Թուրքիայի և Հայաստանի միջև, դուք տեսնում եք` ինչ է կատարվում այժմ մյուս երկարատև ու լուծում չստացած տարաձայնություններում»: «Համագործակցության ոչ թե սերն է դրդում, այլ անհրաժեշտությունն ու կարիքը: Շատ բարդ ժամանակաշրջան է սպասվում, որը վտանգներ է պարունակում, սակայն հնարավորություններն ավելի են, քան վտանգները: Մենք աշխատում ենք մեր բարեկամների հետ Թուրքիայում, Եվրոպայում, Կենտրոնական Եվրոպայի ու Կովկասի երկրներում, որոնք իրական փոփոխությունների առջև են կանգնած»: «Տասը տարի անց այդ տարածաշրջանն իսկական չափորոշիչ է լինելու, քննություն, որով մեր սերունդները որոշելու են` արդյո՞ք մենք հաջողել ենք 21-րդ դարում իրական փոփոխությունների հասնել աշխարհում»: «Մենք փորձում ենք վերաբեռնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն չենք ջնջում անցյալը: Մենք հստակ ընդգծում ենք, որ կա երկու սկզբունք, որոնք քննարկման ենթակա չեն` 1.չպետք է լինեն ազդեցության ոլորտներ, 2.ցանկացած պետություն պետք է անարգել իր որոշումը կայացնի` ցանկացած դաշինքի միանալու շուրջ»:
Հոկտեմբերի 21-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավուդօղլուն խորհրդարանին ներկայացրեց հայ-թուրքական արձանագրությունները. «Տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն փուլ առ փուլ: Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրությունները կարագացնեն ղարաբաղյան խնդրի կարգավորումը»: «Տարածաշրջանում ստատուս-քվոյի պատճառով Ադրբեջանի հողերը 17 տարի օկուպացված են, մյուս կողմից` Հայաստանը տարեցտարի ավելի աղքատ է դառնում, բնակչությունը լքում է երկիրը: Մենք պետք է փոխենք այդ իրավիճակը»: «Ո՛չ Հայաստանը, ո՛չ որևէ այլ երկիր չի կարող համարձակվել պահանջ ներկայացնել Թուրքիայի տարածքների վերաբերյալ, և Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունները երաշխավորում են դա»:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավուդօղլուն հոկտեմբերի 22-ին Բաքվում էր. «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը մեզ համար նույնքան կարևոր է, որքան Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, և մեզ համար դա ռազմավարական առաջնահերթություն է»: «Ե՛վ արձանագրությունները ստորագրելու օրը, և՛ դրանից առաջ, և՛ հետո մենք ամբողջ աշխարհին հայտարարել ենք, որ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները կնորմալանան, եթե տարածաշրջանում սկսվի նորմալացման լայն գործընթաց: Դա նշանակում է, որ պետք է լուծվի հայ-ադրբեջանական հակամարտությունը»:
Հոկտեմբերի 21-ին ԱՄՆ-ի Սենատին հայամետ օրենսդիրներ Ռոբերտ Մենենդեսը և Ջոն Էնսայնը ներկայացրին Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի նոր նախագիծ:
«Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպությունը հրապարակել է մամուլի ազատության 2009 թվականի ցուցիչը. Հայաստանը 111-րդ տեղում է, 2008-ին 101-րդն էր:
Հոկտեմբերի 22-ին ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի հետ, հեռուստակապով նրանց միացել է Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Էրդողանը, քննարկել են «Հարավային հոսք» գազատարի կառուցումն արագացնելու հարցեր:
Դեղերը թանկացել են եվրոյի կտրուկ թանկացման հետևանքով: Առաջին և երկրորդ կարգի հաշմանդամները, զոհված ազատամարտիկների ընտանիքները կարող են անվճար օգտվել դեղերի հատուկ ցանկից:
Հոկտեմբերի 25-ին օրն ուներ 25 ժամ` անցանք ձմեռային ժամանակի:
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 1677

Մեկնաբանություններ