ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«ՄԵՆՔ ՉՈՒՆԵՆՔ ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ»

«ՄԵՆՔ ՉՈՒՆԵՆՔ ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ»
13.11.2009 | 00:00

…և ոչ միայն մշակույթի մասին
«Իրավունքը de facto»-ի հյուրն է գրող, արվեստաբան ՌՈՒԲԵՆ ԱՆԳԱԼԱԴՅԱՆԸ
«ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՏԵՍՆԵԼ «ՌԵԱԼ ՌԵԱԼՈՒԹՅՈՒՆԸ»
-Պարոն Անգալադյան, Դերենիկ Դեմիրճյանի «Հայը» էսսեի թեմայով գրված Ձեր` «Հայից՝ 89 տարի անց» վերլուծության մեջ նկատում եք, որ մենք պիտի որակական թռիչք կատարենք առաջնորդի ընտրության հարցում: Կարծում եք, որ մեր քաղաքական դաշտում կան արժանի առաջնորդներ, ու մե՞նք է, որ չենք կարողանում ճիշտ ընտրություն կատարել:
-Այո՛, այդպես եմ կարծում: Քաղաքականության մեջ և արվեստի բնագավառում աշխատող մեխանիզմները խիստ տարբեր են: Արվեստագետը կարող է նստել տանը, զբաղվել իր գործով, կատարելագործել կամ սպանել իր շնորհները: Իսկ քաղաքականության մեջ, պետական, մանավանդ ազգային խնդիրների պարագայում, իրավիճակները ստեղծում են հանգուցային կետեր, որտեղ պիտի ծնունդ առնեն լիդերները: Բայց մեր ազգը չի կարողանում ճիշտ գնահատական տալ մարդուն: Մենք ընտրում ենք զորավար` ելնելով փողոցային կռվի օրենքներից: Մենք պետք է իրատեսորեն ըմբռնենք կյանքը, կարողանանք տեսնել «ռեալ ռեալությունը», այնինչ մեր հարաբերությունները դեֆորմացված են, չափանիշները` խախտված:
-«Ծառ, որը չկա» գրքի «Ծածկած շուկա» էսսեում գրում եք. «Տեսնել և զգալ տեսածը` տրված է քչերին, իսկ տեսնել և գնահատել` ընտրյալներին: Կան ժողովուրդներ, որոնք չեն կարողանում գնահատել իրենց այս կամ այն առավելությունը»: Ըստ Ձեզ` մենք` հայերս, վերջինների թվի՞ն ենք դասվում:
-Այո՛: Մեզ նման պետություններ և ազգեր էլի կան: Բայց երբ այդ երկրներում լինում են պետական ցնցումներ, դրանք ցույց են տալիս, որ ժողովուրդը բողոքում է այդ իրավիճակի դեմ, թեև դեռ չի գտել հասարակարգի ճիշտ մոդելը, բայց ուզում է գտնել, ձգտում է դրան` դիմելով ծանրագույն քայլերի: Բոլորն են սխալվում, մանավանդ` ժողովուրդները: Չեն սխալվում նրանք, ովքեր զգում են «ռեալ ռեալությունը», ովքեր ունեն գիտելիք: Մենք պիտի հենվենք այդպիսի անհատների վրա: Բոլոր զարգացած հասարակություններն ունեն այդպիսի մի շերտ, որը ծնում, դաստիարակում է լիդերներ: Մենք այդ շերտը չունենք: Հակառակը, դարերի ընթացքում պետականությունը կորցրած լինելով (իսկ կորցրել ենք, որովհետև չենք ըմբռնել «ռեալ ռեալությունը»), մենք չենք հասկացել, թե ում պիտի ընտրենք առաջնորդ, ինչ խնդիրներ պիտի առաջ քաշենք, ովքեր պիտի լուծեն այդ խնդիրները: Մենք ամեն ինչ մոտավորապես ենք պատկերացնում: Եթե, ասենք, պիտի որոշակի ճանապարհ անցնենք ինքնաթիռով, նրա ղեկին նստեցնում ենք ավտոբուսի վարորդի (թեկուզ և շատ հմուտ վարորդի)։ Որքանո՞վ անվտանգ և արագ կանցնենք այդ ճանապարհը: Մենք սխալ ենք ընտրում մեթոդոլոգիան: Մեր պառլամենտը ճիշտ այս վիճակում է. ընդունում են օրենքներ` չիմանալով, թե իրենք ինչ հասարակության մեջ են ապրում: Մեր պատգամավորներից մեկը, ասենք, կարդացել է, որ Բելգիայում կամ Չեխիայում այսինչ օրենքը շատ լավ գործում է (այն, որ նա գիրք է կարդացել, արդեն արտառոց բան է), ուրեմն այդ օրենքն անվերապահորեն պետք է ընդունել ու կիրառել Հայաստանում, որովհետև Բելգիան ու Չեխիան Եվրոպա են, ու մենք պիտի գնանք նրանց ճանապարհով:
«ՄԵՐ ՊԱՌԼԱՄԵՆՏԸ ՉԳԻՏԻ, ԹԵ ԻՆՉ ԺՈՂՈՎՈՒՐԴ Է ՂԵԿԱՎԱՐՈՒՄ»
-«Ինքնամփոփ համակարգերի վեհությունը» էսսեում գրում եք. «Հայերն իրենց աշխարհընկալումով, աշխարհայեցողությամբ եվրոպակենտրոն են, թեև աշխարհզգացողությամբ ավելի շատ արևելյան ժողովուրդ են»: Ըստ Ձեզ, մեզ համար ավելի ճիշտ է Արևելքի՞ն ընդօրինակել:
-Ո՛չ: Ոչ մեկին չպետք է ընդօրինակենք: Մենք մերը պիտի ստեղծենք: Երբ կոստյում են կարում, նախ` պիտի հասկանան, թե ինչ հասակ ունեն, ինչ կառուցվածքի տեր են, որպեսզի կարողանան ճիշտ կոստյում պատվիրել և հայելու մեջ նայելիս իրենք իրենց դուր գան: Մեր պառլամենտը չգիտի, թե ինչ ժողովուրդ է ինքը ղեկավարում, ինչ ժողովրդի համար է օրենքներ ստեղծում: Այն օրենքները, որ փորձում է սահմանել` մեր կյանքից ելնելով, խիստ պարզունակ են: Օրենքներ էլ կան, որ պարտադրվում են Եվրոպայի կողմից: Եվ արդյունքում ստացվում է մի շիլաշփոթ: Եվրոպան իր խնդիրներն այս ձևով լուծում է: Բա որտե՞ղ ենք մենք` մեր խնդիրներով: Մենք պիտի կուտակենք այնքան գիտելիք, որպեսզի կարողանանք մերը ստեղծել: Ստացվում է, որ մենք ազգովին չենք կարողանում ըմբռնել, թե ինչ է մեզ պետք: Եվ կորուստներն այս պատճառով անչափելի են: ՈՒ ամենակարևոր կորուստը ժամանակի կորուստն է: Բաներ կան, որ պիտի ժամանակի մեջ լուծվեն: Եթե մենք ժամանակին ճիշտ չվարվեինք, Ղարաբաղի խնդիրը չէինք լուծի: Այդ հարցն անգամ չէր բարձրանա, ուր մնաց` լուծվեր: Սովետական կայսրությունը կփլուզվեր, ու մենք ուղղակի կմնայինք փլատակների տակ:
-Կարծում եք, որ մենք Ղարաբաղի խնդիրը լուծել-ավարտե՞լ ենք:
-Ես և մի շարք լուրջ մտավորականներ կարծում ենք, որ այդ հարցում կարող ենք անզիջում լինել ու հաղթել: Նկատի ունեմ ոչ միայն դիվանագիտական, այլև ֆիզիկական, քաղաքական, տնտեսական, հոգեբանական, ինտելեկտուալ հաղթանակը: Մենք պետք է բարձրացնենք ազգը, նպաստենք նրա աճին: Ազգի հարցերը «ազգային ջոջերը» չեն լուծում, ազգն ինքն է լուծում: Մենք պիտի հասկանանք, որ ազգի ամբողջական մարմնին վերաբերող հարցերը պիտի ազգովին լուծենք: Ե՛վ այդ խնդիրները, և՛ դրանց լուծումները մեր մեջ են: Հաճախ ղեկավարը, կամ ղեկավարների խումբը, անտեսում է ճիշտ լուծումը: Մենք պատմության ընթացքում քիչ չենք հանդիպել նման փաստերի:
-Խորհրդային կայսրության փլուզման, արցախյան պատերազմի թոհուբուհում ազգի գտած լուծումներից մեկն այն էր, որ մարդիկ լքեցին Հայաստանը: Ձեր կարծիքով` այդ համատարած արտագաղթը շա՞տ խանգարեց ազգային գլոբալ խնդիրների լուծմանը, թե՞ գնացողներն այն զանգվածն էին, որի ներկայությունը Հայաստանում մեծ բան չէր փոխելու խոշոր հաշվով:
-Գնացել են երկու տիպի մարդիկ: Մարդիկ, որոնք ի սկզբանե որոշել էին գնալ` անկախ Սովետական Միության փլուզումից: Այդ փլուզումը պարզապես օգնեց նրանց` իրագործելու վճիռը: Նրանք զայրացած էին սովետահայ հասարակության դեմ: Երկրորդ խմբում այն մարդիկ էին, որոնք տեսնում էին, որ «շուկայում» երկու ապրանք է վաճառվում. մեկը` մնալ, ուղղել վիճակը, ստեղծել նորմալ, արդար երկիր, մյուսը` գնալ, մխրճվել օտարի համակարգ, այնտեղ գտնել որոշակի հաջողություն և ապրել այդ հաջողության մեջ: Այդ մարդիկ գնում էին` ասելով. «Այստեղ երբեք լավ չի լինի»: Չէին հավատում, որ հայ ժողովուրդը կարող է լինել արդար, ճիշտ գնահատական տալ երևույթներին: Ես էլ չեմ հավատում, բայց, ի հեճուկս պարագաների, նստել եմ այս երկրում ու չեմ պատրաստվում գնալ` չնայած դրսում ունեցած իմ հաջողություններին: Իսկ հաջողությունը փողի չափով չի որոշվում, որոշվում է քո ընդունվածության, քո էության, կուլտուրայի գնահատվածության աստիճանով: Հայաստանը լքող այս երկու խմբերը տեսան, որ իրենց գնալը ճիշտ էր: Գնացածների առաջին խումբը հիմնականում նախընտրել է ապրել Ամերիկայում և Եվրոպայում, երկրորդը` Ռուսաստանում: Բայց այդ մարդկանց մեջ գործում է նոստալգիկ սինդրոմը: Դրսում միշտ հարց է ծագում` դու ո՞վ ես: Դրսում ամեն մեկն իր ազգն է պաշտպանում, ու հանկարծ այդ մարդիկ հասկանում են, որ իրենք հայ են: Շատերն այդպես են դառնում հայ: Այս հետադարձ կապերը շատ ուժեղ են նստած մեր ազգի մեջ: Դրսում հաջողությունների հասածները գիտեն, թե ինչ դժվարությունների մեջ են այստեղ մնացած իրենց հարազատները: Եվ այն խորհրդանշական 100-150 դոլարները, որ նրանք ուղարկում են Հայաստան, խոսում են մեր ազգի լավագույն հատկանիշների մասին: Բայց այսպիսի ապրելակերպով մենք միայն քարշ ենք գալու պատմության մեջ, միայն գոյատևելու ենք: Զարգացման, ազգի, պետության կայացման խնդիրն այս ձևով չի լուծվում: Ես զարմանք էի ապրում, երբ Ռոբերտ Քոչարյանն իր երկիրը լքող քաղաքացիների մասին ասում էր, թե թող գնան, փող աշխատեն, հետո այդ փողերով վերադառնան Հայաստան: ՈՒ ժողովուրդը շատ նորմալ ընդունեց այս մոտեցումը: Ինձ համար անըմբռնելի է, թե ինչպես կարող է երկրի պրեզիդենտն այդպիսի բան ասել: Քեզ այդ մարդիկ ձայն են տվել, ու հիմա թողնում-գնում են: ՈՒրեմն, դու լավ չես ղեկավարում: Դու այս երկրի գարանտն ես, ու պիտի խոստովանես, որ բոլոր մեղքերը քո մեջ են, ոչ թե խրախուսես գնացողներին:
«ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԸ ՄԵՐ ՄԵԾԱԳՈՒՅՆ ԹԱՏՐՈՆՆ Է»
-Ի դեպ, Դուք կարծում եք, որ երկիրը լքում են ոչ թե երբ հեռանում են, այլ երբ որոշում են հեռանալ: Այսօր նման որոշում կայացնողները շա՞տ են մեզանում:
-Ո՛չ: Իմ կարծիքով, մոտ երկու տարի է, որ Հայաստանի հասարակությունը կազմավորվում է: Մինչ այդ` 1990-ականներից մինչև 2006-07 թվականները, մեր հասարակությունը բզկտված էր: Գնում էին բոլոր շերտերից, կապերը կտրվել-պոկվել էին, ու ազգի համընդհանուր պատկերը շատ արյունոտ, դաժան տեսք էր ստացել: Այդ վերքերը բուժում էին պահանջում: Մարդիկ պատահականորեն չեն գնում, նրանց գնալուց հասարակությունը մեծ սթրես է ապրում: Բայց այսօր մենք տեսնում ենք մարդկանց որոշակի քանակ, որ հետ է գալիս: Մեր օդանավակայանը դառնում է մի զարմանալի թատրոն: Դա մեր մեծագույն թատրոնն է: Մի կողմում առաջին անգամ Հայաստան եկած մարդիկ են` հիացած, երազանքների մեջ, կարոտած: Մյուս կողմում` փախչողներն են` իրենց տունը, հուշերը, շիրիմները թողած մարդիկ: Հանդիպում են հիացողներն ու զզվածները: Մեկը երանության մեջ Մասիսն է փնտրում, այնպիսի տուն է գնում, որ անպայման պատուհանից Մասիսին նայի, իսկ մյուսը չի էլ ուզում Մասիսը տեսնել, եթե ձեռքին ճար լինի, մի մեծ վարագույրով կփակի բոլոր պատուհանները, որ Մասիսը ոչ մի տեղից չերևա: Այս թատրոնը, այս ոչ տոկունությունն ինձ համար անընդունելի են: Ինձ համար հիացմունքի են արժանի այնպիսի մարդիկ, ինչպիսիք են Գաֆեսճյանը, Քըրք Քըրքորյանը, Գալուստ Գյուլբենկյանը: Երևանն աշխարհի այն քիչ քաղաքներից է, որոնք կոչվում են մայրաքաղաք: Երևանի սրտում ստեղծել թանգարան, ինչպես արեց Գաֆեսճյանը, մեծ պատիվ է: Չմոռանանք, որ Երևանը հնագույն ազգի մշակույթի մայրաքաղաքն է: Ոչ բոլոր մայրաքաղաքներն են մշակույթի մայրաքաղաք (օրինակ, Վաշինգտոնն այդպիսին չէ): Ես ուրախ եմ, որ Գաֆեսճյանը բերում է բոլորովին նոր մշակույթ, և մենք մեր քաղաքում կունենանք այդ օտար մշակույթի չափանիշները: Սա շատ կարևոր է: Իսկ ինչ վերաբերում է այն մարդկանց, ովքեր այստեղ տներ են գնում, և մեր երկրի տնտեսությունն ինչ-որ տեղ հենվում է դրանց վրա, սա անընդունելի է: Երբ ճգնաժամը կտրեց մեր տնտեսությունից այդ աղբյուրը, մենք ուղղակի կանգնեցինք կոտրած տաշտակի առջև: Մենք, ցավոք, մինչև հիմա չգիտենք, թե ինչպիսին պիտի լինի Հայաստանի տնտեսությունը: Չգիտենք, թե ինչպիսի պետություն ենք կառուցում: Մեր հեռանկարները հստակ չեն: Մեր բոլոր իշխանությունները հարցեր են լուծել: Մարդը միշտ հաշվից դուրս է եղել: Այնինչ հենց մարդը, մարդու ազատությունը, էներգիան, գիտելիքն են ազգային պետության հիմքը: Եթե մեր քաղաքում տասը հազար ժպիտ ավելանա, ազգի ստեղծագործական էներգիան քանի՜ անգամ կբազմապատկվի: Մենք նման բաներին ուշադրություն չենք դարձնում: Էստեղից-էնտեղից ինչ-որ բան թռցնելով` ապրում ենք: Թռցնելով չի լինում: Մեր դեմ մի ամբողջ համակարգ է` աշխարհը: ՈՒ մենք դրա դեմ ենք պայքարում: Մենք այդ համակարգ մտնելու, նրա խաղի կանոններն ըմբռնելու խնդիր ունենք: Մենք պիտի լինենք այն պետությունների հետ, որոնք սիրում են իրենց քաղաքացիներին, հարգում են ժողովրդին: Գոյություն ունի հարաբերությունների երեք համակարգ` ընտանիք, հասարակություն, պետություն: Տարբեր երկրներում այս երեք համակարգերը տարբեր հարաբերակցության մեջ են: Ռուսների մոտ, օրինակ, ընտանիքն ավելի թույլ է, քան հասարակությունը, հասարակությունն ավելի թույլ է, քան պետությունը: Ամենաուժեղ կետը պետությունն է: Հրեաների մոտ ընտանիքն ավելի թույլ է, քան հասարակությունը` ժողովուրդը, ժողովուրդն ավելի ուժեղ է, քան Իսրայելը` պետությունը: Զարգացած Եվրոպայում ընտանիքն ավելի թույլ է, քան հասարակությունը, հասարակությունը հավասարազոր է պետությանը: Գոյություն ունի նորմալ պետություն, որն ստեղծել է հենց այդ հասարակությունը: Հեշտ չի ստեղծվել, ցնցումներ են եղել, սխալներ են եղել, բայց մենք այդ փորձից կարող ենք օգտվել, չէ՞: Չե՛նք ուզում օգտվել: Մեզ մոտ ամենաուժեղն ընտանիքն է, նրանից ավելի թույլ է հասարակությունը, իսկ ամենաթույլ օղակը պետությունն է: Դրա համար էլ մեր ազգի արժանիքների մասին խոսելիս հիշատակում ենք անհատներին: Մեզ մոտ չենք կարող որևէ կազմակերպության, որևէ կառույցի անուն նշել: Արա Աբրահամյանը ստեղծել է Հայերի համաշխարհային կոնգրեսը, բայց մենք նրա անունն ենք տալիս, որովհետև կոնգրեսը, որպես այդպիսին, չենք ընկալում: Մեր ազգը պետք է տոկուն լինի, հետևություններ անի այսպիսի բաներից: Եթե մենք չենք համարում, որ ամենաուժեղը բարի մարդն է, ոչ թե խեղճը, հեզը, խելոքը, որի ձեռքին ոչինչ չկա, չենք կարող մեր սխալներից հետ կանգնել: Բարին է ուժեղը, ով կարող է և չարություն անել, բայց չի անում, բարություն է անում: Մեր ազգն է հնարել, թե շատ կարդալուց խելագարվում են: Մեզ մոտ բիզնեսմենը, աչքաբացը, խաբողն է հեղինակություն: Բայց մոռանում են, որ հաջողակ բիզնեսմենը խելքով է հասել հաջողության, ոչ թե ճարպկությամբ: Կան և պատահական հաջողակներ: Օրինակ` Օնասիսը պատահականորեն թութունը տարել է Արգենտինա, տեսել է, որ մարդիկ հաճույքով ծխում են, ու էդպես դարձել է բիզնեսմեն: Իսկ Գյուլբենկյանը, Ալեք Մանուկյանը, Քըրքորյանն իրենց խելքին, կամքին զոռ տալով, ճշգրիտ հաշվարկներով են հասել հարստության: ՈՒ ամերիկյան հասարակությունն էլ, ապահովելով հավասար պայմաններ և ազատություն բոլորի համար, տվել է այդ հնարավորությունը: Մի բան, որ մեզ մոտ գոյություն չունի: Մենք տաղանդավոր մարդուն չենք գնահատում` սկսած ինստիտուտ ընդունվելուց, վերջացրած խորհրդարանի, նախագահի ընտրություններով: Նայեք, թե ովքեր են եղել մեր գիտությունների ակադեմիայի հետխորհրդային նախագահները, իսկ նայեք, թե ում են ընտրել «սխալ հասարակարգի» պայմաններում` Օրբելուն և Համբարձումյանին: Սրանից հետո էլ ինչի՞ մասին խոսենք: Մենք հաճախ սխալ քայլեր ենք անում ոչ թե այն պատճառով, որ ուզում ենք սխալվել, այլ որովհետև ճիշտ քայլերը չգիտենք: Դաստիարակված չենք, չունենք համակարգված մտածողություն: Մարդիկ փողոցն անցնում են` որտեղից պատահի, տրանսպորտից իջնում են` որտեղ իրենց հարմար է: Ֆիզիկական օրենքներն էլ հաշվի չեն առնում: Մենք չենք հասկանում, որ սա քաղաք է, քաղաքը համակարգ է, համակարգն ունի իր օրենքները: Հայը չի ուզում հաշվի առնել այս օրենքները, նա իր վրա է կենտրոնացած, խիստ էգոցենտրիկ է, ինքն իր վրա է հույս դնում: ՈՒ այդպիսիք են բազմանում, ապրում մեզանում: Մարդիկ, ովքեր ընդհանուրի մեջ են տեսնում իրենց հաջողությունը, ովքեր հասկանում են պետականության կարևորությունը, քիչ են: Վերջիններս կա՛մ հայտնվում են խաղից դուրս վիճակում, թողնում-գնում են երկրից, կա՛մ մնում են ներսում ու ընտանիք չեն կազմում, գենը չի շարունակվում: Փոխարենը շատանում են «եղունգ ունես, գլուխդ քորի», «լավություն անողի գլուխը ծակ է» փիլիսոփայության կրողները:
Զրույցը վարեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1511

Մեկնաբանություններ