ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Այն հանգամանքը, որ Ադրբեջանն այսօր գզրոցներից նորից հանել է քիվեստյան առաջարկները, նշանակում է` տեղապտույտի մեջ է»

«Այն հանգամանքը, որ Ադրբեջանն այսօր գզրոցներից նորից հանել է  քիվեստյան առաջարկները, նշանակում է` տեղապտույտի մեջ է»
27.07.2010 | 00:00

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԸ

-Օրերս Հաագայի դատարանում որոշում ընդունվեց, որը, ըստ մեկնաբանությունների, ազգերի ինքնորոշման իրավունքին գերակայություն տվեց տարածքային ամբողջականության իրավունքի նկատմամբ: Ինչպե՞ս դա կարող է անդրադառնալ ԼՂ հակամարտության հարցում:

-Հաագայի դատարանն ընդունեց շատ կարևոր որոշում` հաստատեց, որ 21-րդ դարում միակողմանի անկախության հռչակման հիման վրա պետության գոյությունը կարող է համապատասխանել միջազգային իրավունքի նորմերին: Այդ որոշումն ունի երկու նշանակություն ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի համար` իրավական և քաղաքական: Իրավական` դատարանն ընդունում է, որ միջազգային իրավունքի նորմերին չի հակասում ինքնորոշվող պետության ստեղծումը, հակառակ նրա, որ նախկին մետրոպոլիան` մայր երկիրը, չի ճանաչում նրա անկախացման իրավունքը: Քաղաքական` Հաագայի դատարանն ընդունեց, որ ալբանական ազգը կարող է ինքնորոշվել երկու պետության մեջ և ունենալ երկու պետականություն: Սա պատասխանն է ադրբեջանական քարոզչության այն պնդումներին, թե հայերը մեկ անգամ արդեն ինքնորոշվել են Հայաստանի Հանրապետությունում, պետություն ունեն և նոր պետություն նրանց պետք չէ տալ: ՈՒզում եմ հիշեցնել, որ թուրք ազգն ինքնորոշվել է երկու պետության մեջ` «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով, Թուրքիան, Ադրբեջանը մի չճանաչված պետություն էլ ունեն Հյուսիսային Կիպրոսում:

-Ո՞րն է դառնում մեր խնդիրը:

-Բանակցային գործընթացին չհակառակվելով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման իրավական քննարկումներ ծավալել ֆորմալ և ոչ ֆորմալ ատյաններում` սկսած այն միջազգային կազմակերպություններից, որտեղ Հայաստանը ներկայացված է (ԵԱՀԿ, ԵԽԽՎ, ՆԱՏՕ, Եվրախորհրդարան և այլն), վերջացրած համալսարաններով, վերլուծական կենտրոններով, այն բոլոր ամբիոններով, որտեղ կարելի է բարձրացնել և քննարկել ԼՂՀ անկախացման պատմությունը` սկսած 1991 թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեից: ԽՍՀՄ-ի փլուզումից երկու շաբաթ առաջ անցկացվելով` հանրաքվեն, որի իրավական հիմքերն անթերի են, ամբողջովին համապատասխանել է գործող օրենսդրությանը, ի տարբերություն նախկին ԽՍՀՄ-ի տարածքում անցկացված այլ հանրաքվեների, որոնք տեղի են ունեցել արդեն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո:

-Կարծում եք` հիմա ժամանա՞կն է տարբեր ատյաններում ԼՂՀ անկախության ճանաչման հարցը բարձրացնելու:

-ԵԱՀԿ-ում, օրինակ, վաղուց հասունացել է ԼՂՀ ներկայացուցիչներին որպես դիտորդ ներգրավելու անհրաժեշտությունը, ոչ քվեարկության իրավունքով, բնապահպանության, առողջապահության, կրթության, մշակույթի, հումանիտար ոլորտի համագործակցության հարցերի քննարկումներում: Առարկում է միայն Ադրբեջանը, որովհետև բոլորը հասկանում են, որ տարածաշրջանի բնապահպանությունից հնարավոր չէ խոսել` առանց լսելու ԼՂՀ ներկայացուցչի ձայնը, քննարկել անդրսահմանային խնդիրները` առանց հակամարտության գոտու ներկայացուցիչների, որոնք մի քանի հազար քառակուսի կիլոմետր տարածք են վերահսկում: Հարցի տեսական ընկալումը միջազգային հանրությունն ունի, կա ֆորմալ խոչընդոտ` ԵԱՀԿ-ն սուվերեն պետությունների կազմակերպություն է, իսկ Ղարաբաղը հավասարազոր չէ մյուս պետություններին և ճանաչված չէ:

-Կոսովոյի ճանաչումը նկատի ունենալով, եթե սկսում ենք ԼՂՀ ճանաչման գործընթացը, ի՞նչ քայլեր պիտի անենք, և ի՞նչ է դա մեզ տալու:

-ԼՂՀ ճանաչումը ՀՀ-ի կողմից, իմ կարծիքով, դեռ վաղ է: Ճանաչումը պետք է նպատակահարմարությամբ պայմանավորվի: Մենք բանակցում ենք ԵԱՀԿ շրջանակներում Մինսկի խմբի ձևաչափով, եթե այսօր միակողմանիորեն ճանաչենք ԼՂՀ-ն, ինչի՞ շուրջ ենք բանակցում: Բանակցությունները կարող են ձախողվել: ՄԽ վերջին առաջարկությունները, արտգործնախարարների հայտարարությունները Ալմաթիում պարզորոշ ցույց են տալիս, որ Հայաստանի և ԵԱՀԿ դիրքորոշումները նույնական են: 16 տարում Հայաստանը նման հաջող փաստաթուղթ, որպես բանակցությունների հիմք, չի ունեցել: Հիմա Ադրբեջանը պիտի ասի` այո կամ ոչ: Եթե ասի` այո, նշանակում է` ընդունում է, որ այդ հիմքերը քննարկման նյութ են, ինչը հակասում է նրանց ազգային տեսլականին, որ Ղարաբաղը պիտի հետ բերեն և լավագույն դեպքում ինքնավարություն տան իրենց կազմում, փախստականները պիտի վերադառնան, հայկական զորքերը պիտի հեռանան բոլոր տարածքներից: Եթե ասի` ոչ, ինչպես է իր «ոչ»-ը հիմնավորելու: Մեր քաղաքականությունն այսօր մեզ չի հակադրում աշխարհի ուժային կենտրոններին` Ռուսաստանին, ԱՄՆ-ին, ԵՄ-ին: Եթե այս կուրսը շարունակվի, լեզվով բացատրելի, գլխով մտածելի բոլոր պրոբլեմների պատասխաններն Ադրբեջանից պիտի ակնկալվեն:

-Մադրիդյան նորացված սկզբունքներն ինչպե՞ս է հասկանում Հայաստանը, և ինչպե՞ս է հասկանում Ադրբեջանը, ակնհայտ են նույն տեքստի տարընթերցումները:

-Վերջերս Օսլոյում առիթ ունեցա զրուցելու ադրբեջանցի պատգամավորների հետ և 15 րոպեից հասկացա, որ նույնը ասելով` մենք լիովին տարբեր իմաստներ ենք դնում: Իրենք ասում են` հանրաքվե ամբողջ Ադրբեջանում, որովհետև դա է իրենց Սահմանադրության պահանջը, մենք ասում ենք` մետրոպոլիան չի կարող որոշել ինքնորոշվող ազգի ճակատագիրը, 8 միլիո՞նը պիտի որոշի` 150000-ին անկախություն տալ, թե ոչ: Պարզ է, որ ոչ: Մենք համոզված ենք, որ հանրաքվեն պետք է լինի լոկալ և այն տարածքում, որն ինքնորոշման խնդիր է բարձրացրել: Նրանք ասում են` զորքերը դուրս բերեք: Մենք ասում ենք` որտեղի՞ց: Լաչինից, Քելբաջարից: Մենք ասում ենք` ինչպե՞ս, որ մի արագ գործողությամբ նոր ցեղասպանությո՞ւն անեք: Իրականում, փոխզիջում ասելով, մենք ու Ադրբեջանը բոլորովին տարբեր պատկերացումներ ունենք, նույնիսկ բանակցելու ցանկության պարագայում խորքային լուծումներ դեռ գոյություն չունեն: Այս պայմաններում կոնֆլիկտոլոգիայի տեսության մեջ գոյություն ունի զրոյական լուծումից խուսափելու ձև` սառեցում:

-Այսինքն` ի՞նչ, բանակցությունների դադա՞ր:

-Սառեցումը չի նշանակում դադար, ընդհակառակը` նշանակում է ինտեգրում, վստահության միջոցների ձևավորում, տարածաշրջանային մեծ ծրագրերում համատեղ ընդգրկում: Բոլոր այս հարցերում մենք ունենք միանգամայն կառուցողական մոտեցում: Մենք ասում ենք` Ադրբեջանի հետ պատրաստ ենք տարածաշրջանային ծրագրերին մասնակցելու ցանկացած ձևաչափով, Ադրբեջանն ասում է` ոչ, մենք Հայաստանի հետ համագործակցության չենք գնա, մինչև Ղարաբաղի հարցը չլուծվի, մինչև զորքերը դուրս չբերվեն: Ադրբեջանցիներն ասում են` մեր հողը տվեք մեզ, բայց դա իրենց հողը չէ, և բոլորն են հասկանում, որ իրենց հողը չէ: Վերջին հաշվով` վաղուց կարող էին ասել` ձեր հողն է, գնացեք, վերցրեք, որը պատերազմ է նշանակում: Իսկ պատերազմը հարցի լուծում չէ: Տարածաշրջանը որքան զարգանում է, այնքան մեծանում են ռեսուրսները, օտարերկրյա ներդրումները: Ադրբեջանի տնտեսական զարգացումը թույլ չի տալիս վտանգել այդ ներդրումները: Դրանք իրական պրոբլեմներ են, մեծ ուժային կենտրոնների ղեկավարներն այդ պատճառով են հանդես գալիս ուժի կիրառումը բացառելու սկզբունքով: Վերջին 20 տարում տարածաշրջանում կատարված ներդրումները ոչ ոք չի ուզում ռիսկի ենթարկել: Պատերազմը վտանգելու է Հարավային Կովկասի անկախ պետությունների պետականությունն ու ահավոր սպառնալիք է ստեղծելու իբրև թեժ կետ, ինչն աշխարհին այսօր բոլորովին պետք չէ:

-Իսկ աշխարհին այս հարցի լուծումը շա՞տ է պետք:

-Այսօր ԵԱՀԿ-ում կա իրական, անկեղծ ընկալում, որ 3 հիմնարար սկզբունքներն իրար չեն հակասում, և այս հարցը կարող է լուծվել բարեկամության հիմքի վրա, ինչպես ԵԱՀԿ առաջին կոմիտեի իտալացի զեկուցողն ասաց Օսլոյում` այս կարգի հարցերը պետք է փորձել լուծել համերաշխության ոգով: Պետք է աշխատել, մինչև այդ ոգին գերակայի:

-Կա բանակցությունների կոնկրետ գործընթաց, կան կոնկրետ հանդիպումներ արտգործնախարարների, նախագահների, համանախագահների ձևաչափերով, կան հռչակագրեր, հայտարարություններ` Մայնդորֆից Կանադա, որոնք բոլորովին համահունչ չեն միմյանց: Բանակցային վիճակը և աշխարհի ակնկալիքները խիստ տարբեր են, ինչո՞ւ: Ի վերջո, հակամարտությունը լուծման ի՞նչ հեռանկար ունի:

-Փոխադարձ զիջումներ ասելն իրական զիջումներ է ենթադրում: Փոխադարձ զիջման համար հայ ժողովուրդը շատ կարևոր որոշում է ընդունել` Ղարաբաղի և Հայաստանի միավորման տեսլականից հրաժարում` հօգուտ ԼՂՀ անկախության: Սա շատ լուրջ զիջում է, մեր ազգային գաղափարախոսության և մտածողության մեջ հարևանների հետ իրական կոնսենսուսի ստեղծման նախադրյալ: Մեր հարևաններն ասում են, որ զիջումը Ղարաբաղն ամբողջովին իրենց վերադարձնելն է, նրա ինքնավարության շրջանակները մեծացնելը: Դա զիջում չէ, դա արդեն եղել է: ԽՍՀՄ-ում ԼՂԻՄ-ն ունեցել է հատուկ կարգավիճակ. 1989-1990 թթ. հատուկ կարգավիճակը դրել է ուղղակի Մոսկվայի ենթակայության տակ, այդ կարգավիճակը ոչնչով պակաս չէր Հայաստանի կամ Ադրբեջանի ռեալ կարգավիճակից: Սա անցած փուլ է, նահանջի, իրերը նախկին վիճակի բերելու ևս մեկ փորձ է: Մենք պետք է լավ հասկանանք, որ հարցը հիմա չենք լուծում, հիմա պետք է հարցի լուծման բանակցային գործընթացի հիմքերը հստակենք` այն փաստաթուղթը, ինչի վրա պիտի գործընթացը կազմակերպվի: Մենք պիտի հասկանանք, որ հիմա, երբ մենք ու ադրբեջանցիները նստում ենք բանակցությունների, թեպետ ժպտում ենք իրար, խոսում ենք տարբեր լեզուներով, ոչ մի հարցում իրար չենք հասկանում, որովհետև չկա վստահության մթնոլորտ: Այս պայմաններում հնարավոր չէ առաջ մղել հաշտեցման գործընթացը, ընդամենը պետք է բանակցել և մտածել վստահության միջոցների ձևավորման մասին: Վստահության միջոցները կարող են ձևավորվել, երբ համաձայնության գանք բանակցությունների հիմքի մասին: Կարգավորման ամբողջական մեխանիզմին վերաբերող փաստաթուղթն է դեռ օրակարգում, դրանից առաջ անցնելը նշանակում է ամեն ինչ խճճել և հանգեցնել զրոյական վիճակի:

-Վստահությունն օդից չի ընկնելու, չէ՞, տարածաշրջան: Ի՞նչ կամք ու միամտություն պիտի ունենաս, որ վստահես` ռամիլսաֆարովից իլհամալիև:

-Վստահությունը կառաջանա միայն շփումների ընթացքում: Մենք հազար անգամ ասել ենք` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչներին ինտեգրեք միջազգային հանրության մեջ, երկխոսության և շահի լեզուն ավելի ճկուն լեզու է, քան առճակատման և թշնամության լեզուն: Թող Ադրբեջանը գնա այդ քայլին:

-Ադրբեջանը կարող է պատերազմի քայլին գնալ:

-Կարող է: Ադրբեջանական աղբյուրներից ես գիտեմ, որ օգոստոսին և սեպտեմբերին տարածաշրջանում են լինելու ՌԴ և ԱՄՆ նախագահները, դրանք կարևոր այցելություններ են և առնվազն նշանակելու են, որ մեծ երկրներն իրենց օրակարգերում են պահում և շատ կարևորում են հակամարտության հաղթահարումը: Այս բանակցությունների շրջանակում ես դժվարանում եմ ռազմական գործողությունների հնարավորություն տեսնել, բայց և լավ հասկանում եմ, որ ադրբեջանական պետական մեքենան այնպես է կառուցված, որ մի երկուշաբթի, ժամը 10-ին կարող են պատերազմ սկսելու մասին խոսելու որոշում ընդունել: Եվ մի շաբաթ կխոսեն բոլոր ատյաններով: Մյուս երկուշաբթի կարող է որոշում ընդունվել` բանակցությունները շարունակելու մասին ակնարկել, և ամբողջ քարոզչական մեքենան այդ ուղղությամբ կպտտվի: Շատ համերաշխ, շատ միակամ, շատ արդյունավետ: Քանի որ նյութական մեծ միջոցներ են ներդրվում, կարող եք պատկերացնել քարոզչական մեքենայի ավերածությունները: Այնուհանդերձ, պատերազմի իրական վտանգն այսօր ավելի մեծ չէ, քան անցած 15 տարիների ցանկացած օր:

-Հաագայի դատարանի որոշումը, Կոսովոյի նախադեպը մենք հակված ենք բացատրելու մեր շահերից ելնելով, Ադրբեջանը` իր շահերի պաշտպանությունից, բայց կա real politic հասկացությունը, որի շրջանակներում ակնհայտ է, որ եթե Կոսովոյի թիկունքին ԱՄՆ-ը, ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն չլինեին, նման լուծում չէր լինի: ԼՂՀ հարցի թիկունքում չկան ո՛չ ԱՄՆ, ո՛չ ՆԱՏՕ, ո՛չ ԵՄ, real politic-ի շրջանակներում մեզ համար Հաագայի դատարանի որոշումը չի կարող նախադեպ լինել, ինչո՞ւ ենք պատրանքներ ստեղծում:

-Խոսքը իրավական նախադեպի մասին է, որը բացահայտորեն ստեղծվել է և ոչ միայն ԼՂՀ-ի համար, դա հասկանում են բոլորը: Իհարկե, real politic-ի տեսանկյունից ամեն ինչ պայմանավորվում է շահերով և իրական հետաքրքրություններով: Եթե ԱՄՆ-ի, ՌԴ-ի, ԵՄ-ի համատեղ շահերից չբխեր հակամարտության հաղթահարումը, ամեն ինչ այլ կլիներ: Ակնհայտ է, որ ոչ ոք չի ուզում հայ ժողովրդի ոչնչացման, արյան, նոր ողբերգության հաշվին հարցը լուծել: Բոլորը հիշում են 20-րդ դարում հայերի ողբերգությունները և դժբախտությունները, որոնց թիվն ավելացնելը ոչինչ չի ավելացնի իրենց շահերին: Վիեննայում արևմտյան դեսպաններից մեկի հետ 40 րոպե խոսում էի Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ ունեցած խնդիրների մասին: Նա լսեց-լսեց և իր համար եզրակացրեց. «Ես հասկացա, ձեր խնդրում շահը բախվել է բարոյականությանը: Այս կարգի խնդիրները երբեք հեշտ չեն լուծվում»: ՌԴ-ի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի միացյալ հետաքրքրությունը տարածաշրջանում մեկն է` խաղաղություն, բաց սահմաններ, կենսունակ պետականություններ, որոնք կարող են դիմակայել ցանկացած մարտահրավերների, ոչ թե թշնամանքի, պատերազմի, ատելության օջախներ: Սա բոլորի շահն է, ամեն մեկն իր շահն իր ձևով է մեկնաբանում, այդ պատճառով էլ մեծ մրցակցություն կա: Բայց այդ մրցակցությունն ատելության, թշնամանքի չի տանում, ընդհակառակը` կա փոխլրացում և համագործակցություն, որի արդյունքում է, որ մեր պետությունը, որպես քաղաքական միավոր, այս փխրուն տարածաշրջանում մնում է անկախ ու կենսունակ:

-Այսինքն` եթե Հայաստանը կա, այն պատճառով, որ ոչ ոք դեռ չի ուզում, որ Հայաստան չլինի՞:

-Ոչ թե չի ուզում, այլ չի կարող: Եթե մի մեծ պետություն ուզում է կլանել մի փոքր պետության, փոքր պետությունը ոչ մի շանս չունի, իսկ երբ այդ փոքր պետությանը ուզում են ոչնչացնել միանգամից երկու մեծ պետություն, փոքր պետությունը ստանում է անկախ մնալու շանս:

-Լավ, ադրբեջանցիները տիեզերական մասշտաբով տրտնջում են, որ հայերն անվստահելի են, նենգ, խաբեբա, ժամանակ են ձգում, իրականում հարցի լուծման ցանկություն չունեն: Ինչպե՞ս փարատել հարևանների մեծ վիշտը:

-Իսկ ո՞վ է ժամանակ ձգում: Նա՞, ով ասում է` ես հիմա համաձայն եմ, թե՞ նա, ով ասում է` էլի խոսենք, էլի հասկանանք իրար: Մենք ասում ենք` մենք համաձայն ենք, շարունակենք բանակցությունները այս հիմքի վրա, ցույց տանք, որ բանակցությունների շարունակման կամք ունենք: Դա՞ է ճիշտ, թե՞ այսօր ձախողել բանակցային գործընթացը հանուն այն մտայնության, որ ուզում ես այս պահին, առանց մի կրակոցի, ցանկությունդ կատարվի ու ազգային տեսլականդ իրականանա: Ընդ որում` միջոցների մեջ ոչ մի խտրականություն չդնելով: Ո՞րս ենք ավելի նենգ, ո՞րս ենք ավելի խաբեբա:

-Իսկ գուցե բանակցային գործընթացի հաջողության համար, ընդհանրապես գործընթացը երբևէ ավարտին հասցնելու համար, երկու կողմերն էլ նախ` պետք է միմյանց բացատրեն, թե ո՛րն է իրենց նպատակը:

-Ես կարծում եմ` գոնե դա արդեն հայտնի է: Այն հանգամանքը, որ Ադրբեջանն այսօր գզրոցներից նորից հանել է քիվեստյան առաջարկներն ու իբրև նորություն փորձում է նորից շրջանառության մեջ դնել, նշանակում է` որ տեղապտույտի մեջ է... Նշանակում է` ինքն է ձգձգում, որովհետև ասելիք չունի: Բայց նույնիսկ այդ պարագայում բանակցությունները պետք է շարունակել` սկզբունք ունենալով հաշտեցնել անհաշտելին:

Զրուցեց

Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 1315

Մեկնաբանություններ