ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Չի սխալվում նա, ով ոչինչ չի անում

Չի սխալվում նա, ով ոչինչ չի անում
11.09.2009 | 00:00

ՄԵՐ ՓՈՂՈՑՈՒՄ ԷԼ Է ՏՈՆ ԼԻՆՈՒՄ
Անցնելով օպերայի շենքի հարակից ճաղերի մոտով` նկատում ես, որ եթե այս ճաղերը մի քանի մետր էլ ավելի լինեին, ապա, հաստատ, դրանց վրա նույնպես բազմաբնույթ միջոցառումներ գովազդող պաստառներ փակցված կլինեին: Մի բան ակնհայտ է. Երևանը վերջին մի քանի տարիների ընթացքում մշակութային ակտիվ կյանքով է ապրում, լրիվ այլ հարց է, որ այդ միջոցառումներից ոչ բոլորն են փայլում որակական բարձր հատկանիշներով: Սակայն ավանդական հայկական քննադատությամբ տեղին ու անտեղի զբաղվողներն այսօր մեզանում այնքան շատ են, որ քննադատողների շարքերը չենք ուզում լրացնել ևս մեկով: Հակառակը` լավ բան նկատելով, լավ բան ասելով` ինքդ քեզ հույս ես տալիս, որ «մեր փողոցում էլ է տոն լինում»:
Երևանում աշունը միշտ սկսվում է մշակութային այնպիսի բազմաքանակ միջոցառումներով, որ թերևս հենց այս ժամանակահատվածում պետք է մարդ արձակուրդ վերցնի, աշխատանքի չգնա ու առավոտից մինչև ուշ գիշեր վազի այս համերգից այն ներկայացումը, այս թանգարանից այն փառատոնի բացումը: Բոլորովին վերջերս կենդանության նշաններ սկսեց ցուցաբերել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնը, որն ամիսներ առաջ բարձր ու որակյալ բալետային ներկայացում մատուցեց հանդիսատեսին (Ա. Խաչատրյանի «Սպարտակը»), և շուտով` սեպտեմբերի 18-19-ին, հանդես կգա նոր պրեմիերայով` Ա. Սպենդիարյանի «Ալմաստ» օպերային ստեղծագործությամբ: Հաշվի առնելով, թե ինչ արագությամբ են սպառվում «Սպարտակի» տոմսերը, և ինչքան մարդ է փորձում «Ալմաստի» պրեմիերայի տոմս ձեռք բերել, տարրական տրամաբանությունը հուշում է, որ հասարակության մի զգալի մասն այսօր մեծ ուշադրություն է դարձնում, ինչու չէ, նաև գնահատում է մշակութային գործիչների աշխատանքը, որոնք, միանշանակ, պետական աջակցություն չունենալու դեպքում, չէին կարող աշխատել այնպիսի մեծությունների հետ, որպիսին էր, ասենք, Յ. Գրիգորովիչը: Այստեղ նաև հարկ է նշել, որ շուտով իտալացի մասնագետների օգնությամբ և Հասմիկ Պապյան հրաշալի երգչուհու մասնակցությամբ մեր օպերային թատրոնում կծնվի ևս մեկ համաշխարհային համբավ ու ճանաչում վայելող օպերա` Ջ. Վերդիի «Աիդան»:
Ընդհանրապես դասական երաժշտությունը, մասնավորապես, երևանյան համերգասրահներում, հնչում է շատ հաճախ: Բազմաթիվ երաժշտական փառատոներ կան այսօր, որոնք երիտասարդ երաժիշտներին դրսևորվելու հնարավորություն են տալիս, էլ չենք խոսում այն մասին, թե ինչ մեծության երաժիշտներ են ժամանում Հայաստան այնպիսի փառատոների շրջանակներում, ինչպիսիք են երևանյան 3-րդ միջազգային երաժշտական փառատոնը, «Վերադարձիր» փառատոնը, «21-ի հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը և այլն, և այլն: Արդեն սեպտեմբերի 11-ից մեկնարկելու է երևանյան 3-րդ միջազգային երաժշտական փառատոնը, որի ժամանակ համերգային ծրագրերով հանդես կգան երաժիշտներ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից: Իհարկե, այսօր մենք լուրջ խնդիր ունենք, և նման փայլուն կատարողների համերգները միշտ չէ, որ անցնում են լեփ-լեցուն դահլիճներում: Սրանում էլ կարելի է մեղադրել ում ուզում ես` մշակույթի նախարարությանը, կառավարությանը, մտավորականներին, Հռոմի պապին` ասելով` «դե, ուրեմն լավ չեն կազմակերպում»: Սակայն այս դեպքում ուրիշ հարցեր էլ են ծագում. «Մշակութային քաղաքականություն չունենք», «Մշակույթի նախարարությանն ու մեր երկրին չի հետաքրքրում մշակույթը» արտահայտության հեղինակների մի զգալի մասը հաճախո՞ւմ է արդյոք այս բազմաբնույթ միջոցառումներից գոնե մի քանիսին, հետաքրքրվա՞ծ է, թե ինչ մեծության արվեստագետներ են պարբերաբար ժամանում Հայաստան և ինչ համատեղ ծրագրեր են իրականացնում մեր արվեստագետների հետ: Մենք երբեք չենք տառապել ինքնաքննադատության բարդույթով ու, չգիտես ինչու, մեզանում չի առաջանում կարևոր մի հարց` ինչո՞ւ ես` շարքային քաղաքացիս, օպերայի հարակից ճաղերի վրա իրար կողքի փակցված դասական երաժշտության համերգը և շոուբիզնեսի աստղիկի մենահամերգիկը գովազդող պաստառների միջև որակական տարբերությունը չեմ զգում:
Այս պատկերը միայն երաժշտարվեստի բնագավառում չէ. մի շարք հետաքրքիր միջոցառումներ են կազմակերպվում թատրոնի, կինոյի ոլորտում նույնպես: Սեպտեմբերի 7-20-ը ՀՀ թատրոններում կանցկացվի Շեքսպիրյան փառատոնը, էլ չենք խոսում ավանդական «Հայֆեստ» փառատոնի մասին, որն այս տարի տեղի կունենա հոկտեմբերի 1-8-ը: Շեքսպիրյան փառատոնն արդեն իսկ բացվեց Ալեքսանդր Կալյագին, Ռոբերտ Ստուրուա անուններով, իսկ «Հայֆեստը» միշտ աչքի է ընկնում օրիգինալ արտիստներով և ստեղծագործություններով: Սեպտեմբերի 26-ին էլ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կհյուրընկալի ռուս մեծանուն դերասան Վալենտին Գաֆտին:
Կրկին անդրադառնալով երաժշտարվեստին` նշենք նաև, որ սեպտեմբերի 15-ին էլ Միշել Լեգրանն է համերգային ծրագրով ներկայանալու հայ հանդիսատեսին: Այսինքն` սրանք բավականին լուրջ մշակութային նախագծեր են, որոնք, բնականաբար, մի օրվա աշխատանքի արդյունք չեն, պարզապես նախքան մշակույթի վրա ցեխ շպրտելը պետք է հետաքրքրվել ու տեսնել, թե ինչ է կատարվում այս դաշտում: Նույնը` կինոյի ոլորտում: Ընդունում ենք, որ հայկական կինոարտադրությունը բավականին խեղճ վիճակում է, ու ամեն նկարահանված տեղական ֆիլմ չէ, որ արդարացնում է պետական բյուջեից հատկացված ծախսերը: Սակայն հիշյալ ոլորտն էլ այսօր սթափ պահելու, կադրեր պատրաստելու համար «Ոսկե ծիրան» կինոդպրոց ունենք, ուր այս տարի սեպտեմբերի 8-15-ին առաջին վարպետության դասերը կանցկացնի լեհ հանրահայտ ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսին:
«Ես եմ» երիտասարդական միջազգային փառատոնը, որը կկազմակերպվի սեպտեմբերի 25-29-ին, հերթական ապացույցն է այն բանի, որ այսօր նոր մտքին, նոր մոտեցմանն ու աշխարհընկալմանը մեծ տեղ է տրվում, ու երիտասարդներն ունեն ռեալ շանս` ցույց տալու, թե ինչպես կարելի է գլխիվայր շրջել աշխարհը: Մշակութային իրադարձությունները, բնականաբար, այսքանով չեն ավարտվում, և նույնը կարելի է ասել մեր թատրոնների, թանգարանների և արվեստի այլ կենտրոնների մասին:
Ոչինչ հենց այնպես չի ստացվում, և մշակութային ակտիվ առօրյա ստանալու, մշակութային խայտաբղետություն ու եռուզեռ ապահովելու համար մարդիկ, ովքեր պատասխանատվություն են կրում մշակութային կյանքի կայացման, արվեստը հասարակության պահանջ դարձնելու համար, ճիգ ու եռանդ չեն խնայում իրենց առջև դրված նպատակին հասնելու համար: Իհարկե, սայթաքումներ լինում են, անորակ ու անբովանդակ միջոցառումները շատ հաճախ ստվեր են գցում մնացած լուրջ գործերի վրա, սակայն, ինչպես ժողովուրդն է ասում, չի սխալվում նա, ով ոչինչ չի անում:
ՈՒ թեպետ այսօր հնչում են չարդարացված կարծիքներ, թե «չկա մշակութային քաղաքականություն», «արվեստը մահանում է», և նետվում են քարեր դեպի մշակույթի նախարարությունը, իրականությունը ճիշտ հակառակն է ապացուցում: Պարզապես պետք է ունենալ աչք, սիրտ ու այս ամենը տեսնելու և զգալու ցանկություն:
Արևիկ ԱՆԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2495

Մեկնաբանություններ