ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ՍԵՎ ԾՈՎ-ԿՈՎԿԱՍՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԱՐՄԱՏՆԵՐ Է ԳՑՈՒՄ «ԵՐՐՈՐԴ ՈՒԺԸ»` Ի ԴԵՄՍ ԱՄՆ-Ի ՈՒ ՆՐԱ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԻ

ՍԵՎ ԾՈՎ-ԿՈՎԿԱՍՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԱՐՄԱՏՆԵՐ Է ԳՑՈՒՄ «ԵՐՐՈՐԴ ՈՒԺԸ»` Ի ԴԵՄՍ ԱՄՆ-Ի ՈՒ ՆՐԱ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԻ
07.05.2010 | 00:00

Ներկայումս ռազմաքաղաքական դաշինքների ստեղծման հարցերը լրատվամիջոցների կամ հասարակական շրջանակների քննարկման առարկա չեն։ Ռազմական համագործակցության և անվտանգության հարցերն առայժմ քննարկվում են միայն ՆԱՏՕ-ին Հարավային Կովկասի երկրների անդամակցության կամ Ատլանտյան դաշինքի պետությունների և ՀԱՊԿ-ի հետ համագործակցել-չհամագործակցելու ուղղությամբ։ Ատլանտամետ նախագծերը կարելի է ենթաբաժանել երկու տիպի և մակարդակի. տարածաշրջանի պետությունների անմիջական անդամակցում ՆԱՏՕ-ին, այլընտրանքային ռազմաքաղաքական նախագծերի իրականացում` առանց ՆԱՏՕ-ին տվյալ պետությունների միացման, տարածաշրջանային ռազմաքաղաքական դաշինքների ստեղծում, որոնք «շաղկապվում են» աշխարհատնտեսական շահերով։
Առավել արմատական և սահմանակարգային տեսակետից լիարժեք նախագիծը Վրաստանի և Ադրբեջանի անդամակցությունն է ՆԱՏՕ-ին` նախ որպես հյուսիսատլանտյան դաշինքի զուգորդված անդամներ, ապա նաև` լիիրավ։ Ադրբեջանի առումով, հավանաբար, ՆԱՏՕ-ին անդամակցելու արագությունն ու չափորոշիչները նկատելիորեն կտարբերվեն Վրաստանի ունեցած առավել նպաստավոր պայմաններից (այդ երկիրը հասել է տարածաշրջանում «ժողովրդավարացման» ամենաբարձր մակարդակին)։ Ի տարբերություն Ադրբեջանի, որին ցուցաբերվող ռազմատեխնիկական աջակցությունը շատ սահմանափակ է, Վրաստանին ցուցաբերվող օգնությունը կրում է կանոնավոր, խոշորածավալ և պայմանագրային բնույթ։ Ընդհանուր կարծիքի համաձայն` «Գործընկերություն հանուն խաղաղության» և IPAP ծրագրերի շրջանակներում Հայաստանը հասել է մեծ հաջողությունների, և նրա դիրքերը շատ ավելի նախընտրելի են թվում։ Վրաստանն իրեն չի պատկերացնում ՆԱՏՕ-ից և ԵՄ-ից դուրս, Ադրբեջանը նախընտրում է սպասել, քանի որ լավ է հասկանում իր խոցելի վիճակը, Հայաստանը ևս հասկանում է իր խոցելի վիճակը, ուստի և փորձում է հաղթահարել մեկուսացումը` ՆԱՏՕ-ին առաջարկելով ավելի ակտիվ համագործակցություն։
Ռազմական և ռազմաքաղաքական համագործակցության մեկ այլ մակարդակ են Վրաստանի և Ադրբեջանի «ուղիղ» հարաբերությունները ՆԱՏՕ-ի առանձին պետությունների հետ։ Առայժմ այդ հարաբերություններն առավել առարկայորեն զարգանում են ԱՄՆ-ի հետ։ Առավել մեծ հետաքրքրություն են ներկայացնում տարածաշրջանային և միջտարածաշրջանային աշխարհատնտեսական դաշինքների կազմավորման նախագծերը` աստիճանաբար ռազմաքաղաքական դաշինքների վերափոխման հեռանկարով։ Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ի նախաձեռնած (հենց դրա համար էլ եվրոպացիներից անտեսված) ՎՈՒԱՄ նախագիծն էական հաջողություն չի արձանագրել։ Դրա հետ մեկտեղ, այդ նախագծին շատ կարևոր տեղ էր հատկացվում տարածաշրջանային դաշինքի կազմավորման հեռանկարով, որին պետք է ռազմական գործառույթներ վերապահվեին։ Նախագիծը շատ հակասություններ ուներ և դատապարտված էր անհաջողության։ Այդուամենայնիվ, ներկայումս աշխարհատնտեսական և ռազմաքաղաքական դաշինքի առավել ավարտուն ձև կարող է դառնալ դարձյալ նույն ՎՈՒԱՄ-ը։ Այս հղացումը մենաշնորհմամբ իրականացնում են ամերիկացիները, նպատակ ունենալով ստեղծել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին ենթակա հակառուսական, հակաիրանական և, հնարավոր է, հակաչինական դաշինք։ Բանն այն է, որ ամերիկացիներն ու եվրոպացիները հասկանում են. դեպի Արևելք ՆԱՏՕ-ի բավականաչափ լայն տարածական ընդարձակում հնարավոր չէ։ Շատ մեծ երկյուղներ ունեն եվրոպացիները և առարկություններ, անգամ ՆԱՏՕ-ին մասնակցության առումով, բալկանյան և մերձբալթյան երկրները։ Բացի այդ, եթե անգամ պետությունների մի ամբողջ խումբ ընդունվի ՆԱՏՕ, ապա դա չի նշանակում տվյալ տարածաշրջաններում Արևմուտքի պետությունների իրական ռազմական ներկայություն և, որ հատկապես անհանգստացնում է եվրոպացիներին, անկայուն և կոնֆլիկտային տարածաշրջաններում ռազմական տարբեր գործողությունների անմիջական մասնակցության հնարավորություն։ ՆԱՏՕ-ի ռազմավարների մտահղացմամբ, ՎՈՒԱՄ-ը, բացի աշխարհատնտեսական խնդիրներից, պետք է ինքնուրույն լուծի անվտանգության, հաղորդակցության ուղիների և ունիվերսալ հումքի աղբյուրների, կարևոր ենթակառուցվածքային օբյեկտների պաշտպանության և ազգային քաղաքական և այլ կոնֆլիկտների մարման խնդիրները։ Այս վարկածն ունի անուղղակի ապացույց` այն առումով, որ միառժամանակ առաջ ՎՈՒԱՄ-ի թեկնածուներ են եղել արդեն ՆԱՏՕ-ի լիարժեք անդամներ դարձած պետություններ (Լեհաստան, Ռումինիա և Բուլղարիա)։
ՎՈՒԱՄ-ին Լեհաստանի, Ռումինիայի և եվրոպական միջին կարգի այլ պետությունների հնարավոր անդամակցության կապակցությամբ զգալիորեն փոփոխվում են ՎՈՒԱՄ-ի շրջանակներում ռազմական համագործակցության ծրագրերը։ Կենտրոնական Եվրոպայի պետությունների մասնակցությունը ռազմական հարցերի լուծմանն այնպիսի վտանգավոր տարածաշրջանում, ինչպիսին Հարավային Կովկասն է, պարզապես իրատեսական չէ։ Այդ պետությունները, հատկապես ՈՒկրաինան, Լեհաստանը, նաև Ռումինիան և Բուլղարիան, շատ բացասաբար են վերաբերվել ՎՈՒԱՄ-ին Թուրքիայի մասնակցությանը։ ՎՈՒԱՄ-ին Թուրքիայի մասնակցության հարցն անիրականանալի չէ։ Թուրքիան ու Ադրբեջանը շատ լրջորեն են քննարկել այդ հարցը։ Սակայն դրան բավականին զգուշավոր են վերաբերվում ոչ միայն ՎՈՒԱՄ-ի եվրոպական անդամները, այլև Վրաստանը, ինչպես նաև ՈՒզբեկստանը։ Ամերիկացիներն էլ հավանություն չեն տվել ՎՈՒԱՄ-ին Թուրքիայի մասնակցությանը, քանի որ, որոշակի մտահղացմամբ, նրան պետք է անդամակցեն միայն նախկին սոցիալիստական ճամբարի և առանձնահատուկ քաղաքական մտածելակերպի երկրները։ Այդ երկրների վրա Թուրքիայի ազդեցության մեծացումը, ըստ երևույթին, ամերիկացիների ծրագրերի մեջ չի մտնում շատ ավելի լուրջ պատճառով` կապված Թուրքիայի հետ հարաբերություններում ԱՄՆ-ի ունեցած խնդիրների հետ։
Դրան զուգահեռ, այնպիսի տարածաշրջանային և միջտարածաշրջանային աշխարհաքաղաքական կառուցվածքներ, ինչպիսին ՎՈՒԱՄ-ն է, շատ հակասություններ են պարունակում և բնութագրվում են ազգային ռազմավարությունների տարակողմ ուղղվածությամբ։ Առավել ընդարձակ տարածական տարբերակում ՎՈՒԱՄ-ը կունենա պետությունների երեք ենթախմբերի ներքին տարազատվածություն. կենտրոնեվրոպական, հարավկովկասյան և կենտրոնասիական։ Ընդ որում, հարավկովկասյան և կենտրոնասիական պետությունների շահերի տարբերություններն ավելի սկզբունքային են, քան կարելի է պատկերացնել, հետևելով դաշինքի այնքան արագ կազմավորմանը։ Առավել իրատեսական վերլուծաբանների (առաջին հերթին տարածաշրջանում ապրող կամ իրենց ծագումով տվյալ տարածաշրջանի հետ կապված) գնահատականների համաձայն, ՎՈՒԱՄ-ի մասնակից երկրների սերտ և բազմակողմանի ռազմական համագործակցությունը շատ խնդրահարույց է թվում, հատկապես կապված կոնկրետ ռազմական գործողություններին համատեղ մասնակցության հետ։ Ռազմական համագործակցության հարցում ՎՈՒԱՄ-ը կարող է ունենալ Եվրասիայի ներքին տարածաշրջաններում մի տեսակ «սանիտարական զորասյան» նշանակություն։
Այսպիսով, չնայած ինչ-որ տարածաշրջանային և միջտարածաշրջանային «փնջերի» ձևավորման գործում առկա նկատելի ձեռքբերումներին, տարածաշրջանում դաշինքաստեղծման գործընթացն իրատեսական ենթատեքստ չի ստացել։ Հարավային Կովկասում ի հայտ են գալիս նույն երկյուղները, ինչ զգում են, օրինակ, Մերձավոր Արևելքի պետությունները, այսինքն` չեն ուզում գործընկերների հետ կիսել նրանց խնդիրներն ու սպառնալիքները։ Անգամ Ադրբեջանն ու Վրաստանը, որոնք միավորված են շահերով և միատեսակ խնդիրներ ունեն լուծելու, ամենևին էլ չեն ուզում իրենց ուսերին չափազանց մեծ պատասխանատվություն վերցնել միմյանց խնդիրների լուծման համար։ Թուրքիան նույնիսկ չի շտապում լուծել իր մերձավորագույն գործընկեր ու դաշնակից Ադրբեջանի խնդիրները, էլ չենք խոսում ՈՒկրաինայի մասին, որի շահերը հեռու են Հարավային Կովկասի պետությունների շահերից։ Ըստ էության, փաստորեն, ՆԱՏՕ-ն է միայն ընդունակ կառուցելու դաշինքի այնպիսի մի կմախք, որը ներառեր սևծովյան-կովկասյան-կասպյան տարածաշրջանի պետությունները։
2006 թ. իրադարձություններին բնորոշ էին ՎՈՒԱՄ-ի զարգացման գործում տեղ գտած զգալի հակասությունները։ 2006 թ. ՎՈՒԱՄ-ն ստացավ զարգացման առաջին դինամիկան, հռչակվեցին էներգետիկայի և անվտանգության ոլորտի նոր կարևոր խնդիրներ։ Սակայն ՎՈՒԱՄ-ի անդամ պետությունները` ՈՒկրաինան, Մոլդովան և Ադրբեջանը, միանգամայն համոզիչ հրաժարվեցին Ռուսաստանի հետ առճակատման ժամանակ Վրաստանին քաղաքական աջակցություն ցուցաբերելուց։ Ընդ որում, ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ եվրոպական ընկերակցությունն ակտիվություն չցուցաբերեցին ՎՈՒԱՄ-ին, որպես կազմակերպական կառուցվածքի, Ռուսաստանի դեմ առճակատման հրահրելու ուղղությամբ` հատկապես այդ իրավիճակում, թեև, ըստ էության, ԱՄՆ-ն ու ԵՄ-ն էին նախաձեռնել և աջակցել ՎՈՒԱՄ-ի կազմակերպմանը` հատկապես որպես հակառուսաստանյան դաշինքի։
Ներկայումս ասպարեզ է դուրս գալիս «Արևելյան գործընկերությունը», որը նախաձեռնել են Լեհաստանն ու Շվեդիան, որի շրջանակներում պետք է կայացվի Արևելյան Եվրոպայի երկրների ավելի ընդարձակ դաշինք. ՈՒկրաինա, Մոլդովա և Հարավային Կովկասի երկրներ, հնարավոր է` Բելառուս։ ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագրի քննարկման առաջին գագաթաժողովը տեղի ունեցավ 2009-ի դեկտեմբերի 2-3-ին` Բրյուսելում։ Դեկտեմբերի 3-ին եվրոպական հանձնաժողովը հրապարակեց մի փաստաթուղթ, որը վավերացրեց «Արևելյան գործընկերության» ծրագիր ստեղծելու նրա առաջարկությունը։ Այսինքն, ստեղծվում է անվտանգության մի «դասական» գոտի` Ռուսաստանի հանդեպ, որը դիտվում է որպես հնարավոր ագրեսոր։ Դա քաղաքական ու տնտեսական առումով պետությունների միանգամայն այլ միավորում է, որտեղ ենթադրվում է չանտեսել Արևելյան Եվրոպայի ոչ մի պետություն, ներառյալ Հայաստանը, որը սկզբից ևեթ մեկուսացվեց ՎՈՒԱՄ-ի կողմից։ Տեղ ունի ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի երկրների միավորում «հին» Եվրոպայից, եվրատլանտյան կառուցվածքներից դուրս գտնվող երկրների հետ։ ԱՄՆ-ը ու ԵՄ-ն շատ լավ են հասկանում, որ այս նախաձեռնությունը, ինչպես ՎՈՒԱՄ-ը, կհանդիպի բազում հակասությունների ու պրոբլեմների, բայց դրանով հանդերձ` կօգտագործվի ՎՈՒԱՄ-ի փորձը։ Հետաքրքիր է, թե ինչպես պիտի վերաիմաստավորվի դեռ մինչև վրաց-ռուսական պատերազմը առաջադրված այդ նախաձեռնությունն այժմ, երբ ոչ միայն Հարավային Կովկասում, այլև ամբողջ Արևելյան Եվրոպայում նոր իրավիճակ է ստեղծվել։ Նախաձեռնությունն ունի տնտեսական ուղղվածություն, ինչը սոսկ հիմք է նախագծի քաղաքականացման համար։ Հազիվ թե այդ նախաձեռնությունը բովանդակային կողմով հիշեցնի «Միջերկրածովյան միությունը», թեև հիմա դեռ ենթադրվում է ստեղծել միջերկրածովյան նախագծի նման մի բան։ Արևելյան Եվրոպան դատապարտված է ռազմականացման և տնտեսական հարաբերությունների բարձր քաղաքականացման։
Միաժամանակ, այդ նախաձեռնությունը չի կարող բավարարել տվյալ պետություններին անվտանգության տեսակետից։ ՈՒստի Թուրքիան և Ադրբեջանը, փաստորեն, պայմանավորվածության եկել են վաղուց գոյություն ունեցող ռազմաքաղաքական դաշինքի պաշտոնական ձևակերպման շուրջ։ Վրաստանը շտապեց ԱՄՆ-ի հետ կնքել ռազմավարական գործընկերության խարտիա, չսպասելով Վաշինգտոնում նոր վարչակազմի գալուն։ ՈՒկրաինան աջակցության շատ ավելի մեծ խոստումներ ստացավ` ի դեպս Ռուսաստանի ագրեսիայի և երկրի բաժանման փորձերի։ Արևելյան Եվրոպայում իրական դաշնությունների ստեղծման գործում, նախ և առաջ` Հարավային Կովկասի և ՈՒկրաինայի շահերի օգտին, գլխավոր շարժիչ գործոնը ԱՄՆ-ի քաղաքականության ակտիվացումն է, որը հիմքեր է ստացել Ռուսաստանի ճնշումներին արձագանքելու համար։ Ավելի շուտ, մոտ ապագայում ԱՄՆ-ի հովանու ներքո Սև ծովում կձևավորվի պետությունների դաշինք` ՈՒկրաինա, Ռումինիա, Բուլղարիա, Վրաստան, ինչպես նաև կհաստատվի թուրք-ադրբեջանական դաշինք։ Այս երկու դաշինքը, իհարկե, կզարգանան զուգահեռաբար, բայց դրանք հազիվ թե միաձուլվեն։ Ռուսաստանը կաշխատի հավասարակշռություն պահպանել նրանց արանքում, իր կողմը քաշել Թուրքիային ու Ադրբեջանին, բայց, երևի, առանց էական հաջողության։ Համենայն դեպս, մինչ այս ենթադրվող Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան դաշինքը, ամենայն հավանականությամբ, չի կայանա, թեև լուրջ հիմքեր էին ստեղծվել, և այդ պետությունների միջև ընդունվել էին շատ փաստաթղթեր ու պարտավորություններ։ Այս կապակցությամբ, Սև ծով-կովկասյան տարածաշրջանում արմատներ է գցում «երրորդ ուժը»` ի դեմս ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների, սակայն, չի կարելի համարել, թե դրանով ավարտվելու է ԱՄՆ-ի ներկայության հաստատումը տարածաշրջանում, քանի որ ԱՄՆ-ը եռանդուն ընթանում է դեպի Կենտրոնական Ասիա։ ՈՒստի թուրք-ադրբեջանական դաշինքը կլինի տեղայնական և չի կարող նկատելի ազդեցություն գործել ո՛չ մերձսևծովյան, ո՛չ կենտրոնասիական պետությունների վրա։ Բայց ուժերի այդ դասավորությունը չի կարելի վերջնական համարել։ Օրինակ, որքան էլ խոր լինի թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցությունը, ԱՄՆ-ի համար ոչ մի խոչընդոտ չկա Թուրքիայից Ադրբեջանի հեռացման քաղաքականություն վարելու, քանի որ Ադրբեջանի հանդեպ Թուրքիայի վերահսկողությունը սահմանափակում է ԱՄՆ-ի գործողությունները, ինչն ամենևին ներդաշնակ չէ այն նպատակների ու խնդիրների հետ, որ առաջադրում են ամերիկացիները տարածաշրջանում։ Կասկած չկա, որ Հայաստանին սպասում են նոր ընտրություններ և տարածաշրջանում իր դիրքի նոր իմաստավորում։ Շարունակելով նախկին հարաբերությունները Ռուսաստանի և Իրանի հետ, Հայաստանը հարաբերություններ կհաստատի նաև նոր դաշինքների հետ, շտկելով իր դրությունը։
Ղարաբաղյան հակամարտության ընթացքում, պատերազմական գործողություններն ավարտվելուց հետո, Հ. Ալիևը սկսեց ջանքեր գործադրել տարածաշրջանային դաշինքներ ստեղծելու ուղղությամբ։ Դրա նպատակն էր խեղդել Հայաստանը, նրան կապիտուլյացիա և տարածքային զիջումներ պարտադրել։ 1998-ը վճռական դարձավ թուրք-ադրբեջանական դաշինքի կայացման գործում, որը, հավանաբար, արդյունք էր 1998 թ. Անկարայում Ս. Դեմիրելի և Հ. Ալիևի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների, իսկ հետագայում նոր բովանդակություն ստացավ։ Չնայած այլ փորձեր ևս եղան, բայց մինչև 2007 թ. Ի. Ալիևին չհաջողվեց այլ պետությունների հետ ստեղծել ուրիշ մի դաշինք, որը հիմնված լինի ինքնուրույն քաղաքականության վրա և հետապնդի այնպիսի քաղաքական նպատակներ, որոնք շաղկապված չլինեն ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի շահերի հետ։ Արևմտյան հասարակությունը կարող էր Ադրբեջանին առաջարկել դաշինքների և միջազգային համագործակցության իր ընկալումները, ինչը ենթադրում էր ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցում, ՎՈՒԱՄ-ին ակտիվ մասնակցություն։ ԱՄՆ-ի, հիմա նաև ԵՄ-ի քաղաքականությունը, որն ունի Թուրքիայի հետ Ադրբեջանի մերձեցումից մինչև նրանց միմյանցից հեռացումը խրախուսելու դիապազոն, չի նպաստել տարածաշրջանում դաշինքների ձևավորմանը։ Ներկայումս տարածաշրջանում գոյություն ունի Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի միջև անվտանգության մասին պայմանագիր, որը կարելի է համարել դաշինքների ստեղծման «ինքնուրույն» կուրսի նվաճում, բայց այդ պայմանագիրն էլ, ինչպես ՎՈՒԱՄ-ը, ԱՄՆ-ի և ԵՄ-ի համակարգային քաղաքականության մի մասն է, որի սահմաններից դուրս առայժմ չեն կարող իրականացվել դաշինքների ստեղծման նախագծեր։ Ադրբեջանում համոզվել են, որ թուրք-ադրբեջանական դաշինքը չի կարող թույլ տալ ղարաբաղյան խնդրի արմատական լուծում և Հայաստանին հարկադրել կապիտուլյացիայի։ Հայաստանը շարունակում է փորձել հավասարակշռություն պահպանել Ռուսաստանի, Իրանի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի միջև, անվտանգության ապահովման նպատակով գտնելով առանձին որոշումներ, բայց դա ավելի ու ավելի է բարդանում։ ՈՒժի արտաքին շահագրգիռ կենտրոնների հարաբերություններն ավելի են լարվել և ավելի բախումնալից են դարձել, քան 90-ական թվականներին։ Առճակատման մակարդակը տարածաշրջանի ներսում չի մարում, և առաջացել է նոր իրողություն` ներկայումս սրվող սպառազինությունների մրցավազքի պատճառով։ Ռուսաստանն աշխատում է Ադրբեջանի նկատմամբ ավելի բարեկամական քաղաքականություն կառուցել, ու թեև այդ փորձերը հաջողության չեն հասնում, բայց դա հայտնի չափով խրախուսում է Ադրբեջանին մարտահրավերներ նետել և սրել առճակատումը։ Բայց Հայաստանում ավելի լուրջ երկյուղներ են հարուցում Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների ամրապնդումն ու զարգացումը։ Հազիվ թե դա հանգեցնի Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան դաշինքի կամ սերտ խմբի ստեղծման, բայց կարող է կործանարար լինել Հայաստանի համար, թեկուզ և Ղարաբաղի կորստյան առումով։ Հարավային Կովկասում քաղաքական պրակտիկան ցույց է տալիս, որ սկզբնական շրջանում հաջողություն չգտած մի շարք գործընթացներ ու նախաձեռնություններ որոշ դադարներից հետո դառնում են հնարավոր և հաջողությամբ իրականացվում են։ ՈՒստի Ադրբեջանի քաղաքականությունը, որի նպատակները միտված են տարածաշրջանային դաշինքի ստեղծմանը, կարելի է դիտարկել առաջնորդների ու քաղաքական կուսակցությունների դիրքորոշումից դուրս, և այդ փորձերն ու հետևողական աշխատանքը կիրագործվեն տեսանելի հեռանկարում։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1403

Մեկնաբանություններ