ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼ Է ՄԻ ԻՐԱՎԻՃԱԿ, ԵՐԲ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԲԱՎԱՐԱՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ԻՐԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼ Է ՄԻ ԻՐԱՎԻՃԱԿ, ԵՐԲ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԲԱՎԱՐԱՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ԻՐԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
13.11.2009 | 00:00

ՀՀ կառավարությունը միջազգային կազմակերպությունների աջակցությամբ մեծամասշտաբ բարեփոխումներ է իրականացնում միջին մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտում։ ՄԿՈՒ համակարգում բարեփոխումները սկսվել են 2004 թվականից, երբ ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ռազմավարությունը։ Այնուհետև 2005 թ. խորհրդարանն ընդունեց «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքը։ Բարեփոխումները լայն թափ են ստացել վերջին մի քանի տարիների ընթացքում, որոնց իրականացմանը մեծապես աջակցում են Եվրամիությունը, UNDP-ն, գերմանական GTZ-ը, Դանիայի կառավարությունը։
Եվրոպական հանձնաժողովի և ՀՀ կառավարության միջև կնքված համաձայնագրի շրջանակներում ՀՀ մարզերում և Երևանում ընտրվել է 12 քոլեջ, որոնք վերանորոգումից և վերազինումից հետո կդառնան տարածաշրջանային բազմագործառութային քոլեջներ: Վերջիններիս շինվերանորոգման աշխատանքների համար տրամադրվել է 810 մլն դրամ, իսկ գույքի և սարքավորումների գնման համար՝ 2 մլրդ դրամ։ Լուրջ աշխատանքներ են տարվում չափորոշիչների մշակման ուղղությամբ: 130 մասնագիտությունների և որակավորումների կրթական չափորոշիչներից մշակվել և հաստատման են ներկայացվել 56-ը, իսկ մինչ 2010-ի ավարտը կունենանք բոլոր չափորոշիչները։ Վերապատրաստվել են ուսումնական հաստատությունների և՛ տնօրենները, և՛ դասախոսական կազմը։
ՄԿՈՒ համակարգի բարեփոխումների համատեքստում կարևորագույն խնդիրներից են աշակերտների մասնագիտական կողմնորոշումը և հանրության իրազեկումը։ Մասնագետների հավաստմամբ՝ դպրոցներում մասնագիտական կողմնորոշման աշխատանքներ չիրականացնելու պատճառով ավարտական դասարանների աշակերտների գերակշիռ մասը ծանոթ չէ մասնագիտություն-զբաղմունք-աշխատաշուկա հասկացություններին, մասնագիտությունն ընտրում է չգիտակցված, չի պատկերացնում իր ապագա կարիերայի ուղին։ Այս պայմաններում այսօրվա աշակերտը, ամենայն հավանականությամբ, վաղը կարող է համալրել գործազուրկ երիտասարդների առանց այն էլ խիտ շարքերը (ըստ տարբեր վիճակագրությունների` երիտասարդների շրջանում գործազրկությունը 43-58 տոկոս է)։ Առավել մտահոգիչ են մարզային երիտասարդների կրթության և զբաղվածության ցուցանիշները. դպրոցականներն ընտրում են այնպիսի մասնագիտություններ, որոնք մարզում պահանջված չեն, միևնույն ժամանակ շատ աշխատատեղեր ամիսներով մնում են թափուր՝ համապատասխան որակավորման մասնագետներ չունենալու պատճառով։
Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ կրթությունը չի բավարարում աշխատաշուկայի իրական պահանջները։ Պատճառը հավանաբար այն է, որ աշխատաշուկան իր արտացոլումը չունի կրթական ոլորտում, գործատուն ամբողջությամբ ներգրավված չէ կրթական համակարգում։ Եթե ուսումնասիրենք արտասահմանյան երկրների փորձը, ոչ մի տեղ նման անտարբերություն չենք տեսնի գործատուների կողմից կրթության նկատմամբ, կամ` հակառակը։ Սակայն վերջին 2 տարիներին էական առաջընթաց է գրանցվել։ Մասնավորապես միջին մասնագիտական կրթության համակարգի հաստատություններում ստեղծվեցին կառավարման խորհուրդներ, որտեղ սոցիալական գործընկերության սկզբունքով ներգրավված են նաև գործատուները։ 2009 թ. ընդունվեց ՀՀ ՄԿՈՒ ոլորտում սոցիալական գործընկերության հայեցակարգը, համաձայն որի՝ սոցիալական գործընկերության կողմերն են ՀՀ կառավարությունը, գործատուներին (գործարարներին) ներկայացնող կազմակերպությունները և արհեստակցական միությունները: Տեղական մակարդակով սոցիալական գործընկերությունն ապահովելու նպատակով ՄԿՈՒ ուսումնական հաստատություններում ձևավորվում են կոլեգիալ կառավարման մարմիններ։ Գործատուն անպայման պետք է ներգրավված լինի կրթական պրոցեսում, որովհետև ի վերջո այն վերջնական արդյունքը, որ տալիս է կրթական համակարգը, սպասարկում է նաև տնտեսությանը, աշխատաշուկային, գործատուին և պետք է բխի վերջիններիս պահանջներից։ Բացի այդ, այս համագործակցությունը հնարավորություն է տալիս, որ ուսանողը կարողանա իր արտադրական պրակտիկան անցնել գործատուի մոտ, ինչը շահեկան է նաև վերջինիս համար, որովհետև հիմնարկության ղեկավարը հնարավորություն կունենա իր ապագա աշխատողներին ընտրելու լավագույն ուսանողներից։ Համագործակցության հիմքն արդեն իսկ դրվել է. այս տարվա սեպտեմբերին ՀՀ կրթության և գիտության նախարարության, Հայաստանի գործատուների հանրապետական միության և առևտրաարդյունաբերական պալատի միջև կնքվեց նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության հուշագիր, որը ենթադրում է բոլոր կողմերի մասնակցությունը միջին մասնագիտական կրթության զարգացման և հեռանկարային ծրագրերի կազմման գործում։
Դպրոցներում անցկացված հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ բավականին շատ հակասություններ կան շրջանավարտի մասնագիտություն ընտրելու հարցում։ Պարզվել է, որ աշակերտներն ընտրում են իրավաբանի, տնտեսագետի, բժշկի, դիզայների, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտությունները, սակայն նրանց արժեքային համակարգը չի համապատասխանում այդ մասնագիտությունների արժեքներին։ Այսինքն՝ նրանք գնում են ոչ թե կայուն, բարձր աշխատավարձ ենթադրող, հարգված աշխատանք ընտրելու ճանապարհով, այլ պարզապես նրանց այդ մասնագիտությունների անունն է դուր գալիս։ Նրանց մեջ բացակայում է մասնագիտության հստակ պատկերացումը։ Այսօր մասնագիտական կողմնորոշման աշխատանքը պետք է տարվի ոչ միայն աշակերտի, ուսանողի հետ, այլև նրանց ծնողների։ Ամբողջ աշխարհում ընդունված պրակտիկա է, երբ նման աշխատանքներում ընդգրկվում են նաև ծնողները, որովհետև վերջիններս երեխաների վրա ազդող առաջին օղակն են։
Վերջին շրջանում հանրակրթության ոլորտի բարեփոխումները նպաստում են նաև երիտասարդների մասնագիտական կողմնորոշման վրա։ Մասնավորապես, ավագ դպրոցի ներդրմամբ խթանվում է նաև միջին մասնագիտական և նախնական (արհեստագործական) կրթության զարգացումը հանրապետությունում։ Շատ ծնողներ գերադասում են իրենց երեխաներին ուղղորդել քոլեջներ կամ ուսումնարաններ՝ որոշակի մասնագիտություն ստանալու։ Վերջում աշակերտը ստանում է ոչ միայն միջնակարգ կրթության վկայական, այլև որևէ մասնագիտություն։ Բացի այդ, «Հանրակրթության մասին» օրենքում կա «մասնագիտացված հանրակրթական դպրոց» հասկացությունը, որը ենթադրում է արհեստների, արվեստների, գիտության, սպորտի ոլորտների բնագավառներում խորացված ուսուցում։ Մասնագիտացված դպրոցը, փաստորեն, լուծելու է նաև կողմնորոշման խնդիր։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2043

Մեկնաբանություններ