ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ԿՌԻՎԸ ԼԱՎ ԲԱՆ ՉԻ

ԿՌԻՎԸ ԼԱՎ ԲԱՆ ՉԻ
25.02.2011 | 00:00

Հրաչյա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Իմ սիրելի որդի Գիքոր ջան։
Դու գիտես, որ քո հեր Համբոն կռիվներից հեչ վախեցողի մինը չի։ Վերջերս մտքովս հա՜ կռիվներ են անցնում։ Չէ, ես պարապի մինը չեմ, որ նստեմ անտերմնա հեռուստացույցի դեմը, թե ինչ է` կռիվ կինո եմ մտիկ անում։ Մեր ապրած կյանքը ոտից գլուխ տեղով կռիվ է` հացի կռիվ, ապրուստի կռիվ, արդեն մեզնից բեզարած նամուս-թասիբի կռիվ, ընտրությունների, գեղապետի, ձեն տալու կռիվ։ Կռիվն ինքն իր ոտով շեմդ է հասնում, մտնում տուն։ Թե որ տղամարդ ես` դիմացիր։ Չասես, թե հերդ մեծացել, վախլուկ է դարձել։ Ես շատ կռիվներ եմ տեսել, ոչ էն կռիվներից, որ Թումանյանը մի տողով է ասել` գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել։ Իսկ ինչո՞ւ էր կռիվ ընկել։ Պատճա՞ռը։ Տուն է` հոգսերը մեկ ու երկու չեն, հազար ու մեկ են։ Հոգսերը ցուրտ ձմռան օրով անտառում դարսված փայտի նման վառվում են։ Վառվում են, բայց չեն մոխրանում։ Հենց քեզ են վառում, էրվում-խորովվում ես, բայց ի՛նչ։ Հիշում ես, ծմակում արած կրակը Աստծո մորուքը խանձում է։ Էնպես էլ տան հոգսերը կրակ դարձած խեղճացնում են տան գլխավորին, ուզում է մի ճարի դուռ բացել, ցերեկները շաղվում-շշկլվում է, իսկ գիշերները դառնում են գել, քեզ կրծում են, չեն թողնում աչքդ կպցնես։ Թեկուզ էսպես` պիտի չհանձնվես։ Հիմա ի՞նչ կոռ, ի՞նչ բեգյար` ուզում, հա՜ ուզում են։ Եղած տեղից են տալիս, չեղած տեղից ի՞նչ տաս։ Թեկուզ մեջքիցդ յոթ զոլ կաշի էլ հանեն` չունես, ո՞նց տաս։ Բայց կա մի հարկ, որ մեջտեղից տրաքես, պայթես, մեռնես էլ` պիտի տաս։ Դա տերության հարկն է։ Տերություն ասելով ես հասկանում եմ զինվորականություն, բանակ։ Ես մնում եմ էն համոզմունքին, որ հոգսի ձեռից թե կրակն էլ ընկնես` ծառայության տարիքի տղան պիտի ծառայի։ Պիտի ուրախանաս, որ երկիր ունես, երկիրը բանակ ունի, քո որդին իր երկրի բանակի զինվորն է։ Չունենալու պատճառով կարող է քո զավակի ծննդյան օրվա տարեդարձը չնշես, անգամ ոչ թե սուտ, այլ ճշտից մոռանաս ծննդյան օրը, բայց պարտավոր ես բանակի քեֆ կազմակերպել։ Բարով-խերով թող գնա, բարով-խերով ծառայի ու բարով-խերով վերադառնա։
Հայրենիք և Հայրենիքի Զինվոր. սա հոգու հովություն ու թեթևություն է, ազատ հայրենիք ունենալու երջանկություն։ Մեր աչքերը վաղուց բացվել են ու տեսնում ենք, թե ոնց է փողփողում մեր եռագույնը։ Հայրենիքը տրված է մեզ, ու թե պետություն կա, պետությունն էլ տրված է մեծահարուստներին։ Մեծահարուստների, խիստ պաշտոնավորների ոչ միայն զավակները, այլև նրանց երիվարներն էլ չեն գնում ծառայության։ Գլխիս մեջ շատ օրինակներ են պտտվում։ ՈՒզում եմ հիշել մեր Թումանյանի օրինակը։ Դու չես մոռացել, որ մենք հայրենիք կորցրած ժողովուրդ ենք։ 1915-ի հայաջնջությունից, երկրաջնջությունից հետո ի՞նչ էր մնացել մեզ։ Մի բուռ ցաքուցրված ժողովուրդ էր մնացել ու մի պուճուր հող-հայրենիք, որին սպառնում էր վերանալու վտանգը։ Եվ ո՞վ չէր մտածում ինքն իրեն, երկիրն ու ժողովրդին փրկելու մասին։ Կասեի` ամենից շատ Թումանյանը։ ՈՒ մեր Թումանյանը 1917-ի վերջին մեր Զորավար Անդրանիկին նամակ է գրում ու ասում է. «Սիրելի Անդրանիկ, ահավոր մոմենտի առջև ամեն մարդ պետք է ընդհանուրի սեղանին բերի ինչ որ ունի և կարող է - թե՛ վերահաս վտանգը կանխելու և թե՛ բաղձալի խաղաղությանը հասնելու համար։
Ես չորս տղա ունեմ, չորսն էլ երկրի կառավարության, Ազգային խորհրդի և քո տրամադրության տակ են, իսկ չորս աղջիկս էլ պատրաստակամ գնում են թիկունքի աշխատանքներին, ինչի որ ընդունակ կլինեն։
Ես էլ, անշուշտ, սրանից թանկ ոչինչ չունեմ, հետևաբար ոչինչ չեմ խնայել, միայն թե կարողանանք բոլոր ազնիվ ժողովուրդների և ազատասեր հոգիների հետ միասին հետ մղել վերահաս վտանգը և պաշտպանել ամենքիս սրբազան իրավունքներն ու ազատությունը։ Ես անսասան հավատարիմ շատ փոթորիկների մեջ ձեռք բերած քո փորձառությանը, վառ հայրենասիրությանն ու ազատասիրությանը, ինչպես նաև բնական մարդասիրությանն ու զինվորական բարձր տաղանդին, պատրաստ եմ գալու, երբ, ուր կկոչի քո եղբայրական ձայնը: Համբուրում եմ հերոսական ճակատդ։
Միշտ քո Հովհաննես Թումանյան
Հ. Գ. -Սրա հետ միասին, որովհետև ես էն կարծիքին եմ, որ ամեն մի հայ այժմ պետք է իրեն դնի կամավոր տուրքի տակ, պարտավորվում եմ ամսական հարյուր ռուբլի տալ էս նույն նպատակով մեր ընդհանուր գանձարանին»։
Հենց ինձնից պիտի իմացած լինես, որ Վանից գաղթականության նահանջի ճանապարհին, 1918-ին զոհվում է Թումանյանի Արտավազդ (Արտիկ) որդին։
Օրինակը բերում եմ նրա համար, իմ սիրելի որդի Գիքոր ջան, որ լավ իմանաս մի բան. մարդ իր ժողովրդի, իր հայրենիքի հետ պիտի լինի նրա բոլոր օրերին։ Զինվորի համար ամեն ինչ պետք է անել։ Աշխարհից կտրված չենք, լավ ու վատից գիտենք, թե որտեղ ինչ է կատարվում։ Էսօր ասում ենք հայոց բանակ, հպարտանում ենք։ Մենք մեր ներսից մեզ ուտում ենք, որ ամեն տեղ թափթփուկներ կան, ավելի ճիշտ, Նժդեհի ասած` տականքներ։ Բանակում դրանից պիտի որ չլիներ։ Մինչև հիմա գլուխս չի մտնում, որ զինվոր է սպանվում հրամանատարի մեղքով։ Վերջերս մի տականք հրամանատարի մասին շատ գրեցին թերթերը։ Նրա մեղքով հայ զինվոր է սպանվել։ Ոչ թե մեղքով, այլ ձեռքով։ Ո՞վ է նրան նշանակել հրամանատար։ Հենց նշանակողին պետք է պատժել։ Երբ բոլորն էլ գիտեին, որ նա բազմաթիվ հանցագործություններ է կատարել, որ բանակից նա յոթ մղոն պիտի հեռու փախչեր։ Բայց դե, բանակը շատերի համար դարձել է ախոռ, ամեն ինչ ախոռ արած ուտում են, դառնում հաստավիզ։ Բանակը տան նման, եկեղեցու նման պիտի սրբավայր լինի, հայրենի հողը պաշտպանելը զինվորի համար պիտի աղոթքի նման լինի։ Շարքայինից մինչև գեներալ պիտի զինվոր լինեն։ Ինչ զինվոր կամ սպա Վազգեն Սարգսյանի անվան զորամասի նախկին հրամանատար Վարդան Մարտիրոսյանից, որ երկար ժամանակ զբաղված է եղել զինվորներից փող պլոկելով։ Ավելի լավ է նորություն ասեմ, բայց ուրախացնող նորություն չկա։ Ժողովուրդը ապրուստի համար տանջվում է։ Եթե չլինեն դրսից եկող օգնությունները, սովը կչոքի անտերներիս դռանը։ Սրանով չեմ ուզում ասել, թե ձեռդ ընկած փողը քոռ ու փուչ չանես։ Բայց որ ուղարկում ես, շատերն ասում են` Համբոյի հողերը մեր գլխին, հորը ոսկու նման պահում է։ Բա ոնց։ Ամեն։
Քո հարգարժան հայր` Համբո

Դիտվել է՝ 1701

Մեկնաբանություններ