ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ՄԻ ԿԱԹԻԼ ՄԵՂՐ` ԿԻՍԱԽԱՂԱՂ ԱՎԱՐՏՈՎ

ՄԻ ԿԱԹԻԼ ՄԵՂՐ` ԿԻՍԱԽԱՂԱՂ ԱՎԱՐՏՈՎ
15.06.2010 | 00:00

Դուք ուզո՞ւմ եք ձեր այգում եղևնի ունենալ` գեղեցիկ, բարձրուղեշ, ասեղնատերև, իսկական: Դուք դիտե՞լ եք «Երկիր մեդիայով» եթեր հեռարձակված գովազդը հատուկ ակցիայի մասին. երկու օր` հունիսի 11-ին և 12-ին, «Բրաբիոն» ֆլորա սերվիսը Երևան-Սևան խճուղում, Առինջ գյուղից 1 կմ հեռավորության վրա, պատրաստ է ձեզ եղևնի վաճառելու։ 1 մետրանոց եղևնին` 6000 դրամ։ Դուք շտապում եք գնումների: Դուք մենակ չեք, չգիտես ինչու` կարճլիկ գովազդը դիտած համար-յա յուրաքանչյուր երկրորդ հեռուստադիտողի մեջ երկու ջիղ է արթնացել. առաջինը` բնասերի, երկրորդը` գնորդի: Իհարկե, «Երկիր մեդիան» մեղավոր չէ, հեռուստաընկերությունը պատասխանատու չէ իր հեռարձակած գովազդի բովանդակության համար, պատասխանատու է պատվիրատուն: Բայց դա ոչինչ չի փոխում: Խաբեությունը մնում է խաբեություն: Իրականում ոչ միայն մայրաքաղաքից, Հայաստանի տարբեր մարզերից եղևնի գնել ցանկացողներին սպասում էր ոչ միայն խոր հիասթափություն տնկիի որակական հատկանիշների մասին` մանրիկ թփեր` 6000 դրամով, այլև օրը ցերեկով կողոպուտ, որովհետև գովազդված մեկ մետրանոց եղևնին գնահատված էր 45000 դրամ:
Եթե «Բրաբիոնը» շփոթել է օրացույցը և հունիսն ու ապրիլը, 11-ն ու 1-ը խառնել իրար, նման խաբեությունն ինչ-որ, թեկուզ անընդունելի, բացատրություն ունի: Բայց ինչո՞ւ է իր բիզնես գործունեության պատկառելի ստաժով ու հաջողություններով հայտնի «Բրաբիոնը» նման արկածախնդրության դիմել, հասկանալի չէ: Առավել ևս, որ դյուրահավատ գնորդներին որևէ բացատրություն չէր էլ ներկայացվում ո՛չ տնկիների ողորմելի որակի ու քանակի, ո՛չ էլ անհասկանալի գնի մասին: Գուցե վաճառողներն իրենք զարմացած էին, որ իրենց այդքան մեծ թվով մարդ հավատացել է ու որտեղից ասես հասել Երևան-Սևան մայրուղու համապատասխան հատված` եղևնի գնելու։ Զայրացած գնորդներին որևէ խելամիտ բացատրություն տալու փոխարեն, բրաբիոնականներն ակնհայտորեն հույս ունեին, որ վաճառակետ հասնողը ձեռնունայն չի հեռանա և ինչ-որ բան կգնի` գնահատելով իր վատնած ժամանակն ու ծախսած բենզինը: Պոտենցիալ գնորդներն էլ հույս ունեին, որ իրենց խաբած առևտրականները կա՛մ կիջեցնեն առասպելական գները, կա՛մ կփոխհատուցեն իրենց ծախսած բենզինի գինը: Նորօրյա մի կաթիլ մեղրի պատմությունը կիսախաղաղ ավարտ ունեցավ: Բայց ի՞նչ երաշխիք, որ նույնը հաջորդ օրերին չի կրկնվի Երևանում կամ մայրաքաղաքամերձ որևէ այլ խճուղում, եղևնու փոխարեն իբրև խայծ չի հայտնվի մեկ այլ ապրանքատեսակ, հեռուստաընկերություններն էլ իրենց եկամուտի համար բարեխիղճ կգովազդեն հայրենական ապրանքատեսակներին առավելություն տալու անհիմն անհրաժեշտությունը, խաբված սպառողի շահերի պաշտպանությամբ էլ հանդես կգա հերթական գրանտը ստացած հերթական ՀԿ-ն ու այսպես չգիտես մինչև երբ ու չգիտես ուր:
Ո՞վ և ինչպե՞ս պիտի պատժի այս խաբեության մեղավորներին:
Հարցը հռետորական չէ: Խիստ արդիական է, որովհետև անպատիժ մնացած անօրինականությունը դառնում է նախադեպ ու դուռ բացում ավելի մեծ ու լուրջ հանցանքների համար, իսկ տուժողը միշտ էլ նորմալ մարդն է, որն ուզում է իրականացած տեսնել աշխատանքի ու հանգստի իր իրավունքը, պաշտպանված տեսնել իր ազատությունները, մինչդեռ մյուսները մոռանում են, որ կան պարտականություններ, որոնք հավասարաչափ պարտադիր են կատարման առումով: Իսկ չկատարումը պատժվում է օրենսգրքերով:
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2335

Մեկնաբանություններ