ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԵՆՑ ԱՅՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆ Է ՈՒ ՍԱՀՄԱՆԸ, ՈՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՄԵՐ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՐՊՈՒՍԸ ԳՈՐԾԵԼՈՒ Է»

«ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԵՆՑ ԱՅՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆ Է ՈՒ ՍԱՀՄԱՆԸ, ՈՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՄԵՐ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՐՊՈՒՍԸ ԳՈՐԾԵԼՈՒ Է»
13.10.2009 | 00:00

Որքան բուռն էին քննարկումները հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների շուրջ, կարելի է ենթադրել, որ նույնքան էլ սպասվում է ստորագրված փաստաթղթի առնչությամբ։ Նոր իրավիճակի ու նոր փաստաթղթի վերաբերյալ իր դիտարկումները մեզ ներկայացրեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ։
-Այս փուլում Հայաստանը հաղթանակա՞ծ դուրս եկավ, թե՞ մտահոգությունները դեռ փարատված չեն։
-Քաղաքականության ու, մասնավորապես, դիվանագիտության մեջ հաղթանակներ չեն լինում, գրանցվում են արդյունքներ։ Այո՛, արդյունքներ արձանագրեցինք, իսկ դժգոհություններ պիտի լինեն։ Ամենակարևոր արդյունքն այն է, որ մենք զոհի կարգավիճակից դուրս ենք գալիս` ընդունելով մեր ժողովրդի պահանջատիրական զգացումները, դրան զուգակցելով նաև հայրենասիրականը։ Կա անձ, որն իր վրա է վերցնում պատասխանատվությունը, ու կա շատ վճռական թիմ` բոլոր մտահոգություններով հանդերձ։ Պատմականորեն ապացուցված է, որ երբ թիմը վճռական է և իր առաքելությունը հստակ գիտակցում է, արդյունքում միշտ էլ մեծ նվաճումներ են գրանցվում։
-Չնայած և՛ սփյուռքում, և՛ Հայաստանում հանրության որոշակի հատվածը խիստ բացասական վերաբերմունք ուներ նախաստորագրված արձանագրության նկատմամբ, այդուհանդերձ, այն նույն տեսքով ստորագրվեց։ Ինչպիսի՞ն կլինի արձագանքն այս ամենին։ Հնարավո՞ր է՝ բողոքող զանգվածին նոր ուժեր միանան։
-Մտահոգությունը, դժգոհությունը, բողոքը միմյանցից տարբեր բաներ են։ Կարծում եմ, ՀՀ այսօրվա իշխանությունները որոշ ժամանակ հետո կամաց-կամաց այդ մտահոգությունները փարատված կտեսնեն, որովհետև գործընթացներն այնպիսին են, որ չի կարելի ամեն ինչ կապել ստորագրված փաստաթղթի հետ։ Փաստաթուղթը, եթե իր վերջնական հանգրվանն էլ չունենա, միևնույն է, արդեն գործողությունները սկսված են, ու մեր վճռականության շնորհիվ կկարողանանք արդյունքների հասնել։ Իսկ ինչո՞ւ չեն մտածում, որ սահմանի բացման դեպքում մեր հայրենակիցներն ու սփյուռքն ավելի անմիջական կգտնվեն, որ մեր պապենական հողերը կամաց-կամաց հետ կվերցնեն գնման կամ այլ ճանապարհով։ Այսինքն, զոհի մտածողությունը դեռ մեզանից չի հեռացել։ Մենք զոհ չենք, առավել ևս այս պարագայում, մենք մարտիկներ ենք, պայքարողներ։ Իհարկե, փաստաթղթի ստորագրումից հետո այս տրամաբանությունը հասարակության մեջ միանգամից չի մտնի, բայց գնալով կհասնենք դրան։
-Որոշ ուժեր սպառնացել են, որ փաստաթղթի ստորագրումից հետո նախագահի հրաժարականն են պահանջելու։ Ինչպիսի՞ն է Ձեր արձագանքը։
-Դա քաղաքակիրթ պայքարի ձև է, բայց անհետևանք պայքարի, որովհետև երբեք որևէ ուժ չի կարող վճռականությանն ու հզորությանը հաղթել։ Այն ծանր պատասխանատվությունը, որ վերցրել է թիմը` ի դեմս երկրի նախագահի, իր մեջ պարունակում է նաև անձնազոհության ռիսկեր։ Ինչպես ասում են` լեզվի տակ ոսկոր չկա, ասել է` յուրաքանչյուրը կարող է իր պահանջները ներկայացնել, բայց արդյունքներ տեսնելն անհեթեթություն է։ Մարդը ճանապարհ է գնում վճռական, ու ոչ մեկը չի կարող դրանում անձնական շահ տեսնել, չնայած, բնականաբար, այդ ամենում կա պետության ամրապնդման, խնդիրների լուծման շահը։ Այս շահից բացի, երկրի նախագահը և թիմն այլ բան չունեն։
-Փաստորեն, կարծում եք, որ նախագահի հրաժարական պահանջող ուժերը ոչ մի արդյունքի չե՞ն հասնի։ Իսկ եթե այդ պահանջով ընդդիմադիր երկու ուժերը միավորվե՞ն՝ ի դեմս ՀՅԴ-ի և ՀԱԿ-ի։
-Որևէ գործոն չկա, որպեսզի իշխանափոխություն իրականացվի։ Հրաժարական պահանջողները չեն էլ կարող ներկայացնել այն ծրագիրը, որ ենթադրյալ հրաժարականից հետո դնեն ժողովրդի սեղանին։ Չկա սկզբունք, չկա գաղափարախոսություն։ Կարծում եմ, երբեմն եսասիրական, երբեմն ազգասիրական բռնկումների պատճառով արտաբերված խոսքերն ու մոտեցումները մեր ժողովրդի մեջ չեն արժեքավորվի։
-Ձեր դիտարկմամբ՝ ինքնանպատա՞կ են այդ կոչերը։
-Քաղաքական գործառույթ իրականացնելու խնդիր են դրել։ Մի կողմից, այդ քաղաքական ուժերը կայացվածության կարիք ունեն հասարակության մեջ, մյուս կողմից` կարող է կարծրացած գաղափարների հետևանք լինել հրաժարականի պահանջը, մեկ այլ դեպքում էլ` մարաղ մտած քաղաքական թիմեր կան, որոնք մտածում են, թե իրենց համար ավելի հաճելի իշխանություն կգա։ Այն մտավախությունները, որ այդ քաղաքական ուժերն ունեն, մենք էլ ենք կիսում, սակայն մեր և նրանց տարբերությունն այն է, որ իմանալով այդ մասին, կարծում ենք, որ կարող ենք հաղթահարել առկա դժվարություններն ու շահեկան դուրս գալ այս գործընթացից։
-Ինչպիսի՞ն կլինեն հետագա զարգացումները։ Թուրքիայի խորհրդարանը կվավերացնի՞ արձանագրությունը, թե՞, այնուամենայնիվ, կձգձգի։
-Թուրքերի փոխարեն չեմ ուզում մտածել։ Բայց, կարծում եմ, Թուրքիայում կսկսվեն լուրջ քննարկումներ փաստաթղթի շուրջ։ Առավել ևս, որ նրանց թիմի ներսում էլ կան քաղաքական տարաձայնություններ։ Փաստաթղթում գրված է, որ ողջամիտ ժամկետում պետք է սահմանը բացվի։ Այդ մասին օրերս ասել է նաև Էրդողանը, ընդգծելով, որ մինչև տարեվերջ սահմանը կբացվի։ Նախօրեին նախագահ Սարգսյանի ուղերձը հենց այն չափորոշիչն է ու սահմանը, որի շրջանակում մեր դիվանագիտական կորպուսը գործելու է։
-Ստորագրության օրը Թուրքիան հերթական «տրյուկը» իրականացրեց։ Հնարավո՞ր է, որ մինչ վավերացումը Թուրքիան փորձի շտկումներ, վերաձևումներ անել փաստաթղթում։ Չմոռանանք, որ Թուրքիայի դիվանագիտության «պլանկան» բավականին բարձր է։
-Շփոթը հենց դրանից է սկսվում, որ մտածում ենք, թե Թուրքիան միշտ մեր նկատմամբ դիվանագիտական հաղթանակ է տարել։ Մեր դիվանագիտությունը նոր է սկսվում։ Ստանալու ենք այս փաստաթուղթը, որը Թուրքիայի խորհրդարանը կվավերացնի, ու դրանում որևէ փոփոխություն մեզ ընդունելի չի լինի։
-Ի հավելումն ասվածի, ներկայումս Հայաստանի Հանրապետությունն ի՞նչ ուղիով է առաջ ընթանում ու այս տեմպով ինչի՞ է ուզում հասնել։
-Սա կապված է մեր ազգային խնդիրների հետ։ Շատ ծանր, բայց և հուսադրող ճանապարհ ենք անցնում, որի խաչը և առաքելությունը վերցրել ենք մեզ վրա՝ կրելով ողջ պատասխանատվության բեռը։
-Ստացվում է՝ եթե բարդություններ լինեն, կրկին պատասխանատուն դո՞ւք եք։
-Չի լինելու ոչ մի բարդություն։ Կասկած չկա, չէ՞, որ անկախությունը կամ Ղարաբաղի հաղթանակը մեծ նվաճումներ են, նույն վճռականությամբ տրամադրված ենք նաև այսօր։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1476

Մեկնաբանություններ