Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Ցավը ներս արած

Ցավը ներս արած
24.10.2008 | 00:00

Սիրելի Դավիթին
ԱՐՁԱԿ
Ձախից իմ՝ էս պատմվածքի հեղինակի նկարն է, իսկ աջից պատմվածքի հերոսի նկարն է։ Կարող էր և հակառակը լինել։ Տարբերությունը մեծ չէ։ Մտորելը թողնենք այլ օրերի, սկսենք կարդալ պատմվածքը։

Կարող էր ցավից տրաքել, ոռնոցը գլուխը գցել, գլխին հավաքել պարապ-սարապների։ Ժամանակներն էնքան ցավ էին դիզել, որ կարող էր նստել ցավի մի դեզի, դես նայել, դեն նայել, զարմանալ՝ էս ի՜նչ է կատարվում, շունը տիրոջը չի ճանաչում։ Եթե տեր լինի, մտածում էր, ոչ մի շուն էլ շնություն չի անի, կճանաչի էլ, ձեռքը կհամբուրի էլ, ճակատն էլ կլիզի։
Ժամանակները ցավից ոռնալ էին տալիս շա՜տ-շատերին։ Ինքը հոգի ու սիրտ ուներ, ոռնալու իրավունք ուներ, կարող էր վնգստալով ոռնալ, միանալ ոռնացողներին, լինել նրանցից մեկը։ Իրեն պահում էր տղամարդավարի, արժանավայել։ Ասենք՝ կվթացրեց, վնգստաց, ոռնոցը կապեց, կաղկանձեց, ծմրաց, լուսնահաչ տվեց, մարդահաչ տվեց, աջ ու ահյակ գողեր են՝ կոռուպցահաչ տվեց, օլիգարխահաչ տվեց, խղճահաչ տվեց, ոգեհաչ տվեց, դրանից ի՞նչ է փոխվելու։
Ինքը երբեք էլ խեղճ չի եղել ու չի խեղճանալու։ ՈՒզած փողոցով քայլում է, քեֆն ուզած պահին կանգնում՝ ում սիրտը քաշում, նրան է նայում։
Լիքը ծանո՜թ, հարազատ դեմքեր։ Փոխվել են, ոնց որ առաջվա սիրտն ու հավեսը չունեն։ Մեկ տեսնում է՝ փողոցներում էն ժխորը, աշխուժությունը չկան, վերացել են, մեկ էլ՝ վրա տված գնում են, ասես կրակ հանգցնելու են գնում։ Հասկանում է, շան նման գլխի է՝ հանրահավաքի են գնում։ Էսքան մարդ, որ աշխատանք ունենա, որի մարդկային իրավունքները ոտնահարված չլինեն, վիրավորված չլինի օրենքի անօրինականությունից, կեղծիքները օձ դարձած չլինեն ու դաղելիս չլինեն մարդու մաշկը, ինքը հիմա՞ր է, որ հրապարակ դուրս գա։ Մարդն արդարություն է ուզում։ Արդարորեն կառուցած տունն է մնում, արդարությամբ կառուցած երկիրն է մնում։ Լավ օր ու կյանքի ձեռին ոչ մեկը չի գժվում։ Պակաս-պռատությունն է մարդուն խենթացնում։ Լավ օրը ոչ մեկին տնից չի հանում, երկրից չի հանում, թե գնա, բախտ որոնիր։ Գնացողը հաց գտնում է, բայց կորցնում է հայրենիքը։ Ինքը լավ է հասկանում. թող մի օր չէ, մի ժամ ուշացնեն իր կերը, ի՞նչ կանի։ Էն գեղեցիկ, խորհրդի խոսքը հեռացել է մարդուց։ Սիրո խոսքը, հավատի խոսքը, աղոթքի խոսքը հեռացել են մարդուց։ Մատ են թափ տալիս, մի մատը տասը մատ է դառնում, տասը մատը բռունցք է դառնում, բռունցքը մեկնված ձեռք է դառնում։ Ախր, էս ձեռքերը հիմա պիտի աշխատելիս լինեն, զավակ ու թոռնիկ սիրելիս լինեն, էս աչքերը պիտի նայելիս լինեն երկնքին, կնոջ աչքերին։ Էս ի՞նչ օրն են ընկել մեր կանայք։ Ո՞վ կոշտացրեց նրանց հայացքը, նրանց ձայնն ո՞վ խռպոտեց։ Ինչո՞ւ մարդիկ գիշերները տուն չեն գնում։ Ինչո՞ւ են բոլորը ճչում, աղմկում, լռում։ Ո՞Ւմ են սպասում, ինչի՞ են սպասում։ Բոլորը խոսում են արդարությունից։ Ինչո՞ւ են բոլորը դառնում դատավոր։ Բոլորը դառնում են թագավոր։ Եթե իրենց ցանկացած մարդը դառնա նախագահ՝ արդարությո՜ւն կլինի հայոց աշխարհում, հացի կռիվ չի լինի, բոլորն աշխատանք կունենան, գյուղերը, քաղաքները չեն դատարկվի, արժանապատվորեն կապրի մարդը։ Ինչո՞ւ են մարդիկ տագնապում։ Ինչո՞ւ են նրանց քունը հարամում։ Ինչո՞ւ են շտապում Մյասնիկյանի արձանի մոտ։ Էնտեղ ծո՞վ կա, ֆրանսիական փրկարար նա՞վ կա։ Ինչո՞ւ են կրակում, ինչո՞ւ են ծեծում, ինչո՞ւ են փախչում։ Էս ի՞նչ արյուն է։ Էս ո՞վ մարդուն թշնամի սարքեց իր նմանին։ Էս ի՞նչ խեղճություն է, անճարակություն է։ Մարդիկ ինչո՞ւ են թաքնվում։ Էսքան արցունք որտեղի՞ց մարդկանց։ Էս ի՜նչ անեծքներ են։ Մարդը մարդուն կանիծի՞, մարդը մարդուն կհալածի՞, մարդը մարդուն կսպանի՞... Օ՜, քննություններ պիտի լինեն, դատավարություններ, օրենքներից պիտի խոսեն, ճամարտակեն։ Երեկ հերոսներ էին, ազատության, անկախության զինվորներ, իսկ այսօ՞ր... Չէ՛, սա իր քաղաքը չէ։ Իր սիրած մարդիկ ո՞ւր են։ Ինչո՞ւ են հեռանում իրենց տնից, քաղաքից։
Հեռացավ։ Չի կարող տանել լպիրշությունը, ստորությունը։ Մեկը շան բնում է մնում։ Ավելի ճիշտ՝ պատվարժան շունն էդ բնում չի մնա։ Բայց մարդ են ու մնում են։ Հեռացավ։ Բարձրահարկերի աղբանոցները քրքրողներից հոգնեց, հոգնեց փողոցների աղբարկղերը հույս ու հավատով քրքրողներից։ Հեռացավ։ Սերը սրտի նման բարակել է։ Առաջվա սերը չկա։ Խոսքի մեջ աղ չի մնացել։ Հեռացավ։ Էս շքեղ մեքենաները։ Էս դղյակները։ Էս խոսելաձևերը։ Իրենք են, որ կան։ Արդարություն որոնողի հույսով ճանապարհ են ընկնում դեպի ողորմած հրապարակներ, ճեմում ու զրուցում են Հյուսիսային պողոտայում։ Ա՜խ, զոհվածների կանայք, մայրեր, երեխաներ։ Ազատամարտիկների զավակներ։ Երեկ հպարտությամբ ասում էիք՝ հերոսի զավակ եք, Ղարաբաղում կռվածի զավակ եք, հիմա պիտի ասեք՝ բանտարկվածի, քաղբանտարկյալի զավակ։ Ո՞նց եք մեծանալու, հասակ նետելու մի երկրում, ուր օրենքը թաքնվում է իշխանավորի բութ պատյան հիշեցնող անուղեղ, անլույս հայացքի մեջ։ Հասկանում է՝ իրեն մեղադրելու են դավաճանության համար։ Օրեր, տարիներ շարունակ չափչփել է մայրաքաղաքի փողոցներում, պուրակներում, Զանգվի ձորն է իջել, ավերակված Մոնումենտից նայել Արարատ-Արագած սարերին, նայել քաղաքի համայնապատկերին ու... Էս խենթանոցում մարդի՞կ են ապրում, նաև իշխողնե՞րը։ Նաև ի՞նքը։
Խենթացավ ու հեռացավ։ Հեռացավ, շա՜տ դարեր առաջ ծնված, ապրած, վայելած, նաև նեղություններ կրած նախնիների ծննդավայրը հասավ։ Անդորր, խաղաղություն, բնություն։ Իրեն տրված է մի կյանք։ Դեռ ջահել է։ Ազատությունը, մարդ իր ազատությունը պիտի բնության մեջ որոնի, բնությունը հենց ազատության սրնգահարն է։ Բայց... Ինչո՞ւ են հոշոտում անտառը, հզոր մեքենաներն ո՞ւր են տանում կաղնու, հաճարենու գերանները, ինչո՞ւ չեն մարդիկ մշակում իրենց հողը, էս ի՞նչ տուրք ու վարկից են խոսում, վառելանյութի թանկությունից, ջուրն առու-առու, ինքնաբուխ հոսում է, սրանք վարձից են խոսում։ Ինչո՞ւ են պարտք բառը շատ օգտագործում։ Ինչո՞ւ են ասում՝ ե՞րբ է օգնություն գալու։ Ինչո՞ւ են ասում՝ գյուղապետը մարզպետի դրածոն է, մարզպետը՝ վարչապետի, վարչապետը՝ նախագահի, նախագահը՝ օտար նախագահի... Սա ի՞նչ տրամաբանություն է։ Ո՞Ւր են էս տների տերերը, դռներն ինչո՞ւ են փակ։ Ո՞Ւր են էս տների աքլորները և շները։
Քայլեց, մտածեց, խորհեց... Հիշեց քաղաքը, ժողովրդին։ Միտինգ են գնում։ Գոչում են՝ հեռացի՛ր, կանչում են՝ արի՜... Էս կնանիք չորանում են։ Կինն առաջվա պտուղը չի տալիս ո՛չ քաղաքում, ո՛չ գյուղում, ծառն առաջվա պտուղը չի տալիս գյուղում։ Անհասկանալի քամիներ են շարժվում, օտար հովերն են քեզ օրորում։
-Ազատությունը, անկախությունն էնտեղ են, որտեղ մարդ չկա,- փիլիսոփայեց Բոբը։- Ես իմ անկախությունը գտել եմ ազատության մեջ։- Նորից փիլիսոփայեց Բոբը։ Պտտվեց գյուղամիջում՝ հարմար մարդ չգտավ՝ խոհը կիսելու, ծմակ գնացող ճամփան բռնեց, գել ու գազան չպատահեցին, որ խոհը կիսի։ Նստեց, միտք արեց, միտք, աչքերը ծանրացան, ու, որպեսզի չտեսնի, թե որտեղից է մոտենում մահը, աչքերը փակելուց առաջ ասաց.- Հնարավոր չէ ապրել ազատության մեջ ու անկախ լինել։ Անկախությունը հնում հնարած բան է, որ պարապ մարդկանց համար մնում է որպես հավերժախաբ խաղալիք։
...Գիտեմ, որ շատ բան չգիտեմ. մի «չգիտեմ» էլ էսօր ավելացավ. չգիտեմ՝ ե՞ս հիշեցի Բոբին ու հարգեցի նրա հիշատակը, թե՞ Բոբը հիշեց ու հարգեց իմ հիշատակը։ Ի՞նչ տարբերություն։ Գլխավորը՝ թեկուզ ցավը, ահը ներս արած, իրար չմոռանանք։
Հրաչյա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 7332

Մեկնաբանություններ