ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՈՒՀԱՆ

ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՈՒՀԱՆ
15.06.2010 | 00:00

Ղրղզստանի իրադարձությունները և հատկապես Կուրմանբեկ Բակիևի փաստական մեկուսացումն ու առաջին դերերում Ռոզա Օթունբաևայի քաղաքական թիմի առաջադրումը շատերը համարում են արդեն ավանդական դարձած ԱՄՆ-Ռուսաստան դիմակայության հետևանք։
Սկզբնական փուլում նման մեկնաբանությունը գուցե և հնարավոր էր համարել իրականությանը համապատասխանող, սակայն ինչ-որ պահից սկսած այլ ազդեցիկ ուժեր նույնպես սկսեցին ձեռնարկել գործողություններ, որոնք, այսպես թե այնպես, հարցականի տակ կդնեն Մոսկվայի անվերապահ հաղթանակը նախկին խորհրդային այդ հանրապետությունում։ Բիշքեկում ռուսների ուժեղացումը չի մտնում տարածաշրջանային կոնկրետ շահեր հետապնդող երկրների հաշվարկների մեջ։ Մասնավորապես, ՈՒզբեկստանի ու Չինաստանի։ Այդ երկու պետությունները չեն ճանաչի Ռուսաստանի դերը որպես Կենտրոնասիական տարածաշրջանի ապագայի համար պարտադիր իրավապատասխանատուի։ Թե՛ ուզբեկները, թե՛ չինացիները բավականին լուրջ շահեր ունեն, կպայքարեն դրանք կյանքի կոչելու համար։ Բացի այդ, Տաշքենդը Ղրղզստանի հարավային տարածքներում ունի ազդեցության ևս մեկ տարր։ Էթնիկ ուզբեկների թիվն այդ շրջաններում անցնում է 40 տոկոսից։ Ավելին, Իսլամ Քարիմովը գիտակցում է, որ լիդերների փոփոխման գործում հաջորդը կարող է լինել ՈՒզբեկստանը, որը տևական ժամանակ վարում է մի քաղաքականություն, որը ո՛չ ամեն ինչում և ո՛չ միշտ է համահունչ ռուսների շահերին։ Մասնավորապես, Տաշքենդն սկսել է Ռուսաստանից ու ՀԱՊԿ-ից աստիճանաբար հեռանալու և հաստատակամորեն ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մերձենալու գործընթացը։ Այնպես որ, Ջալալաբադի իրադարձությունները հետևանք են ոչ միայն ներքին բակիևամետ ուժերի, այլև Ղրղզստանի քաղաքական անկայունության պահպանմամբ շահագրգիռ արտաքին ուժերի ակտիվության։ Նրանք, հավանաբար, կարծում են, որ ԱՊՀ-ի գծով ռուսներն անցել են թույլատրելիի սահմանը, և պետք է կանգնեցնել նրանց։ Հնարավոր է, որ իրադրությունը ժամանակի ընթացքում խորանա նաև ազգամիջյան բարդ հարաբերություններում առկա հակամարտությամբ, որն ի վիճակի է երկիրը երկար տարիներ պահելու բավական լարված դրության մեջ։ Կգտնվեն մտածողներ. «Ինչո՞ւ է այդքան սևեռվել ուշադրությունը Երևանից հազար կիլոմետր հեռավորության վրա տեղի ունեցող իրադարձությունների վրա»։ Ճշտենք. ԱՊՀ-ում տեղի ունեցող վերջին քաղաքական գործընթացների տրամաբանության պատճառով։ Նկատի ունեմ Աբխազիայի ու Հարավային Օսիայի «հաղթական պոկումը» Վրաստանից, ՈՒկրաինան եվրատլանտյան ձգտումներից ռուսականի վերակողմնորոշելու առայժմ հաջող ընթացող փորձը։ Այս ամենը ռուսների մեջ կարող է գլխապտույտ առաջացնել` նախկին ԽՍՀՄ-ի տարածաշրջանում ձեռք բերած կայծակնային, բայց ոչ այնքան օրինաչափ հաջողությունների պատճառով։ Եվ ռուսները, իհարկե, կփորձեն իրենց հաջողությունը զարգացնել Հարավային Կովկասում։ Օրինակ, Հայաստանում, ինչպես ընդունված է ասել` բարեհոգության և իրատեսության ոգով։ Այս իրավիճակում տարակուսելի է Երևանի որոշ պաշտոնատար անձանց ձգտումն ամեն կերպ բավարարելու Մոսկվայի նկրտումները։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ինչ էլ ուզեն Մոսկվայում, Երևանում ուշադրության կառնվի և բարեխղճորեն կկատարվի։ Կարծում ենք` նման քաղաքականությունը ոչ միշտ և ոչ ամեն ինչում պետք է հասարակայնության միայն լռելյայն անհամաձայնությանը հանդիպի։ Անգամ այնպիսի հարցում, ինչպիսին հանրակրթական դպրոցներում հայոց լեզվի կարգավիճակի ենթադրվող փոփոխությունն է, նույնիսկ այն պայմաններում, երբ Մոսկվան ունի Հայաստանի ներքաղաքական իրադրության վրա ներգործության այնպիսի ջախջախիչ գործիք, ինչպիսին Հայաստանի աշխատունակ բնակչության մի զգալի մասի ներկայությունն է Ռուսաստանում։ Հասկանալի է, որ հնարավոր արտագաղթյալի համար ռուսերենի իմացությունն օգտակար է, այն կդարձնի նրան շատ ավելի մրցունակ ռուսական աշխատուժի շուկայում։ Բայց չէ՞ որ կառավարության հիմնական գործառույթը ենթադրական արտագաղթյալ դաստիարակելը չէ և ոչ էլ երկրի վերարտադրող բնակչության արտահոսքին նպաստող պայմաններ ստեղծելը, այլ, նվազագույնը, իր քաղաքացիների համար պետության ներսում աշխատատեղեր ստեղծելը։ Իսկ մեզ մոտ ընթացիկ տարվա առաջին չորս ամսում 40 հազար մարդ է «ոտքերով քվեարկել» կառավարության կուրսի «օգտին»։ Նրանցից 35 հազարը վաստակի են մեկնել Ռուսաստան։ Փաստորեն, Հայաստանը, քաղաքական վերնախավի ջանքերով, վերածվել է ռուսական շուկային աշխատուժ մատակարարող համակարգի։ Այդ պատճառով էլ Ռուսաստանից Հայաստան ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների նվազումը ճգնաժամային 2009-ին հայրենական ՀՆԱ-ի 13 տոկոս կրճատման պատճառ է դարձել։ Այնպես որ, դպրոցական համակարգի վերափոխման վերաբերյալ կառավարության որոշումը անկանխատեսելի ոլորտից չէ։ Ընդհակառակը, սպասվում էր և համապատասխանում է այն գործընթացներին, որոնք եղել են և շարունակվում են հանրապետությունում։ Գործընթացներ, որոնք հաստատագրում են Հայաստանի սողացող կլանումը (ոչ ղրղզական ձևով) Ռուսաստանի կողմից։ Այս ոչ սովորական, երբեմն էլ դիտավորյալ խճճված իրավիճակում Երևանի, Բրյուսելի ու Վաշինգտոնի` իրենց պատասխանատվությունը գիտակցող անձանցից պահանջվում են ոչ թե ցանկացած, այլ իրատեսորեն կշռադատված քայլեր, որոնք կամրապնդեն եվրատլանտյան դրականը երևանյան կյանքի ամենօրյա ժամանակագրության մեջ.
Քայլ առաջին։ Հայաստանը պետք է ԵՄ-ի հետ հարաբերություններում նախ` իր երիտասարդ աշխատունակ բնակչության համար հնարավորինս արագ ապահովի պարզեցված և չսահմանափակված անցակարգ, երկրորդ` շտապ «համաձայնեցնի Եվրամիության հետ ասոցիացիայի և ազատ առևտրի իր հնարավորությունների չափանիշները», և երրորդ` միանա Եվրաէներգետիկ խարտիային։
Քայլ երկրորդ։ Ի կատարումն աշխարհի առավել զարգացած քսան երկրների` անցած տարի Լոնդոնում կայացած գագաթաժողովի որոշումների, Հայաստանը պետք է դադարեցնի օլիգարխական ընկերությունների վարկավորումը` պետական պաշտոնյաների աջակցությունը վայելող ֆինանսական կառույցների միջոցով։ Ինչպես նաև ձեռնամուխ լինի ՀՀ Սահմանադրության 77-րդ և 89-րդ հոդվածների կատարմանը, որոնք ՀՀ կառավարությանն արգելում են պետության երաշխավորությամբ ստացված ֆինանսական միջոցներն ինքնուրույն բաշխել շուկայի առևտրային սուբյեկտների միջև։ Նա դրա իրավունքը չունի։ Դա զուտ Ազգային ժողովի իրավասությունն է։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի Հայաստանում բացառել փողերի լվացման և տնտեսական հարաբերությունների ամբողջ ձևաչափի վրա արտաշուկայական ներգործության հանցավոր երևույթները։ Բացի այդ, նպատակահարմար է, որ Հայաստանում ԱՄՆ-ի և ԵՄ-ի ոչ կառավարական կազմակերպություններն անցնեն վարկավորման այնպիսի սխեմաների, որոնց դեպքում բնակչության կոնկրետ խմբերի կորպորատիվ շահերը, ինչպես նաև նրանց հետագա բարեկեցությունը կնույնացվեն ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից Հայաստանում ձեռնարկվող հասցեական ջանքերի հետ։ Դրա համար անհրաժեշտ է բիզնես-միավորումներ նախաձեռնել այն կոնկրետ զանգվածային լրատվամիջոցների շուրջը, որոնց քաղաքական պատկերացումները նրանց նույնացնում են Եվրատլանտիզմի հետ։ Այդ դեպքում բոլոր այն փոքր ու միջին ձեռնարկությունները, որոնք ֆինանսավարկային և տեխնոլոգիական աջակցություն են ստանում նման ընկերակցության մեխանիզմների միջոցով, իրենց առևտրային հաջողակությունը միարժեքորեն կկապեն ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ։ Նման աշխատաձևը, բացի մնացած ամեն ինչից, կկարողանա Երևանը զերծ պահել հնարավոր բիշքեկյան սցենարից։
Վլադիմիր ՍԱՐԳՍՅԱՆ
Քաղաքական ծրագրավորման կենտրոնի ղեկավար

Դիտվել է՝ 1290

Մեկնաբանություններ