ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«ՎՊ-Ն ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ ԱՆԵԼԻՔ ՉՈՒՆԻ»

«ՎՊ-Ն ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ ԱՆԵԼԻՔ ՉՈՒՆԻ»
13.10.2009 | 00:00

ԱԺ անցած քառօրյան աչքի ընկավ բավականին հետաքրքիր բնութագրով: Խորհրդարանի քննարկմանն էր ներկայացվել ՎՊ-ի 2008-ի հաշվետվությունը, որի առանձին «դրվագներն» արդեն իսկ մեծ աղմուկ էին հանել հասարակության մեջ, սակայն առավել խտացված` «նոն ստոպ» տարբերակով փաստերի խորհրդարանական ներկայացումը «տեղից շարժել» էր խորհրդարանի թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանամետ պատգամավորներին, ու իշխանամետները, «խլելով ընդդիմության հացը», պապից կաթոլիկ ելույթներ էին ունենում, որովհետև ՎՊ-ի ներկայացրած թվերն ու փաստերն այնքան անողոք էին, որ ՀՀԿ-ական «քարերն» էլ էին սկսել աղաղակել:
Ծանրումեծ, սակայն բավականին մարտական տրամադրված` ամբիոնին մոտեցավ ՀՀԿ-ական ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ և, ոչ ավել, ոչ պակաս, «դիմեց» ՎՊ-ի հաշվետվությամբ «ամրագրված» գանձագողերին. «Գանձագողությունը պետություններ, նույնիսկ կայսրություններ է քանդել. ՎՊ-ն պատգամավորներիս հնարավորություն տվեց, որպեսզի կոնկրետ հասցեներով նշենք-իմանանք, թե ովքեր և ինչպես են թալանում պետական բյուջեն, համաժողովրդական ունեցվածքը, ինչն ուղղակի անթույլատրելի է»:
«Արդյոք ովքերի» մասին պատգամավոր ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆԸ շատ կոնկրետ և հետաքրքիր «դիտարկում» կատարեց. «Պետական միջոցները փոշիացնողները միանշանակորեն պետք է հայտնվեն մեկուսարաններում` համապատասխան զոլավոր շորերով: Ես բազմիցս եմ առաջարկել, որ Վերահսկիչ պալատի ներկայացրած փաստերի և ՎՊ-ի գործունեության վերաբերյալ խորհրդարանական լսումներ կազմակերպվեն, և դրանց հրավիրվեն ՎՊ-ի հետ փոխկապակցված մարդիկ, մասնավորապես` հանրապետության նախագահը, կառավարությունը` ամբողջ կազմով և, իհարկե, գլխավոր դատախազը։ Փաստորեն, այդ դեպքում լսումներին կմասնակցեն Պալատը ձևավորող երկու սուբյեկտները` պրեզիդենտը և պառլամենտը, և այն սուբյեկտները, մասնավորապես կառավարությունը, որը լրջագույն թերացումներ ունի, և այն անձնավորությունը, որ է դատախազը, և որը պետք է պատժի այդ թերացողներին: Կարծում եմ` հետաքրքիր կլիներ լսել նախագահի հանձնարարականները վարչապետին և դատախազին` պատասխանատվության ենթարկել այս-այս նախարարներին, իսկ այս խումբ նախարարներին ուղարկել ուղղիչ գաղութ` կրելու իրենց արժանի պատիժը, զոլավոր շորերը հագին. այ, դա կլիներ գործ»,- առաջարկեց Վիկտոր Դալլաքյանը, խոսքի շարունակությունում արձանագրելով` ցավալիորեն, ոչ ոք էլ ցայս թույլ տված ահավոր խախտումների համար «զոլավոր կոստյում չի հագել»:
Խոսք խոսելուց չհրաժարվեց նաև ԱԺ նախագահը, որի ելույթը նույնպես «արմատական» էր, նա ևս կարծես դեմ չէր «զոլավոր շորերին». «Մեկ բան ակնհայտ է. եթե Վերահսկիչ պալատը, որը կատարել է հսկայական աշխատանք, չիրականացնի ստուգումներ, չարձանագրի այդքան մեծ ծավալի խախտումներ համապատասխան նախարարություններում և գերատեսչություններում, ապա այդ խախտումները բերելու են նոր յուրացումների, իսկ թերությունները չեն վերացվելու, և բյուջեի գումարները, մեղմ ասած, իրենց նպատակին չեն ծառայելու: Այդ մասին ուզում եմ այս բարձր ամբիոնից իմ մտահոգությունը հայտնել: Կարծում եմ, եթե կա օրինախախտում, ապա այդ մասին իրավապահները միանշանակ պետք է տեղեկացվեն: Դա պետք է ամրագրվի օրենքով, եթե կա այդ բացը: Յուրաքանչյուր խախտում պետք է քննարկվի, դատապարտվի, և դա կլինի շատ ճիշտ և օբյեկտիվ»:
Բուռն և երկարատև իշխանաընդդիմադիրամետ քննարկումները եզրափակեց ՎՊ-ի նախագահ ԻՇԽԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԸ. «Բոլոր այն խնդիրները, որոնք այս քննարկմանը բարձրացրին պատգամավորները, միանգամայն ընդունելի են: Նախնական խոսքում ես ևս ասացի, որ ՎՊ-ի աշխատանքներն ու որդեգրած սկզբունքային մոտեցումներն ինքներս չենք համարում վերջնական, չենք կարծում, որ ՎՊ-ն վերջնականորեն տիրապետում է այդ սկզբունքների կիրառման ողջ արսենալին, և դրանց միջոցով հնարավոր է լիարժեքորեն վերահսկողություն սահմանել ամբողջ պետական, համայնքային բյուջեների և ունեցվածքի նկատմամբ: Կյանքն առաջ է շարժվում, և մեր մոտեցումներում ու սկզբունքներում նույնպես նոր` դրական փոփոխություններ տեղի կունենան: Բայց պետք է նաև խոստովանել, որ վերահսկողության մեթոդիկան և սկզբունքայնությունը, որով առաջնորդվում է Վերահսկիչ պալատը մինչ այս իրականացված աշխատանքների ընթացքում, ստուգվող մարմինների պրակտիկայում դեռևս չի եղել. թող սա շատ անհամեստ չհնչի, բայց դա այդպես է: Մենք օգտվում ենք նաև միջազգային փորձից, ինչը բավականին նպաստում է մեր աշխատանքների արդյունավետությանը:
Մյուս կողմից էլ` բացարձակապես անցանկալի էր, որ այս բարձր ամբիոնից հնչած ՎՊ-ի հաշվետվությունը կրեր քաղաքական բնույթ: Եթե հիշում եք, ես իմ խոսքում բոլորիդ հորդորեցի` չքաղաքականացնել քննարկումը, որովհետև ՎՊ-ն պարզապես կատարում է իր աշխատանքը, և շատ ավելի ցանկալի է ՎՊ-ն դիտարկել առավել գործընկեր, քան պատժող մարմին: Եվ դա այդպես է, որովհետև ցանկացած վերահսկողական աշխատանք ավարտելուց հետո մենք պարտադիր կառավարությանն ենք ներկայացնում ամբողջական առաջարկություններ` առաջացած խնդիրները հարթելու համար:
Միանշանակ ընդունում ենք պատգամավորների և հատկապես վերջում ելույթ ունեցած ԱԺ առաջարկություն-դիտողությունը, որ ՎՊ-ն քիչ է աշխատել պառլամենտի հետ: Ես, իսկապես, բազմիցս նշեցի օրենսդրական բացերի և խնդիրների մասին, որոնք հնարավորություն են տվել ստուգվող կառույցներին` խախտումներ կատարելու: Փաստորեն, մի կողմից` մենք արձանագրում ենք խախտումը, սակայն, մյուս կողմից, պատժել հնարավոր չէ, որովհետև օրենքը չի արգելում այդ կարգի խախտումները: Այո, շատ ճիշտ է նաև մոտեցումը, որ մենք համապատասխան հանձնաժողովների հետ պետք է փորձենք շտկել այդ բացը, փորձենք օրենքները դարձնել այնպիսին, որ դրանք հնարավորություն չտան գործադիրին և տեղական ինքնակառավարման մարմիններին` խախտումներ կատարել: Չնայած հանգամանքին, որ ՎՊ-ի խորհրդի նիստերին մենք հրավիրում ենք բոլոր պատգամավորներին, այնուհանդերձ, ինքներս կարծում ենք, որ, առանց օրենսդրական լրջագույն փոփոխությունների, գործադիրը չի կարողանա իրականացնել այն խնդիրները, որոնց մասին այստեղ այդքան խոսվեց: ՎՊ-ն ողջ աշխատակազմով պատրաստ է այդ գործուն քայլերը ձեզ հետ միասին կատարելու։
Ինչ վերաբերում է խնդրի քաղաքական կողմին, ապա երկրորդում եմ` ՎՊ-ն քաղաքական դաշտում անելիք չունի: Այնուհանդերձ, ԱԺ-ն երկրի քաղաքական ամենաբարձր ամբիոնն է, և բնական է, որ պատգամավորների որոշ ելույթներ պետք է ունենային նաև քաղաքական ենթատեքստ: Երրորդելով, որ մեր աշխատանքները հեռու են որևէ քաղաքական ենթատեքստից, կրկին հարկ եմ համարում հիշեցնել, որ մենք որևէ խնդիր չենք դնում, որը հետո կդառնա քաղաքական շահարկման առարկա. մենք ընդամենն ասում ենք այն, ինչ մեր ուսումնասիրության ընթացքն արձանագրում է:
Եվ, ընդհանրապես, չի կարելի ամեն ինչ սևով սպիտակի վրա ներկայացնել, և ամեն ինչ սևացնելով անցնել առաջ: Մանավանդ հիմա, երբ մեր ազգին, մեր պետությանն ու ժողովրդին ավելի շատ այդ սևի ու սպիտակի խնդիրը չէ, որ մտահոգում է. այսօր մտահոգիչը ազգի միասնության խնդիրն է, և մենք նույնիսկ այդ խնդիրն ենք դնում մեր աշխատանքի հիմքում. արձանագրումով` եկեք միասնաբար կարգավորենք դաշտում առկա խնդիրները:
Ինչ վերաբերում է պրոբլեմները բարձրաձայնելուն, կցանկանայի ասել` դեռ 91-ից սկսած (ինքս եղել եմ մի քանի գումարման պատգամավոր)` չեմ հիշում որևէ դեպք, երբ այս ամբիոնից այդքան համարձակ խոսվեր բոլոր այն թերությունների մասին, որոնք կան երկրում, տնտեսությունում և մեր հանդիպած ամեն քայլափոխում: Եվ կամ` ինչո՞ւ երբևէ չի ասվում, որ դա նաև այս իշխանությունների մեծ առավելությունն է, և ես ուզում եմ հիմա ասել, որ եթե որևէ մեկը բարձրաձայն չի խոսում թերությունների մասին, ուրեմն մտադրություն չունի այդ սխալները շտկելու. սա շատ պարզ ճշմարտություն է և ապացուցման կարիք չունի:
ՎՊ-ն պատրաստ է աշխատելու ԱԺ-ի հետ ցանկացած բնագավառում, աշխատում է կառավարության հետ` ցանկացած խնդրի հետ կապված, և ամեն ինչ անում է ի շահ երկրի, պետության ու ժողովրդի, որպեսզի ժամ առաջ կարողանանք շտկել այն իրավիճակը, որի շատ-շատ հարցերն այս իշխանությունները ժառանգել են իրենց նախորդներից»,- եզրափակիչ խոսքում ասաց Իշխան Զաքարյանը:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1558

Մեկնաբանություններ