ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Бей своих, чтобы чужие боялись

Бей своих, чтобы чужие боялись
15.09.2009 | 00:00

ԱՄԲՈՂՋԱՏԻՐԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
«Ժառանգություն» կուսակցության ներսում տեղի ունեցած վերջին զարգացումներն արժանացան տարբեր մեկնաբանությունների։ Ներկուսակցական բանավեճը դեռևս շարունակվում է, չբացահայտված նամակներ են գրվում, իբր հրապարակվում, իբր հրապարակված նամակների վերաբերյալ հրապարակվում են իբր հերքումներ։
Սակայն, եթե փորձենք պարզաբանել «Ժառանգության» ներսում ստեղծված իրավիճակի իրական պատճառները, անզեն աչքով էլ տեսանելի է, որ կուսակցության առաջնորդը, իսկ դա աներկբա Րաֆֆի Հովհաննիսյանն է, զբաղված է իր համար նոր հեղինակություն ձևավորելու հեռանպատակ խնդրով։ Ամենից առաջ մեծագույն թյուրիմացություն է Րաֆֆի Հովհաննիսյանի քայլը` պատգամավորական մանդատի վայր դնելու հանգամանքը կապել ներկուսակցական խժդժությունների հետ։ Դա հստակ նպատակ հետապնդող ակցիա էր` «Ժառանգության» լիդերի անձնական վարկանիշը բարձրացնելու ուղղությամբ, և հաջողված ակցիա։ Դժվար է հայոց խորհրդարանի վերջին 18 տարիների պատմության մեջ գտնել դեպք, երբ մարդը պատգամավորական մանդատը վայր է դնում բացառապես քաղաքական շարժառիթներով` պայմանավորելով դա ազգային կարևոր հիմնահարցերի վտանգված լինելով։ «Ժառանգության» ղեկավարը հաջողությամբ կրկնեց 1992-ին արտգործնախարարի պաշտոնից իր հրաժարականի սցենարը։ Ոչ ոք չի մոռացել, որ ժամանակին նա արտաքին գերատեսչության ղեկավարի պոստից հեռացվեց ցեղասպանության հարցում օրվա իշխանությունների հետ ունեցած տարաձայնությունների և այդ թեմայով Ստամբուլում արած հայտարարության պատճառով։
Ինչ վերաբերում է «Ժառանգության» ներսում ստեղծված իրավիճակին, ապա այստեղ էլ նրա լիդերի` գործընթացներից մի կողմ քաշված մնալը խոսում է գործընթացի լավ հաշվարկված լինելու մասին։ Սկզբունքորեն ի՞նչ է տեղի ունեցել. սեպտեմբերի 9-ին կուսակցությունից հեռացվել են մի քանի կուսակցականներ։ Ընդ որում, որոշումն ակնհայտորեն ցույց է տալիս, որ «Ժառանգության» առաջնորդը դրանով «բան է հասկացրել» ինչպես իշխանություններին, այնպես էլ ընդդիմությանը` ի դեմս ՀԱԿ-ի։ Զոյա Թադևոսյանի` իբրև Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակից, իսկ Վարդան Խաչատրյանի` իբրև իշխանությունների մարդ լինելու մասին որակումները պատահական չեն, անկախ նրանից, թե որոնք են եղել նրանց հեռացման իրական շարժառիթները։ Եվ ամենահետաքրքիրն այն է, որ գործընթացն իրականացվեց մինչև այսօր Հայաստանում նախադեպը չունեցող «տեխնոլոգիայով», երբ կուսակցության առաջնորդը կամ սեփականատերը (ոչ ոք չի կարող ժխտել, որ «Ժառանգությունը» մի մարդու կուսակցություն է) կազմակերպությունից հեռացրեց իր համար ինչ-ինչ պատճառներով անցանկալի անձանց, բայց դա արեց ուրիշների ձեռքով, ընդ որում, ստալինյան «ամբողջատիրական ժողովրդավարության» սկզբունքի փայլուն կիրառմամբ, որ ժամանակին արտահայտել է Իոսիֆ Վիսարիոնովիչը. «Бей своих, чтобы чужие боялись»։
Մինչ այժմ, եթե հայաստանյան կուսակցություններում նման իրավիճակ էր ստեղծվում, առաջնորդները չէին կարողանում խուսափել քաշքշուկից ու նախկին կուսակցականների հետ մեղադրանքների փոխանակումից։ Այդպես եղավ ՀՀՇ-ի պառակտման ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի պարագայում, ԱԺՄ-ի տրոհման ժամանակ, երբ Վազգեն Մանուկյանն էլ էր հարկադրված «հարաբերություններ պարզել» կուսակցությունից հեռացող հատվածի հետ, կոմկուսի բազմաթիվ տրոհումների ընթացքում և այլն։ Սա առաջին դեպքն է, երբ կուսակցության լիդերը, ընդգծված չպաշտպանելով հակամարտող թևերից ոչ մեկին, սկզբունքորեն լուծում է իր առջև դրված խնդիրը և, «բարձր մնալով ներկուսակցական բամբասանքներից», միաժամանակ իր վարկանիշն է բարձրացնում։ Կասկած չկա, որ Րաֆֆի Հովհաննիսյանը նախապատրաստվում է ապագա նախագահական ընտրություններին։
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4104

Մեկնաբանություններ