ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«ՀԱԿԱԶԳԱՅԻՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԵՏՔ Է ՊԱՅՔԱՐԵԼ ՓՈՔՐ ՀԱՍԱԿԻՑ»

«ՀԱԿԱԶԳԱՅԻՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԵՏՔ Է ՊԱՅՔԱՐԵԼ ՓՈՔՐ ՀԱՍԱԿԻՑ»
27.10.2009 | 00:00

«9-րդ հրաշալիք» շաբաթաթերթը 15 տարեկան է: Անդրանիկ համարը լույս է տեսել 1994-ի հոկտեմբերի 20-ին: Մութ ու ցուրտ տարիներին ստեղծված քիչ թերթեր են կարողացել անցնել երկար ճանապարհ, պահպանել իրենց դեմքն ու շահել մեծ թվով ընթերցողներ: «Թերթը կոչվել է «9-րդ հրաշալիք»՝ առանձնանալու համար հին աշխարհում հայտնի յոթ հրաշալիքներից և արդեն նոր աշխարհում ընդունված մյուս բոլոր հրաշալիքներից, որոնք միասին պայմանականորեն կոչվում են ութերորդ հրաշալիք: Բացի այդ, «9-րդ հրաշալիքը» երբեմն գրվում է առանձին, որպեսզի շեշտվի «իններորդ ալիքը», ինչը համարվում է այս կամ այն գործի բարձրակետը,- ասում է շաբաթաթերթի հիմնադիր-խմբագիր, գրող-հրապարակախոս ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆԸ։- Պատահաբար չի ընտրված թերթի անունը, ուզում էինք, որ այն դառնար հայերենի քարոզչության բարձր ամբիոն, և կարծում եմ` կարողացանք մեր առջև դրված նպատակն իրականացնել»:
Թերթի էջերում հայոց լեզուն, մշակույթը ներկայացվում են փոքր չափաբաժիններով, օրինակ, խաղերի, լեզվատրամաբանական առաջադրանքների ձևով: Այս կերպ ընթերցողները նույնպես մասնակից են դառնում թերթի կերտմանն ու այն գործին, որին լծվել է խմբագրակազմը (պետք է ասել, որ ամեն համարից հետո խմբագրությունը ստանում է հարյուրից ավելի նամակներ): Բայց վերջին տասը տարիներին շատ բան է փոխվել: «Լրատվամիջոցներով, հատկապես հեռուստատեսությամբ տարվող հակամշակութային քարոզչությունը, բնականաբար, թողնում է իր ազդեցությունը: Այսօր մատուցվող երաժշտությունը, հումորային հաղորդումները և ընդհանրապես տարբեր տիպի հոգին լլկող հեռուստաշոուները, համակարգչային տարաբնույթ խաղերն ու ծրագրերը բավականին մեծ ավերածություն են գործում: Նոր սերունդը հեռագնա նպատակներ չի հետապնդում, չի ուզում միտքը շարժել, մարզել, ապրում է այսրոպեական բաներով: Տասը տարի հետո չես իմանա` ինչ ազգ է ներկայացնում այդ սերունդը»,- իր մտահոգությունն է հաղորդում Վաչագան Սարգսյանը:
Փոխվել են ժամանակները, հետաքրքրությունները, և, ըստ գլխավոր խմբագրի, պետք է ճկուն լինել ու չվանել ընթերցողին: «Եթե դեռահասների հետաքրքրությունների մեջ չկա քո աշխարհը, դու պիտի գնաս նրանց աշխարհ և կառուցես այն, ինչ ուզում ես, որ ունենան, իհարկե, չգռեհկանալով ու հետամուտ չլինելով ցածր արժեքներին»,- ասում է նա:
Վաչագան Սարգսյանը հանրակրթական դպրոցների 1-ից 4-րդ դասարանների «Մայրենի» դասագրքերի համահեղինակ է, ինչը համարում է իրենց գործի շարունակությունը, քանի որ համոզված է՝ հակազգային քարոզչության դեմ պետք է պայքարել փոքր հասակից: «Շաբաթաթերթի աշխատակիցներ Արտաշես Թադևոսյանը, Հրանտ Վարդանյանն ունեն իրենց մասնակցությունը նշված դասագրքերի ստեղծման գործում: Միասին ենք շտկել առաջադրանքները, տեքստային տարբերակները, և ստեղծվել են լավ դասագրքեր, որ, անհամեստ թող չհնչի, մոտ են ցանկալի լինելուն»:
Թերթում մեծ տեղ են զբաղեցնում խաչբառերը: Խմբագրի խոսքով` դրանք ինքնանպատակ չեն. լեզու են սովորեցնում, կոփում հիշողությունը, ամեն մի հարցը մի հսկայական տեղեկություն Է տալիս երեխային: Թերթի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ մշտական խորագրերը կարող են առանձին գրքեր դառնալ: «Հայերենը ափի մեջ» խորագիրն արդեն ընթերցողի սեղանին է առանձին գրքի տեսքով, ուր ամփոփված են տարաբնույթ ստուգաբանություններ, զրույցներ հայերենի վերաբերյալ: Տպագրության է պատրաստվում «Հայկական ասույթների հանրագիտարանը», որն ստեղծվել է ընթերցողների անմիջական մասնակցությամբ: «Նոր և նորովի բառեր» խորագիրը ներկայացնում է վերջին մեկ-երկու տասնամյակում ստեղծված կամ փոխառված բառերը: Վաչագան Սարգսյանի փոխանցմամբ` լեզուն զարգանում է` իր ներքին պաշարներից օգտվելով, փոխառություններով։ Հնարավորության սահմաններում պետք է բոլոր բառերը թարգմանել և ծայրահեղ դեպքում միայն փոխառության դիմել: ՈՒշագրավ է «Սխալ և ճիշտ» բաժինը. այստեղ լեզվական այն սխալներն են, որոնք միտում ունեն ընդհանրանալու (ոչ դիպվածային սխալները, վրիպումները): «Զարմանահրաշ իննյակ» բաժինը վարում է Արտաշես Թադևոսյանը՝ ներկայացնելով աշխարհի տարբեր ծայրերում տեղի ունեցող արտառոց դեպքերը, մարդկանց, արվեստի գործերը, գյուտերն ու իրադարձությունները՝ դասակարգված ըստ հետաքրքրության աստիճանի:
«Մենք ստեղծագործում ենք, ոչ թե աշխատում»,- այսպես են ներկայացնում իրենց առօրյան «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի աշխատակիցները` Արտաշես Թադևոսյանը, Հրանտ Վարդանյանը, Նարինե Գևորգյանը, Արա Դիլանյանը։
«Իրավունքը de facto»-ի խմբագրակազմը սրտանց շնորհավորում է իր գործընկերներին հոբելյանի առթիվ, մաղթում ընթերցողների բազմապատկում, ստեղծագործական նորանոր հաջողություններ, երկար տարիների անխափան լույսընծայում:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 5289

Մեկնաբանություններ