ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ՄԻ ԲԱՆ ԿՏԱՆԵՆ, ՁԵՌՆՏՈՒ ԳՆՈՎ ԽՈԶԻ ԳՐԻՊԻ ՀԵՏ ԿՓՈԽԵՆ ՈՒ...

ՄԻ ԲԱՆ ԿՏԱՆԵՆ, ՁԵՌՆՏՈՒ ԳՆՈՎ ԽՈԶԻ ԳՐԻՊԻ ՀԵՏ ԿՓՈԽԵՆ ՈՒ...
13.11.2009 | 00:00

Ինչի՞ց ասես, որ չի սարսափել մարդկությունը։
Դրախտի խնձորը հերի՞ք չէր։ Եվան էդ ղալաթը չաներ, ամեն մեկը այնու և այսու իր դրախտ-դաչան կունենար, դաչա-դրախտում` խնձորենին ու... եդեմի խնձորը։ Էլ ի՞նչ դարդ ու դարդիմանություն։ Գոնե նետ ու աղեղ չստեղծեին։ Գոնե կարթ-ուռկան-ցանց չստեղծեին։ Հազար գոնե ու... պե՞տք էին ապստամբությունները, պատերազմները, մանավանդ գյուղաքյոխվի ընտրությունները։ Ո՞վ հնարեց թույլ և ուժեղը, ո՞վ հնարեց պարտություն և հաղթանակը, և ո՞վ հնարեց ոչ հնարովի էս հիվանդությունները։ Մարդկությունն ամեն ինչի հետ հաշտվում է, անգամ հաշտ ու խաղաղ ատոմային ռումբի, ու էլի պարապ չի մնում` մի բան է մոգոնում ու պայքարում դրա դեմ։ Անգամ դրախտն անապատ է դարձնում ու մտածում անապատը դրախտ դարձնելու մասին։ Ի՜նչ ասես հեգ մարդկությանը։ Օրենք է ստեղծում ու կրակն ընկնում իր իսկ փառակազմ օրենքների ձեռը։ Ամեն մի ծռտի-մռտի կամ ձռտի-մռտի բաների համար (գյուղապետ, քաղաքապետ, մայրաքաղաքապետ, պատգամավոր, մանավանդ` առանձին-առանձին երկրների նախագահ, ոնց որ Երկիր մոլորակին մի նախագահը հերիք չէ) ընտրություններ են անցկացնում ու կրակն ընկնում... կեղծ ընտրատուփերի ձեռը։ Եվրոպաներից փորձառու ընտրատուփեր են բերում, թե անկաշառ, թափանցիկ, կույս տուփեր են, բայց ո՞նց է լինում` հայոց հինավուրց հողի վրա դառնում են կաշառառու, կաշառասուն, կեղծարար, մարմնավաճառի նմանակ... Բորբոքվում են մարդիկ, բողոքում, բայց ընտրատուփերը ձեն-ծպտուն չեն հանում։ Ազնիվ մարդիկ անգամ հիվանդանում են, բժշկի ու դատավորի դռներն ընկնում...
Դրախտի խնձորից ընտրատուփ երկար ճանապարհն անսպառ խարդախություն է։ Նպատակը` ապականել երկիրը։ Մարդն ապականում է ու տարածում` սատանի մատը խառն է։ Էս ի՞նչ է կատարվում աշխարհում։ Զարմանում են անտառի գազանները, տանու չորքոտանիները, թևավորները։ Եվ հավն իր հավ տեղով թևերն իրար բերեց, խելքը գլուխը հավաքեց ու իր թռչնագրիպով աշխարհը խառնեց իրար։ Հավի ավերածությունները, ասես, քիչ էին, թև առավ ու աշխարհի տարբեր կողմերի վրա թռավ խոզաճարակը` անվանակիր գրիպով։ Վարակը հորձանք է տալիս, դառնում բռնկում։ Տեղը նեղ մարդու նման հզոր թվացող երկրները, ինչպես ասում են, իրենց ունեցած-չունեցած նախագահի մակարդակով դիմում են հեռու-մոտիկ, աղքատ-հարուստ երկրների ղեկավարներին, թե հենց ապրած կենաք, մի ճար արեք, համաճարակը երկրի շալակն է թռել, հա՜ է անում, որ կոկորդից բռնի ու խեղդի։ Սարսափելի է։ Մորեխների հարձակումը` հեչ, թաթար-մոնղոլների արշավանքը սրա մոտ` հեչ։ Ամեն երկիր մտածում է ժողովրդի ռազմավարության մասին։ Խոզագրիպը չի հարցնում` դու հարո՞ւստ ես, թե՞ աղքատ, անկախության ուղին նո՞ր ես բռնել, թե՞ անցել ես ու բաց թողել, ինչպե՞ս են հարաբերություններդ շրջակա երկրների հետ...
Աշխարհում և ոչ մի հարց առանց հայերի չի լուծվում։ Եվ վտանգ կա, որ առանց նախապայմանների, սահմանները բա՞ց են, փա՞կ են, խոզագրիպն այցելի հինավուրց, հյուրասեր, արևավառ Հայաստան։ Էստեղ մենք պարտավոր ենք դեմ գնալ մեր ազգային սովորույթներին ու փորձել միասնաբար ասել` մի՛ արի ու մի՛ տարածվիր, խոզագրիպ, դու տեղ չունես ամեն ինչ տեսած մեր ժողովրդի մեջ։ Իհարկե, մենք խիստ համոզված ենք, որ մեր ժողովրդանվեր իշխանությունները, տարածքակեր մարզպետները, բազմադեմ ու անդեմ կուսակցությունները, կառավարությունը, նախկիններ, ներկա ու գալիքների նախագահները թույլ չեն տա, որ համաճարակը մտնի Հայաստան, դրա համար էդ ուղղությամբ ուղղորդված խիստ մասնագետը հեռուստատեսությամբ խիստ արժեքավոր խորհուրդներ է տալիս դիտորդներին։ Նախ` տղաներն իրար չըլըփ-չըլըփ չպաչեն, չասեն` ապե, մի հատ բջիջդ տուր մի աղջկա վրա ծլնգցնեմ, աղջիկներն իրար շրթներկից չօգտվեն, հեռու մնալ և՛ կենտ, և՛ զույգ փռշտացողներից... Ինչ խոսք, սրանք ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող խորհուրդներ են, անտեսելը վնաս ու դառնաղի կորուստներ կբերի մեր ազգային դարավոր իղձերի ճանապարհին։ Իհարկե, պետք է կասկածել ու ստուգել։ Տուրիստական երկիր ենք դառնում, եկող-գնացողը շատանում է, ԱԺ-ի մեր պատվիրակներն օրապահիկի հարցը լուծելուց հետո աշխարհում էլ երկիր չեն թողնելու` վրա պրծած գնալու են, նաև` գալու։ Պետք է ստուգել` նրանց գրպաններում պատահաբար հո չի՞ հանգրվանել խոզագրիպը։ Որովհետև ժողովրդավարությունը, օրենքը բոլորի համար են կարևոր` պատվիրակության ամեն մի անդամի։ Ի՞նչ իմանաս` թամահ անող օլիգարխներ, գողեր են` պատգամավորի դիմակի տակ, մի բան կտանեն, ձեռնտու գնով խոզի գրիպի հետ կփոխեն ու...
ՈՒսումնասիրությունները ցույց են տալիս, որ... Նախադասությունն ավարտելուց առաջ ասեմ էն, ինչ ժողովուրդն է սիրում ասել` չկա բարիք առանց չարիքի, և հակառակը` չկա չարիք առանց բարիքի։ Հիմա շարունակեմ կիսատ միտքը` ուսումնասիրությունները պարզել են, որ ոչ միայն պաչպռոշտիի, շրթներկի, փռշտոցի, ուրիշի բջջայինի միջոցով են տարածվում խոզաբռնկումները, այլև արատավոր բազմաթիվ երևույթների առկայության դեպքում։ Առաջինը` մատը ծալելով մատնանշում են կաշառակերությունը։ Հարկավոր է` էս հոդվածը լույս տեսնելուց հետո, մեր ամենավերևից իջեցնել հրաման, որ խստագույնս արգելվում են դրամաշորթությունը, կաշառակերությունը` հանուն մեր ազգի գոյատևման։ Դա վերաբերում է ոչ միայն բարձրացված աշխատավարձից հետո կաշառքից կտրականապես հրաժարված դատավորներին, այլև խոստումնալից կաշառակերներին` անկախ նրանից, թե որ բնագավառում են ասպատակում։ Խոզագրիպը կարող է տարածվել գրպանային բուհերից 35-40-45-50-55-60 տարեկան ուսումնատենչ էն պատգամավորներին, որոնք չգիտեն ջանադրաբար իրենց դիպլոմ տված բուհի տեղը։ Հանուն առողջ ու երջանիկ սերնդի գոյության ու հեռանկարի, վրահաս ու վերահաս գրիպի դեմն առնելու համար արգելվում է, առաջիկա հունվարի 10-ին կայանալիք ընտրությանը, ընտրակաշառք-նոր տարվա նվերներ բաժանել էն ընտրատեղամասում, ուր պատգամավոր է ընտրվելու հայ ժողովրդի փառապանծ զավակ Խուճուճ Էդոն։ Խոզագրիպը շատ է սիրում մռութը (դուդեն) խոթել քսերոքսային ուսուցման մեջ։ Կառավարությունը վերջերս հսկայական մի գումար տվեց մի նախարարի և զգուշացրեց, հասկացրեց, գլխի գցեց, որ հասկացիր, այ դոդ, սա գործ անելու համար ենք տալիս, փոշիացնելու համար չէ... Եվ լավ արեց, որ գլխի գցեց, որովհետև կարող է նախկիններում էնքան փոշիացված փողերի փոշիների միջով խոզագրիպը գա ու... Նալլաթ քեզ, չար սատանա...
Մի խոսքով` չենք հանձնվելու խոզագրիպին։ Խոզագրիպը մտնի Հայաստան` ի՞նչ անի. ինչ անելու է ինքը, իրենից ավելի կազմակերպված անում են հայոց ընտիր իշխանությունները։
Հրաչյա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2300

Մեկնաբանություններ