ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Մի հայտարարված «սպանության» պատմություն

Մի հայտարարված  «սպանության»  պատմություն
13.06.2008 | 00:00

Անցնող շաբաթը, հիրավի, պյոտրյան էր մեզանում: Պատուհան էր բացվում դեպ Եվրոպա: ԵԽԽՎ բանաձևի դրույթներն էինք կյանքի կոչում: ՈՒզում էինք լավ, բայց ստացվեց ինչպես միշտ` մարկեսյան. մեր իրականությունը վաղուց գերազանցում է բոլոր հանճարներին: Բայց ամեն բան հերթով:

Սկսեցինք ընդդիմությունից ու կարողացանք նրան նշանակել ընդդիմություն` ԱԺ կանոնակարգի օրենքի փոփոխություններով: Չխորանալով օրենքի տառի ու ոգու մեջ` միանգամից անդրադառնանք տողատակերին. այս փոփոխություններով խփվում էր մի քանի նապաստակ.

ա) Կոալիցիոն կուսակցությունները դրվում էին իրենց տեղը, այն է` կերակրատաշտի բուն կողքին, որպեսզի ՕԵԿ-ի, էլ չենք ասում ՀՅԴ-ի, նաև վերջին շրջանում սողացող ռեժիմով ընդդիմություն դառնալու հաթաթաներից աչք չբացող ԲՀԿ-ի մտքով այլևս չանցնի, որ կարողանալու են մեջ ուտել` կողք ման գալ. օրենքը հստակ սահմանում է` «ով» է ընդդիմությունը:

բ) Մեսիջ էր ուղարկվում ԵԽԽՎ-ին առ այն, որ ազատականացման աննախադեպ գործընթացից աչք չենք բացում Հայաստանում. գերակտիվությունից տառապող յոթ հոգանոց ընդդիմությանն էլ ավելի ենք գերակտիվացնում, այն էլ` օրենքով. ամեն նստաշրջանում մեկ արտահերթ հարցի տեսքով, կառավարություն-ընդդիմություն հարց ու պատասխանի առաջնահերթ իրավունքով և այդպես շարունակ:

Քիչ ներքևում մարտի մեկի ժամանակավոր հանձնաժողովի «դեպքի» հետ կապված՝ ներկայացնելու ենք ընդդիմության մասին օրենքի կարևոր հատվածներից հաջորդը, այս պահին նույնքան կարևոր մեկ այլ «տողատակի» մասին:

գ) ԱԺ կանոնակարգի այս փոփոխություններով արձանագրվում է իշխանության, իրականում` Սերժ Սարգսյանի մտքում եղած մինիմում ծրագիրը (մաքսիմումը երկրում առկա ստատուս-քվոյի պահպանումն է)՝ խորհրդարանը պատրաստել արտահերթ ընտրությունների: Ինչ-որ «իքս» փուլից սկսած, երբ հայաստանյան իրավիճակը կդառնա անվերահսկելի, Սերժ Սարգսյանը Վրաստանի` Սաակաշվիլու օրինակով կգնա արտահերթ խորհրդարանական ընտրությունների, չի բացառվում` պայմանավորվելով ընդդիմության հետ: Հաջորդ գումարման խորհրդարանում վերջինիս համար բավականին տանելի պայմաններ են ստեղծվում` հանձնաժողովների ղեկավարների, դրանց շուրջ բանաձևի և մնացյալ առումներով:

Անցանք առաջ. եվրոպական կաստինգի ելած հայոց իշխանությունների հաջորդ նորամուտը հասարակական խորհրդի ստեղծումն էր: Շատ կարճ ու միանգամից ամրագրենք` իզուր: Որովհետև «ընդդիմության նշանակման» օրենքը, եթե ինչ-ինչ տրամաբանության գոնե ենթարկվում է (իսկ իրականում այն ևս սարքովիության լիքը տարրեր ունի իր մեջ), ապա այդ «խորհուրդն» այնքան տխուր էր, այնպես թևաթափ անող, որ խեղճ Մարկեսի հանճարն իսկ փրկության ափ չէր դառնա` մարդկության նկատմամբ հիասթափությունդ մեղմելու համար:

Անիմաստ կառույց` անիմաստ գործառույթներով. ավելորդ շռայլություն` իշխանություններից մի խելոք քայլի սպասումով սառած մեր աչքերի համար:

Անցանք առաջ. մարտի մեկի դեպքերը քննող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով: Միայն բառը` «հանձնաժողով», արդեն իսկ ունի կլիշե և այն էլ` լենինյան. հիշենք Իլյիչին, որ «մանուկ է եղել, բռնել է թիթեռ, սիրել ծաղիկներ». գերմանական լրտես համարվող Իլյիչը հիրավի մարգարեական խոսքեր է ասել. ցանկանում ես խնդիրը մեռցնել, հանձնաժողով ստեղծիր:

«Բա՜յց». ստեղծվող հանձնաժողովում բավականին հետաքրքիր տարրեր կան: Համ էլ չմոռանանք, որ մենք մարկեսյանն ենք նույնիսկ հանձնաժողովներ ստեղծելիս: Հիշենք. 27-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի տակից մի այնպիսի ռումբ դուրս եկավ, որով կարելի էր լիարժեքորեն «պայթեցնել» Ռոբերտ Քոչարյանին, բայց քանի որ նա «պայթելու» նկատմամբ իմունիտետ ունի, բան չստացվեց:

Բայց հո՞ իր իսկ իշխանության օրոք, իր իսկ բաց աչքի առաջ այդ հանձնաժողովի եզրակացության մեջ այնպիսի դրույթ «տողատակով» սղղացվեց, որ էլ դու` սուս: Քչից-շատից նորմալ երկրում այն կտապալեր ցանկացած մեկին, ու երբ քոչարյանամերձ նվիրյալները բացահայտեցին «դավադրությունը», արդեն ուշ էր:

Հիշենք, որ այդ եզրակացությունը «հնարավորություն» էր տալիս իմպիչմենտի գործընթաց սկսել Քոչարյանի նկատմամբ: Սկսվեց: ԱԺ ամբիոնը ընդդիմությունն առգրավեց: Քոչարյանն անմիջապես հայտնվեց ամբիոնի հետևում և «ականջ քաշելու» օրենքը հրովարտակեց, որով ընդդիմադիր պատգամավորի խելոք չմնալու դեպքում, ոստիկանը պիտի գար ու նրանց տաներ (իսկ դուք ասում եք` էս իշխանությունները ժողովրդավար չեն. նրանք ընդդիմադիր պատգամավորներին այսօր նշանակում են հանձնաժողովի նախագահ, որոշակի «արտոնություններ» տալիս...): Ինչևէ:

Ժամն է` դիտելու մարտի մեկի հանձնաժողովը: Այն, ինչպես առաջարկել էր ընդդիմությունը, պարիտետային չեղավ: Օգտվենք մարկեսյան ոգուց և օրինագիծն անվանենք «մահակ Քոչարյանի գլխին»: Ճիշտ է, Քոչարյանն այս անգամ ևս հակադարձեց` «1+111» կոդով հանդես եկող Վիկտոր Դալլաքյանի` մարդու իրավունքների զեկույցի առիթով, բայց մեր երկրում, ինչպես Մարկեսի վեպում, բոլորը գիտեն, թե «այդ օրն» ով ում է «սպանելու», բոլորով ներդաշն «սպանությունը» տեղափոխում են իրենց մեջ ու մաս կազմում` չկանխելով այն, որովհետև ցանել-հնձելու օրենքը կյանքի օրենքն է:

Այսպիսով, ոզնուն էլ է պարզ, թե ում էր անզոր մեսիջ հղում առայժմ գրասենյակ չունեցող Վիկտոր Սողոմոնյանը, պատասխանելով Վ. Դալլաքյանի` Քոչարյանի հասցեին հնչեցրած «հարցերին»: Բայց` էլ ո՞ւր: Քոչարյանն այլևս զորու չէ «ականջներ» քաշելու, և մարտի մեկի հանձնաժողովը ևս մեկ անգամ կապացուցի դա:

Այժմ հանձաժողովի «նրբությունների» մասին:

ա) Եվրոպական կաստինգի մասով: Այն պարիտետային չէ, սակայն ԱԺ 0,5 ընդդդիմության, 5 ՀՀԿ-ական անդամի փոխարեն նրանում կընդգրկվեն հավասար` երկուական ներկայացուցիչներ բոլոր ֆրակցիաներից: Կաստինգում իրենց տեղը կունենան միջազգային փորձագետները, որոնց «ով» լինելու հարցը կորոշի հանձնաժողովը: Ի տարբերություն 27-ի հանձնաժողովի. այն ժամանակ նման փորձագետներ չկային (Քոչարյանի «ականջաքաշային» գործերը կարծես գնալով ավելի են բարդանում սրանով):

բ) Ներքաղաքական մասով. ընդդիմությունը կունենա խորհրդակցական ձայնի իրավունք, կզանգեն անձամբ Տեր-Պետրոսյանին, կխնդրեն, որ ներկայացուցիչ ուղարկի հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու: Թող իրենց նեղություն չտան-չզանգեն: Մենք զանգեցինք, ասին` չենք մասնակցելու: Չեն հավատում հանձնաժողովի անաչառությանն ընդդիմությունում, որովհետև տղերքին բանտերից չեն ազատել... պաուզան ձգենք, հետո էլի կվերադառնանք: Օրերս նախագահամերձ շրջանակներից մեկը մեր թերթին վստահեցրեց, որ մինչև հունիսի 20-ը տղերքը (ովքեր` չասվեց) կազատվեն: Բա որ կազատվեն, Սամվել Գևորգյանին էլ ո՞ւր էիք բռնում: Սա՝ որպես հռետորական հարց:

Ի շարունակություն թեմայի, ասենք, որ մեզ հետ զրուցող Լևոն Զուրաբյանն ասաց, որ իրենք բոլոր դեպքերում (տղերքից հետո) պատրաստ են համագործակցել այդ հանձնաժողովի հետ, իսկ առայժմ ստեղծել են պարիտետային հանձնաժողովի իրենց մասը, որն արդեն իսկ սկսել է սեփական հետաքննությունը` մարտի 1-ի դեպքերի առնչությամբ:

գ) Օրենքով սահմանվեց, որ բոլոր կարգի պաշտոնյաները պարտավոր են հանձնաժողովին տրամադրել պահանջված-անհրաժեշտ ինֆորմացիան, ի անհրաժեշտություն` մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, պատասխանել հարցերին:

Էստեղ ուժեղ աշխուժացավ ՀՅԴ-ն ու թե` նախկին պաշտոնյաների՞ն էլ է դրույթը վերաբերում: Նախկիններին էլ, ասին նրանց: Բոլորս արագ գլխի ընկանք` Քոչարյանի մասին է խոսքը, բայց առայժմ հնչեց Հայկ Հարությունյանի անունը: Իսկ արդեն հաջորդ օրը Վիկտոր Դալլաքյանն իր ելույթում հավելագրումներ կատարեց` Գրիգորի Սարկիսյանի, Ռոբերտ Քոչարյանի «հաշվին»: Եվ քանի որ այս հանձնաժողովը հատուկ ուշադրություն է դարձնելու մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի վրա, հրատապ համարվեց «իմանալ»` ինչ էր անում մարտի մեկին Գրիգորի Սարկիսյանը օպերայի հրապարակում, հիշեցվեց, որ Սահմանադրությամբ ուժայիններին կոորդինացնում է հանրապետության նախագահը, և որ այդ օրերին նախագահը Քոչարյանն էր, որն էլ համալսարանում տված ասուլիսում ասել էր, որ մարտի մեկին ոստիկանները «մաքրեցին օպերայի հրապարակը»... ժողովրդից:

Կարծում ենք` բոլոր դեպքերում «անգրասենյակ» Վիկտորը (էս ինչ շատ են Վիկտորներն էս երկրում)` Սողոմոնյան, մի «հղում» էլ պետք է անի Դավիթ Հարությունյանին, որը մեր թերթին տված հարցազրույցում հիշեցրել և պարզաբանել էր (ի պատասխան մեր հարցադրման), որ Սահմանադրությամբ ամրագրված նախագահի անձեռնմխելիության նորմը բացարձակ արժեք չէ:

Բա՜:

դ) Հաջորդիվ` ԱԺ քննարկումների ընթացքում հարկ համարվեց նշել, որ խորհրդարանական այդ հանձնաժողովը համագործակցելու է ընդդիմության կողմից ստեղծված հասարակական-այլընտրանքային հանձնաժողովի հետ: Չէ, մենք չենք ասում, որ Հմայակ Հովհաննիսյանը` ի դեմս ընդդիմության, և Վիկտոր Դալլաքյանը` «1+111» ֆորմատով (1՝ Վիկտոր + 111՝ կոալիցիայի ներկայացուցիչներ), պայմանավորվել են զուգահեռ-համաժամանակյա հանձնաժողովներ ստեղծելու շուրջ: Չենք ասում:

Բայց անդրադառնում ենք «ընդդիմության մասին» վերը նշված օրենքին: Այդ օրենքն ունի դրույթներ, որոնք կյանքի են կոչվում այժմ, և այնպիսիք, որոնք հաջորդ գումարման ԱԺ-ում «կկոչվեն»: Կյանքի կոչվող դրույթների մեջ է նաև ընդդիմության նոր լիազորությունը` ներկայացված օրինագծերի առնչությամբ ցանկության դեպքում հարակից զեկույցով հանդես գալ:

Քանի որ խորհրդարանական հանձնաժողովի մեծամասնությունն իշխանական ներկայացուցիչներն են, մոտեցումների հարցում շատ բան կախված է լինելու քաղաքական-իրադրային կոնյունկտուրայից, և մեծամասնությունը որոշումներ է ընդունելու ըստ այդմ (հիշենք, որ Քոչարյանը ևս լուրջ պակետ ունի այդ հանձնաժողովում` ի դեմս ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, ինչո՞ւ ոչ` նաև ՕԵԿ-ի):

Այդ իսկ պատճառով արտախորհրդարանական ընդդիմության խորհրդակցային ձայնն ու հատուկ կարծիքը, ինչպես նաև խորհրդարանական ընդդիմության` հարակից զեկույցով հանդես գալու հեռանկարը բավականին «դիտարժան» են դարձնում հանձնաժողովի աշխատանքները, մանավանդ, եթե խորհրդարանական ընդդիմության հարակից զեկույցի հիմքում ընկած լինի այն «հետաքննությունը», որը կատարում է ընդդիմադիր-հասարակական-այլընտրանքային-տեր-պետրոսյանական հանձնաժողովը:

Եվ վերջինը. հանձնաժողովն իր զեկույցը ներկայացնելու է մինչև հոկտեմբերի 25-ը: Եւ քանի որ աշխատանքներն իսկապես խիստ մասշտաբային են, մինչև վերջին օրը հազիվ էլ հասցնի: Հիշենք, որ հոկտեմբերի 25-ին հաջորդում է հոկտեմբերի 27-ը: Կարծում ենք` «1+111» կոդում սա ևս տեղավորվում է:

Մնում է ապրել և տեսնել, թե ինչ եզրակացության է գալու հանձնաժողովը: Հիշենք, որ հանձնաժողովը` ա) Կարող է առաջարկել ԱԺ-ին` իր եզրակացությունը պարզապես ընդունել ի գիտություն: բ) Կարող է խնդրո առնչությամբ օրենք ընդունել (օրինակի համար ասենք` Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու և «այլնին» առնչվող. սա հենց այնպես ենք ասում): գ) Կարող է եզրակացության նյութերն ուղարկել դատախազություն` համապատասխան հետևանքներով հանդերձ:

Էլ մահակն ուրիշ ո՞նց է լինում: Մենակ թե քաղաքական անչափ փխրուն այս վիճակում շատ դժվար է ասել` այսօր նախապատրաստված մահակը վաղը հատկապես ում գլխին է իջնելու:

“Ждем-с”:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 8966

Մեկնաբանություններ