ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Գիշերային դիվանագիտության հետևանքները

Գիշերային դիվանագիտության հետևանքները
04.09.2009 | 00:00

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԱԲԱԺԱՆՎԱԾ Է, ԲԱՅՑ ՀԱՄԱԽՄԲՄԱՆ ՇԵՄԻՆ
Այն, որ օգոստոսի 31-ի երեկոյան հայ-թուրքական հայտնի արձանագրությունների ստորագրումը Հայաստանի ներքաղաքական դաշտում ակտիվության ալիք էր բարձրացնելու, կասկածից դուրս էր։ Սակայն հանուն արդարության ընդունենք, որ դժվար էր կանխատեսել այդ ակտիվության այդպիսի կտրուկ դրսևորումներ ամառային հանգստավետ «սեզոնի» ավարտին, երբ թվում էր, որ քաղաքական ընդդիմությանն առնվազն մինչև սեպտեմբերի կեսը ժամանակ պետք կլինի ներքաղաքական գործընթացների կանգնած անիվը տեղից շարժելու համար։
Ապրիլի 23-ին հայտնի ճանապարհային քարտեզից հետո հայ-թուրքական նոր համատեղ փաստաթղթի ստորագրումը ներքաղաքական դաշտի բոլոր հիմնական խաղացողներին միանգամայն հիմնավոր հետևության հանգեցրեց, որ եթե քսան տարվա ընթացքում չի հաջողվել հայ-թուրքական հարաբերություններում գոնե մի թուղթ նախապատրաստել, իսկ կես տարվա ընթացքում միանգամից երկու փաստաթուղթ է ստորագրվում, ուրեմն ինչպես Անկարայի, այնպես էլ Երևանի վրա առկա է աննախադեպ ճնշում։ Ըստ այդմ, ընդդիմությունն ունի ակտիվացման առիթ և չհապաղեց այդ առիթն անմիջապես օգտագործել։
Արդեն օգոստոսի 31-ի երեկոյան Հայ ազգային կոնգրեսը հանդես եկավ հայտարարությամբ, որն ավանդաբար տեղավորվում է նրա որդեգրած մարտավարության մեջ։ Բնական է, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր համախոհները չէին դատապարտելու բուն փաստաթղթի ստորագրումը։ Ընդհակառակը, ՀԱԿ-ը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը և դիվանագիտական փոխհարաբերությունների հաստատմանն ուղղված քայլերը և համարում, որ արձանագրություններն այդ ուղղությամբ էական առաջընթաց են։ Սակայն ՀԱԿ-ն «անընդունելի է համարում միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում հայ և թուրք պատմաբանների ենթահանձնաժողովի ստեղծումը, որը կասկածի տակ է դնելու Հայոց ցեղասպանության փաստն ինքնին»։ Միաժամանակ ՀԱԿ-ի հայտարարության մեջ նշված էր, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման պատճառաբանությամբ Թուրքիան կարող է անգամ վերջնական համաձայնությունների կայացման դեպքում ձգձգել դրանց վավերացումը խորհրդարանում, այդպիսով` նաև բուն սահմանի բացումը։
«Ժառանգության» ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանն անմիջապես հանդես եկավ ստորագրված փաստաթղթերի քննադատությամբ։ Ավելին, «Ժառանգությունը», համարելով, որ երկրի արտաքին քաղաքականության պատասխանատու նախագահն իր նախընտրական խոստումներում չի խոսել Թուրքիայի հետ հարաբերությունների այսպիսի կարգավորման մասին, ստորագրահավաք է սկսում նախագահի վստահության հանրաքվե կազմակերպելու նպատակով։ Այս մասին երեկ հայտարարեց «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը։ Այսպիսով, բուն փաստաթղթի վերաբերյալ ՀԱԿ-ի և «Ժառանգության» դիրքորոշումները համարժեք չեն. այն, ինչ գոնե մի քիչ ողջունում է ՀԱԿ-ը, բոլորովին չի ողջունում «Ժառանգությունը»։ Բայց այս երկու ուժերը, փաստորեն, միասնական են նախագահի հրաժարականի պահանջի հարցում։
Բայց առավել անսպասելին, թերևս, դաշնակցության արագ ու օպերատիվ արձագանքն էր։ Փաստաթղթերի հրապարակումից ոչ լրիվ երկու օր անց Ազնավուրի անվան հրապարակում ՀՅԴ-ն հանրահավաք հրավիրեց, որն ամռան սեզոնի համար այնքան էլ սակավաթիվ չէր։ Փաստաթղթի վերաբերյալ դաշնակցության գնահատականները հնչեցնելով` ԱԺ-ում ՀՅԴ խմբակցության ղեկավար և կուսակցության բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը հայտարարեց. «Պատմաբանների հանձնաժողովի ստեղծումով Ցեղասպանության հարցն այժմեական, ակտուալ, մեզ համար կենսական նշանակության խնդրից վերածվելու է ակադեմիական հետազոտությունների մի երկրորդական հարցի։
Պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը կատարյալ և վերջնական ջախջախումը կլինի մեր բոլոր ազգային իղձերի ու վերջ կդնի հայությանը և Հայաստանին` իբրև ինքնուրույն քաղաքական գործոնի։ Ոչ մի հերոսական պայքարով մեր պատմաբանները չեն կարող փրկել ցեղասպանության հարցը փոշոտ, ակադեմիական հարց դառնալուց։ ՈՒ հայկական կողմից այս գիշերային դիվանագիտությունը վարողները կհասկանան, որ գիշերային երազներում, բացի օվկիանոսի այն կողմից հեռախոսով հեքիաթներ շշնջացող բարի փերիներից, պատահում են նաև իրական կյանքից եկած թուրքեր»։
Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն իր հերթին հնչեցրեց այն, ինչը դաշնակցությունից սպասում էին մնացած ընդդիմադիր ուժերը` ՀՅԴ-ի կոալիցիայից դուրս գալուց հետո անցած ողջ ժամանակահատվածում, թե ինչո՛ւ դաշնակցությունը նախագահի հրաժարականի պահանջ չի դնում, այլ խոսում է արտգործնախարարի հեռացման մասին։ «ՈՒզենք, թե չուզենք, գործող նախագահն է այսօր գլխավոր բանակցողը, և նրան է վերապահված անմիջական հարաբերություններում պաշտպանելու մեր շահերը։ Քանի դեռ կա հնարավորություն կանխելու վերջնական որևէ նմանատիպ փաստաթղթի ստորագրումը և նպաստելու այդ գործի հաջողությանը, այդպիսի պահանջը (նախագահի հրաժարականի) տրամաբանական լինել չի կարող։ Այդպիսի մի իրավիճակ մենք ունեցանք նախագահների սանկպետերբուրգյան հանդիպումից առաջ այս տարվա հուլիսի 16-ին, երբ պահանջեցինք Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը։ Մենք սա անում ենք մադրիդյան սկզբունքների հիման վրա հնարավոր փաստաթղթի ընդունումը կանխելու համար։ Եթե դա ստորագրվեց, ապա մենք կպահանջենք նաև նախագահի հրաժարականը»,- հայտարարեց դաշնակցական գործիչը։
Այսպիսին է քաղաքականությունը, և քաղաքական կուսակցությունների դիրքորոշումներն այսքան արագ կարող են արմատականանալ։ Վերջին մի քանի ամիսներին տասը տարի իշխանության մեջ եղած դաշնակցությունը դաշտում կատարում էր առավելագույնս կառուցողական-ընդդիմադիր հիմնական ուժի գործառույթը։ Փաստորեն, նախօրեի հանրահավաքում առաջին անգամ ՀՅԴ ներկայացուցիչը չբացառեց նախագահի հրաժարականի պահանջ դնելն իրենց կողմից` որոշակի պայմաններում կամ իրավիճակում։ Ըստ այդմ, Հայաստանի ներքաղաքական զարգացումներում առաջին անգամ է, որ իրենց ընդդիմություն հռչակած քաղաքական ուժերի դիրքորոշումները, բոլոր տարաձայնություններով հանդերձ, դառնում են թեկուզ ոչ լրիվ համարժեք։ Անշուշտ, մտածել հիմնական ընդդիմադիր ուժերի` ՀԱԿ-«Ժառանգություն»-Դաշնակցություն, միավորման մասին ընդդեմ իշխանության, այսօր անկարելի է։ Չափից ավելի շատ են հակասությունները, միջկուսակցական ավելի քան բարդ հարաբերությունները և, ըստ այդմ, առաջիկայում ընդդիմության համախմբումն ընդհանուր դրոշի տակ շատ փոքր հավանականություն ունի։ Սակայն փաստ է նաև, որ իշխանությունն իր իսկապես անհասկանալի գործողություններով նպաստում է նույնիսկ ՀԱԿ-ի և դաշնակցության դիրքորոշումների մերձեցմանը։
Առաջինն այն պատճառով, որ արդեն երկրորդ անգամ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ կարևոր փաստաթղթերը հրապարակվում են, այսպես ասած, «մթության քողի տակ», ուշ երեկոյան։ Սա անհարկի խորհրդավորություն է ստեղծում առանց այն էլ բացարձակապես ոչ թափանցիկ գործընթացում։ Առավել ևս, եթե իշխանությունը համոզված է իր գործողությունների իրավացիության մեջ, վստահ, որ ինքը չի վտանգել ազգային շահերը, ի՞նչ իմաստ ունի այդպիսի «կոնֆիդենցիալությունը»։ Հայաստանի արտգործնախարարն առանց այդ էլ մի ընդգծված թերացում ունի` մամուլի հետ շփվել չի կարողանում, ակնհայտորեն դեռ չի վարժվել հրապարակային գործունեության։ Սա հասկանալի է, որովհետև պրոֆեսիոնալ դիվանագետ լինելը չի ենթադրում նաև հրապարակային գործունեություն։ Ըստ այդմ, միայն Էդվարդ Նալբանդյանի լռակյացությունը, ցանկացած հարցի վերաբերյալ շատ ընդհանուր, եթե չասենք, լղոզված պատասխանները, թե՛ քաղաքական, թե՛ լրատվական դաշտում, արդեն իսկ մտահոգությունների տեղիք են տալիս, որ ինչ-որ բան այն չէ։ Դրան ավելանում է գիշերային հրապարակումների նկատմամբ անհասկանալի հակումը, որ ընդդիմախոսներն արդեն «ֆուտբոլայինից» վերակնքել են իբրև «գիշերային դիվանագիտություն»։ Ի՞նչն է պատճառը, որ անկախ փաստաթղթի բովանդակությունից, ինչպես ապրիլի 23-ին, այնպես էլ այս անգամ` արձանագրությունների հրապարակումից մեկ-երկու օր առաջ, գոնե ընդհանուր գծերով հասարակությանը չներկայացվեց, որ ինչ-որ փաստաթուղթ է պատրաստվում ստորագրության։ Հայ-թուրքական բանակցային գործընթացում այսպիսի գերգաղտնապահությունը միայն թուլացնում է իշխանության դիրքերը, կասկածներ սերմանում ու նրա դեմ համախմբում ընդդիմությանը։ Մանավանդ որ Թուրքիան իրեն նեղություն չի տալիս այդ նույն գաղտնապահությամբ և, որպես կանոն, մամուլի միջոցով «տեղեկատվության արտահոսք» է կազմակերպում, որ հասարակությունն ու քաղաքական ուժերը տեղյակ լինեն պետության քայլերին։
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1847

Մեկնաբանություններ