ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

«Լարվածությունը պոռթկումների ձևով միշտ էլ կդրսևորվի»

«Լարվածությունը պոռթկումների ձևով միշտ էլ կդրսևորվի»
06.06.2008 | 00:00

Հայաստանում հետընտրական կրքերը չեն հանդարտվում, ավելին, ընդդիմությունը սպառնում է նոր հանրահավաքներով ու ընդվզումներով։ Ինչպե՞ս է բնութագրում երկրում ստեղծված իրավիճակը «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ. այս հարցով սկսվեց զրույցը նրա հետ։

-Երկրի ներքաղաքական և բարոյահոգեբանական վիճակը կգնահատեի լարված։ Կառուցողական քայլերի պակաս է զգացվում ոչ թե նոր իշխանությունների ձևավորման կամ նոր կուրսի որդեգրման, այլ առկա հակամարտության հոգեբանական նստվածքի պարզեցման առումով։ Եթե ընդդիմությունն ԱԺ ընտրություններում լիարժեքորեն մասնակցեր և իր բարութը ծախսեր, նախագահական ընտրություններին ոչինչ չէր ունենա անելու։ Այդ պատճառով թիրախ էր ընտրված նախագահական ընտրությունը։ Այսինքն՝ պրոբլեմը կար մինչև 2008-ի փետրվարի 19-ը։ Իսկ պրոբլեմն այն է, որ չի գործում սոցիալական մոբիլությունը։ Մարդիկ չեն կարողանում խաղի կանոնների համաձայն փոխել իրենց սոցիալական դիրքը, հասնել պաշտոնների, ձեռք բերել սեփականություն, հարստանալ։ Եվ պարզ է՝ այդ խնդիրները մեկ օրում չեն լուծվում։ Իսկ լուծման համար ազգային ռազմավարական ծրագիր է պետք, ինչպես մյուս երկրներն են արել ժամանակին։ Եթե դիտարկենք Հարավային Կորեայի, Թայվանի, Ճապոնիայի կամ Գերմանիայի անցումային շրջանները, ապա կտեսնենք, որ այդ երկրները կարճ ժամանակում անցել են ժողովրդավարական հասարակարգի՝ բաց շուկայական հարաբերություններով։ Մենք էլ պետք է անցնենք այդ շրջանը և ցանկալի կլինի՝ առանց ցնցումների։ Այդ առումով ակնկալել, որ իշխանությունների գործողությունները կտան անմիջական արդյունք, սխալ կլինի, բայց, այնուհանդերձ, նրանք ինչ-որ քայլեր պետք է ծեռնարկեն։ Հիմա այդ պայքարը տեղափոխվել է հասարակական պալատի՝ որպես հանրային երկխոսության ամբիոնի ձևավորման դաշտ։

-Չե՞ք կարծում, որ հանրային պալատը նույնպես ձևական բնույթ կկրի, քանի որ արմատական ընդդիմությունը կարծես թե նպատակ չունի ներգրավվել այնտեղ։

-Պետք է մի այլախոհական լուրջ մարմին ունենալ, որը կառուցողական, քննադատական գնահատականներ կտա իշխանությունների բոլոր նախաձեռնություններին։ Այսինքն՝ նրանց առաջարկների առաջին փորձարկումը պետք է հանրային պալատով անցնի։ Պալատը պետք է դիտարկի՝ ինչն է պակաս այդ քայլերի մեջ և առաջարկներ անի համալրելու համար, որովհետև ինչքան էլ առաջնորդը կամ ընտրյալ ղեկավարը հանճարեղ լինի, միևնույն է՝ նա անհատականություն է և միանշանակ ինչ-որ վրիպումներ ունենալու է։ Այդ բացը փակելու համար նման կառույցի գոյությունն անհրաժեշտություն է, որպեսզի հանրային կարծիքը համապարփակ մոտեցում ունենա ազգային խնդիրներին։

Եվս մեկ փաստ, որ մտահոգիչ է. ընդդիմությունը պառակտված է լևոնականների և հակալևոնականների միջև։ Հանրային երկխոսությունն առաջին հերթին բազմախոսություն է և ոչ երկխոսություն։ Իշխանական ուժերի միջև նույնպես կան տարբերություններ. նույն ՕԵԿ-ը և ՀՅԴ-ն լիակատար համահունչ չեն ՀՀԿ-ի թե՛ գաղափարախոսությանը, թե՛ քաղաքական նպատակներին։

Չմոռանանք, որ Եվրոպան արդեն քառորդ դար որդեգրել է կենտրոնամետ քաղաքական որոշումների կայացման եղանակ։ Այսինքն՝ միայն մեծամասնական որոշումներն անցնելու դեպքում ժողովրդավարությունն իր իմաստը կորցնում է, քանի որ միշտ կլինի փոքրամասնություն, որի ձայնը չի լսվի։ Եվ այդ փոքրամասնությունը կընկնի քաղաքական ապատիայի մեջ, ընդհանրապես կմերժի ընտրությունները, և կձևավորվի միաձայն իշխանական թև։ Եվրոպայում վաղուց արդեն հասկանում են, որ բոլոր որոշումների մեջ պետք է պարտադիր արտահայտվի, ընդունվի և լսվի փոքրամասնության կարծիքը։ Ժողովրդավարության գաղտնիքը փոքրամասնության կարիքները լսելու և արտացոլելու մեծամասնության ունակությունն է։ Մեծամասնությունը միանձնյա չպետք է ընդունի իր որոշումները. դեմոկրատիայի այդ ձևը բավականին լուրջ քննադատության էր արժանանում դեռևս Հին Հունաստանում։ Երկխոսության դեպքում պետք է դիտարկվեն բոլոր տեսակետները, դրանց կրողները, փորձագետները պետք է գնահատեն հետևանքները, որից հետո ընդունվի վերջնական որոշում, որը կգոհացնի բոլոր կողմերին։

Բացի այդ, ավանդական բաժանումը՝ աջ, ձախ, կենտրոնամետ, Եվրոպայում արդեն կորցրել է իր իմաստը։ Ձախակողմյան կուսակցությունն աջակողմյան կարգախոսների ներքո է հանդես գալիս և հակառակը։ Հանրապետականը ժողովրդավարական գաղափարախոսություն է քարոզում, ժողովրդավարները հասկանում են, որ առանց պետության ուժեղացման անհնար է ժողովրդավարության հասնել։ Ամեն ինչ խառնվել է։ Ե՛վ իշխանությունը, և՛ ընդդիմությունը ներսում դարձել են բազմակարծիք։ Կուսակցական միավորումները դառնում են փոքր հասարակական մոդել։ Մենք պետք է կարողանանք գնալ նման քաղաքական կառուցվածքի, և ամենակարևորը՝ ապահովել քաղաքական մոբիլությունը. ուժը, դեմքը, որ նոր բան է բերում ու պիտանի է ազգին, պետք է հնարավորություն ունենա բարձրանալու և լսելի լինելու։

ԶԼՄ-ները նույնպես պետք է վերափոխվեն և լինեն ավելի օբյեկտիվ։ Հեռուստաընկերությունները պետք է այլընտրանքային կարծիքներ ներկայացնեն։ Մեզ մոտ տոտալիտար ռեժիմի նման է. փակում են ինֆորմացիոն աղբյուրները, տալիս են մեկ ինֆորմացիա, որի դեմ դիցաբանական պատկեր է ստեղծվում։ Մենք, դժբախտաբար, չունենք այն կուլտուրան, որ ընդդիմությանն արտահայտվելու հնարավորություն տանք։

-Կոալիցիան ստեղծվեց, որպեսզի իշխանությունը շահի հասարակության վստահությունը։ Կոալիցիոն ուժերը միավորվելով շահեցի՞ն այդ վստահությունը։

-Եթե վերցնենք տոկոսային հարաբերությունը, ապա իշխանական կուսակցությունները ներկայացնում են ընտրողների երեք քառորդը։ Մյուս 25-30 տոկոսի տեսակետը, ըստ իս, դեռ արձագանք չի ստացել երկրի քաղաքական որոշումներում։ Չկարծեք, որ կոալիցիան բավականին հեշտ է ձևավորվել։

-Այն ավելի շուտ իշխանությունների թուլության արդյունք է։

-Չէի ասի՝ թուլության։ ՈՒղղակի այդ քայլին գնալու համար պետք էր կամք, ուժ և վճռականություն ունենալ և լարումը հանելու նպատակ դնել։ Չեմ կարծում, որ իշխանություններն այնքան վախեցան, որ շտապեցին ինչ-որ մեկի ուսին հենվել՝ չտապալվելու համար։ Նույնիսկ եթե արտախորհրդարանական կուսակցությունները ցանկություն հայտնեին, կմտնեին կոալիցիայի մեջ։ Բայց նրանք մտածեցին, որ այդպիսով ավելի շատ բան կկորցնեն, քան կգտնեն։ Այն կուսակցությունները, որոնք իրենց համարում են ավանդական ընդդիմություն, մտնելով կոալիցիայի մեջ, կկորցնեին իրենց վերջին ընտրողին։

-Ե՛վ ընդդիմությունը, և՛ իշխանությունը երկխոսության կոչեր անում են, սակայն այն այդպես էլ չի կայանում։

-Չի կայանում, որովհետև ընդդիմությունը խոսելու է միայն մի խնդրի՝ նախագահի աթոռի շուրջ։ Այս հարցի առնչությամբ կոալիցիան բանակցելու ցանկություն ու կարիք չունի։ Դա կլինի խուլուհամրի երկխոսություն. մեկը խոսում է, մյուսը չի լսում կամ մեկը նշաններ է տալիս, մյուսը չի հասկանում։ Իշխանությունը կարող է բանակցել այլ խնդիրների վերաբերյալ՝ երկրի զարգացման հեռանկարներ, պաշտոններում այլընտրանքային թեկնածուների նշանակում և այլն։

-Ստացվում է, որ լարվածությունը հասարակության երկու կողմերի միջև կմնա։

-Չի մնա, որովհետև գոյություն ունեն ազգային հոգեբանության օրինաչափություններ։ Լարվածությունը կարող է մնալ երկու-երեք ամիս, կես տարի, բայց ինչպես ցանկացած վնասվածքի դեպքում՝ ժամանակի ընթացքում ի վերջո կմարի։ Բայց քանի որ խնդիրը մնում է, այն ժամանակ առ ժամանակ պոռթկումների ձևով միշտ էլ կդրսևորվի։ Կլինի դա Լ. Տեր-Պետրոսյանի կամ մեկ ուրիշի միջոցով, կարևոր չէ։ Կարևորը ներքին զսպանակները, հասարակության սպասելիքները բացահայտելն ու հասկանալն է։

-Այդ պոռթկումներից մեկն էլ հունիսի 20-ին պատրաստվող հանրահավաքը չէ՞։

-Շատ հնարավոր է, բայց ֆիզիկայում կա հանգչող տատանումների օրենքը, երբ վերջում ցանկացած տատանում զրոյանում է։ Մեկ-երկու անգամ գնալով հանրահավաքի և տեսնելով, որ իր գործողությունն անիմաստ է, պրագմատիկ մարդն այլևս չի գնա, ներքին մղումը կթուլանա, մինչև սոցիալ-հոգեբանական պոռթկման նոր էներգիա կուտակվի։

-Փաստորեն, մինչ այժմ հանրային դժգոհությունը սոցիալական բնույթ չուներ։ Արդյոք վերջին թանկացումների ֆոնին անարդարության դեմ պայքարին չի՞ գումարվի նաև սոցիալական ընդվզումը։

-Մարդիկ, ովքեր չեն պատկերացնում ապագան, խուճապի են ենթարկվում։ Նրանց պետք է իրազեկել, տեղեկացնել, թե նրանց ինչ է սպասվում։ Մարդը երբ գիտի ապագան, կարող է հեշտությամբ կողմնորոշվել։ Այսօր նոր կառավարման համակարգ է ձևավորվում, որը մշտապես հետադարձ կապի մեջ է և՛ հանրային կարծիքի, և՛ իրականության հետ։ Այս աշխատաոճը լավագույնս հանում է լարվածությունը։ Պարզապես սրա արդյունքներն առայժմ չեն երևա։ Սրան այլընտրանք չկա, այն Եվրոպայում և աշխարհում ընդունված պրակտիկա է։

Զրուցեց

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 7777

Մեկնաբանություններ